Հայկական արտադրանքի էսքիզ I բիզնեսզրույցներ

«Sales List»․ բիզնեսզրույց առքուվաճառքի առցանց խանութ-հարթակի հիմնադիր Գոռ Գեղամյանի հետ

Փորձ և կրթություն․ բիզնեսի ստեղծման ճանապարհը․․․

 

Ես Գոռ Գեղամյանն եմ, ով երկու ձեռքով կողմ է ոչ ֆորմալ կրթությանը, քանի որ այդպես կրթության արդյունավետությունն ավելի ու ավելի է բարձրանում։ Բիզնեսում, ինչպես նաև ցանկացած այլ ոլորտում, առհասարակ, չափազանց դժվար է զարգանալ՝ հույսը դնելով միայն ֆորմալ կրթությանը։ Հասարակ օրինակ․ համալսարանում մենք սովորում ենք մի բան, որը ակտուալ էր լավագույն դեպքում 6-10 տարի առաջ, իսկ մեր աշխարհը, գաղտնիք չէ, որ փոխվում է չափազանց արագ։ Ու արդեն փոփոխված աշխարհում հնարավոր չէ արդյունքի հասնել կիրառելով արդեն «ժամկետն անց» գիտելիքներ։ Իսկ ոչ ֆորմալ կրթության ժամանակ մենք միանգամից, շատ արագ կարողանում ենք սովորել այն ամենը, ինչ տեղի է ունեցել մեկ ամիս, մեկ շաբաթ, մեկ օր կամ նույնիսկ  տասը րոպե առաջ։

Ես ինքս երրորդ կուրսում դուրս եմ եկել համալսարանից դեռևս 2011 թվականին։ Բայց երբեք չեմ դադարել սովորել․ օրինակ՝ հիմա ես նույնպես սովորում եմ։

 

 

«Sales List» ստեղծման գաղափարը և պատմությունը

 

«Sales List»-ը Ecommerce հարթակ է, որտեղ կարելի է գնել /վաճառել/ ապրանքներ և զեղչի կտրոններ, օգտվել բազմաթիվ զեղչերից և ակցիաներից, կուտակել միավորներ և ծախսել դրանք։
Մեր  նպատակն է՝ գնումների պրոցեսն այնպես կազմակերպել, որ մաքսիմալ շահավետ լինի երկու կողմի համար էլ։ Ընտրել ենք «Գտիր լավագույն առաջարկը» կարգախոսը, որն ամբողջությամբ նկարագրում է «Sales List»-ը։
Մոտ երեք տարի առաջ հասկացա, որ պետք է ստեղծել միասնական համակարգ, որի օգնությամբ հաճախորդները կարող են գտնել իրենց հետաքրքրող ապրանքը լավագույն տարբերակով։ Գաղափարը չափազանց պարզ էր։ Պետք էր ուղղակի իրականացնել այն։

Իրականում, մտահաղացումից մինչև աշխատող պրոդուկտ, երկար ճանապարհ ենք անցել։ Բնականաբար, մտահաղացման մեջ բազաթիվ բաներ և հնարավորություններ փոխվել են՝ ավելի կատարելագործվել։ Այս պահին գործում է միայն առցանց խանութը, բայց առաջիկայում անակնկալներ են լինելու (հիմա չեմ բարձրաձայնի)։ Համոզված եմ՝ մեր հաճախորդները կհավանեն դրանք։

 

 

Դժվարություններ, որոնց հանդիպել եմ ճանապարհիս։

 

Ես մի փոքր կվերափոխեի այս հարցը՝ դարձնելով «Դժվարություններ, որոնց հանդիպում եմ ճանապարհիս»։ Մենք գտնվում ենք Start Up-ի փուլում, ինչը նշանակում է, որ մեծագույն դժվարությունները դեռ առջևում են։

Սակայն, հետ նայելով, ասեմ, որ մեծագույն դժվարությունը թիմի ստեղծման մեջ էր։ Դա իսկապես չափազանց բարդ պրոցես է։ Այս ընթացքում բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվել։

Իրականում, թիմի անդամները միմյանց հետ պետք է լինեն նույն ալիքի վրա․ մտածեն նույն կերպ, նույն հավատով լցված լինեն դեպի նախագծի, պատրաստ լինեն աշխատեն անգամ առանց եկամուտ ստանալու, բայց միևնույն ժամանակ ունենան նույն՝ խոշոր ամբիցիաները։

Երբ այս խնդիրը լուծվում է, ամեն ինչ արդեն ընկնում է իր տեղը։

Իսկ ինչ վերաբերվում է առհասարակ դժվարություններին, դա նորմալ երևույթ է, հատկապես բիզնեսում, և բիզնեսմենը պետք է սիրի այդ դժվարությունները հաղթահարելու գործընթացը։ Դա չափազանց հետաքրքիր է։

 

 

Առաջիկա պլաններս․․․

 

Առաջիկա պլանների մեջ է մտնում Հայաստանյան շուկայում առաջատար դիրք գրավելը։

Ցանկացած բիզնես ստեղծելիս, առաջնային նպատակը պետք է լինի ինչ-որ շուկայում առաջատար լինելն ու առյուծի բաժինը վերցնելը։ Եթե դուք բիզնես եք ստեղծում արդեն այն մտքով, որպեսզի լինեք երկրորդը կամ երրորդը, կարող եք ձեզ չծանրաբեռնել և չզբաղվել դրանով։ Ինչու՞։ Քանի որ, եթե դուք այդքան «սոված» չեք, որ մտածեք առաջին տեղի մասին, ուրեմն դուք, հավանաբար, չեք հասնի անգամ լավագույն տասնյակին։ Իսկ ահա մեր տեղական շուկայում առաջատար դառնալուց հետո, բնականաբար, պետք է մտնենք այլ շուկաներ, բայց դա արդեն ուրիշ պատմություն է։

 

 

Հավատում եմ, որ․․․

 

Շատ բաների եմ հավատում։ Օրինակ, որ որոշ ժամանակ անց «Sales List»-ի մասին կպատմեմ արդեն «Forbs»-ին (ծիծաղում է)։

Գիտեք, եթե դուք սկսում եք զբաղվել բիզնեսով, ուրեմն դուք հաստատ ցանկանում եք ինչ-որ բան փոխել, ինչ-որ մեկի կյանքը դարձնել ավելի լավը, լուծել ինչ-որ մեկի համար չափազանց կարևոր խնդիր։ Իսկ եթե դուք ցանկանում եք փոխել աշխարհը դեպի լավը, դուք պետք է հավատաք դրան, հավատաք այնքան շատ, որ եթե անգամ ամբողջ աշխարհը կանգնի ու ասի, որ դուք ոչինչ չեք կարող անել, ձեր հավատը չկորի։

 

 

Գրականությունը․․․

 

Անկեղծ ասած, գեղարվեստական գրքեր շատ չեմ կարդում։ Հիմնականում կարդում եմ բիզնեսին և անձնական աճին վերբերող գրքեր։

Փոքրիկ գրադարանումս չկա ոչ մի գեղարվեստական գիրք։ (Դե, յուրաքանչյուր մարդ էլ ունի իր թերությունները)։

Շատ եմ սիրում կարդալ  ինքնակենսագրականներ, ծանոթանալ մարդկանց կյանքին, որոնք ինչ-որ կերպ փոխել են մեր աշխարհի պատմությունը։

 

 

Ներշնչանք, ներդաշնակությունը․․․

 

Ներշնչանքի աղբյուրները շատ են, սակայն լավագույնը թերևս հենց կյանքն է։ Ամեն ինչ չափազանց պարզ է՝ մենք ապրում ենք, ուրեմն մենք կարող ենք և պետք է արարենք՝ ստեղծենք նոր ու օգտակար բան, որը կփոխի աշխարհը դեպի լավը։

 

 

«Sales List»-ի պաշտոնական կայքի հղումը՝

https://www.saleslist.am/online-shop/

 

 

 

Զրույցը վարեց՝  Էլիզա Մխիթարյանը

© Երևան  2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև