Հայկական արտադրանքի էսքիզ I բիզնեսզրույցներ

«PLUMO» հայկական էկոգրիչներ․ բիզնեսզրույց հիմնադիր Հրաչյա Եզդօղլյանի հետ

 

Մանկություն․․․

 

Մանկությունս անցել է Գավառում, եղել եմ չափազանց հետաքրքրասեր։ Մի փոքրիկ դեպք պատմեմ իմ մանկությունից, երևի որոշակի պատկերացում կկազմեք։ Երկրորդ դասարանում ուսուցչուհիս ծնողներիս կանչել էր դպրոց և բողոքել էր ինձնից, քանի որ դասերը լսելու փոխարեն ես գաղտնի հանրագիտարան էի տանում դպրոց և դասերի ժամանակ ուսումնասիրում։ Իհարկե դա եղավ այդ դպրոցում իմ սովորելու վերջին օրը (ժպտում է)։ 

 

 

Արվեստը․․․

 

Ինչպես ասում են երեխաներս՝ հին ժամանակներում, երբ դեռ չկար համացանցը, համակարգիչները, և ես 5-6 տարեկան էի, արվեստի հետ առաջին շփումներս սկսվեցին Պուշկինի անվան պետական թանգարանի գլուխգործոցների գրքի միջոցով։ Բնականաբար, գրքերի հանդեպ սերն օգնում էր հեշտությամբ հագեցնել արվեստի հանդեպ ծարավը, չնայած, դժվար էր պատկերացնել, որ կշրջեմ աշխարհով ու անձամբ կտեսնեմ այդ ամենը։ Հետաքրքիր զգացողություն է՝ կանգնել կտավի առաջ, որը փոքրուց ծանոթ է եղել ու անիրական թվացել։ Միշտ սիրել եմ ու կարծում եմ, կարողացել եմ գնահատել գեղեցիկը, միևնույն ժամանակ երբեք չեմ կարողացել նկարել։

Այսօր շատ բլոգերներ իրենց նկարած անհեթեթ հոլովակներն արվեստ են համարում, անիմաստ գրառումներ անողները կարծում են, որ ստեղծագործում են։ Արվեստի իմ ընկալումը երևի հին է, մարդու ինքնարտահայտման արդյունքը պետք է դուր գա մեծամասնությանը և լինի շատ յուրահատուկ, անկրկնելի, անհնար, և միայն այդ ժամանակ դա կարելի է արվեստ համարել։ Արվեստով զբաղվողի կապն իր գործունեության հետ հիվանդագին պիտի լինի, այլապես դա նախասիրություն է։ Բարեբախտաբար, թե ցավոք, իմ ինքնարտահայտումն ընթանում է այլ բնագավառներում, սակայն միշտ առանձնակի հարգանքով եմ վերաբերվում արվեստագետներին։ Անկասկած, աշխարհը կլիներ մի տխրագույն վայր՝ առանց արվեստի։

 

 

PLUMO-ի ստեղծման նախապատմությունը, հանրային նպատակը․․․

 

Վաղուց փորձում էի գտնել այնպիսի ապրանք, որն իր մեջ ներառի հետաքրքիր գաղափար՝ լինի օգտակար, պահանջարկ ունենա, տարբեր սոցիալական խմբերի գնորդների համար կիրառելի լինի, հեշտությամբ ենթարկվի ձևափոխությունների և իհարկե հասանելի լինի յուրաքանչյուրին։ Տպագրության, բրենդինգի և մարկետինգի ոլորտում աշխատանքն օգնեց առանձնացնել գրիչը, որպես նմանատիպ ապրանք։ Իհարկե հասարակ գրիչը չէր կարող լուծել բոլոր դրված խնդիրները, որոնք, ինչպես պարզվեց նաև տեխնիկական էին՝ չկար հստակ մշակված տեխնոլոգիա թղթե գրչի արտադրման համար։ Երկար ուսումնասիրություններից ու փորձերից հետո, ստացվեց մասամբ ավտոմատացնել պարուրման համակարգը և մեծացնել արտադրողականությունը։ Հայաստանում, վերամշակված թղթից արտադրվող գրիչը, որն ունի իր անվանումը, տարբերանշանն ու  ֆիրմային ոճը, միանշանակ պետք է հաջողություն ունենա տեղական շուկայում։ «Պլումո» էսպերանտոյից թարգմանաբար նշանակում է փետուր, գրիչ, ինչն էլ արտահայտված է տարբերանշանում, պատկերել ենք թանաքամանի մեջ թաթախվող փետուր։ «Խնամքով պարուրված» կարգախոսն ամբողջովին արտացոլում է թղթե գրչի էկո գաղափարը։

Ցանկացած գործում միշտ համոզվում եմ, որ բոլոր մասնակիցների աշխատանքը պետք է լինի գնահատված, երբեք չեմ օգտագործում որևէ նկարչի կամ դիզայների աշխատանք՝ առանց թույլտվության և պայմանագրի, հեղինակային իրավունքները պաշտպանված են մեր արտադրանքի մեջ։ «Պլումո»-ն բաղկացած է մի քանի հավաքածուներից՝ Արվեստ, Գրականություն և Մշակույթ։ Միշտ պետք է ինքս հավանեմ, ու համոզված լինեմ, որ ինքս կգնեի տվյալ ապրանքը, այլապես չեմ հաստատի այդ տարբերակը։ Ընտրում եմ արվեստի այնպիսի գործեր, որոնք ինձ դուր են գալիս․ նկարներ, որոնց կարող եմ նայել երկար, հեքիաթներ, որոնք հիշեցնում են մանկությունս։ Իհարկե, ժամանակակից ստեղծագործությունները նույնպես ընդգրկվում են, ուսումնասիրում եմ պահանջարկը ու փորձում անել համապատասխան առաջարկ։

 

 

Ստեղծարարի օրագրից․․․

 

«Պլումո»-ն այս պահին ներառում է մոտ 20 տեսակի գրիչներ և նոթատետրեր։ Յուրաքանչյուրի ստեղծման հիմքում օրեր ու փորձեր են․․․ Առաջիններից մեկը, «Փոքրիկ Իշխանը» տարբերակն էր։ Պատկերի ընտրության հարցում հարկավոր էր որոշել՝ արդյո՞ք նկարենք նորը, թե՞ փորձենք գտնել պատրաստի նկարազարդում։ Ընդամենը մի աշխատանք գտա, որն ինձ դուր եկավ, և որոշ որոնումներից հետո կարողացա գտնել իսպանացի հեղինակին։ Կապի միակ միջոցն էլ փոստն էր։ Նամակում պատմեցի, որ ուզում ենք օգտագործել նկարչի գործը մեր արտադրանքի մեջ, նկարագրեցի գրիչները և ուղարկեցի։ Երկար ժամանակ պատասխան չստանալով պատվիրեցի մեկ այլ դիզայների մոտ այլ ոճի աշխատանք նույն թեմայով և երբ այն համարյա պատրաստ էր, Մադրիդում ապրող արվեստագետից ստացա ոգևորված մի նամակ։ Ալեխանդրոն անչափ հավանել էր Պլումոյի գաղափարը և որոշ պայմաններով համաձայն էր տրամադրել նկարազարդման օգտագործման իրավունքը։ Ալեխանդրո Բահամոնդեսի «Փոքրիկ Իշխանը» ավելի հավանեցի, քան պատվիրվածը, և այժմ նրա աշխատանքն է զարդարում մեր արտադրանքը։ Պատմությունն ուշագրավ է այնքանով, որ նկարիչը զարմացած էր իրեն դիմելու փաստից։ Հիմնականում նա գտնում էր իր հրապարակած աշխատանքներն առանց թույլտվության օգտագործելուց հետո միայն, իսկ այս դեպքում արտադրողն ինքն էր դիմել և խնդրել համագործակցություն։ Փոքր բիզնեսի համար չափազանց դժվար է ձեռք բերել անվանի արվեստագետի աշխատանքի օգտագործման իրավունք և շատերը նախընտրում են չձեռնարկել ոչ մի քայլ, խնդիր առաջանալու դեպքում՝ իջնել ջրի հատակը, մինչև․․․

 

 

Ժամանակակից ստեղծարարության հիմնախնդիրները․․․

 

Կարծում եմ այժմ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ յուրաքանչյուրի համար ստեղծված են լավագույն պայմանները՝ ստեղծարարության համար։

Կարող եմ ասել պակասում է ցանկությունը, պակասում է կամքը և հաճախ, ցավոք, պակասում է զարգացվածության ու կրթվածության աստիճանը, մարդիկ չեն օգտագործում ճիշտ գործիքներ, ճիշտ մասնագետներ չեն ներգրավում։ Յուրաքանչյուր մարդ պետք է իր գործն անի, չթերագնահատի այլ բնագավառի կարևորությունը ու խնդիրը լուծելու համար դիմի օգնության։ 

 

 

 Երևանն իբրև հավերժական Մուսա․․․

 

Բարեբախտաբար, հնարավորություն եմ ունեցել շատ շրջագայել, նաև սովորել և ապրել եմ այլ երկրում, բայց այո՛, Երևանը միշտ կանչում է, այստեղ եմ միայն կախարդված ստեղծագործում և աշխատում։

Կա մի քամի, որն իջնում է երեկոյան Երևանի վրա, այն կարծես հենց Պառնասից է փչում ու հետը բերում բոլոր Մուսաներին, աշխարհում ոչ մի տեղ չեմ հանդիպել նման ազդեցիկ երևույթ․․․

Երևանյան աղմուկներում փնտրում եմ աղմուկի աղբյուրը, սիրում եմ ակտիվություն, շարժ, իրադարձություններ։ Զարմացնում են լռություն փնտրողները։

 

 

Ներշնչանք․․․

 

Կարծում եմ ոգեշնչման հիմնական աղբյուրներն ինձ համար մարդիկ են՝ ընտանիքս, ընկերներս, նաև շատ ոգեշնչվում եմ ճամփորդությունների ընթացքում՝ նորի, գեղեցիկի, անհավանական պատմական արժեքների ու տեսարժան վայրերի ազդեցությունից։

Թեթև եմ նայում ամեն ինչին, ամեն բանի հետ կարելի է հեշտությամբ ապրել ներդաշնակության մեջ, ամենադժվարը մարդկանց հետ համակերպվելն է (ժպտում է), դա էլ սովորել եմ արդեն։ Սիրում եմ բնության գեղեցկությունը, բայց չեմ կարող ապրել առանց տեխնիկայի։

 

 

Գրականությունը․․․

 

Հայ արդի հեղինակներին չեմ ընթերցում, որոշ փորձեր արեցի և որոշեցի այլևս չփորձել (ժպտում է): Աշխատանքի բերումով, վերջերս հիմնականում կարդում եմ տեխնիկական գրականություն, ժամանակս չի հերիքում։

21-րդ դարը ֆանտաստիկ հնարավորություններ է ընձեռել արվեստագետներին՝ տանը նստած կարող են ցուցադրել իրենց ստեղծագործություններն ու դառնալ հանրաճանաչ։ Դա վերաբերում է և՛ գրողներին, և՛ նկարիչներին, կարելի է ասել նրանք հավասար պայմաններում են աշխատում։ Արվեստագետի աշխատանքը պետք է մարդկանց հաճույք պատճառի, մտածելու առիթ տա, զգացողություններ առաջացնի՝ կարևոր չէ նկար է դա, վիպակ, բանաստեղծություն, թե երգ։

 

 

Ժամանակ և սերնդափոխություն

 

Ամենաբարդ թեման է։ Ժամանակն իմ լավագույն ընկերն է, ու միաժամանակ՝ ոխերիմ թշնամին։ Այդ իսկ պատճառով սիրում եմ այն ու ատում։ Վախենում եմ չհասցնել ինչ-որ բան, և ուրախանում՝ արդեն հասցրած գործերի համար։

Այո՛, ժամանակի հետ տեղի է ունենում սերնդափոխություն և ես հեշտությամբ եմ ընդունում ամեն նորը, ժամանակակիցը, առաջադեմը, իհարկե կարելի է անվերջ հիշել և մատնանշել մեր ծնողների ժամանակ կամ ավելի շուտ գործած բարքերի ու կարգերի դրական կողմերը, բայց կարծում եմ յուրաքանչյուր ժամանակ տալիս է նոր հնարավորություններ և պետք է օգտվելով դրանցից առաջ նայել։

 

 

Հավատում եմ․․․

 

Հավատում եմ, որ ազնիվ ու լավ աշխատանքը անպայման գնահատվում է, հավատում եմ, որ յուրաքանչյուրս կարող ենք մեր գործողություններով աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնել:

 

 

 

Լուսանկարները՝ PLUMO-ի անձնական արխիվից

 

 

 

 

 

 

 

Զրույցը վարեց՝  Մարգարետ Ասլանյանը

© Երևան  2020

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև