Թարգմանչի դիտանկյուն Վերլուծություն

Ֆիլ Նայթ․ «Կոշկավաճառը»․ թարգմանչի դիտանկյուն

 

Ֆիլ Նայթ․ «Կոշկավաճառը»

«Էդիթ Պրինտ» հրատարակչություն

 

«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: Ամենաճանաչված համաշխարհային բրենդներից մեկի հիմնադիր Ֆիլ Նայթն այժմ աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Իսկ այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է:

Ֆիլ Նայթի անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն նա կարողացավ այդ ամենը պատվով հաղթահարել: Նա մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Այս գրքում Նայթը բացահայտում է իր ընկերության պատմությունը, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարարական մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:

Երկար էի մտածում՝ ինչպես և ինչ գրեմ գրքի մասին, և որոշեցի կիսվել մի հետաքրքիր պատմությամբ, թե ինչպես պատահական կերպով հնարավորություն ունեցա թարգմանել այս գիրքը։

2017 թվականից աշխատում եմ հայաստանյան առաջատար հրատարակչություններից մեկում՝ «Էդիթ Պրինտ»-ում՝ որպես PR մասնագետ։ Նախորդ տարվա սկզբին ձեռք բերեցինք «Կոշկավաճառը» բեսթսելերն անգլերենից հայերեն թարգմանելու և հրատարակելու հեղինակային իրավունքը, սկսեցինք գրքի համար թարգմանիչ փնտրել: Մեր բոլոր թարգմանիչներն այդ պահին զբաղված էին, ես էլ՝ մինչ այդ հասցրել էի հրատարակչության համար մի քանի լավ թարգմանիչ գտնել: «Կոշկավաճառը» բեսթսելերի համար մեկ այլ պրոֆեսիոնալ թարգմանիչ գտա, որին մի քանի էջ ուղարկեցինք՝ տեսնելու, թե ինչպես կթարգմանի: Թարգմանեց, ուղարկեց, ես էլ փոխանցեցի հրատարակչություն, սակայն հրատարակչությունում չհավանեցին նրա աշխատանքը:

Որոշեցի զուտ հետաքրքրության համար ուժերս փորձել գրքի թարգմանության ասպարեզում։ Փորձնական 5 էջ ուղարկեցի հրատարակչություն՝ չասելով, որ ինքս եմ թարգմանել, և երբ ինձ ասացին, որ բավականին հաջող թարգմանություն է, պետք է կապ հաստատել թարգմանչի հետ, բացահայտեցի, որ հենց ես եմ թարգմանել: Նախորդ տարվա ընթացքում բազում ընդմիջումներով թարգմանում էի Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը։

Ինչո՞վ է առանձնահատուկ այս գիրքն ինձ համար։ Ընդհանրապես, մինչև գիրքը թարգմանելը «Նայք» բրենդի նկատմամբ անտարբեր եմ եղել, սակայն թարգմանությունը կատարելուց հետո շատ սերտ կապ եմ զգում թե՛ Ֆիլ Նայթի, թե՛ «Նայք»-ի, թե՛ գրքի հետ:

Իմ առաջին թարգմանած գիրքն է։ Այո, պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ թարգմանական գործընթացը բավականին բարդ է եղել՝ հաշվի առնելով հատկապես այն, որ կոշիկների հետ կապված բազում տերմիններ հայերեն չունենք։ Ստիպված էի դիմել մարզիկների ու մարզական լրագրողների օգնությանը՝ ճիշտ տարբերակով մարզակոշիկների անունները ներկայացնելու համար։ Բարդ էր նաև այն առումով, որ ես, լինելով անհանգիստ մարդ, դժվարությամբ եմ կարողանում մի քանի ժամ հանգիստ նստել համակարգչի դիմաց, և այս պարագայում ստիպված էի ժամեր անցկացնել թարգմանություն անելով։

Թարգմանության ընթացքում շատ եմ ուսումնասիրել «Նայք»-ի և Ֆիլ Նայթի հետ կապված նյութեր, դիտել եմ Նայթի հարցազրույցները, «Նայք»-ին առնչվող տեսանյութերը։ Հեղինակի հետ զգացմունքային սերտ կապ էր ստեղծվել։ Հատվածներ կային, որոնք թարգմանելիս լաց եմ եղել, հատվածներ, որոնք ինձ երջանկություն են պատճառել․․․

«Կոշկավաճառը» էմոցիաների իսկական տարափ էր։

Գրքում կան պարզապես ֆանտաստիկ մտքեր, որոնցից մի քանիսը կցանկանայի նաև այստեղ զետեղել․

 

  • Ձեզ հիշում են ձեր խախտած կանոնների շնորհիվ:
  • Երբեմն դուք պետք է հանձնվեք: Երբեմն ճիշտ ժամանակին հանձնվելը, նոր ինչ-որ բան սկսելը հանճարի արտահայտություն է: Հանձնվել չի նշանակում դադարել: Երբեք կանգ մի՛ առեք:
  • Վախկոտները երբեք չէին կարողանում ինչ-որ բան սկսել, իսկ թույլերն ընթացքում հանձնվում էին: Նշանակում է՝ մնացել ենք մենք, տիկնա՛յք և պարոնա՛յք: Մենք:
  • … եթե չհաշվենք, որ դու մահվան հերթի մեջ ես, կյանքը հիասքանչ է:
  • …եթե թուլություն, ինչ-որ զգացմունքայնություն ցույց տաս, մեռած ես:
  • … բիզնեսը պատերազմի հետ զուգահեռներ ունի: Ինչ-որ մեկը ինչ-որ տեղ ասել էր՝ բիզնեսը պատերազմ է առանց փամփուշտների, և ես հակված էի համաձայնել այդ մտքին:
  • Երջանիկ էի, իսկապես երջանիկ էի, հնարավոր է՝ երբևէ այդքան երջանիկ չեմ եղել, բայց երջանկությունը կարող է վտանգավոր լինել: Այն բթացնում է զգացողությունները:
  • Մի՛ ասեք, թե ինչպես պետք է մարդ անի ինչ-որ բան: Ասե՛ք, թե ինչ պետք է անի, և նա կզարմացնի ձեզ իր հնարամտությամբ:
  • …ամենից առավել ցանկանում էի տարբերվել բոլորից: Ուզում էի իմ հետքը թողնել այս աշխարհում: Ցանկանում էի հաղթել: Չէ՛, սխալ եմ ասում: Պարզապես չէի ցանկանում պարտվել:
  • Ուզենք թե չուզենք՝ կյանքը խաղ է: Եվ ով էլ ասում է՝ այդպես չէ, պարզապես չի ցանկացել խաղալ, լքված է եղել ինչ-որ անկյունում, իսկ ես նման բան չէի ուզում: Ինչ էլ որ լիներ՝ չէի ուզում…

 

Գրքի շապիկին զետեղել ենք Just Read It! արտահայտությունը՝ վերափոխելով «Նայք»-ի կարգախոսը։ Ուզում եմ ընթերցողներին խորհուրդ տալ անպայման կարդալ Ֆիլ Նայթի այս յուրահատուկ պատմությունը, որից, վստահ եմ, ընթերցողը շատ դասեր կքաղի։

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ռոզա Գրիգորյան

թարգմանիչ, PR մասնագետ, լրագրող

 

 

Ընթերցել նաև