Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Ֆենյա Վարդանյան․ «Անձրևից առաջ»․ բանաստեղծական շարք

 

 

Ի՞նչ է երազում անձրևից առաջ,

Փշրվող սիրտը լցված երկնքի.

Այն արցունքնե՞ր են, թե՞ համբույր պահած՝

Մանուշակների դողուն թերթերին:

 

Ի՞նչ են երազում մեռնող հավքերը,

Վերջին հայացքը` բորբ հորիզոնին,

Եվ ի՞նչ մորմոք են տանում իրենց հետ,

Երբ ամպն է իջնում լայն եզերքներին:

 

*

 

Դու՛, հյուսում ես Քո աստղազարդ ափերով

Հեքիաթները աննյութեղեն և լուսե,

Հեքիաթները՝ լաջվարդ, նրբին և անես,

Հոգիներում կարոտավառ և սաթե:

 

Դու՛, հյուսում ես երգը կորած մաքրության,

Աշխարհի մեջ, աչքերի մեջ մեղսավոր,

Եվ ցնծում է սիրտը թովիչ բերկրությամբ`

Արբած լույսով, խորհուրդներով Քո անսպառ։

 

*

 

Լուսակաթ դստեր ոտնահետքերը տանում են հեռու,

Մթին դաշտերի ծաղկաթերթերի լռության միջով,

Կանթեղ աղջկա ոտնահետքերը` ծովակներ կապույտ,

Ափին փշրվող հույս-ալիքների աղի մրմունջով ։

 

Քնքուշ հայացքը՝ տխուր զանգակի նազանքն է վերջին,

Հոգու երգերը՝ կարմիր խաշխաշի արտասուքն  են ջինջ,

Մահու պես գոց է գիշերը նրա, արյունող ու մութ,

Եվ նա ժպտում է՝ որպես շաղապատ, անհոգ  արշալույս։

 

 

*

 

Իսկ աստղերը, հետքն են կորցրած հեքիաթների,

Լուրթ մանկության, որ չհանգավ խոնավ հոգում,

Իսկ աստղերը, մեղեդին են երազների,

Երջանկության, որը կգա, գուցե, շուտով:

 

Իսկ աստղերը, կարոտներն են մութ ծովերի,

Անհուն սերը, անհաս այնպես, անհնարին,

Իսկ աստղերը, լռությունն են Աստծուն փնտրող,

Աստծուն ծարավ, սրբագործվող թաց աչքերի:

 

*

 

Աստղերը մրսում են, աստղերը անհուր են,

Աստղերը դժգույն են, Աստվա՛ծ,

 

Մեր սիրտը կարոտ է, մեր սիրտը հառաչ է,

Մեր սիրտը մրմուռ է ու լաց։

 

Մարում է աղոթքը, խամրում է լույս սերը,

Մեր սիրտը պարտված է, Աստվա՛ծ,

 

Սակայն Դու  մոտ ես, մոր նման գթոտ ես,

Հիասքանչ երկինքն ես անծայր։

 

Աստղերը ժպտում են, աստղերը հուր երգ են,

Գոհության սաղմոս են, ի՛մ Հայր…

 

*

 

Դեմքիդ ամեն մի ծալք

Սրտիս վերքն է, մայրի’կ,

Ինձ ճանապարհ հարթած

Ջանքդ ու լացդ է, մայրի՛կ:

 

Ձեռքիդ ամեն մի խավ

Հոգուս թուխպն է, մայրի’կ,

Քո անքուն գիշերն է,

Իմ մրմուռն է, մայրի՛կ։

 

 

 

Ընթերցել նաև