Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Օֆելի Դալաքյան․ «Իմ երկրում պատերազմ էր»․ էսսե

 

Ես գրում եմ մի երկրից, որտեղ արդեն քանի ամիս է՝ լուսաբացներն արտասվելով են գալիս, որտեղ տխրությունը թափվում է աշնանային տերևների նման, որտեղ  ամեն օր մեռնում է հույսը։

Իմ երկրից լացի հոտ է գալիս․․․

Իմ երկրում պատերազմ էր․․․ Պատերազմից հետո տղաների հետ մեռնում են նաև աղոթքներդ, իսկ հավատիդ տաճարները մնում են փշալարերից այն կողմ․ հում, հում հումանիզմ։ Երանի՜ քեզ, Տեր, որ գիտես՝ վաղն ինչ է լինելու, և երանի՜ մեզ, որ չգիտենք․․․ Պիտի նոր տղաներ ծնվեին, որոնք չծնվեցին, որովհետև  հայրը չեկավ պատերազմից, աղջիկները պիտի հագնեին սպիտակ զգեստ, որ մնաց պահարանում կախված, և պիտի առաջին համբույրից ծնվեին նոր մուսաներ ու բանաստեղծություններ, բայց այդպես էլ  չգրվեցին, որովհետև պատերազմ էր․․․

Պատերազմից հետո դադարում ես ապրել, պարզապես շնչում ես, որ ֆիզիկական գոյությունդ երկարացնես, որը «շնորհել է» թշնամիդ։ Իմ մի բուռ, իմ մի կտոր հայրենիքի բախտը երբեք չի բերել առաջնորդների հարցում։ Եվ հայրենիքս մեծանալու փոխարեն փոքրանում, ամփոփվում է իր մեջ, իր՝ ամեն տարի կրճատվող սահմանների մեջ։ Ծառը, որ ծառ է, մեծանալ գիտի, ընդարձակվել ու տարածքից դուրս գալ գիտի, իմ հայրենիքին թույլ չեն տալիս այդ ճոխությունը․ իր արմատներն իր զավակներն են հոշոտում։ Ախր, իմ երկրին մի անգամ տեսնողն ընդմիշտ սիրահարվում է, ինչպե՞ս կարող են ներսիններն այդքան նենգ լինել, այդքան անհայրենիք լինել։ Ես վախենում եմ, որ մի օր երկիրս կդառնա նկար-հայրենիք։

Այստեղ ամեն օր ավելանում են դատարկ տները, այգիներում ոտնահետքերը խեղդվում են տերևների ու ձյան սպառնալիքից, իսկ շները ոռնում են ուրիշի տան պատերի տակ։

Պատերազմը միայն ստիպում է գնահատել անցյալը, երբ երկինքն իրապես խաղաղ էր, երբ աշունը հազարագույն էր, երբ սիրում էիր ու խոստովանելու շատ ժամանակ ունեիր, բայց չէիր խոստովանում, իսկ հիմա դրա կարիքը չկա, որովհետև երկնքից չեն լսում խոստովանանքներ․․․Պատերազմը կհեռանա, երբ կարժևորես օրերդ։

 

 

 

Ընթերցել նաև