Արձակ Կարճ պատմվածք Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Օֆելի Դալաքյան․ «Թեյագույն աչքերով աղջիկը»․ կարճ պատմվածք

 

«Իմ  նվիրած երիցուկները, որ վաղուց դրված են դաշնամուրիդ վրա,  զգույշ կվերցնես, կդնես մի կողմ, կբացես դաշնամուրն, ու հազար տարվա ծանոթի նման կնայեք իրար։ Ձեռքով կսրբես ստեղների վրայի դարավոր փոշին ու կփորձես հիշել այն միակ երաժշտությունը, որ սովորել էիր նվագել։ Ու նվագեցիր մեն մի անգամ։ Հիմա երևի մոռացել ես նոտաները, բայց հոգ չէ, սիրելի՛ս, դու մատներդ հպիր ստեղներին, դրանք նորից  կհիշվեն, կհիշվի մեղեդին, ինչպես ես եմ, ամեն օր քեզ հիշելով, հետաձգում մահս՝ մի օր ավել սիրելու համար, թե չէ՝ ո՞ւմ պատճառով պիտի սրբես դաշնամուրի ստեղները, թարմացնես ծաղկամանի ջուրը, որն ամեն անգամ մայրդ «անփութորեն» աչքիցդ հեռու է դնում։

Ես ամեն օր Աստծո հավատարմությամբ սպասում եմ քեզ մոտակա այգում, թեյագույն աչքերով աղջիկ․․․ Ես ոչինչ չունեմ քեզ խոստանալիք սիրուց բացի, իսկ դա թերևս  սկիզբն էր աշխարհի արարման․ ես շռայլ եմ լոկ այդ հարցում։ Քո բանաստեղծված ժպիտները կախել եմ իմ սենյակի պատերից, որ ոչ մի վայրկյան չզգամ բացակադ, իմ թեյագույն աչքերով աղջիկ. միայն քեզ արարելու համար արժե հավատալ Նրա գոյությանը»։

-Իմ թեյագույն աչքերով աղջիկ,- դողացող ձայնով  կարդաց կինը՝  նամակը շուրթերին մոտեցնելով։

-Մեր հիսուն տարվա ընթացքում չմոռացար նրան,-ասաց ամուսինը, որ կամացուկ քայլերով մտել էր սենյակ։

Կինը, որ շփոթահար փորձում էր թաքցնել նամակները, փոքրիկ աղջկա նման խառնվել էր իրար, տեղը չէր գտնում։

-Ես, ես․․․, — փորձեց արդարանալ։

-Ոչինչ մի ասա,-հանգստացրեց ամուսինը,-կարծում ես՝ սխա՞լ ընտրություն ես արել։

-Կյանքն ամբողջովին ընտրություն է, մենք միշտ ընտրում ենք, հետո հարմարվում այդ ընտրությանը,-ասաց կինը։

-Ուրեմն, դու հարմարվե՞լ ես ինձ,- մի քմծիծաղ տվեց նա,- ուրեմն, հար-մար-վել ես։-Իսկ ես քեզ սիրել եմ։

-Դե լավ,-ժպտաց կինը,- էս տարիքներիս ի՞նչ սիրել։

-Իսկ ի՞նչ է կոչվում այն,  որ հիսուն տարի տեսել եմ` կարդում ես նամակներն ու ձայն չեմ հանել․․․․

Կինը հազիվ կարողացավ  հասնել գրասեղանին, նստեց ու սկսեց խառնել նամակները, որոնք հետո պիտի մանր կտորների բաժանվեին։

-Սուրճը սառչում է, — ձայն տվեց ամուսինը, որ հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ էր սուրճ պատրաստում։

 

Ընթերցել նաև