Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Օֆելի Դալաքյան․ «Երբ հասկացավ»․ պատմվածք

 

Երբ հասկացավ, որ քաղաքի խեղդուկ օդը կանգնել է կոկորդին, և ամառային միօրինակ կյանքը, մեղմ ասած, ձանձրացնում է, վերցրեց մի քանի շոր, դրեց կտորե պայուսակի մեջ (այդ պայուսակն ինքն էր կարել․ ձեռքի շնորհքով աղջիկ էր), ձեռքն առավ իր փոքրիկ կակտուսն ու առաջին ավտոբուսով մեկնեց գյուղ՝ նոր հետաքրքրությանը հագուրդ տալու։ Քանի որ երեսունի շեմը հատել էր, երբեմն-երբեմն «ինքնուրույն որոշումներ» կարողանում էր կայացնել։

Գնում էր ընկերուհու տատի գյուղ։ Տատը մենակ էր ապրում և ուրախ կլիներ մի քանի օրով հյուրընկալել իրեն։ Երբ փոքր էին, ընկերուհու հետ հաճախ էին գյուղ գնում։ Ժիր կին էր Հասմիկ տատը։ Մի անգամ, հիշում է,  մինչև կեսօր քնել էին, Հասմիկ տատն այնպես էր գոռացել ու ծածկոցները վերցրել, որ անգամ քաղաքում այդքան երկար այլևս չքնեցին։

— Բա աղջիկն էլ այդքան կքնի՞, — ասել էր ու դուռը շրխկացրել։

Հիմա շատ է փոխվել տատը․ խեղճացել, մի բուռ է դարձել․

— Սամվելը մեջքս կոտրեց, Տաթև՛ ջան,  — ասաց ու տխուր նայեց ամուսնու նկարին։ — Կնոջ հենարանն էլ, մեջքն էլ իր ամուսինն է, որ չեղավ՝ այդ կինը կիսատ մարդ է։ Հը՜ն, — քթի տակ ծիծաղելով շարունակեց, — Տաթև՛ ջան, մենա՞կ ես  եկել։

— Հա՜, տատ ջան, առաջվանը չէ, արդեն մենակ եմ գալիս, դե, Հասոն ամուսնացավ, գնաց երկրից։

— Ամուսնացավ գնաց, իսկ դո՞ւ երբ ես ամուսնանալու։ Հասոյի տղերքն արդեն իր բոյին են, — հանդիմանեց Հասմիկ տատը։

— Տա՛տ, — սկսեց հոգու հետ ընկնել, — մենակ էլ մարդ երջանիկ կլինի։

Հասմիկ տատն այնպիսի հայացք գցեց, որ Տաթևը հասկացավ՝ շարունակելն իր շահերից չէր բխի։

Հոգնած էր աղջիկը, շուտ պառկեց։

Առավոտյան, աչքերը դեռ չբացած, վերցրեց բջջայինը, նայեց ժամին և անկեղծորեն զարմացավ, որ գրեթե կեսօր է, ու տատը դեռ չի արթնացրել։ Վերջին ժամանակներում այդքան լավ չէր քնել։ Երկու շաբաթ վայելելու էր այս պարզ ու խաղաղ հանգիստը։ Դեռ օգոստոսի քսանն էր, և արձակուրդի ավարտին դեռ շատ կար։ Մի քանի րոպե թավալվեց անկողնու մեջ, գլուխը մտցրեց բարձի տակ, որ զգա սենյակի մեռելային լռությունը, ապա հագնվեց ու դուրս եկավ։

Դռան շեմին Տաթևին տեսնելով՝ տատը կանչեց․

— Բարի լույս, բալի՛կս, արի, հացը դրել եմ, բայց ես արդեն կերել եմ, չդիմացա, դեղ պիտի խմեմ։

— Չէ, տա՛տ ջան, հաց չեմ ուտում, սուրճ կխմեմ։

— Էդ սև ջուրը որ  առավոտ շուտ չլցնես փորդ, չի՞ լինի։

Տաթևը մեծ բաժակով սուրճը վերցրեց ու դուրս եկավ, դրսի պատի տակ մի գեղեցիկ փայտե նստարան կար, տատն ասել էր, որ ամուսինն է սարքել, նստեց ու  սկսեց դիմացի փողոցի տները հաշվել։ Ինչ-որ բանով պիտի զբաղեցներ գլուխը։ Նայեց հեռուներին, փորձեց գտնել իր կարդացած գրքերի գյուղը։ Խոր շունչ քաշեց, զգաց մաքուր օդը․ երանի երբեք չավարտվեր այս ինքնաբավ վիճակը։

— Տա՛տ, — ներս մտավ Տաթևը,- գյուղում եկեղեցի կա՞։

— Հա՛, իհարկե, կա, շատ հին եկեղեցի է, մերս ասում էր՝ պապս այդ եկեղեցում է կնքվել։ Շատ զորավոր եկեղեցի է: Ասում են՝ ինչ նպատակով գնաս Աստծո դուռը, անպայման, կկատարվի, եթե անկեղծ է նպատակդ։

Տատը կշարունակեր եկեղեցու զորության մասին խոսել, եթե չզգար վառված հացի հոտը։

— Սպասի՜ր, բալի՛կս, գործերս վերջացնեմ, միասին գնանք։

—  Ուզում եմ մենակ գնալ, հետո էլ գյուղում մի քիչ կպտտվեմ։

—  Մենակ գնաս, կկորես, գյուղում ո՞ւմ ես ճանաչում։

— Գնացի, — արդեն դռան մոտից լսվեց Տաթի ձայնը։

— Երեսուն տարեկան է, գլխում քամիներ են պտտվում, Տե՛ր ջան, դու էս աղջկա հետ լինես, չկորի՞, — հազիվ լսելի ձայնով շշնջաց Հասմիկ տատը։

 Արևն արդեն մայր էր մտնում, երբ Տաթևը տուն եկավ։ Հասմիկ տատը մի քանի ժամ նկարագրեց իր անհանգիստ վիճակը, և՛ խոսում էր, և՛ սեղան էր գցում, մինչև նկատեց, որ Տաթևը ապշահար բջջայինի նկարներն է թերթում։

— Աղջի՛, էս չես լսո՞ւմ։

— Ձեր գյուղն եմ նկարել, տա՛տ, խենթանալու բնություն ունեք, ձեռքս ճար լինի, կմնամ գյուղում։

Հասմիկ տատը ձեռքի սկուտեղը դրեց սեղանին, մեղմ ժպտաց․

— Հա՜, բալե՛ս, մեր գյուղը շատ սիրուն է: Էն ծառերին նայում ես, ուզում ես գնաս գրկես,  ուզում ես Աստծուն շնորհակալ լինել, որ ամեն օր տեսնում  ես էս սիրունությունը, էս պարգևը, բայց դու գյուղի միայն սիրուն կողմն ես տեսել, Տաթև՛ ջան, իսկ գյուղի դժվարությունը չես էլ կարող պատկերացնել, դա քո գրքերում էլ չես գտնի։ Էդ քո սիրուն, թանկանոց կոշիկներով որ մեր ցեխոտ, փոշոտ ճամփեքով անցնես մի քանի օր, լացելով փախչելու ես քո քաղաք։ Բամբակի մեջ մեծացած էրեխա ես, էստեղ կխեղդվես։

— Քաղաքում էլ եմ խեղդվում։

— Նույնը չի։ Առավոտ կանուխ չես վազում փայտի հետևից, որ վառարանը տաքանա, ու մինչև մարմինդ ուզում է ջերմանալ, դուրս գալուդ ժամանակն է լինում։ Որքան էլ լողանաս ու շորերդ լվանաս, գոմի հոտը հետդ է, միայն հարևաններդ չեն զգում այդ հոտը, որովհետև քեզնից մեկն են։ Հիմա ամառ է, լավն է, սիրուն է գյուղը, ուզում ես մնալ, բայց էստեղ սրճարաններ, այգիներ չկան, որ ուզածդ ժամանակ գնաս, պտտվես, քեզ մարդ զգաս։ Հիշում եմ՝ ինչ երանություն էր, երբ ուսուցչուհին մեզ տարել էր քաղաք՝ կինո նայելու։ Ի՜նչ երջանիկ էինք, մեծ բախտ էր, որ ոտքներս ընկել էր  քաղաք․․․ էստեղ դու ես, քո տունը ու քո հոգսը։ Ջահելներն ուզում են փախչել գյուղից, դու ուզում ես քաղաքից գալ, գյուղում մնա՞լ։

— Բայց դժվարությունը մարդու համար է,  — իրենն էր պնդում Տաթևը։

— Աղջի՛կս, մի կյանք ես ապրում, արժի՞, որ հոգսի տակ մտնես, առանց այն էլ կյանքը ինքն իրենով դժվարացել է, դու էլ անտեղի մի դժվարացրու։

Երեկոյան Տաթևը մտավ անկողին, փորձեց կարդալ, բայց շարունակ տատի ասածներն էին պտտվում գլխում։ Գիրքը փակեց, դրեց լուսամուտագոգին ու փորձեց քնել։

 

*

 

Առավոտյան մոր զանգից արթնացավ։

— Ե՞րբ ես գալու, — հարցրեց մայրը։

— Մի քանի օրից կգամ, մա՛մ։

Գիշերազգեստով դուրս եկավ հյուրասենյակ․ չգիտեր, որ հարևաններն այնտեղ են, բարևեց ու հետ գնաց։

— Հասոյիս ընկերուհին է,- լսեց տատի ձայնը,  — լավ էրեխա է։ Որ փոքր էին, Հասոյիս հետ գալիս էին, մնում ամսով, տունս լցվում էր։

— Ամուսնացած չի՞, — հարցրեց հարևանուհին։

— Չէ՛, Ալվա՛րդ ջան, դեռ իր ասպետին չի գտել,- կատակով ասաց Հասմիկ տատը՝ սուրճի բաժակը ձեռքի մեջ խաղացնելով։

Խոսակցությունն ավարտվեց, երբ Տաթևը ներս մտավ։

— Ալվա՛րդ, — հանկարծ սկսեց մյուս հարևանուհին, — իմացա՞ր՝ Ասյայի հարսն աղջիկ ունեցավ։

— Շո՞ւտ չի ունեցել, — զարմացավ Հասմիկը։

— Հա՛, ասում են՝ սթրես ա տարել, — քմծիծաղ տվեց, — մեր ժամանակ էր, որ սթրես չկար։

— Ասյայի հարսը դպրոցո՞ւմ էր աշխատում, — հարցրեց  Հասմիկը, — բա հիմա ո՞վ կփոխարինի նրան։

Գնալով խոսակցությունը կորցնում էր հետաքրքրությունը։

Հաջորդ օրը Տաթևը զանգեց մորն ու ասաց, որ մնում է գյուղում․ դպրոցում  մի քանի ամսով պիտի փոխարինի ուսուցչուհիներից մեկին։  Մայրն այնքան բարկացած էր, որ վիրավորեց աղջկան՝ առանց պահի լրջությունը գիտակցելու։

—  Իսկ քե՞զ երբ են փոխարինելու, — զայրացավ մայրը։

Տաթևը ոչ մի բառ չասաց, կծեց վերին շրթունքը, կուլ տվեց արցունքները։ Միայն խնդրեց, որ մնացած իրերն ուղարկի։ Տաթևը դիտմամբ չգնաց քաղաք, որ մայրը չկարողանա համոզել։

Հասմիկ տատն ուրախացավ, որ իր հետ կմնա, արդեն սովորել էր Տաթևի ներկայությանը, այդ երազկոտ աղջիկը տունն ուրախությամբ էր լցրել։

Ուսումնական տարվա սկզբում բոլորի ուշադրության կենտրոնում նոր ուսուցչուհին էր։ Նա բոլորից տարբերվում էր իր հագուկապով, իսկ երբ քայլում էր միջանցքով, օծանելիքի բույրը երկար ժամանակ մնում էր օդում։ Դասերից հետո Տաթևը մի քանի ժամ անցկացնում էր գրադարանում, որտեղ հարյուրավոր հեղինակների լռությունն էր խտացված։

Գյուղի ջահել տղաները գալիս շարվում էին դպրոցի պատի տակ՝ «նորությունը» տեսնելու։ Տաթևը նման տեսարանների հանդիպել էր Բակունցի, Մաթևոսյանի գրքերում, բայց սա ուրիշ զգացողություն էր․ գիրք չէր, սա իր հետ էր կատարվում։

Քաղաքից բերած կակտուսը տարավ գրադարան։ Հետո պատուհանագոգերը լցրեց փոքրիկ ծաղկամաններով,  ռադիոն միացրեց, իսկ երբեմն էլ մեղմ երաժշտություն էր լցվում գրադարանի խունացած պատերից ներս։

Մի անգամ ուսուցչուհիներից մեկը մտավ գրադարան։ Գիրքը վերցնելիս նայեց Տաթևի, հետո՝ իր ձեռքերին․ իր եղունգների լաքը կիսով չափ էր։ Գիրքը պինդ սեղմեց, փորձեց մատները թաքցնել գրքի հետևում, բայց հետո չդիմացավ․

— Երևի տանը գործ չես անում, Հասմիկ տատը չի թողնում՝ գործ անես։

—  Իհարկե, անում եմ , —  ժպտալով պատասխանեց Տաթևը։

Մի քանի վայրկյան տևած լռությունից հետո ուսուցչուհին  ասաց․

— Սա քո տեղը չէ, ընկե՛ր Տաթև, հե՛տ գնա քո քաղաք, մեզ էլ հանգիստ թող, թող ապրենք մեր հեռուներում։ Մի օր դու էլ կհոգնես այս վիճակից։

— Բայց․․․․, — փորձեց պաշտպանել ինքնիրեն, իսկ ուսուցչուհին գնացել էր արդեն։

Տաթևը մի քանի րոպե շանթահարված կանգնել էր տեղում։ Հետո աչքն ընկավ սեղանին դրված գրքին․ Մուրացանի «Նոյի ագռավն» էր։

Երբ համաձայնեց մնալ գյուղում, չէր պատկերացնում, որ ուրիշի տեղն է զբաղեցնում, ինքը ջանք չէր խնայում մի լավ բան անելու։ Ո՞րն էր իր տեղը։

Դուրս եկավ դպրոցից, ուժեղ անձրև էր գալիս։ Երբ հասավ տուն, մինչև ոսկորները թրջվել էր։

Երեկոյան եկավ փաթաթվեց Հասմիկ տատի վզով։

— Ո՞վ է հավիդ քշա ասել, բալի՛կս։

— Ոչ մեկը։

— Է՜հ, կարծում ես՝ Հասմիկ տատը այդքան միամի՞տ է։

Տաթևի աչքերը լցվեցին, ավելի պինդ գրկեց տատին։

— Կարծում էի՝ հանգստությունս կգտնեմ էստեղ, տա՛տ։

Տատը ձայն չհանեց, շոյեց աղջկա մեջքը, համբուրեց գլուխը․ նա սպասում էր այս տեսարանին։

— Քեզ էն սև ջրից, ինձ էլ նանայով թեյ դնեմ,- կատակի տվեց տատը,- իսկ առավոտյան կօգնեմ, որ իրերդ հավաքես։ Գյուղն էնքան քաղցր է հեռվից, դուք՝ ջահելներդ, էնքա՜ն ռոմանտիկ։ Քիթդ մի՛ կախի, կյանքդ առաջդ է, ի՞նչ ես գտել էս քարուքռի մեջ։ Վե՛ր կաց, զանգի՛ ձերոնց, որ վաղը կայարան գնան։

— Բա դպրո՞ցը, տնօրենին դեռ չեմ ասել։

— Դպրոցն էլ, տնօրենն էլ կհասկանան քեզ, աղջիկս, ո՛չ առաջինն ես, ո՛չ էլ վերջինը․ մեր գյուղը շատ է տեսել քեզ պես ռոմանտիկների։

Առավոտյան Հասմիկ տատը կամաց բացեց Տաթևի սենյակի դուռը, չէր ուզում արթնացնել։ Տեսավ, որ անկողինը գեղեցիկ հավաքած էր, իսկ պահարանում զգեստները նույն կոկիությամբ դասավորված էին։ Միայն դասագրքերն էին սեղանից պակասում։

Հասմիկ տատը ժպտաց քթի տակ ու գնաց ճաշ պատրաստելու։

 

Ընթերցել նաև