Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Նամակ

Օշո․ «Մի բաժակ թեյ. Օշոյի 365 նամակները» գրքից․ նամակներ

«Մի բաժակ թեյ. նամակ 1»

Երբ սերը շնչում է կյանքի բառերով, այն ի վերջո գտնում է ոչ թե այս պահի արտահայտությունը, այլ այն, ինչը կուզենար, որ ասվեր…
Մեզնից յուրաքանչյուրի մեջ պոետ կա, պոեզիա էլ կա, բայց քանի դեռ մենք ապրում ենք մակերեսային կյանքով, նրանք երբեք չեն ծնվի:

1962

Սեր:
Ես ստացա քո նամակը:
Ի՜նչ քնքշորեն ես դու ինձ պարտադրում ինչ-որ բան գրել: Ահա և ես՝ խոր լռության մեջ խեղդվողս:
Ես խոսում եմ, ես աշխատում եմ, բայց իրականում ներքուստ ընկղմված եմ դատարկության մեջ:
Այնտեղ չկա շարժում:
Այնպես որ, թվում է՝ ես ապրում եմ միաժամանակ երկու կյանքով:
Ա՜յ քեզ դրամա:
Բայց, հնարավոր է, որ ամբողջ կյանքը դրամա է, ընդ որում, սրա գիտակցումը յուրահատուկ ազատության դուռ է բացում:
Այն դուռը, որը անգործություն է գործի մեջ, անշարժություն է շարժման մեջ, հավերժություն է փոփոխման մեջ. սրա մեջ է ճշմարտությունը, սրա մեջ է գոյության իմաստը:
Ճշմարիտ կյանքը հավերժական է, մնացածը` ընդամենը երազատեսության հոսք:
Այս աշխարհը, ըստ էության, լոկ երազ է. և հարցն այդ երազը լքել-չլքելը չէ, այլ պարզապես այդ երազը գիտակցելը:
Այդ գիտակցումն ամեն ինչ փոխում է:
Կենտրոնը շարժվում է:
Մարմնից հոգի տեղաշարժ է լինում:
Հարցադրում է առաջանում՝ ի՞նչ կա այնտեղ:
Դրա մասին անհնար է պատմել:
Դրա մասին երբեք չեն պատմել և երբեք էլ չեն պատմելու:
Դրա մասին, բացի սեփական փորձից, իմանալու այլ միջոց չկա:
Մահը ճանաչում են միայն մեռնելով, իսկ ճշմարտությունը ճանաչելի է միայն ինքդ քո ներսում դեպի խորք գնալով:
Թող Աստված քեզ ընկղմի այդ ճշմարտության մեջ:

 

նամակ 2

Սեր:
Ես երանության մեջ եմ:
Ես վաղուց էի ուզում գրել, բայց գործերը թույլ չէին տալիս:
Այդուհանդերձ, ամեն օր ես ուղարկել եմ իմ օրհնությունները …
Սերը սադխանա է, որքան շատ ես ձգտում, այնքան աստվածային է դառնում:
Լույսը խավարի մեջ է, ճշմարտությունը թաքնված է. այստեղից է սկսվում որոնման ուրախությունը:
Ես հիշում եմ ռիշի բառերը:
«Ճշմարտությունը թաքնված է ոսկե կափարիչի տակ»:
Ճշմարտությունը թաքցնող ոսկե կափարիչը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր միտքը:
Միտքը շղարշում է մեզ. մենք ապրում ենք մեր մտքերի մեջ, մենք նույնացվում ենք մեր մտքերի հետ` տառապելով, անազատության մեջ հայտնվելով և վերածնունդ ապրելով:
Վե՛ր բարձրացիր մտքից, գիտակցի՛ր, որ դու և քո միտքը նույնը չեք:
Միայն այդ դեպքում այն կբերի երանություն և ազատություն` վերջ դնելով ծնունդին ու մահին:
Մենք պարտավո՛ր ենք լինել այնպիսին, ինչպիսին որ կանք իրականում. դա է միակ սադխանան:
Հենց կյանքի հիասթափությունները և բուռն ցանկություններն են բերում այդ սադխանան :
Ճանաչի՛ր քո ցանկությունները, և դու կսկսես կապվածություն չցուցաբերել դրանց նկատմամբ:
Սա այն չէ, որը կարելի է ստիպողաբար պարտադրել, այլ այն, որը տեղի է ունենում ինքնաբերաբար:
Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր կապվածությունը` մնալով գիտակցության մեջ:
Անգիտակցաբար ոչինչ պետք չէ անել:
Եթե սա հիշենք, ապա մի գեղեցիկ օր մեր գիտակցության մեջ տեղի կունենա հեղափոխության բոլորովին նոր տեսակ:
Աստված քեզ ուղղորդում է այդ հեղափոխությունը. ես դա գիտեմ:

 

* սադխանա-սանսկրիտերեն բառ է, որը հինդուիզմի և բուդդիզմի մեջ նշանակում է հոգևոր փորձառություն` «միջոց ինչ-որ բանի հասնելու համար»: Ենթադրում է հոգևոր կարգապահության շնորհիվ հասնել հոգևոր կյանքի զարգացման: Տղամարդը, ով իրեն նվիրում է սադխանային, անվանում են սադխակա, կնոջը` սադխիկա: «Սադխանա» եզրույթը իր նշանակությամբ մոտ է յոգա ասվածին:
* ռիշի-սանսկրիտերեն բառ է, նշանակում է պայծառատես, իմաստուն: Ռիշին այն իմաստունն էր, ով կարողանում էր մեկնաբանել վեդայական հիմները և ռիգվեդաները: Ռիշի երեք դաս կար` արքայական, աստվածային և ռիշի-բրախմա:

 

նամակ 3

Ողջունում եմ քեզ:
Չափազանց հաճելի էր քո նամակը ստանալը:
Ես դեռ ոչինչ չեմ գրել` այստեղ մեդիատացիոն կենտրոն է բացվել, որտեղ մի քանի ընկերներ փորձեր են իրականացնում:
Հենց որ որոշակի արդյունքներ լինեն, ամենայն հավանականությամբ, ես կգրեմ քեզ:
Ինչ վերաբերում է ինքս իմ վրա արած փորձերին, ես վստահ եմ և կասկած անգամ չունեմ, որ դրանք հաջողությամբ են պսակվելու, բայց ես ուզում եմ դրանք ուրիշների բարօրության համար կիրառել:
Ես չեմ ուզում փիլիսոփայել, քանզի իմ հայացքը գիտական է:
Ես ուզում եմ ինչ-որ բան ասել յոգայի մասին` հիմնվելով որոշակի հոգեբանական և պարահոգեբանական փորձերի վրա:
Յոգայի մասին բազմաթիվ իլուզիոն պատկերացումներ գոյություն ունեն, որոնք հարկավոր է հերքել:
Հենց այդ պատճառով ես այստեղ եմ և փորձեր եմ անում:
Ինձ համար ակնհայտ է` այս աշխատանքը չի իրականացվում որոշակի խմբի կամ գաղափարի ծառայելու համար:
Եթե դու երբևէ գալու լինես այստեղ, մենք կարող ենք ավելի շատ խոսել այս մասին:

 

* պարահոգեբանություն- անբացատրելի հոգեֆիզիոլոգիական-ֆիզիկական որոշ պրոցեսների մեկնաբանումը որպես՝
ա․ արտազգայական (մեզ հայտնի զգայարանների գործունեությամբ չհիմնավորվող) ընկալում
բ․ արտաքին ֆիզիկական երևույթների, օբյեկտների, ինչպես նաև իրադարձությունների վրա մտովի ներգործություն։
Պարահոգեբանները տարբերում են արտազգայական ընկալման հետևյալ ձևերը․
1․ հեռազգայություն (տելեպաթիա)՝ մտովի հաղորդակցում, երբ ինդուկտորի մտքերը, նրա ցանկությունից անկախ հայտնի են դառնում պերցիպիենտին (ընկալող)
2․ պայծառատեսություն (տելեստեզիա)՝ առանց ինդուկտորի մասնակցության, որևէ իրադարձության կամ առարկայի մասին ինֆորմացիա ստանալու ընդունակություն
3․ կանխատեսություն՝ (պրոսկոպիա)՝ ապագա իրադարձությունների կամ այլ անձի ապագա մտքերի գուշակում
4․ կենսաբանական էֆեկտ՝ օժանդակ ինդիկատորի (շիվ, կոր մետաղալար են) օգնությամբ ընդերքի «հետախուզում»,
5․ պարաախտորոշաբանություն՝ առանց հիվանդի հետ շփվելու, պայծառատեսության վրա հիմնված ախտորոշում։
Պարահոգեբանների կարծիքով, որպես կենսաբանական կապի միջոց և ինֆորմացիա կրող հանդես է գալիս օրգանիզմների էլեկտրամագնիսական դաշտը։

 

նամակ 4

Ողջունում եմ քեզ:
Շնորհակալություն քո քնքուշ նամակի համար:
Դու մեդիտացիա ես անում, և դա առիթ է ուրախանալու:
Քո բոլոր գաղափարներն ու ձեռքբերումները տուր մեդիտացիային, դրանով զբաղվիր բնական կերպով. ինչ լինում է, տեղի է ունենում ինքնաբերաբար:
Մի օր, առանց որևէ ջանքի, ամեն ինչ սկսում է կատարվել ինքնաբերաբար:
Ջանք գործադրելը չի տանում մեդիտացիայի, ըստ էության, այն միայն խոչընդոտում է:
Ջանքերը գործնականում լարում են առաջացնում:
Ցանկացած ակնկալիք` նույնիսկ խաղաղության, անհանգստություն է բերում:
Հարկ է, որ լարվածությունն անհետանա:
Երբ դա տեղի ունենա` ներսում կիջնի աստվածային խաղաղություն:
Դադարիր զգալ. «Ես դա անում եմ»:
Դրա փոխարեն ասա ինքդ քեզ. «Ես անում եմ այն, ինչ կարող եմ»:
Հանձնվի՛ր, տո՛ւր քեզ ամբողջությամբ. հենց դու դա արեցիր, կլինի դատարկություն:
Դու կխոսես, իսկ շնչառությունն ու մարմինը կհանգստանան:
Նույն բանը տեղի կունենա նաև մտքի հետ:
Սա անցնելուց հետո տեղի կունենա աներևակայելի մի բան:
Ես գիտեմ` դա կպատահի մեզ հետ:
Ուղղակի շարունակիր շարժվել բնական կերպով և առանց նպատակի:
Շուտով ես կգամ, իսկ մինչ այդ շարունակեք հանգիստ անել այն, ինչ ես ձեզ ասացի:
Բարևներս փոխանցիր բոլորին: Գրեք, հենց որ ուզենաք գրել:
Ես լիակատար երանության մեջ եմ:

նամակ 5

Սեր:
Դուք, Աստծո բարեհաճությամբ, փորձում եք ներքին լույս հայտնաբերել:
Լույսն այդ հաստա՛տ կա, և հենց որ դուք հանդիպեք ձեր ներսի լույսին, խավարը կանհետանա կյանքում:
Ներսում արված ամեն մի քայլ խավարը հեռացնում է շերտ առ շերտ` բացահայտելով լույսի աշխարհը, ուր ամեն ինչ նոր է:
Այդ փորձը սահմանափակում է անազատությունը, ապա գալիս է ընկալումը, որ այն չի էլ եղել:
Ձերբազատվե՛ք այն ամենից, ինչն ազատ է հավիտյան:
Ինձ ուրախացնում են քո հաջողությունները:
Քո նամակը ստացել եմ վաղուց, բայց, քանի որ զբաղված էի` պատասխանն ուշացավ, թեև քո մասին ունեցած հիշողությունը միշտ ինձ հետ է, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր ձգվում են դեպի լույսը:
Իմ լավագույն ցանկությունները միշտ հոսում են նրանց ուղղությամբ:
Մեզ անհրաժեշտ է շարունակել շարժվել:
Ճանապարհին մեկ անգամ չէ, որ կընկճվես, բայց, ի վերջո, ծարավից տոչորված ճամփորդը հասնում է ջրի:
Ի վերջո, ջուրը եղել է ծարավելուց առաջ:
Լավագույն մաղթանքներս բոլորին:

 

նամակ 6

Ողջունում եմ քեզ:
Ես ճամփորդում եմ, բայց քո նամակը ինձ այստեղ էլ է հետապնդում:
Ուրախ եմ նամակդ ստանալու համար:
Ես կյանքը տեսնում եմ երանությամբ լցված:
Մենք, սովորաբար, կյանքը այդպիսին չենք տեսնում, որովհետև զրկված ենք երանությունից, բայց այդ տեսողությունը կարելի է ստեղծել:
Հնարավոր է, որ սխալ է այդպես արտահայտվելը, որովհետև այն կա, ուղղակի պիտի աչքերը բացել. այդ ժամանակ ամեն ինչ կփոխվի:
Մտասուզմամբ կարելի է հասնել դրան:
Մտասուզում նշանակում է հանգստություն, դատարկություն:
Այդ դատարկությունը կա, բայց թաքնված է մտքերի հոսքերի մեջ:
Հենց որ մտքերը կորում են, այն դառնում է տեսանելի:
Մտքերից ազատվելը թվում է դժվար, բայց դա շատ պարզ է:
Միտքը թվում է շատ անհանգիստ, բայց այն հանգստացելը հեշտ է:
Մտքի հաղթահարման բանալին վկայությունն է:
Հարկավոր է վկա լինել` մտքի դիտորդ:
Անհրաժեշտ է դիտարկել միտքը` պարզապես դիտարկել:
Հենց այն պահին, երբ միտքը հայտնվում է վկայության կարգավիճակում, մարդը ձերբազատվում է ունեցած մտքերից:
Սա, իր հերթին, բացում է երանության դուռը, և ամբողջ աշխարհը վերածվում է բոլորովին այլ` մի նոր աշխարհի:
Շարունակի՛ր մեդիատացիա անել:
Արդյունքները կգան դանդաղ:
Մի՛ անհանգստացիր, դրանք անպայման կհայտնվեն:
Իմ լավագույն մաղթանքները բոլորին:

 

նամակ 7

Սեր:
Ահագին ժամանակ է անցել, ինչ ես ստացել եմ քո նամակը:
Ես ուրախ եմ, որ դու ձգտում ես հանգստության, բայց մոռացիր այն մասին, թե քեզ կթողնեն:
Ոչ ոք չի թողնի:
Պարզապես պետք է հանձնվել և դառնալ օվկիանոսի մի կաթիլը:
Ըստ էության, կաթիլը հենց օվկիանոսն է, ուղղակի կաթիլն այդ մասին չգիտի. ահա այստեղ է սահմանագիծը:
Մեդիատացիայի դատարկության մեջ անհետանում է այդ բաժանումը:
Մեդիտացիան կյանքի սադխանայի կենտրոնն է:
Մտածողության գործընթացը դանդաղում է` տեղ բացելով հանգստության և դատարկության համար:
Երբ մտքերն անհետանում են, ի հայտ է գալիս տեսնողը` վկան, և անգիտակցականի բարդույթը վերանում է:
Ամենայն կախվածության պատճառը հենց այդ բարդույթն է:
Սկզբում այն, ինչպես քարը, թվում է ամուր, բայց համբերատար փնտրողը մի օր հայտնաբերում է, որ դա ընդամենը երազ է, քամու հոսանք:
Թող քո մեդիտացիայից դուրս եկած ծիլը ծաղկի ինչպես սամադխի:
Լավագույն մաղթանքներս բոլորին:
Մնացածի մասին` հանդիպման ժամանակ:

1963

 

* սամադխի- սանսկրիտ. բառ է, նշանակում է «գիտակցության կենտրոնացում»։ Եթե դուք ամբողջությամբ կենտրոնանում եք այդ պահին արվող գործի վրա, ապա կարողանում եք սեփական հոգու վրա իշխանություն ունենալ:
սադխանա-սանսկրիտ. բառ է, որը հինդուիզմի և բուդդիզմի մեջ նշանակում է հոգևոր փորձառություն` «միջոց ինչ-որ բանի հասնելու համար»: Ենթադրում է հոգևոր կարգապահության շնորհիվ հասնել հոգևոր կյանքի զարգացման: Տղամարդը, ով իրեն նվիրում է սադխանային, անվանում են սադխակա, կնոջը` սադխիկա: «Սադխանա» եզրույթը իր նշանակությամբ մոտ է յոգա ասվածին:

 

նամակ 8

Ողջունում եմ քեզ:
Ամբողջ մայիս ամսվա ընթացքում արված ուղևորություններն այնպիսի ազդեցություն են ունեցել իմ առողջության վրա, որ հունիս ամսվա` Բոմբեյ, Կալկաթա, Ջայպուր, նախատեսված ծրագրերը չեղյալ է համարվում:
Ես ուրախ եմ լսել, որ դու փորձարկում ես սամադխի-յոգա:
Արդյունքների համար մի անհանգստացիր, ուղղակի շարունակիր փորձարկել:
Վերադարձ կլինի անպայման, և կլինի ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից` հանկարծակի, դա տեղի կունենա առանց ջանքերի` անսպասելիորեն:
Կյանքը վայրկյանների ընթացքում կդառնա զարմանալիորեն ուրիշ:
Ես հիմա ոչինչ չեմ գրի Բխագվան Մախավիրի մասին:
Բացարձակ ցանկություն չունեմ այդ մասին գրելու:
Բայց, եթե դու ինձ համոզես, այ դա ուրիշ բան:
Մնացած ամեն ինչ կարգին է:

 

* Բխագվան Մախավիր-Ազգային խոշոր արգելոց Հնդկաստանի Գոայի նահանգում: Զբաղեցնում է 240 քառակուսի կմ տարածք, սահմնակից է Կարնատակային: Արգելոցը հայտնի է կենդանական և բուսական աշխարհի բացառիկ տեսակներով: Այստեղ է գտնվում Դուդխսագարի նշանավոր ջրվեժը, ինչպես նաև` Մախադեվա-Տամբդի Սուրլա տաճարը:

 

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Հնդկաստան

 

 

 

Ընթերցել նաև