Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Օգենդո Հեյսթինգս. «Ասա՛ Աստծուն, ասա՛ Նրան»․ բանաստեղծություն

Ասա՛ Աստծուն,
Որ ես մի օր տեսել եմ սովահար մարդու
Մարմինը կրծող անկուշտ որդերին,
Որ հետո խառնվել են սրբությանը հողի
Եվ դարձել արյունը գալիքների:
Ասա՛ Նրան, որ արտասվել է ցավախեղդ սիրտս,
Որովհետև սիրել եմ աշխարհի բոլոր ավելորդներին`
Դժբախտության սև մաշկով, բջիջներով սև,
Հուսահատությամբ կավահող,
Երկունքով ամենաազատ, բայց բռնագանձված սերմով:
Աստծուն ասա՛, որ ես սպասել եմ Նրան
Մորթված այգերի և իմ ավերված խրճիթի փլատակներում,
Ու լսել եմ մորս օրհնանքը ի Տեր`
Նրա սիրո պակասից մեռնելիս,
Որ տեսել եմ արցունքները`
Իր փամփլիկ ձագերի դիերին ոռնացող շան,
Եվ որբացել եմ հենց իր չգալուց…
Ասա՛ Աստծուն, որ Դինգո-Ռոուդի մանուկները
Երբեք չեն տեսել կախարդանքի ձյունը,
Եվ եթե ունի համարձակություն ու քիչ կարեկցանք`
Թող սիրի նրանց` այդքան սևամաշկ,
Ասա՛ Նրան, որ աշխարհում գոյություն ունեցող
Միակ եկեղեցին սերն է,
Եվ մենք` բոլոր ավելորդներն այս աշխարհի,
Սիրում ենք Նրան` այդքան ուշացած…

 

Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի

Տանզանիա

 

 

 

 

Ընթերցել նաև