Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Քրիստ Մանարյան․ «Հեքիաթն անկանխատեսելի տիեզերքում մեր հարազատ ու ապահով անկյունն է»․ զրույց

 

Ամենամեծ հեքիաթը մանկությունն է, Մանկությունը՝ մեծատառով: Սուտ են ասում, որ Մանկություն վերադառնալ հնարավոր չէ, Մանկության հետ կապված ամեն ինչ հեշտ է, պարզ ու բնական՝ փակում ես աչքերդ, ասում ես «Հոպլա» կախարդական բառն ու վերադառնում ես Մանկություն, ընդամենը:

Մանկությունը հեքիաթ է հեքիաթում, իսկ թե ինչ է հեքիաթը՝  բոլորս գիտենք: Կամ՝ ձևացնում ենք, որ գիտենք: Բայց դա մեր իրավունքն է՝ ձևանալ: Ձևանալ ճերմակ նժույգ հեծած Արքայազն, ձևանալ Ժանգոտ Դևի Սև Աշտարակում բանտարկված Քնկոտ Արքայադուստր, ձևանալ Անտեսանելի Մարդ, ձևանալ Երկաթե Անտառի Վհուկ, կամ էլ՝ Կախարդված Հրեշ:

Ամեն մարդ ունի իր հեքիաթը, ավելին՝ ամեն մարդ իրավունք ունի փոխել, փոփոխել ընդունված, հայտնի հեքիաթն ու վերապատմել այն սեփական ձևով, դարձնելով իրենը:

Ես, օրինակ՝ դեռ երիտասարդ տարիքից գրում եմ հեքիաթներ, վերջերս էլ գրել եմ հեքիաթ-վիպակ մեր կատվի՝ Ֆելոյի մասին, Լիլիթը՝ աղջիկս, նկարազարդել է այն ու հիմա սպասում ենք, որ «Զանգակ» հրատարակչությունը մեր հեքիաթը տպի: Իսկ հեքիաթ-վիպակ գրելու ցանկություն արթնացավ մեջս, երբ հասկացա, որ Ֆելոն անվերջ խոսում է, նա ընդհանրապես շատախոս կատու է ու ես հազիվ եմ հասցնում Ֆելոյի պատմածները գրանցել, այնքան, որ դրանք շատ են…Որպես գաղտնիք ասեմ, որ քիչ բան եմ հորինել ինձնից, հիմնականում պատմել է Ֆելոն: «Ֆելոն ու Խելառների Գնացքը» հեքիաթ-վիպակը ժամանակակից հեքիաթ է, բայց ազդվել եմ ու սովորել եմ հեքիաթներ գրել այդ ժանրի մեծ վարպետներից՝ Անդերսենից, Պերրոյից, Գրիմ եղբայրնեից, Թումանյանից, Ռոդարիից, Քերոլից, Բիսեթից: Ինձ որ հարցնեք՝  Անդերսենի «Անճոռնի Ճուտիկը» հեքիաթների հեքիաթն է, ավելի փայլուն ստեղծագործություն այդ ժանրում ուղղակի չեմ պատկերացնում:

Հին ժամանակներից մեզ հասած հանրահայտ հեքիաթները գրեթե բոլորն անճանաչելիորեն վերափոխված շարադրանքներն են այն բավական մռայլ, դաժան ու ուսուցողական պատմությունների, որոնք ընդունված են եղել տարբեր ժողովուրդների մոտ և իրենցից ներկայացրել են ապրելու, գոյատևելու, շրջապատի հետ փոխհարաբերություններ կառուցելու յուրատեսակ մոդել- փրկօղակներ: 

 Երբ կարդում ես դրանց նախնական տարբերակները, որոնք դեռ հղկված ու մեղմացված չեն ժամանակակից «մարդասիրական» հասարակության չգրված նորմերին համապատասխան՝ զարմանում ես, թե որքան անողոք են, ճակատային ու ռեալիստական իրենց պարզության մեջ:

Բայց պարզությունն այդ, ինչ խոսք՝ թվացյալ է, հեքիաթը մնում է հեքիաթ, գլուխկոտրուկ, որում, սակայն՝ միշտ կան ծառացած հարցերի պատասխան-բանալիները, ուղղակի դրանք պետք է փնտրել ու գտնել:

Հեքիաթների աշխարհը միշտ ձգել է ու կձգի մարդկությանն իր անիրական, երևակայական եթերայնությամբ ու գույներով, իր թաքցրած ու անթաքույց ուղեցույց-ուղենիշներով և հերթական երեխան նորից ու նորից քնելուց առաջ կպատկերացնի իրեն հերոսի դերում, խնդրելով մորը, հորը կամ տատին՝ կրկին պատմել նույն, սիրելի հեքիաթը, որի հետ նրա հոգին արդեն հասցրել է հարազատանալ: 

Եթե շատ ու շատ պարզեցնենք սահմանումը, այն կհնչի երևի հետևյալ կերպ՝ պատմություն, որը չի կարող պատահել կյանքում ու հենց դրանով էլ ձգում ու հմայում է մեզ, կտրելով հոգնեցրած, գորշ առօրյա հոգսերից, հանդիսանալով երևակայական, հարազատ անկյուն՝ անկանխատեսելի տիեզերքում, ուր կարող ենք հանգրվանել, երբ ուզենք, որքան ուզենք, զգալով մեզ սիրված, հասկացված ու ապահով:

Հին ժամանակներում երևակայական ուժերի հետ շփվելու համար պետք էր գնալ նրանց կեցության վայրերը՝ մութ անտառներ, լեռներում կորած դղյակներ, ծովի հատակում գտնվող պալատներ և այլ տեղեր: Հետո, ժամանակի հետ, պրագմատիկ ու ալարկոտ մարդկությունը կտրեց երևակայական աշխարհի հերոսներին իրենց բնակության վայրերից ու բերեց, մտցրեց քաղաքներ, բնակարաններ, մեր կենցաղը: Հիմա այդ ամենն այնպես է խառնվել իրար, հատկապես համակարգչային ու վիրտուալ տեխնոլոգիաների   «թեթև ձեռքով», որ հեքիաթի ու իրականության սահմանները ջնջվել են, հիմա ամեն մեկը կարող է ոչ միայն ստեղծել մտքում ու գրանցել, այլև նյութականացնել իր հորինած հեքիաթը, ստիպելով հավատալ դրան շատ-շատերի:

Մինչդեռ և՛ Ջադու Պառավները, և՛ Յոթգլխանի Դևերը, և՛ Էլֆերը, և՛ Ջրահարսերն ու Մարդագայլերը՝ բոլորը եղել են ու կան,  հեքիաթներում ու իրականության մեջ, այլ հարց է, թե ով որտեղ է ուզում նրանց տեսնել ու անգամ՝ անկախ դրանից: 

Անձամբ ես նախապատվությունը տալիս եմ լարված, հետաքրքիր սյուժեով, վտանգավոր ու անսպասելի զարգացումներով լի, զուգահեռ իրականությունները շոշափող, արկածային հեքիաթներին, որոնք ունենում են դրական ավարտ: Սակայն սիրում եմ նաև անմեղ, մանկական, թեթև հեքիաթներ՝ շատ փոքրերի համար, որոնք զարմանալիորեն դուր են գալիս նաև մեծերին:

Դե, որովհետև Մեծիկները նույն Պստիկներն են, ուղղակի մեծացած:

Հեքիաթները միշտ մեզ հետ են և մենք էլ միշտ հեքիաթում ենք:

Իսկ եթե չեք հավատում՝ փակեք ձեր աչքերը, ասեք «Հոպլա» ու կհայտնվեք ձեր ուզած տեղում: Ես ամեն անգամ այդպես եմ ուղևորվում Մանկություն, ուր ինձ միշտ սպասում են մեր բակի շներն ու կատուները, իմ փոքրիկ հեծանիվն ու ֆուտբոլի մաշված գնդակը, բակի իմ ընկերները, մեր տան հետևում տարածվող Մութ Անտառը, եղևնու փշոտ ճյուղին նստած Լիալուսինն ու Խոսող Մրջյունները, որոնք հավաքվում և ուրախ-ուրախ, իրար հերթ չտալով սկսում են պատմել, թե ի՜նչ հետաքրքիր ու հոյակապ դեպքերն են եղել իմ բացակայությամբ…

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև