Հրատարակչություն Նորություններ

«Քաղաքական Մշակույթը Հայաստանում․ էվոլյուցիա և միտումներ»․ լույս է տեսել քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի նոր մենագրությունը


 

 

Երևանյան Էսքիզ հրատարակչությունը լույս է ընծայել քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահսարակագիտական համալսարանի, Երևանի պետական համալսարանի ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող Էմիլ Օրդուխանյանի նոր մենագրությունը, որը վերջին տասը տարիների նրա գիտահետազոտական աշխատանքի ամբողջացումն է։ Գրքի խմբագիրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանն է, գրախոսները՝ քաղաքական գիտությունների դոկտոր, թեկնածու Տիգրան Քոչարյանը, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանը։

 

Մենագրությունը նվիրված է հայ հասարակության քաղաքական մշակույթի համալիր ուսումնասիրությանը հետխորհրդային շրջանի ՀՀ քաղաքական գործընթացներում: Հետազոտության մեջ առաջադրված խնդիրները քննության են առնված «քաղաքական մշակույթ-քաղաքական գործընթաց-քաղաքական խոսույթ» գիտակարգերի եռամիասնության ևփոխկապակցվածության տեսանկյունից, մասնավորապես՝ հեղինակի մշակած հետազոտական նոր՝ քաղաքական մշակույթի խոսութային չափման մեթոդի կիրառությամբ: Հետազոտությունն ունի հայագիտական բնույթ:

Մենագրության մեջ վերլուծության են ենթարկվել քաղաքական մշակույթի, քաղաքական գործընթացի և քաղաքական խոսույթի տեսական և մեթոդաբանական հարցերը, հետազոտվել են հետխորհրդային ժողովրդավարացումը քաղաքական մշակույթի համատեքստում, ՀՀ-ում քաղաքական գործընթացի դրսևորման առանձնահատկությունները, ինչպես նաև քաղաքական մշակույթի ձևավորումն ու զարգացումը ՀՀ-ում:

Մենագրությունը կարող է օգտակար լինել քաղաքագետների, սոցիոլոգների, քաղաքական գործիչների, ինչպես նաև քաղաքական մշակույթի հիմնախնդրով հետաքրքրվող մասնագետների լայն շրջանակի համար:

Էմիլ Օրդուխանյան

Ընթերցել նաև