Թարգմանություն Ցեղասպանության քրոնիկոն

Ցեղասպանության քրոնիկոն․ Անահիտ Գալուստյանի ընտանեկան պատմությունը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աջից առաջինը՝ Մեծ տատ Աննան, նրա կողքին է տատիկն ու փոքրիկ մայրը՝ 
Անահիտ Գալուստյանը: Լուսանկարը՝ անհատական ​​արխիվից։

 

Աննա նախատատը

 

Ապրիլի 24-ը ցեղասպանություն վերապրած կամ դրանից փրկված յուրաքանչյուր հայ ընտանիքում սգո օր է: Երբ հնչում է այդ սարսափելի բառը՝ «ցեղասպանություն», ես ուզում եմ ձեռքերով փակել ականջներս, աչքերս և չհիշել այն, ինչ լսել եմ իմ ընտանիքում, տեսել վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերում, որևէ կերպ չպատկերացնել այս ամենի մասին կարդացածս: Բայց դա անհնար է. անմարդկային ուժը, որն իրականացրել է վայրագություններ մի ամբողջ ազգի դեմ, աղաղակները, ճիչերը, սարսափը, մահվան հոտը, ցավի և վշտի զգացողությունը՝ այս ամենն արձագանքվել ու դեռ կարձագանքվի դարերի խորքից՝ պատճառելով անասելի ցավ: Հայի հիշողությունը ժառանգաբար փոխանցվում է սերնդեսերունդ և մնում արյան մեջ, յուրաքանչյուրի հոգում: Եթե անգամ դարեր անցնեն, պատմությունը չի լռի: Ի վերջո, սա մարդկային ձայն չէ, որը կարելի է ընդհատել, հող չէ, որը կարելի է խլել, թափված արյուն չէ, որը կարելի է վախկոտի պես մի բուռ հողով ծածկել, մարդկային մնացորդներ չեն, որոնք կարելի է դուրս բերել աղբասայլերով, խորտակել կամ հենց դրանց վրա կառուցել քաղաքներ և նույնիսկ սրբարաններ… Պատմությունը մեր նախնիների ձայնն է, նրանց խեղված ճակատագրերը, խոշտանգված հոգիները և արդարությունը, որն անպայման հաղթելու է:

 

Պատմությունը հենց հիշողությունն է: Ես այն ընտանիքից եմ, որը հիշում է: Այն գիտակցումը, որ ես շփվել եմ ցեղասպանությունից մազապուրծ մարդու հետ, վերջերս արթնացավ իմ մեջ: Ես հիշում եմ իմ տատիկին: Նա վախճանվեց, երբ ես հինգ տարեկան էի, դրանից հետո ևս քառասունհինգ տարի անցավ: Թվում է, թե այս ընթացքում ես պետք է ամբողջովին մոռանայի նրան, բայց, հակառակը, հիշողություններն ավելի են պայծառանում, և նա ասես դառնում է ավելի մոտ ու հարազատ: Կյանքը, հավանաբար, վերադարձ է արմատներին, նախնիներին…

Աննա Հարությունովնան՝ Մեծ տատս, կամ, ինչպես բոլորն էին նրան անվանում ՝ Անոն, ծնվել էր Կարսում, որտեղ անցկացրել էր իր երջանիկ մանկությունն ու պատանեկությունը, ամուսնացել երաժշտի հետ: Ամուսինը վարպետորեն թառ էր նվագում և լավ վաստակում: Նրանց երկու դուստրերը մեծանում էին հենց այդ սարսափելի իրադարձությունների բովում: Ամեն բան փոխվեց մի գիշերվա ընթացքում. ամուսինը սպանվեց, հնգամյա դստերը թուրքերը տարան, իսկ Մեծ տատս ստիպված եղավ փախչել անհայտ ուղղությամբ՝ կորցնելով նորածնին, որին հենց ինքն էլ թաղեց:

Ճանապարհին՝ հետևելով փախստականներին, դժբախտ կնոջ ուշադրությունը գրավեց մի անհանգիստ, շփոթված տղամարդ, որը մոլեգին վազում էր, փախչում իր հինգ փոքր զավակների հետ: Պարզելով ձեռքերը՝ նա անընդհատ փորձում էր իր գրկի մեջ առնել երեխաներին և սեղմել կրծքին, ասես վախենում էր կորցնել: Երբեմն նա փոսեր էր փորում, տեղավորում զավակներին դրանց մեջ, ապա գողեգող, թաքնվելով անհետանում էր՝ որոշ ժամանակ անց հայտնվելով՝ հացը ձեռքին: Թուրքերը սպանեցին նրա կնոջը, իսկ նրան հաջողվեց փրկվել շնորհիվ իր արտաքինի. այդ շեկ, սպիտակամորթ, մոխրագույն աչքերով տղամարդուն մոլոկան կարծեցին և ձեռք չտվին, քանի որ այդ կողմերում մոլոկաններ շատ էին հանդիպում: Մեծ տատը, տեսնելով այդ մարդու հուսահատությունը, սկսեց օգնել նրան: Նրանց կապեց ու մտերմացրեց նույն վիշտը:

Մեծ տատիս անսպասելիորեն բռնեցին և տարան, բայց տղամարդը, որը հետագայում դարձավ իմ Մեծ պապը, արեց ամեն բան, որպեսզի գտնի նրան: Նա լեզու գտավ մի մոլոկանի հետ, որը աշխատում էր թուրքերի մոտ, պայմանավորվեց հետը, շռայլորեն օծեց ոսկով, և վերջինս գտավ Աննային՝ հրաշքով փրկելով նրան: Չարչարված, սովալլուկ ու հուսահատ՝ հինգ երեխաների հետ երիտասարդ զույգը հասավ Թելավի: Կրտսեր մանչուկը, ասես վախենալով, որ կկորցնի բարի կնոջը, գրկեց նրան և մայրիկ կոչեց: Մեծ տատս այլևս չկարողացավ թողնել նրանց և որբուկների մայրը դարձավ: Շուտով նրանք տեղափոխվեցին Թիֆլիս: Տանջահար մարդկանց մի ստվար զանգված, որ հայտնվել էր օտար հողում, ուր նրանց ոչ ոք չէր սպասում, սկսեց զրոյից ապրել: Մեծ օգնություն էին ցուցաբերում Թիֆլիսի հայերը, հայկական եկեղեցիները և մարդասիրական օգնություն ուղարկած շատ երկրներ: Փախստականների համար ապաստարանները հատկացվեցին, որտեղ նրանք ապրում էին սարսափելի պայմաններում: Ես զարմանք եմ ապրում այդ մարդկանց ոգու, կամքի և մտքի ուժից, աշխատասիրությունից և մշակույթի հանդեպ ունեցած սիրուց, որը օգնեց նրանց ոտքի կանգնել, օգտակար լինել և դառնալ արժանի թիֆլիսցիներ: Ես շատ եմ ցավում, որ այստեղ՝ Վրաստանում, այդքան քիչ բան գիտեն այս մարդկանց մասին ու գրեթե ոչինչ չի խոսվում, չի պատմվում, և «Արտույտների ագարակ»- ի նման ֆիլմերը ցուցադրվում են գիշերը, երբ բոլորն արդեն քնած են…

Իմ նախնիներին բախտը մի փոքր ավելի ժպտաց. նրանք ստիպված չէին ապաստարանում աղքատության մեջ ապրել: Մեծ պապս տուն գնեց Միխայլովսկու Պրոսպեկտում՝ Լենինգրադյան փողոցում, որտեղ ընտանիքը բնակություն հաստատեց և ապրեց ողջ կյանքի ընթացքում: Շուտով ծնվեց նրանց որդին, այնուհետև տատս: Փախստականները շփվում էին միմյանց հետ, և մի անգամ ինչ-որ մեկը Մեծ տատիս ասել էր, որ իր կորած դուստրը ողջ է, և ինչ-որ մարդիկ նրան որդեգրել են… Աննան առաջին հայացքից ճանաչեց իր Շուշանիկին՝ ոսկեվարս գեղեցկուհուն, ժառանգական խալով և նույն մարգարտե վզնոցով, որն ինքն էր ժամանակին նվիրել դստերը: Ամենահետաքրքիրն այն է, որ այդքան տարիներ անց, աղջիկը նույնպես ճանաչել էր մորը: Ինչպես պարզվեց՝ նա հայտնվել ամերիկյան որբանոցում, այնուհետև որդեգրվել: Աղջկան հարցրել էին՝ ճանաչեց արդյո՞ք իր մորը: «Այո», — պատասխանել էր նա, և հեռվից տեսնելով բակ մտնող կանանց, նետվել էր մոր գիրկը: Դատ եղավ, որի ժամանակ աղջիկն ասաց, որ ցանկանում է ապրել մոր հետ: Բայց այս երջանիկ պատմությունը տխուր ավարտ ունի. աղջիկն ամուսնացավ և մահացավ ծննդաբերության ժամանակ՝ այդպես էլ չհասցնելով ապրել իր ուրախությունը…

Վշտից ու արցունքներից Մեծ տատս սկսեց կուրանալ՝ տանելով մի քանի ծանր վիրահատություն: Այն ժամանակ հայտնի պրոֆեսոր Պիպիան չկարողացավ թաքցնել իր զարմանքը, երբ որովայնի խոռոչն հատելով՝ հանեց քառասունինը քար: «Մենք հողախառն խոտ էինք ուտում, որպեսզի գոյատևենք», — բացատրեց նրան Աննան: Բժիշկը ցնցված էր…

Մեծ պապս, որը վերապրեց այսքան վիշտ, ցեղասպանության բոլոր սարսափները, ուժեղ և պինդ մարդ էր: Մեկ այլ բան սպանեց նրան՝ որդու մահը, որը զոհվեց Հայրենական մեծ պատերազմում: Ստանալով գույժը՝ Մեծ պապը սուզվեց լռության հատակ և նվաղեց: Նա մահացավ 1946 թվականին:

Մեծ տատը, որը յոթ ուշիմ, արժանապատիվ երեխա մեծացրեց, որոնք էլ իրենց հերթին ստեղծեցին երջանիկ ընտանիքներ և պարգևեցին նրան թոռներ ու ծոռներ, ապրեց մինչ խոր ծերություն: Աննան լուռ ու հանգիստ մահացավ, ասես չէր էլ եղել իր՝ այդքան ծանր, վշտերով, արցունքներով ու կորուստներով լի կյանքը…

Լուսանկարը՝ Անահիտ Գալուստյանի անձնական արխիվից, որում պատկերված է նրա Մեծ պապը՝ Ղազարը, որը փրկեց իր երեխաներին և Մեծ տատին՝ Աննային

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև