Հարցազրույց Սոցիալական I Մշակութային նախագծեր

Տեսլականի կարևորությունը․ երիտասարդ գրող Արփինե Գալստյանի հանդիպումը արցախցի երեխաների հետ

 

2020 թվականի նոյեմբերի 6-ին Երևանի FRIEND’S HOUSE art սրճարանն իր հյուրընկալ դռներն էր բացել արցախցի այն բալիկների առաջ, որոնք պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ժամանակավորապես բնակվում են ՀՀ մարզերի, Երևանի կացարաններում։ Մի խումբ մտավորականներ, արվեստի գործիչներ այցելել էին երեխաներին՝ կիսելու նրանց հետ իրենց հերթական օրը, նվիրելու դրական լիցքեր՝ նախապես մշակված կրթական և ժամանցային տարատեսակ ծրագրերով։ Ծրագիրն արդյունավետ անցկացնելու նպատակով՝ երեխաները բաժանվել էին տարիքային խմբերի։ Երիտասարդ գրող Արփինե Գալստյանը 13-17 տարեկան դեռահասների խումբն էր գլխավորում։

Հիշեցնենք, որ վերջերս լույս տեսավ հեղինակի առաջին՝ «Հետդ եմ» խորագիրը կրող մոտիվացիա ստեղծող գիրքը։

 

 

Պատերազմները 21-րդ դարում․․․

 

— Դեռ դպրոցական տարիներից ինձ վանել են պատերազմի մասին պատմող նյութերը, գրքերը։ Ինձ չէին ոգևորում հաղթանակների մասին պատմող դրվագները, Աստծուն մոռացած՝ մարդուն, բանակին տրվող հավերժ փառքերը։ Այդ ծանր հուշերը մշտապես արնահոտ են, վերքերը՝ թաց։

Անդադար արյուն, կարծես հողերը ոռոգող ջուրն է պակասել։ Պատերազմը, կողմերից որի օգտին էլ ավարտվի, միևնույնն է՝ դրանում հաղթանակ չկա։ Կան անփոխարինելի կորուստներ, մարդիկ, արժեքներ, որոնք գնային ոչ մի սահմանում չունեն, փոխարինվող ուրիշ արժեհամակարգեր չկան։ Պատերազմում պատերազմն է հաղթում։

Ինձ մի հարց է հուզում. եթե կյանքն առաջ է գնացել, մարդիկ զարգացել են ու մենք 21-րդ դարում ենք ապրում, ինչո՞ւ է մարդկանց անվերջ հետապնդում իրար բնաջնջելու քաղցը՝ դիվային անհագ ախորժակով։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ մենք բոլորս Երկիր մոլորակի բնակիչներն ենք ու այն երբեք Աստծո կողմից ժառանգորդ չի ունենալու…

Այսօր իմ երկրում է պատերազմ։

Մենք գոյատևման պայքար չենք մղում, սանձում ենք բնաջնջման փորձն ու հաղթում։

Մերօրյա պատերազմն ամեն օր ապացուցում է ապացուցվածը՝ հայը աշխարհի կոկորդին է, հային կլանելու ախորժակն անհագ է, հոգեկան հիվանդության պես անբուժելի, միևնույն ժամանակ հային կուլ տալը՝ անհնարին։ Իսկ կոկորդում խցանումը տանում է պարտադրված մահվան… առանց զղջալու մահվան… չխոստովանված մահվան… դեպի հավիտենական տանջանքն ուղեկցող մահվան։ Հային կուլ տալն էլ հարցի լուծում չէ․ չէ՞ որ ուր էլ ընկնի, բազմանալու է, Թումանյանի օրինակով՝ միլիոնը միլիոնի հետևից սերունդ է տալու։

Մենք 21-րդ դարում չենք ապրում… 21-րդ դարն է ապրում մեզ՝ հետ տալով դեպի տիեզերք ուղարկած բումերանգները։ ՔԱՈՍ։

Պատերազմի կանգառը սիրո ծննդատունն  է… Մեր քարացած, չարացած սրտերում սերն է պակասել,  մենք ենք մեզ պակասել։

Չարն ու ատելությունը երկրաշարժ է բանակի թիկունքում, չլռող անեծքն ու մարդուն ուղղված փառքը թվացյալ աղոթք է, թևերը կապած ու բաց թողած աղավնիներ, որ երբեք երկինք չեն բարձրանալու։

 

21-րդ դարի սերունդը․․․

 

 — Ցանկացած նոր բան հնի պահմանման առաքելությունն ունի։ Խենթանալու սերունդ է մեծանում։ Գժվելու չափ ուժ ու ինքնուրունություն է հորդում նոր սերնդի երակներում։ Ինձ անծանոթ նախանձ եմ երբեմն զգում, որ 20-րդ դարի վերջում եմ ծնվել ու պատիվ չունեմ 21-րդ դարի սերունդ համարվել։ Մի խենթացնող ու երջանկացնող հատկությամբ նրանք գերազանցում են մեզ՝ հին սերնդակիցներիս, սեփական անհատականության խոր գիտակցում ունեն։ Դա այնպիսի ձեռքբերում է, որ մեկնաբանության կարիք չունի։ Այս սերունդը ոչ մի դեպքում թույլ չի տալու իր փոխարեն կյանք ապրել թե՛ ծնողին, թե՛ օտարին։ Հայի՝ երեխային հիվանդագին ձևով սեփականաշնորհելու դարն այլևս ավարտված է։ Այս սերունդը հասունանալու համար մեծանալուն չի սպասելու, նրանք գիտակցված ու հասունացած արդեն ծնվել են։ Մի գերազանցություն էլ ունեն մեր հանդեպ. փոփոխությունների խելահեղ տեմպը։ Նրանց օրերում մեկ տարում այնքան փոփոխություն է լինում, որքան չի եղել մի ամբողջ դարում։ Նրանք նախնիներիս անհաս երազանքների կրողներն են, մեզ համար անհնար թվացող ցանկացած միտք նրանց իրականությունն է։ Կյանքը նորովի ընկալելու, պարզ տեսնելու և վայելելու շնորհ է տրված մեր նոր սերնդին։ Նրանք բացահայտել են պահի պարզության գաղտնիքը, պահը հետոյի համար ապրելու իմաստությունն ունեն, հետոյով չեն մաշում իրենց հիման, ինչպես դարերով արել է հայը, նախորդ սերնդի հայը։ Ես հպարտ եմ, որ ինձ շարունակող սերունդն այն է, ինչ կա։ Ինձնից հասնում է նրանց քայլերի ռիթմին հավասար վազել ու կյանքից հետ չմնալ, հոգուս երիտասարդությունը ոչ մի դեպքում չկորցնել ու իմ տասնութամյա հոգին այդ տարիքում անմահացնել։

 

Հանդիպում Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի երեխաների հետ․․․

 

— Արցախցի երեխաների հետ հանդիպման թեման հայի միասնական ուժն էր։ Նպատակն էր հերթական անգամ ապացուցել, որ մենք իրար ունենք, որ մեր ցավն ընդհանուր է, որ քաոսի հաղթահարման պատասխանատվությունը միասին ենք վերցնելու, որ մարդուն բուժող ամենաթանկ դեղամիջոցն անվճար տրվող սերն ու հոգատարությունն է։ Այն չի կարող չբուժել, միայն մշտապես նոր չափաբաժին է հարկավոր։ Զրույցս 13-17 տարեկան դեռահասների հետ էր։ Ես չմխիթարեցի երեխաներին(եթե իհարկե նրանց կարելի է երեխա անվանել), թե սա վատ երազ է, պետք չէ մտածել պատերազմի մասին և այլն։ Նրանք այդ մխիթարանքների համար բավականին հասուն էին, խիստ իրատես։ Նրանցից շատերը որոշել էին, որ ժամանակավորապես պիտի դադարացնեն իրենց նպատակների, երազանքների մասին մտածել, ինչն ինձ մեծ ցավ պատճառեց։ Մենք խոսեցինք ապագայի տեսլականից, դրա կարևորությունից ու դրա ապրեցնող ուժից։ Ես խորհուրդ չտվեցի չտխրել ու միայն լավ բաների մասին մտածել, այլ տեսնելով իրականությունը՝ լինել այդ իրականությունը փոխելու պատասխանատվությունը իրենց ուսերին վերցնող մարդ։

Անդադար շեշտում էի, որ սերը պիտի շատացնենք, որ սիրելն է ուժեղության ապացույցը, ատելությանը չպիտի տեղ տանք, սերն է ուժ տալու, որ ապրենք ու հաղթենք։ Այդ մտքիս հակադարձեց մի 15 տարեկան տղա, ասաց, որ կան հաղթանակներ, որոնց միայն ատելությունը կարող է մինչև վերջ հաղթելու ուժ տալ․ դա թշնամու հանդեպ ատելությունն է։ Պատասխանս լռությունն էր։ Միայն խնդրեցի, որ անպայման երազի,  անկախ այն բանից, որ հաջորդ պահին լինելու խոստում ու երաշխիք ոչ մեկիս տրված չէ։ Վերջում պայմանավորվեցինք, որ լավատեսորեն տրամադրված պատկերացնելու են ավելի գեղեցիկ ու նոր կառուցված Արցախ, որն էլի իրենց տունն է լինելու, իրենք էլ տան տերը։

 

 

Արփինե Գալստյանի «Հետդ եմ» մոտիվացիա ստեղծող գիրքը արցախցի երեխաների ուշադրության կենտրոնում․․․

 

— Իմ հեղինակային «Հետդ եմ» մոտիվացիա ստեղծող գրքի մասին էլ զրուցեցինք։ Նրանց շատ հետաքրքրեց վերնագիրն ու դրա գաղափարը։ Բացատրեցի, որ գրքիս ամբողջ միտքն այն է, որ մենք մենակ չենք հենց միայն այնքանով, որ ունենք մեզ, որ մեր կյանքի ուղին ՄԵՐ ինքնաբացահայտումն է։ Այստեղ կարևորն այն է, որ թեկուզ կորցնես էլ ամեն ինչ, ինքդ քեզ երբեք չպիտի կորցնես: Առաջինը մենք ենք մեզ օգնողը, մենք ենք մեզ առաջ տանողը, մենք ենք մեր պատմությունը ստեղծողն ու դրա գլխավոր հերոսը: Մենք ենք մեզ ասողը՝ ՀԵՏԴ ԵՄ, ԳՆԱ՛, ՀԱՍԻ՛Ր, ՏԵ՛Ս, ՎԵՐՑՐՈ՛Ւ, ՀԱՂԹԻ՛Ր, ԱՎԱՐՏԻ՛Ր։

 

Տպավորություններ, մտորումներ․․․

 

— Խոր տպավորություններով գնացի տուն։ Ողջ գիշեր խորհում էի՝ ինչ բան է կյանքը, ոնց է ապրում մեզ։ Առիթ չէի ունեցել շփվել այդ տարիքի երեխաների հետ։ Ես տեսա, որ նրանք պարզապես չէին նայում աչքերիս, այլ աչքերով նայում  էին ներս։ Ավելի խորը գիտակցեցի, որ անսահման սեր է պետք տալ, ջերմություն ու հոգատարություն։ Չէ՞ որ այն երեխաները, որոնց չեն սիրում, դառնում են մեծեր, որոնք չեն սիրում։

Նրանց ենթագիտակցությունն այժմ աղմուկով լի է, անորոշության մեջ են, երկնակամարը հիմա մռայլ է, ու հենց դա էլ նրանց տալու է ևս մի առավելություն՝ կյանքը տեսնել իրական գույներով, վայելել այս հորդ անձրևից հետո պայծառ արևը, գնահատել արևի ջերմությունն ու արժևորել կյանքում ամեն պահ, հեքիաթով չապրել, այլ ստեղծել հեքիաթ՝ սրտի ուզածով։

Պատասխանատվությունն ամենածանր հոգեվիճակներից է ու այն կրելն այսօր ցանկացածիս պարտականությունն է։ Մենք բարեգործություն չենք անում, մեր պարտքն ենք տալիս։ Այս պատերազմից հետո Կոմիտասներ չպիտի լինեն, այլևս անցել է անճարության դարաշրջանը։ Թշնամին հենց դա չէր նախատեսել։

Խաղաղություն․ ահա համամարդկային երազանքը։

 

 

 

Զրույցը վարեց՝  Արևիկ Քոչարյանը

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

Ընթերցել նաև