Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Տաթև Ոսկանյան․ «Ճամփան դեպի տուն, ուր աղավնիներ կան»․ բանաստեղծություններ

 

Բանաստեղծությունը ռումբ, է որ 
պայթում է ներսում.
Ժեստ է քարարձանի և թռիչք է քարի։

Բանաստեղծությունն ումպ է, ինչը ներս է հոսում։
Իսկ քո ներսը՝ հատակ Դանայան տակառի։

Բանաստեղծությունը վերջին, վերջին թելն է հյուսում
Ներսդ ծածկող բարակ, մաշված կարկատանի։

Դու կարող ես հազար, հազար լեզվով գրել,
Բայց միայն մեկ լեզվով այն քեզ կթարգմանի։

 

 

 

 

 

*

 

ԵՐԱՄ

 

ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Ու շրջում են ստվերներ
Տիեզերքից հեռու և հարազատ, 
Երկինքներից խազված
Պոկվում է մի գիշեր
Եվ երազում , որ աստղերը
Վանքի գմբեթ դառնան…
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Եվ լացում եմ թաքուն,
Գիշերը պաղ քամուց
Սարսռող թիթեռի
Եվ ճնճղուկի համար,
Որը վախենում է ,
Վաղը կգա շուտով
Վաղը նա չի լինի:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ
Եվ վկան եմ բոլոր
Անհույս ծնվող , մեռնող
արշալույսների բիլ.
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Նորից հառաչում եմ
Փշրված թևերով
Այն աղավնու համար,
Եվ խեղճ ձկնիկների,
Որոնք , օվկիանոսը
Տեսնելու անուրջով ,
Լացեցին ճահճի մեջ:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Եվ կորուսյալների
Քրքիջը մահու չափ
Հուզում է ինձ,
Իսկ Նրանք չգիտեն ,
Չգիտեն գինը մեր
Ոգու խաչելության:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Սովոր բազմության մեջ
Աղոթել շշուկով,
Որ հրեշտակը քնած
Չարթնանա իմ լացից:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Եվ հաճախ թվում եմ
Բարության կեղծարար`
Որպես լիության մեջ
Հաց մուրող մուրացկան,
Որ իբրև սիրում է
Մարդկանց, մարդկանց, մարդկանց`
Հացի տեղ օրհնանքներ
Անխնա շաղ տալով:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ.
Ես մահու չափ սոված ,
Եվ մահու չափ անհագ
Երազում եմ հիմա
Տաք- տաք թարմ ոգեհաց
Բարկ թոնրից ` սուրբ տատուս
Քրքրված ու ճաքած
Լույս հունցող ձեռքերից`
Ով հողին զավակ ու
Աշխարհին սեր տվեց:
ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ,
Չգիտեմ երբևէ
Սիրել են խոր, թե ոչ`
Ինձ հետ խնդացող ու
Ինձ հետ անհագ լացող,
Իմ աչքերն ունեցող
Մարդիկ. … Մարդիկ… Մարդիկ:
Ես մենակ եմ հիմա
Եվ ամբոխում նորից
Խեղդվելու չափ անհագ
Սիրում եմ նույն Մ Ա Ր Դ Կ Ա Ն Ց…
Սիրում ներելու չափ
Եվ լուռ հեռանալու…

 

*

 

Ամենաշատը ես…
Ես սիրում եմ կյանքում
Գիշերները` առանց
Արդ ու զարդի։
Ես սիրում եմ անքուն
Երազները բիբե,
Որ մարզում են ոգին`
Մթում մենամարտի։
Ամենաշատը ես,
Ես սիրում եմ կյանքում
Ծովերն ուղիղ կպած
Վառվող անապատին,
Եվ երազե հովեր,
Որ պատրաստ եմ անգամ
Թև առած վառոդից
Հասնել ԱՐԱՐԱՏԻՆ։
Ես այնքան եմ սիրում
Ծիծաղն ու լացը զուսպ ,
Որ պատրաստ եմ ինքս
Ակոս դառնալ այտին։
Դառնալ խինդ տարածվող,
Եվ թախիծն ալեծուփ
Ու ծփալ երկաթե,
Դիմակ֊ սաղավարտին:
Ամենաշատը ես…
Ես սիրում եմ կյանքում
Լսել խոսքը երդվյալ
Լռակյացի,
Եվ հավաքել թափվող
Արցունքները դժգույն`
Ապառաժե մարդու
Չտեսնված լացի…
Ես այնքան եմ սիրում
Սերտել հոգին նրա,
Ում գոյությունն է իսկ
Նման առեղծվածի։
Ա՜խ…Զարմացնել նրան,
Ում գոհացնել երբեք ,
Երբեք չի հաջողվել
Ոչ մի արարածի։

Ամենաշատը ես…
Ես եմ սիրում եմ կյանքում
Գիշերները` առանց
Արդ ու զարդի։

*

 

Պատռի՛ր կեղևդ
Եվ բաց իմ առջև 
Արշալույսներով
Պարուրված երկար
Հեռու հեռավոր
Ճամփան դեպի տուն
Ուր աղավնինե՜ր,
Աղավնինե՜ր կան…
Պատռիր կեղևդ՝
Շինծու հմայքով
Պսակված դառը
Խոստովանանքի
Մենաստանների
Դռների առջև…
Եվ թույլ տուր քայլեմ
Դեպի քավություն։
Պատռի՛ր կեղևդ …
Եվ այն կնետեմ
Խանձված հասկերի
Ոսկեհարդ ճամփին՝
Որպես ոտնաման
Իմ վերադարձի։
Պատռիր կեղևդ
Որ Ես քայլեմ տուն
Առանց դիմակի
Որն այստեղ է միշտ,
Ուր օտար եմ ես ՝
Որպես ծովերում
Մոլորված արծիվ։

Եվ այս նոր ջրում,
Ինչպես մետաղը,
Չի լուծվում մաշկն իմ,
Գույնն իմ աչքերի
Ձայնս, աղոթքս
Եվ սիրտս ժայռոտ…
Եվ սիրտս անծով։

Պատռիր կեղևդ….

*

 

Տիեզերական վերհուշ

 

Ինձ մի՛ մոռացիր ,
Երբ խեղդվեն բոլոր 
Մանուշակները
Անձրևից հետո,
Երբ ծաղիկները
Դադարեն շնչել
Հուշը Եդեմի:

Ինձ մի՛ մոռացիր,
Երբ արշավանքներն 
Աստվածահնար
Արշալույսների, 
Դադարեն բոցվել
Հորիզոններում`
Շուքով երբեմնի:

Ինձ մի՛ մոռացիր, 
Երբ արնաքամվեն, 
Դալկացնող ցավից
Կարմիրները տաք, 
Փութան նահանջել
Հրեշտակները 
Սրտերից թերի:

Ինձ մի՛ մոռացիր, 
Երբ ես չհիշեմ` 
Որտեղից բռնել
Քուղը երկնքի,
Եվ մի օր, մի տեղ 
Դադարեմ շնչել
Հուշը Եդեմի…

Ինձ մի՛ մոռացիր..

 

*

 

Դատարկ է… Խորն ու տխուր
Լռությունը իրիկվա,
Ի՜նչ են կոչում ցավը թյուր՝
Թովչա՜նք, հուզու՜մ, լիրիկա՜…

Թրջված , խամրած մայթերի
Տխրությունը անթերի,
Ի՜նչ սիրուն է տարածվում
Մակերեսին ջրերի…

Իմ աչքերին՝ շաղի հետ,
Եվ այտերիս, ափերիս…
Իրիկունը կաթնագույն,
Որքա՜ն առատ է լալիս։

Դալուկ կապույտ լիրիկան,
Մոմանման մատներով,
Թովչանքներով իրիկվա,
Աստղի լացը մատնելով,

Կաթիլ֊կաթիլ՝ ծովերին,
Բուռ֊բուռ՝ քամի֊հովերին, 
Ցոլանքներ է բաժանում,
Գիշերն առած իր թևին։

Դատա՛րկ է… Մով ու տխուր
Լռությունը իրիկվա։
Սիրե՞լ, մերժե՞լ անչափ խոր
Անչափ թաց այս լիրիկան…

 

 

 

 

 

Ընթերցել նաև