Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Վովա Արզումանյան․ «Պատերազմը քո աչքերով»․ էսսե

Երեք քայլ չհերիքեց քեզ մոտ հասնելու համար։ Ուժս կամաց-կամաց չոքեց դռան առաջ ու շտապեց խոնարհվել փշոտ ծաղիկներով լի ծաղկամանի աջ մասում։ Սերը կիսատ է նրա ներկայությամբ, բայց ուժիս կեսը թողել եմ անցյալի սպիտակ ճահճում, որ չտեսնելու տամ, բայց կարմիր արևը մոռացել է իմ ճայերի մասին, որոնց հիշողությունն անչափելի է։ 
Իմ ճայը եկել ու շոյում է անուշ երկրիս գլուխը, որ սեր առնի։ Իսկ ես այդպես էլ նույն սիրուց չհասկացող մեկն եմ դարձել։ Այսինքն՝ պատերազմին ինչպե՞ս սիրել, երբ քո աչքերը նա չունի ու դիմագծերով իրար համապատասխան չեք։ Իսկ ո՞վ է սիրում այդ թշվառ անդիմագծին։
Այն ճայերը երազանք չունեն երևի, ես եմ իրենց պահում երևակայությանս մեջ, որովհետև այստեղ նրանք չեն գոյատևի, այստեղ ծով չկա անեզր, այստեղ ափեափ պատերազմի կարմիր ծով է` բզկտված ճակատագրերով։ 
Նայիր քո մազերին, տես ինչքան երկար են։ Նայիր աչքերիդ, չնայած՝ չես կարող, բայց դե, հայելու դիմաց կանգնի՛ր։ Ահա՛, տե՛ս` դու ես, բայց ինքը քեզ նման չէ։ Երբեք նման չի եղել։ Պարզապես դուք երբեմն բախվում եք իրար։ Ես էլ։ Բայց… ինքը գնում ու գալիս է, դու միշտ այստեղ ես։ 
Պատերազմը ծերացել է մի տեսակ, բայց այնքան անգույն է, որ միշտ մտքերիս հետ կռվում եմ` ծե՞ր է, թե՞՝ երիտասարդ։ Այնքա՜ն եմ ուզում մեռնի պատերազմը, սիրելի՜ս… երևի այն մեր սիրելի երազանքներից առաջինն է։ Պատկերացնո՞ւմ ես, որ նա մեռնի` ինչքան ենք տեսնելու գույներ, որոնք դեռ չենք տեսել։ Որոնք դեռ չեն եղել…
Մենք փորձում ենք ապրել, բայց նրա աչքից ոչինչ չի վրիպում։ Մի քիչ երջանիկ… ու վերջ, նա գալիս է անկոչ հյուրի պես՝ ծեծելով ոչ միայն մեկ դուռ, այլ մի քանի հազար։ Եվ ամենաողբերգականը գիտե՞ս որն է… մենք դեռ գիտենք, թե տարին չորս եղանակ ունի, բայց չենք հասկացել, որ տարվա միակ եղանակը պատերազմն է` մեր մեջ ու մեզանից դուրս։

Ընթերցել նաև