Արտասահմանյան գրողներ Դրամատուրգիա Թարգմանություն Պիես

 Վլադ Վասյուխին․ «Ֆինիսաժ»․ պիես

 

 

 

 

«Կանաչակն կինը՝ նոր հագած կապույտ զգեստով ․․․»

դրամա

 

 

Գործող անձինք

 

Լև Մետելին— 75 տ․
Գրիշա— 20 անց
Վերա Տրուբաչովա— 70 անց
Նեստոր Մուզալևսկի— Վերայի ամուսինը, համարյա 60 տ․
Մաքսիմ Պոլովինկո— Մետելինի ընկերը, 75 տ․
Օլգա— 40 անց
Պաուլինա— Օլգայի աղջիկը, մոտ 20 տ․
Ժաննա— մոտ 40
Պավել Ժիվոդուև— մոտ 40 տ․
Սաշա— մոտ 30 տ․
Թավջութակահարուհի— մոտ 40 տ․

Գործողությունը տեղի է ունենում 2017 թվականի մայիսի կեսերին՝ Սանկտ-Պետերբուրգում

 

 

 Առաջին գործողություն

 

 

1․ Սանկտ—Պետերբուրգի կենտրոնում հնամենի մի տուն։ Վերայի բնակարանն է։

 

Վերան նստած է խոհանոցում՝ սեղանի առջև, սուրճի բաժակը ձեռքին, ռադիոընդունիչի լարումն է կարգավորում, պտտում։

            Ընդունիչից հնչող ձայն (շնչակտուր, եռանդուն շուտասելուկով). — Բարի՜ լույս, ընկերներ։ Դրանք էին վերջին նորությունները։ Հիշեցնեմ նրանց համար, ովքեր նոր են բացել աչքերը․․․

            ՎԵՐԱ— «Բացե՛լ աչքերը»։ Ասես հարբեցողների հետ են խոսում։
            ՁԱՅՆ— ․․․հիշեցնեմ, որ այսօր՝ 2017 թվականի մայիսի 15-ն է։ Երկուշաբթի։ Պիտերում՝ ինն անց հինգ րոպե է։ Եվ դուք գտնվում եք ձեր սիրելի՝ «Պղնձե հեծյալը» ռադիոկայանի ալիքի վրա։ (Հնչում է ջինգլը՝ սմբակների դոփյուն և ձիու խրխնջոց)։ Առավոտյան եթերում դիջեյ Ռասպոպովն է։ Ինչպես միշտ ես կլինեմ ձեզ հետ մինչև կեսօր։ Իսկ հետո․․․ ինձնից հետո եթերը կփոխարինվի «Տան հյուրը՝ տան Աստվածն է» հաղորդաշարով։

            ՎԵՐԱ— Լրիվ են խելքները գցել․․․

            ՁԱՅՆ— Այսօր մեզ հյուրընկալվելու է անսասելի, անհավանական հյուր․ լուսանկարչության իրական աստված լեգենդար Լև Մետելինը։
            ՎԵՐԱ— Լյովա՞ն։
            ՁԱՅՆ (շնչակտուր)— Այո-այո։ Մեր նախկին համերկրարցին։ Եվ արդեն երկար տարիներ՝ Յունայթեդ Սթեյդ օֆ․․․չեմ վախենա այդ բառից՝ Ըմերիկայի քաղաքացի։ Իսկ ավելի ճիշտ է ասել՝ աշխարհի քաղաքացի։ Թագավորների լուսանկարիչ և լուսանկարիչների թագավոր։ Սուպերա՛ստղ։ Երեկ Մետելինը առաջին անգամ իր վտարումից հետո հայրենի քաղաք է վերադարձել։
            ՎԵՐԱ— Լյովկա՜․․․
            ՁԱՅՆ— Եվ այսօր նրան սպասում ենք մեր ստուդիայում։ Բաց չթողնե՛ք։ Դա լինելու է առաջի՛ն, վարպետի առաջին հարցազրույցն իր հայրենի հողում։
            ՎԵՐԱ— Տե՛ր իմ Աստված․․․

ՁԱՅՆ— Իսկ մինչ այդ, դիմավորեք մեր հիթ-շքերթի լիդեր, էթնո-տեխնո խմբին՝ Գատչինայից․․․

ՎԵՐԱ— Դե գնացեք, է՜հ․․․

 

 Վերան անջատում է ռադիոն։

Լյովուշկան է վերադարձել․․․ Այսքան անսպասելի․․․

 

Նախասենյակից լսվում է դռան թխկոցի ձայնը

 

Մուզալևսկի, դու՞ ես

ՆԵՍՏՈՐ— Չէ, մադամ, Էմանուել Մակրոնն է։

 

Վերարկուն ու ոտնամանները միջանցքում հանելով՝ տոպրակը ձեռքին ներս է մտնում Նեստորը։

            Յուղազրկված չկար, երեքտոկոսանոցն եմ գնել։ (Տոպրակից հանում է կեֆիրը, սեղանի վրա դնում)։ Էլ հեռու չգնացի, անպետք եղանակ է, ինչպես և խոստացվել էր։ Բայց դրա փոխարեն թեփով եմ բերել, թարմ է։ Ահա։ (Հանում է հացը)։ Աչքիս առաջ բերեցին։
            ՎԵՐԱ— Պատկերացնու՞մ ես, Լյովան քաղաքում է։ Դե, մեր Լյովան։ Մետելինը։
            ՆԵՍՏՈՐ— Մեր չէ, ձեր։
            ՎԵՐԱ— Ռադիոյով հենց նոր․․․Վերադարձե՛լ է։
            ՆԵՍՏՈՐ— «Վերադարձել է»։ Գլխներիս տիեզերագնաց էլ գտնվեց։ Իսկ ես տեղյակ եմ։ Նևսկիում աֆիշներ են փակցված։
            ՎԵՐԱ— Մեզ մոտ էմիգրանտներին արդեն աֆիշներո՞վ են դիմավորում։
            ՆԵՍՏՈՐ— Ցուցահանդեսով է եկել։ Ինչ-որ նորաձև ցուցասրահում է։ Այդօրինակ ցուցասրահները շնից շատ են դարձել․․․
            ՎԵՐԱ— Իսկ դու քո ռեպերտուարի մեջ ես․ տեսել ես ու չես ասել։
            ՆԵՍՏՈՐ— Իսկ իմաստը՞։
            ՎԵՐԱ— Ի՞նչ՝ իմաստը։ Ես կգնայի։ Մենք կգնայինք։ Ախր հետաքրքիր է։
            ՆԵՍՏՈՐ— Ինձ, ասենք, բացարձակ հետաքրքիր չէ։ Ոչ մի կաթիլ։ Երբեք։ Առավել ևս, այսօր վերջին օրն է։

 Նեստորը պահարանից հանում ու սեղանին է դնում կերամիկական ճաշամանները։

            ՎԵՐԱ— Ո՞նց, վերջին օ՞րն է։ Ի՞նչ է, նա փակմա՞նն է եկել։ Մեծ օրիգինալ է․․․ Իսկ մի բան էլ ամերիկոս է համարվում։ Գովազդվելու համար հեղինակին ավելի լավ է բացմանը ներկա լինել։ Վերնիսաժին։ Այնտեղ և՛ մամուլի ներկայացուցիչներն են, և՛ տեսախցիկներ, և ընդհանրապես, հավաքույթի ժողովուրդը։ Եվ հովանավորներ, և նույնիսկ լավ թե վատ՝ իշխանության ներկայացուցիչներ․․․ Աղմուկ, փիար։ Բայց դա նրան հարկավոր չէ։ Ինչպես որ ռադիոյով հաղորդեցին՝ սուպերսթա՛ր։ Եվ մեր պաշտոնյաներն էլ, նրա համար բնական է, լրիվ մեկ են։
            ՆԵՍՏՈՐ— Ի՞նչ կուտես՝ փաթիլներ, թե՞ օղակներ։
            ՎԵՐԱ— Թեև Լյովկան իր ողջ փառքով հավանաբար նրանց պետք է։ Հաստա՛տ պետք է։ Պատվավոր պետերբուրգաբնակ կդարձնեն։ Հա ի՞նչ։ Կամ էլ համալսարանը պրոֆեսորի պատմուճան կհագցնի․․․
            ՆԵՍՏՈՐ— Օղակնե՞ր։
            ՎԵՐԱ— Լյովկայի աֆիշները․․․Նևսկիում․․․ Քառասուն տարի առաջ ո՞վ նման բան կմտածեր ․․․ Եվ ո՞նց եմ աչքիցս բաց թողել։ Կույր հավ․․․
            ՆԵՍՏՈՐ— Փաթիլնե՞ր։
            ՎԵՐԱ— Ու ռադիոյով են երևի հայտնել․․․ Դե իհարկե՛։ Նման իրադարձությունը։ Բոլոր ալիքներով։ Ամենը, ամենը բաց եմ թողել։ Խլահավ․․․ Դու էլ պակաս սագ չես, իմացել ես ու չե՛ս էլ ասել։

Նեստորը թափահարում է փաթիլներով լի արկղը։

            Պարզապես կեֆիր լցրու։ Առանց որևէ բանի։ Ի՞նչ ես այստեղ դափով պարեր կազմակերպել։ Ես ախորժակ չունեմ։ Լավ չեմ քնել, անհանգիստ․․․ Ասես ինչ-որ բան զգայի։ Այս անիծված պտուտահողմն էլ․ գլուխս, իմ գլուխը․․․ Ամենը վերցրեք, գլուխս թողեք։
            ՆԵՍՏՈՐ— Ահա դեղերդ։ Սա էլ վիտամիններն ու օմեգա-երեքը (մատուցում է դեղերը)։
            ՎԵՐԱ— Այս վիտամիններից ոչ մի օգուտ․․․ Դրանցից միայն մեզն է թանկարժեք դառնում։

            Վերան դեղերը խմում է ջրով։
Նեստորը նրա գավաթի մեջ կեֆիր, իսկ իր համար ճաշամանի մեջ փաթիլներ ու կաթ է լցնում։

Տարօրինակ է․ ոչ ոք չզանգեց, չզգուշացրեց․․․Ի՞նչ է, մեռե՞լ են բոլորը։
            ՆԵՍՏՈՐ— Ինձ զանգել են։ Վերնիսաժին էին հրավիրում։ Մի լպիրշ աղջնակ էր․․․
            ՎԵՐԱ— Իսկ դու՞։
            ՆԵՍՏՈՐ— Իսկ ես չգնացի։ Ի՞նչ չեմ տեսել այնտեղ։ Գրան մերսի, ասում եմ, բայց գործեր, գործեր, գործեր կան․․․ Իսկ հետո նորից։ Ինչ-որ ամսագրից էին։ Հարցերով վրա էին հասել։ «Չե՞ք կարողանա հիշել․․․»
            ՎԵՐԱ— Ու ի՞նչ։
            ՆԵՍՏՈՐ— Ճաղատ սատանան դրանց բաժին․․․ Չե՛մ կարող։ Խոսափողը դրեցի։ Հիշող են գտել․․․

Նեստորը փաթիլներն է ուտում։
 Վերան դանդաղ ումպերով խմում է կեֆիրը։

ՎԵՐԱ— Վերջ։ Էլ չեմ ուզում։ (Իրենից հրում է գավաթը)
            ՆԵՍՏՈՐ— Տուր, ես կխմեմ։
            ՎԵՐԱ— Բայց դու քաղցր չես սիրում, իսկ ես շաքարավազ եմ ավելացրել։
            ՆԵՍՏՈՐ— Ի՞նչ արած․․․ Բլոկադայի գեն է։ Կիսատ մնացածն էլ ուտում եմ։
            ՎԵՐԱ (մտացրիվ)— Հա, դե հա․․․ Դե հա․․․ Ապա տուր ինձ հեռախոսը․․․ Մեկին զանգ տամ․․․

ՆԵՍՏՈՐ— Ու՞մ։
            ՎԵՐԱ— Լարիսկայիս։ Վաղուց, մեղսավորս, եղունգներս չեմ հարդարել․․․

.

 

2. Թանկարժեք հյուրանոցի «լյուքս» համար

Լևը պատուհանի մոտ է կանգնած։
Գրիշան, ամսագիրը ձեռքն առած, փռվել է բազկաթոռին։

         

   ԼԵՎ— Ոչ ոք չի գա։ Հաստա՛տ եմ ասում։ Ոչ մի կենդանի շունչ։ Դու նայիր, նայիր՝ ի՞նչ է կատարվում․․․
            ԳՐԻՇԱ— Ի՞նչին նայեմ։ Դե՜ հա, անձրև է, դե՜ հա, քամի է․․․
            ԼԵՎ— Փոթորի՜կ։ Մրրի՜կ։ Ուղղակի աշխարհի վերջն է։ Կոչվում է՝ տեղ հասանք ․․․ Բայց սա՝ Պիտերն է։ Այստեղ, Գրիշա, մշտապես այսպիսի խառնաշփոթ է։
            ԳՐԻՇԱ— Անգլիացիներն ասում են՝ raining cats and dogs!
            ԼԵՎ— Անձրև՝ կատուների՞ց ու շների՞ց։ Այ-այ, այս եղանակին բարեխիղճ տերն իր շանը դուրս չի թողնի․․․
            ԳՐԻՇԱ— Պապ, ի՞նչ կատուների մասին ես ասում։ Ախր սա իդիոմ է։
            ԼԵՎ— Ախ, իդիո՞մ է։ Դե թարգմանիր։ Իդիոտի համար։
            ԳՐԻՇԱ— Ի՞նչ կա այստեղ անհասկանալի։ Թափվում է, ասես դույլից։
            ԼԵՎ— Հաստատ։
            ԳՐԻՇԱ —(ծուլորեն թերթելով ամսագիրը)։ Հյուսիսային քաղաք է։ Ամպած է, խոնավ, քամոտ։ Կլիման նույնն է, ինչ Լոնդոնում․․․
            ԼԵՎ (դյուրաբորբոք) Ինչպես Պիտերում։ Կլիման, ինչպես՝ Պիտերում։
            ԳՐԻՇԱ— Դե լավ դե, Լյովուշկա։ Ի՞նչու ես լարվում։ Լոնդոնգրադում մի հարյուր անգամ եղել եմ, իսկ քո Լենինգրադում՝ առաջին անգամ եմ․․․
            ԼԵՎ— Ոչ թե քո, այլ մե՛ր․․․
            ԳՐԻՇԱ— Գուցե ցուցահանդեսի՞ պատճառով ես այսպես։ Կգա՛ քո հանդիսատեսը, մի բզվի։
            ԼԵՎ— Գրիշկա, այսպե՞ս ես հա՞ մեծահասակների հետ խոսում։
            ԳՐԻՇԱ— Ոնց սովորեցրել ես․․․ Սորյանչի՛կ (Դադար)։ Don’t worry, պապիկս, keep calm! Օ, տես, ցուցահանդեսիդ մասին ամսագրում էլ կա։ Մի ամբողջ էջ։
            ԼԵՎ— Ու ի՞նչ են գրում։
            ԳՐԻՇԱ— Ինչ են գրում․․․ Ամբողջ հոդվա՞ծն ես ուզում կարդամ։
            ԼԵՎ— Սահմանափակվենք վերնագրով։
            ԳՐԻՇԱ— «Կենդանի դասականը վերադառնում է աքսորից»։
            ԼԵՎ— Խենթացե՞լ են դրանք, ինչ է։ Ի՞նչ աքսոր։ Ես ինքս եմ մեկնել․․․
            ԳՐԻՇԱ (կարդում է)— «Լուսանկարիչ Լև Մետելինը, ում մեծն Ռիչարդ Ավեդոնը անվանում էր Մանհեթենի ոսկե օբյեկտիվ, երկարաժամկետ արտագաղթից հետո կայցելի իր հայրենի քաղաք»։
            ԼԵՎ— Նորի՛ց աքսոր։ Ոչ ոք ինձ քացով դուրս չի հրել։ Ես ինքս։ Սեփակա՛ն ոտքերով։
            ԳՐԻՇԱ— «․․․ 77-ամյա Մետելինը խելահեղ կարիերայի է հասել Հարավում, համագործակցել առաջատար փայլուն ամսագրերի և մոդայի տների հետ, ընկերություն արել բազմաթիվ հայտնիների հետ, շրջել է աշխարհի կեսը, նկարել անգամ թեժ կետերում․․․»։
            ԼԵՎ— Ի՜նչ թեժ կետեր։ Սաունայում, ի՞նչ է։
            ԳՐԻՇԱ— «․․․ բազմաթիվ ալբոմներ է հրատարակել, անթիվ մրցանակաների արժանացել՝ ներառյալ Պատվո լեգիոնի շքանշանը և ճապոնական կայսեր մրցանակը․․․»։
            ԼԵՎ— Դե, բավ է։ Բավական է։ Հերիք է։ Ես գիտեմ իմ կենսագրությունը։
            ԳՐԻՇԱ— Դու ինքդ խնդրեցիր։ Հա, իմիջայլոց, այսօր շքանշանդ կկախե՞ս։
            ԼԵՎ— Ծառի՞ց ես ընկել։ Ես դա ընհանրապես տանն եմ թողել։ Նման բաները հուղարկավորության պարագաներ են։ Դագաղիս մեջ կդնես։
            ԳՐԻՇԱ— Դագա՞ղ։ Որդերի՞ն։ Ո՛չ, Լև Լեոնիդիչ։ Առը հա քեզ։ Այդ դու ես խենթ ռուս նկարիչ, իսկ ես՝ նորմալ ամերիակցի բիզնեսմեն եմ։ Ես ամենը կվաճարեմ «Սոթբիս» աճուրդում։
            ԼԵՎ— «Սոթբիս»-ը նման բան չի ընդունի։

 

Դռան թակոց

Լևը գնում է դուռը բացելու։
             Ներս է մտնում Օլգան։

ՕԼԳԱ— Չե՞մ ուշացել։ Փողոցում սարսափելի բան է տեղի ունենում․․․
            ԼԵՎ— Օլյա, հարգելիս, ձեզնով կարելի է ժամերը ստուգել։ Մենք հենց նոր ավարտեցինք նախաճաշը։ Don’t worry, ինչպես ասում է իմ Գրիշան։
            ԳՐԻՇԱ (բազմոցից վեր կենալով)— Բարի լույս․․․
            ԼԵՎ (Գրիշային)— Մնացինք անհույս։ Անմիջապես պետք է վեր կենալ, երբ կին է ներս մնտում։ Սովորեցնում ես ձեզ, սովորեցնում։
            ՕԼԳԱ— Բարև ձեզ, Գրիշենկա։ Ամեն ինչ լա՞վ է։
            ԼԵՎ— Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե սնվելու, ապա, չեք հավատա, բայց ես իրեն հազիվ հանեցի այնտեղից։ (Գլխով է անում Գրիշայի կողմը) Նա ողջ շվեցարական սեղանը սրբեց։
            ԳՐԻՇԱ— Ախր ճիշտ չի։
            ԼԵՎ— Աստված վկա։ Բայց դե դա մեզ մոտ ընտանեկան է․ սիրում ենք ուտել: Հիշում եմ՝ Սոլժենիցին Ալեքսանդր Իսաևիչը մի անգամ ընթրիքի ժամանակ ինձ ասաց․ «Իսկ դուք, Լև, շատակեր եք, առյուծի պես։ Ճամբարում ձեզ ինչ ծանր կլիներ»։
            ՕԼԳԱ— Ճամբարու՞մ։ Ի՞նչ ճամբար։
            ԼԵՎ— Դե բնական է ոչ պիոներական։
            ՕԼԳԱ— Օյ, Աստված հեռու պահի։ (Գրիշային) Հուսով եմ՝ գոնե քուններդ առա՞ք։ Ժամային փոփոխությունը չի՞ տանջել:
            ԳՐԻՇԱ— Չէ, ես դրանով չեմ տառապում։
            ԼԵՎ (Օլգային)— Իր տարիքում, Օլյա, էրոտիկ երազներն են տանջում, իսկ․․․
            ԳՐԻՇԱ — (ընդհանտում է) Պապ․․․
            ԼԵՎ— Այո-այո, այլ ոչ թե ժամային գոտիների փոփոխությունը։ Ասենք դուք չնկատեցիք, թե նա ինչպե՞ս էր երեկ օդակայանում նայում ձեր աղջկան։ Իսկ ես ամեն ինչ տեսա։ Այս անպիտանը նրան աչքերով խժռում էր։
            ԳՐԻՇԱ— Լյովուշկա, դե բավ է․․․
            ԼԵՎ— Աղջկան ամաչեցրիր։
            ՕԼԳԱ— Օյ, նա ինքը ում ուզես կամաչեցնի․․․
            ԳՐԻՇԱ— Նա ուղղակի մի փոքր հուզված է։ Լարված։ Անհանգստանում է հանդիսատեսի համար։ Եղանակի պատճառով։
            ԼԵՎ— Ասում եմ ձեզ որպես ծեր փորձառու խելացնոր մարդ՝ ոչ ոք չի գալու։
            ՕԼԳԱ— Կգան։ Սա Պիտերն է։ Այստեղ միշտ այսպես է։ Ճաշից հետո եղանակը կփոխվի։ Արև են խոստացել։ Գալու են, ճարներն ինչ է․․․ Մեզ մոտ լավ ֆուրշետ է սպասվում։ Ուզում էի ասել՝ լավ ցուցահանդես։ Օյ, ախր ես ձեզ թարմ թերթեր եմ բերել։ (Թերթերը դուրս է հանում պայուսակից) «Պուլկովո»-ից ռեպորտաժները առաջին շարքում են։ Լուսանկարներով։ Այստեղ, Գրիշա, դուք էլ կաք։
            ԼԵՎ — (ընդունում է թերթերն ու դրանք նետում սեղանին) Հետո կկարդանք։ Սկզբում՝ գործերը։ Սկսե՞նք։
            ՕԼԳԱ — (Լևին) Այո։ Առաջին հերթին՝ ռադիո գնանք։ Հետո՝ Էրմիտաժ։ Պիոտրովսկին խնդրել է զգուշացնել՝ ե՞րբ ենք տեղ հասնելու։ Ուզում էր ողջագուրվել ձեզ հետ։
            ԼԵՎ— Կողջագուրվենք, եթե ուզում էր։ Ու նույնիսկ կհամբուրվենք։ Ինչպես Բրեժնևը Հոնեկերի հետ։ Բայց ավելի լավ կլիներ, որ իմ ցուցահանսեսն իր մոտ կազմակերպեր․․․
            ՕԼԳԱ— Ես կակնարկեմ․․․
            ԼԵՎ— Ի՞նչ ակնարկեք։ Ուղիղ տեքստով է պետք ասել։ Թե չէ Անտոնովան Մոսկվայում առաջ կընկնի։ Նա արդեն հասցրել է ինձ առաջարկել։ Ռետրոսպեկտի՛վ։ Բայց ես՝ պատրիոտ եմ։
            ՕԼԳԱ— Այդպես էլ կասենք։ Ուղիղ տեքստով։ Հետո, բնականաբար, լանչ կլինի։ Ռուսական խոհանոց։ Բորշ, օլիվյե, պոժարսկի կոտլետ, ինչպես և խնդրել եք։
            ԳՐԻՇԱ— Պապ, դու ռայդեր էլ ես ներկայացրե՞լ։ «Ռուսական ինքնաեռում» բորշը քեզ պակասությու՞ն է անում։
            ԼԵՎ— Բո՛րշ։ Հնդկացորե՛ն։ Հա՜վ։ Ի՞նչ է, Պիտերում պիտի սուշիով ու սաշիմիով սնվե՞մ։
            ՕԼԳԱ— Կճաշեք, կվերադարձնենք ձեզ հյուրանոց։ Կհանգստանաք։
            ԼԵՎ— Գերեզմանիս մեջ կհանգստանամ։ Ես այսքան տարի է, ինչ Պիտերը չեմ տեսել։
            ՕԼԳԱ— Կզգեստափոխվեք, եթե հարկավոր է։ Ու՝ թանգարան։ Ամփոփելու ցուցահանդեսը։
            ԼԵՎ— Հավանություն ենք տալիս։ Դե ինչ, ձիերո՞վ։
            ՕԼԳԱ— «Մերսեդեսը» շքամուտքի մոտ է։

 

 

3.

Ցուցարահը, որտեղ տեղի է ունենում Լև Մետելինի ցուցահանդեսը։

Պաուլինան սրբում է պատերին փակցված, շրջանակների մեջ առնված լուսանկարները։
            Ժաննան մաքրում է հատակը։
            Պահակ ՍԱՇԱն նստած է հեռավոր անկյունում։

           

ԺԱՆՆԱ— Կգան․․․Այն էլ ոնց կգան․․․ Թրջված, նյարդայնացած։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Մենտալ խանգարումներով։
            ԺԱՆՆԱ— Ու այդ իրենց անհասկանալի շարֆերով, իսկ կանայք՝ պոնչոներով ու թիկնոցներով։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Բոհե՛մ։
            ԺԱՆՆԱ— Ի՞նչ գրողի տարած բոհեմ․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Մե՛ր։ Խեղճուկրա՛կ։
            ԺԱՆՆԱ— Այո-այո՛։ Անլվա գլխով։ Վատ ատամներով։ Կեղտոտ կոշիկներով։
            ՍԱՇԱ— Դե ոչ բոլորը․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Բոլորը-բոլորը։ Սա ձեզ համար Փարիզը չէ։
            ԺԱՆՆԱ— Ահա։ Ու սպասելու են շամպայնի և ոստրեների։ Ոստրեների, Պաուլինա՛։ Ֆին-դե-կլյոր։ Իսկ մենք դրանց՝ ёбушки—воробушки! Մենք դրանց՝ նեխուրի կոթեր ու մինի բուրգերներ։ Ու վիսկի՝ կոլայով։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Դա կոնցեպցիա է։
            ՍԱՇԱ— Ձրի ինչ կա չկա կուտեն՝ և՛ բուրգերները, և՛ կոթերը․․․
            ԺԱՆՆԱ— Մի բան էլ տոպրակները կխցկեն։ Ոնց որ նախորդ անգամ․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Հովանավորները ամերիկոսներ են, դրա համար էլ բուրգերներ։
            ԺԱՆՆԱ— Մինի բուրգներներ։ Այ այսչափ։ (Մատները շրջանակի դիրքով է դարսում) Երեք տեսակ։ Մոռացել եմ ինչ տեսակ․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Մարմարե միս, ջայլամի միս ու էլի ինչ-որ․․․
            ԺԱՆՆԱ— Ծովախեցգետնի՛։
            ՍԱՇԱ— Ստրաուս չեմ կերել, չխաբեմ։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Իսկ որպես աղանդեր՝ չիզքեյք ու գազարով տորթ։
            ԺԱՆՆԱ— Նման քեյթերինգ, երեխեք, մեզ մոտ կյանքում չի եղել։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ամերիկոսները խոստացել են գլխավոր հյուպատոսին էլ բերել։
            ԺԱՆՆԱ— «Բերել»։ Դու, Լինա, մեկ-մեկ այնպիսի զավեշտալի բաներ կասես։

 

 Դռան զանգ

Այս ու՞մ են ուզում։ Չլինի՞ ծաղկի առաքիչն է։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Առաքման համար դեռ շուտ է։ Ես ժամը երեքի համար եմ պատվիրել։
            ԺԱՆՆԱ— Ուրեմն բոլորին կտեղավորենք այգում։ Բոլորին՝ այգում։ (Սաշային) Կնայե՞ս ով է այնտեղ։

ՍԱՇԱՆ գնում է բացելու դուռը։
            Դռան շեմին կանգնած է Նեստորը։

ՆԵՍՏՈՐ— Բոն ժուր։ Ներողություն եմ խնդրում, չգիտեի, որ դուք, պարզվում է՝ միայն կեսօրից եք բաց այցելությունների համար․․․
            ՍԱՇԱ— Դուք կամ այս կողմ, կամ այն կողմ անցեք։
            ՆԵՍՏՈՐ— Լավ կլինի, իհարկե, այս կողմ։
            ԺԱՆՆԱ— Լուսանկարչությամբ եք հետաքրքրվու՞մ։
            ՆԵՍՏՈՐ— Ինչ-որ իմաստով․․․ Ինչ-որ առումով․․․
            ԺԱՆՆԱ— Բա ինչու՞ եք ուրեմն մինչև փակում հետաձգել այցը։ Վերջին վագոնում եք հայտնվել։ Վաղը՝ վերջ, ցուցադրությունը փոխվում է։ Անցեք ուրեմն՝ թե եկել հասել եք։ Հո փողոցում չե՞ք թրջվելու։
            ՆԵՍՏՈՐ— Այ ապրեք։ Հա, եղանակը զբոսանքի համար չէ։ Իսկ դուք բարյացկամ եք, մադմուազել։ Այժմ էմպատիան այնքան հազվադեպ է երևույթ է․․․

ՆԵՍՏՈՐԸ ներս է անցնում, անձրանոցը տեղադրում զամբյուղի մեջ։

ԺԱՆՆԱն օգնում է հանել վերարկուն, կախում հագուստի համար նախատեսված կանգնակից։

Սաշան փակում է դուռը վերադառնում իր տեղը, նստում աթոռին։

ՊԱՈՒԼԻՆԱ (Նեստորին)— Դուք մեզ ուշադրություն մի դարձրեք։ Այսօր երեկոյան ֆինիսաժն է։ Միլիոն մարդ կգա։ Իսկ մեզ մոտ անարդարություն է․ մաքրուհին չգիտես ինչ է կերել։ Հիվանդացել է․․․ Մենք այստեղ դեռ մի կես ժամ կսոսափենք։
            ՆԵՍՏՈՐ— Ի՞նչ եք ասում, ի՞նչ եք ասում։ Այդ դուք ինձ ուշադրություն մի դարձրեք։ Ես լուռ եմ։ Մկան պես։ Իմիջայլոց, գումարն ու՞մ եմ տալու։
            ԺԱՆՆԱ— Երեխաներին, ծերերին ու սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար անվճար է։
            ՆԵՍՏՈՐ— Իսկ ես ո՞ր կատեգորիային եմ պատկանում։
            ԺԱՆՆԱ— Ինձ չգիտես ինչու թվում է, որ դուք ֆինանսական հնարավորություններով եք սահմանափակ։
            ՍԱՇԱ— Ինչպես և մենք, բոլորս։

ՆԵՍՏՈՐԸ խոնարհվում է և ետ քաշվում դեպի լուսանկարներով պատը։

ՊԱՈՒԼԻՆԱ (Նեստորին)— Իսկ դուք մեր Մետելինի մասին որևէ բան լսե՞լ եք։ Եթե հետաքրքիր է, ապա այնտեղ նրա պատմությունն է ու ինքնանկարը․․․
            ՆԵՍՏՈՐ— Նման մի բան լսել եմ․․․ Կցկտուր․․․
            Ժաննա— Մի ամաչեք, հարցրեք։ Պաուլինան այժմ մեզ մոտ խոշորագույն մետելինագետն է։ Կատալոգի համար մի այնպիսի հոդված է ստեղծել՝ հրա՜շք։ Կատալոգը վաճառվում է։
            ՆԵՍՏՈՐ— Ի նկատի կունենամ։
ԺԱՆՆԱ— Համարյա բան չի մնացել։ Մեկ ու կես տրցակ։ Երեկոյան կխլեն ամբողջը։
           

ՊԱՈՒԼԻՆԱՆ և ԺԱՆՆԱՆ շարունակում են մաքրությունը։
            ՆԵՍՏՈՐԸ ուսումնասիրում է լուսանկարները։
            ՊԱՈՒԼԻՆԱՅԻ հեռախոսին զանգ է գալիս։
           
            ՊԱՈՒԼԻՆԱ (նայում է էկրանին)— Մամզելը գծին է․․․
            ՍԱՇԱ— Կապի ստուգում։
            ՊԱՈՒԼԻՆԱ (խոսափողի մեջ)— Այո, մամոչկա։ (Դադար)։ Դադար։ Այո։ Հասկացա։ Անպաճույճ։ Ուհու։ Բարո՛վ։ (Ժաննային)։ Նրանք արդեն «Պղնձե հեծյալ»—ում են։ Հիմա ուղիղ եթերը կսկվի։ Մետելինի հետ։ Մայրս հրահանգում է, որ լսենք․․․ Բայց ոնց ենք մենք լսելու՞։ Այստեղ մեզ մոտ ոչ ռադիոընդունիչ կա, ոչ երաժշտական կենտրոն, ոչինչ չկա։
            ԺԱՆՆԱ— Ուրեմն կարող ենք բջջայինով։ Էդ հեծյալը հեռարձակվու՞մ է համացանցում։
            ՍԱՇԱ— Ժան, դու վայրի՞ ես։ Հիմա ամեն ինչն են հեռարձակում։ Թվային դարաշրջան է։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Հաղորդում են, հաղորդում։ Միայն թե ցանկություն չկա փնտրելու, ինչ-որ բան լարելու, անգամ լսելու ցանկություն չկա․․․
            ՍԱՇԱ— Ի՞նչ պիտի փնտրես։ Վայրկյանի գործ է։ Այստեղ տուր լսափողդ։

 

 Դադար
            ՆԵՍՏՈՐ (իմիջայլոց) Օ՜խ։ Նա այս նկարն էլ է ցուցադրել․․․
            ԺԱՆՆԱ— Ի՞նչ։
            ՆԵՍՏՈՐ— Ոչ-ոչ։ Ոչինչ։ Քթիս տակ մրթմրթում եմ․․․
            ԺԱՆՆԱ— Դու՞ր չի գալիս։
            ՆԵՍՏՈՐ— Շատ է դուր գալիս։
            ԺԱՆՆԱ— Կատարյալ է։
            ՊԱՈՒԼԻՆԱ (Ժաննային)— Ամեն դեպքում հարկավոր է գտնել այդ գրողի տարած ալիքը։ Թե չէ մամաշան ինչ-որ հարց կտա, իսկ ես՝ ոչ բե, ոչ մե, ոչ՝ կուկարեկու։ Ստիպված պիտի ստեմ, ճողոպրեմ։
            ՍԱՇԱ— Ստելը լավ չէ։ Տգեղ է։
            ԺԱՆՆԱ— Դե հա, լավ բան չէ։ Կարմադ կփաչցնես։

ՊԱՈՒԼԻՆԱՆ բջջային հեռախոսի կարգավորումներում է փորփրում։

            ՆԵՍՏՈՐ (Ժաննային)— Ներեցեք, իսկ դուք դրան հավատու՞մ եք։
            ԺԱՆՆԱ— Կարմայի՞ն։ Բա ոնց։ Իմ վրա եմ փորձել։ Բազմիցս։ Բարակ մատերիա է։ Ամեն դեպքում, ավելի լավ է գործ չունենալ։ (Դադար) Իսկ դուք առաջին անգամ եք մեզ մոտ, հա՞։ Ձեր դեմքը կասկածելիորեն ինձ ծանոթ է թվում։
            ՆԵՍՏՈՐ— Դժվար թե։
            ԺԱՆՆԱ— Հա՛, հաստատ։ Ախր ես ձեզ սրբում էի։ Ի նկատի ունեմ, դիմանկարը։ Ահա այն, կախված է։ Սա դու՞ք եք։ Դուք եք, չէ՞։
            ՍԱՇԱ— Օ՜։ Հաստատ ինքն է։ Միայն թե հարյուր տարի առաջ։
            ՆԵՍՏՈՐ— Որտե՞ղ։
            ԺԱՆՆԱ— Լինա՛, Լինա՛։ Տես, թե ով է մեզ մոտ եկել։ Էքսպոնատը։ Իսկ ես չէի ուզում ներս թողնել․․․

ԺԱՆՆԱՆ ՆԵՍՏՈՐԻՆ մի կողմ է տանում, որտեղ որ փակցված է նրա դիմանկարը։

            ԺԱՆՆԱ— Սա յոթանասուն թվականի աշխատանք է։ Կոչվում է «Ուսանող Պուզիրկովսկի»։
            ՆԵՍՏՈՐ— Մոզալևսկի։ Իմ ազգանունը Մոզալևսկի է։ Եվ աշխատանքն էլ յոթանասուն երկու թվականի է։
            ԺԱՆՆա— Դրանք արդեն դետալներ են։ Ոչ ոքի չհետաքրքրող։ (Գրկում է Նեստորին) Ա՛յ քեզ բան։ Կենդանի էքսպոնատ։ Իմիջայլոց, չե՞ք ցանկանում ձեռք բերել։ Մեր ցուցասրահը մի քանի լուսանկար վաճառում է։ Եվ «Ուսանողին» էլ, այդ թվում։
            ՆԵՍՏՈՐ— Շնորհակալություն։ Կմտածեմ։ Միայն թե սա երևի անասելի թա՞նկ է։
            ԺԱՆՆԱ— Իսկ դուք ի՞նչ էիք ուզում։ Վաղ Մետելին է։ Մինչ էմիգրացիան։ Կոլեկցիոներները նրան հետապնդում են։ Ու սա գումբիքրոմատային տպագրություն է։ Դրոշմը կայուն է, չի գունաթափվի, հասկանու՞մ եք։ Որովհետև քրոմացված կոլոիդները պնդանում են ուլտրաֆիոլետի ներգործության արդյունքում։ Ծոռների՛ն կհասնի։
            ՆԵՍՏՈՐ— Ես ոչ երեխաներ ունեմ, ոչ էլ թոռներ։
            ԺԱՆՆԱ— Էական չէ։ Չի կորչի։ Ոչ ուղիղ, ուրեմն ինչ-որ կասկածելի հետնորդներների համար։ Այս լուսանկարը ավելի երկարակյաց է, քան ժելատինե արծաթյա գործերը։ Այն մեզնից բոլորիցս երկար կապրի։
            ՊԱՈՒԼԻՆԱ (Նեստորին)— Երբ Ժաննան սկսում է բարձել տարատեսակ տերմիններով, չի լինում կանգնեցնել։
            ՆԵՍՏՈՐ— Կարծես թե ինչ-որ տեղ ունեմ նման մի լուսանկար, հեղինակն է նվիրել։ Մեկնումից առաջ։
            ԺԱՆՆԱ— Եթե պետք չէ, վաճառեք մեզ։ Իսկ ավելի լավ է՝ նվիրեք։ Այո։ Մենք կցուցադրենք։ Ցուցանակով․ պարոն Մուզիկանտսկու ընծան։
            ՆԵՍՏՈՐ— Մոզալևսկի է ազգանունս։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ուրեմն ստացվում է, ես ձե՞զ եմ բացման արարողությանը հրավիրել։ Նեստոր․․․ինչպե՞ս դիմել հայրանունով։
            ՆԵՍՏՈՐ— Ալֆրեդովիչ։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Բա ինչու՞ չներկայացաք, հը՞։ Կարելի է մտածել՝ ամեն օր այսպիսի ցուցահանդեսներ են տեղի ունենում։ Վատառո՞ղջ էիք։
            ՆԵՍՏՈՐ— Արդեն չեմ էլ հիշում։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ձեր չներկայանալու պատճառով մեր տնօրենուհին ինձ այնպիսի՜ հոգնա արեց։
            ՆԵՍՏՈՐ— Ձեր մայրիկը՞։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Զայրացել էր ոչ որպես մայր, այլ որպես տնօրեն։ Դուք ախր գրեթե միակ հերոսն եք հասանելիության տարածքում։ Մյուսներն արդեն այն աշխարհում են։
            ԺԱՆՆԱ— Իսկ Բիլլ Քլինթոնին, Եղիսաբեթ Երկրորդին ու էլ ում է այնտեղ նկարել, ողջ ցանկության դեպքում էլ չենք կարող հրավիրել։
            ՍԱՇԱ— Թեորիապես կարող ենք, միայն թե նրանք չեն մեկնի․․․
            ՆԵՍՏՈՐ— Իմանայի՝ կտուժեք, Աստված վկա, կգայի։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ուրեմն այսօր եկեք։ Մետելինն էլ է լինելու։ Եվ նրա թոռն էլ։ Ու մեդիաներից էլ՝ բոլորը։
            ՍԱՇԱ— Նույնիսկ ամերիկացիները։
            ԺԱՆՆԱ— Անգամ Սվետլանա Կրյուչկովան։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Այո, շատերը կլինեն, եթե անձրևից չվախենան։
            ՆԵՍՏՈՐ— Կփորձեմ․․․
            ԺԱՆՆԱ— Չէ, այս անգամ էլ ոչ մի փորձ։ Դուք մեզ հաստատ խոստացեք։
            ՆԵՍՏՈՐ— Կգամ։
            ԺԱՆՆԱ— Ազնիվ պիոներակա՞ն։
            ՊԱՈԻԼԻՆԱ— Ախր դուք դարի ականատեսն եք։
            ՆԵՍՏՈՐ— Դա միանշանակ՝ ականատեսն եմ։ Ոչ մեղադրողը։
            ՍԱՇԱ— Կարևորը՝ զոհ չլինելն է։
            ԺԱՆՆԱ— Գուցե և խոսք ասեք։ Կիսվեք, այսպես ասած, փաստարկներով ու փաստերով․․․
            ՆԵՍՏՈՐ— Իսկ այ դա դժվար թե։ Ես ամաչկոտ եմ։ Շատ մարդ որ լինում է, սկսում եմ կակազել։ (Պաուլինային) Ձեր անունը Պաուլինա է, հա՞։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Պաուլինա։ Կարելի է Լինա։
            ՆԵՍՏՈՐ— Հիանալի անուն է։ Ես մի փոքր հարց ունեմ․․․ (Մի կողմ է տանում նրան) Այ այս լուսանկարը։ Այս աղջիկը․․․ Կինը․․․ Նրա մասին որևէ բան հայտնի՞ է։
            ՊԱՈՒԼԻՆԱ (էքսկուրսավարի ձայնով)— Հայտնի է, որ Մետելինի հետ սեր է ունեցել։ Այո-այո։ Կրքոտ, իրական, բայց, ավաղ, ոչ երկարաժամկետ սիրավեպ։ Բնականաբար, նախքան նրա արտագաղթելը։ Հենց մեկնելուց առաջ էլ նրանց մոտ այդ ամենը տեղի է ունեցել։ Մեկնել է նա ինչպես հայտնի է, մենակ․․․ Այդ կինը լենինգրադուհի է։ Նա էլ ինչ-որ կերպ կապ է ունեցել արվեստի հետ։ Կարծեմ թե, նկարել է։ Թե պարել։ Վերա է նրա անունը։ Այդ իսկ պատճառով դիմանկարը երկու վերնագիր ունի․ «Վերա», ինչը տափակ ու կանխատեսելի է, և երկրորդը՝ «Կանաչակն կինը, նոր հագած կապույտ զգեստով ․․․»։
            ՆԵՍՏՈՐ— Միթե՞ ինքնուրույն է հորինել։
            ԺԱՆՆԱ— Վատ չի փաթաթել, չէ՞։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Անհնար է չգնահատել հեղինակի հեգնանքը՝ հաշվի առնելով, որ լուսանկարը սև-սպիտակ է և գունավոր տարբերակը երբեք գոյություն չի ունեցել։
            ՆԵՍՏՈՐ— Դուք վստա՞հ եք։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ինչպես ինքս ինձ։ Մետելինը իր ողջ կյանքում սկզբունքորեն սև-սպիտակ է նկարում։ Նրա կարգախոսն է՝ «Գույնը շեղում է»․․․ Սակայն էրոտիզմն ու զգացմունքայնությունը, ոգեշնչվածությունը, այս լուսանկարի էներգետիկ առատությունը պարզապես գերազանցում են։
            ՆԵՍՏՈՐ— Եվ որտե՞ղ է այժմ այդ կինը։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ո՞վ գիտի․․․ Հետքերը կորցված են։ Միգուցե և գերեզմանատանը։ Կամ ծերանոցում։ Կամ խելագարանոցում։
            Ժաննա— Հա ի՞նչ, շատ հնարավոր է։ Չկիսված սիրուց․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Կամ էլ հնարավոր է նույնպես արտերկիր է թռել․․․ Գուցե Մետելինն իմանա՞։ Ёксель—моксель, իսկ այնտեղ երևի արդեն ուղիղ եթերը սկսվել է։

 

 

 4. Ռադիոստուդիա
Սեղանի շուրջ նստած են Լևը, Օլգան, Գրիշան և հաղորդավարը՝ Պավելը։

 

Պավել— Եվ ահա ինչի մասին էի ուզում ձեզ հարցնել․․․ Զրույցներ են պտտվում, որ իբր դուք եղել եք հայտնի պետերբուրգյան փլեյբո՞յ։
            Լև— Ի՞նչ եմ եղել։
            ԳՐԻՇԱ —(Լևին) Փլեյբոյ։ (Պավելին) Պապի մի ականջը չի լսում։
            Լև— Ինքդ ես խուլ։ Այն ժամանակ անգամ նման բառ լսած չկայինք․․․ Չէ՛, տղաներ։ Փլեյբոյի ես վերածվեցի Նյու-Յորքում։ Երբ բարձր նորաձևության աշխարհ ընկա։ Երբ ստիպված էի «Վոգի» համար աղջիկների նկարել։ Շշմեցուցիչ, կիսամերկ․․․ Լավ ասացի՝ «ստիպված էի»։ Դա, իմ ընկերներ, կատարյալ հաճույք էր։ Աշխարհի լավագույն աշխատանքը։ Չէ, աշխատանք չէ, զվարճանք։ Վայե՜լք։ Կախարդա՜նք։ Ես նկարում էի այնպես, որ ամեն լուսանկարը ուզում էիր շոշափել։ Իսկ ինձ համար դա կարևոր է։ Ես շոշափողական զգացմամբ մարդ եմ։ Դե, իսկ այստեղ․․․
            ՊԱՎԵԼ— ․․․ այստեղ դուք պարզապես կնամո՞լ էիք։
            ՕԼԳԱ— Ֆի, Պավլի՛կ։ Սրտակեր էր։
            ԼԵՎ— Հաստա՛տ։ Սոցիալիզմից տառապած սրտակեր․․․ Ու՞մ էի ես նկարում Լենինգրադում։ Կռունկավարուհիների, վաճառողուհիների, «Ճեպընթացիկ» գործարանի աշխատակցուհիներին։ Երբեմն սպորտսեմուհիներին ու բալերինաներին՝ Կիրովսկուց։ Սրբության էտալոն ես, իհարկե, չեմ համարվել, չեմ ստի։ Թեև այսպես թե այնպես, բարոյական նկարագիր ունեի։ Այն ժամանակ անբարոյականության, կամ, ինչպես հիմա կասեն՝ խարասմենտի համար, կարող էին մի լավ ծեծ տալ։ Օդերդ փակել։ Իսկ ես իմ բնագավառում էի պտտվում, բոլոր կեղտոտ պարտիական թերթերի համար էի լուսանկարում․․․
            ՊԱՎԵԼ— Իսկ ասում են, դուք մականուն ունեիք․․․
            ԼԵՎ— Օխ, Պաշա, մի՛ շարունակեք։ Անգամ չգիտեմ, արդյո՞ք կարելի է ձեր եթերից նման բան ասել․․․
            ՊԱՎԵԼ— Մեզ մոտ ամեն ինչ կարելի է։ Մենզ ձեզ համար ինչ-որ «Ամերիկայի Ձայն» չենք։ Մենք անկախ ռադիոկայան ենք։ Մեզ մոտ խոսքի ազատություն ու տրանսպարենտություն է։
            ԼԵՎ (Գրիշային)— Իսկ նրանց մոտ ի՞նչ է։ Խաշած շաղգա՞մ է։
            Գրիշա— Տրանսպարենտությունը, պապ, դա թափանցելիությունն է։ Գաղտնիքների բացակայությունը։
            ԼԵՎ— Ա՜․․․Կասեի հա․․․ Դե կար, ունեի մականուն։ Դա մի խմբագիր կին էր հորինել․․․ Կարճ ասած․․․ Հանգստացող Սատիր։
            ՊԱՎԵԼ— Հա ի՜նչ։ Վատ չէ։ Միայն թե շատերը, վախենամ, չյուրացնեն։ Ի նկատի ունեմ, չընկալեն։ Այսինքն, չըմբռնեն։ Թու՜։ Ես ուզում էի ասել՝ չե՛ն հասկանա։
            ԼԵՎ— Չեն հասկանա, թող Էրմիտաժ այցելեն։ Այն այնտեղ ներկայացված է։
            ՕԼԳԱ— Սատիրը, ես դա մեր ընկնդիրներին եմ բացատրում, սակայն, իհարկե շատերը գիտեն՝ պտղաբերության դևն է։ Կյանքասեր այծոտն էություն։ Նրան սովորաբար մերկ պարմանու տեսքով էին պատկերում։ Այնպիսի տռփոտ, սիրահարկոտ ու լպիրշ։
            ՊԱՎԵԼ— Օյ, ի՜նչ հետաքրքիր է։ Իսկ ինչու՞ հանգստացող։
            ԼԵՎ— Իսկ նրա մոտ կեցվածքն է այդպիսին․ հոգնագորով։
            ՕԼԳԱ— Քանդակն է այդպես կոչվում։ Դուք չեք ըմբռնում, Պավլի՛կ։
ԼԵՎ— Ես այն ժամանակ խելագարի պես վազվզում էի։ Մեկ այստեղ էր պետք նկարել, մեկ այնտեղ խալտուրա անել։ Օրավարձու՛յթ։ Իսկ ջահել ժամանակ էներգիան ավելի քան շատ է․․․ Եվ, ինչպես Օլգան ճիշտ նկատեց, ես ճիշտ այն Սատիրի պես էի՝ լպիրշ, սիրահարկոտ և ցանկասեր։ Նիմֆաներ էի որսում։ Բայց երբեմն էլ հանգստանում էի։ Ահա և անուն կպցրեցին․․․
            ՊԱՎԵԼ— Ու դուք ամենուր հասցնու՞մ էիք։
            ԼԵՎ— Չէի հասցնում կոճկել։
            ՕԼԳԱ— Օ՜յ։ Ֆի՜։
            ԼԵՎ— Կատակում եմ, Օլյա, կատակում եմ․․․ Բայց խոստովանեմ, այն պահից, երբ հայտնվեցի սեքսուալ կյանքի եզերքին, կոպիտ ասած, վերածվեցի իմպոտենտի, ավելի երջանիկ դարձա։ Անմիջապես այնքան շատ ազատ ժամանակ առաջացավ․․․
            ՊԱՎԵԼ— Ոսկե խոսքե՜ր։
            ՕԼԳԱ— Պարոնայք, միգուցե այնուամենայնիվ վերադառնանք ցուցահանդեսի՞ն։
            ՊԱՎԵԼ— Բնականաբա՛ր։ Անպայման կվերադառնանք ցուցահանդեսին։ Մենք հենց դրա համար էլ հավաքվել ենք։ (Լևին) Ու չնայած նման տպավորիչ դոնժուանական ցանկով, այնուամենայնիվ, Արևմուտք մեկնեցիք ազապի կարգավիճակով, իսկ դուք եռեսունն ա՞նց էիք։
            ԼԵՎ— Այո։ Համարյա երեսուներկու։ Պատասխանը պարզ է։ Ես մոտավորապես Գրիշկայի տարիքից սկսած, քսան կլիներ, կենտրոնացած էի Սովետական Միությունից հեռանալու վրա։ Արտագաղթելու։ Դրա համար էլ չէի ամուսնանում, չնայած որ ցանկացողներ կային։ Ու լուրջ հարաբերությունների մեջ չէի մտնում։ Չնայած որ մինչև ականջներիս ծայրը սիրահարվում էի։
            ՊԱՎԵԼ— Իսկ այն, որ ընտանիքը հասարակության բջի՞ջն է։
            ԼԵՎ— Չէ, դա, խնդրում եմ, առանց ինձ։ Կին, երեխաներ, ինչ-որ զոքանչ՝ այդ ամենը կարող էր բարդացնել իմ մեկնումը։
            ՊԱՎԵԼ— Իսկ ծնողները՞։
            ԼԵՎ— Նրանք այդ ժամանակ արդեն մահացած էին։ Ախր ես ուշ երեխա եմ։ Հայրիկս նախահեղափոխական շաղախ էր։
            ՊԱՎԵԼ— Իսկ աղջիկներին, ուրեմն, հետամտում ու թողնու՞մ էիք։
            ՕԼԳԱ (միջամտելով) — Ուրեմն ցուցահանդեսի մասին․․․ Քանի որ Լև Լեոնիդովիչի աշխատանքները առաջին անգամ են ցուցադրվում հայրենիքում, և դրանում մեր նորաբաց ցուցասրահը առաջ անցավ և Էրմիտաժին, և անգամ Մոսկվային, ես, իբրև կուրատոր որոշեցի․․․
            ՊԱՎԵԼ— Օլգա, ներեցեք, բայց ես ստիպված եմ ընդհատել ձեզ։ Հաղորդման ռեժիսորը հուշում է, որ հաջորդիվ մեզ գովազդային ընդմիջում է սպասվում։ Բիզնես, անձնական՝ ոչինչ։ Մի րոպե ընդհատենք, իսկ հետո կվերադառնանք ստուդիա և կշարունակենք մեր հետաքրքրագույն զրույցը։ Մնացե՛ք մեզ հետ․․․ (Հանում է ականջակալները)։ Դե ի՞նչ, կարծում եմ, որ շատ էլ լավ է։ Եռանդուն, աշխույժ, հումորով։ Հը՞։ Ժողովուրդն էլ,տեսնում եմ, հարցեր է տալիս։
            ԼԵՎ— Հա՞։ Ու ի՞նչ են գրում։
            ՊԱՎԵԼ— Մի րոպե․․․ (Նոթբուքի էկրանից կարդում է) Ահա, օրինակ։ Իրինա, տուրիստական մենեջեր․ «Ձեր հյուրին հարցրեք՝ ինչպե՞ս է նա վերբերվում օրալ սեքսին»։
            ԼԵՎն ու ԳՐԻՇԱՆ (միաժամանակ) Ինչի՞ն։
            ՕԼԳԱ— Իսկ ավելի պատշաճ ոչինչ չկա՞։
            ՊԱՎԵԼ (կարդում է)— Նարիշկին։ Աշխատանքի վետերան։ Եղել է ցուցահանդեսին․․․ Շատ է հավանել․․․ Խնդրում է պատմել՝ ինչպե՞ս եք նկարել Ֆիդել Կաստրոյին։
            ՕԼԳԱ— Ահա՛։ Այ սա ուրիշ բան։
            ԼԵՎ— Հա, Ֆիդել Կաստրոն․․․ Կուբան իմ սերն է։ Հիշելու շատ բան կա․․․ Ազատության կղզին․․․ Դա արտագաղթելուցս հինգ տարի առաջ էր։ Ծանոթությամբ տուրիստական ճամփորդությունը ստացվեց։ Ժուրնալիստների միությունից։ Տեղ ենք հասնում։ Այս կողմ, այն կողմ։ Ու մեկ էլ հայտարարում են․ մեզ կընդունի կոմանդանտե Ֆիդելը։ Իսկ դա ծրագրում չկար։ Մենք եսիմ ինչ օֆիցիալ դելեգացիա չէինք։ Մեկնելու նպատակը ճամփորդությունն էր։ Իսկ նա մեզ և՛ սուրճ, և՛ սիգար, և՛ կուբական ռոմ հյուրասիրեց։ Ու ինձ էլ մի տասը րոպե թույլ տվեց իրեն լուսանկարել։ Իսկ ինքն էլ, Աստված հոգին լուսավորի, նույնպես մականուն ուներ։ Այո։ Էլ-Կաբալյո, այսինքն՝ հովատակ։ Իմ արած ֆոտոն էլ էր այդպես կոչվում։ Ոչ պաշտոնապես, իհարկե։
            ՊԱՎԵԼ— Լև, աղաչում եմ։ Այդպիսի պատմություն, իսկ մենք դեռևս եթերում չենք։ Գովազդը դեռ չի ավարտվել։
            ԼԵՎ— Վերադառնալով ռադիոընկնդրուհու հարցին։ Հիշում եմ, ողջ երկիրը շրջեցինք․․․ Եվ Հավանան, և Վարադերոն, և Սիենֆուեգոսը․․․ Այ թե որտեղ էր օրալ սեքսը։

Հնչում է ռադիոկայանի ջինգլը։
Տղամարդկանց երգչախումբը ահեղորեն երգում է՝ «Պղնձե հեծյա՜լ»

ՊԱՎԵԼ (դնելով ականջակալները)— Նրանց համար, ովքեր հենց նոր են միացել մեր ռադիոկայանին, ասեմ, որ այսօր մեր՝ «Տան հյուրը՝ տան Աստվածն է» ծրագրում՝ համաշխարհային համբավ ունեցող լուսանկարիչ, մեր հայրենակից և զարմանալի զրուցակից Լև Մետելինն է։ Լև Լեոնիդիչը Նյու- Յորքից առաջին անգամ է եկել Նեվայի վրա գտնվող քաղաք, որտեղ նա անց է կացնում իր կյանքի մեծ մասը՝յոթանասունչորս թվականից սկսած։ Ինչպես միշտ, մեզ մոտ ուղիղ հեռարձակում է: Եվ ինչպես ինձ հուշում է ռեժիսորը, ունենք հեռախոսազանգ ռադիոունկնդրից։ Ալլո, խոսե՛ք։
            ԱՂՋԿԱ ՁԱՅՆ— Ողջու՜յն։ Ես Գրիգորիին հարց ունեմ։
            ՊԱՎԵԼ— Ա՛յ քեզ բան։ Շա՛տ հետաքրքիր է։ Գրիգորի, դուք պատրա՞ստ եք։ Հիշեցնեմ՝ Գրիշան, ինքը՝ Գրիգորին, Լև Լեոնիդիչի թոռն է՝ Ամերիկայից։ Նա եկել է երեկ՝ պապիկի հետ։
            ԼԵՎ— Հավելիր՝ Կոլումբիայի համալսարանի ուսանող է։
            ՊԱՎԵԼ— Օրիո՛րդ, արագ ձեր հարցն ուղղեք Կոլումբիայի հմալսարանի ուսանողին։
            ԱՂՋԿԱ ՁԱՅՆ— Գրիշա՛։ Ի՞նչ ես անում այսօր երեկոյան։
            ԳՐԻՇԱ— Երեկոյա՞ն։ Երեկոյան․․․ Ոչինչ էլ չեմ անում․․․ Ընդհանրապես կուզեի գնալ որևէ նայթ քլաբ։ Կամ էլ ուղղակի բար։ Գարեջուր խմելու։ Լսել եմ, ձեզ մոտ լավերը կան։
            ԱՂՋԿԱ ՁԱՅՆ— Հա։ Ռուբինշթեյնի փողոցում, օրինակ։
            ՊԱՎԵԼ— Խնդրում եմ, առանց գովազդի։
            ԳՐԻՇԱ— Ցույց կտա՞ս։ Միայն թե ժամը յոթին պապիս հետ ժամանակս անցկացնեմ, փակենք իր ցուցահանդեսը։ Իսկ հետո՝ why not! Արի, արի ցուցասրահ։ Այնտեղից էլ կպոկվենք։
            ԼԵՎ— Այ թե ով է փլեյբոյը։ Իսկ դուք ասում եք։
            ՊԱՎԵԼ— Ջահե՛լ արյուն է։ Այնպես էլ ցայտում է տեստեստերոնով։
            ԼԵՎ— Աչքից սուրմա թռցնող է։
            ԳՐԻՇԱ— Իմ գեները լավն են։
            ՕԼԳԱ (շշուկով)— Կարծես թե իմ աղջիկն էր զանգել․․․
            ՊԱՎԵԼ— Շնորհակալություն զանգի համար։ Իսկ մենք նորից ընդհատվում ենք փոքրիկ գովազդով։ Չհեռանա՛ք։

 

 

5.Վերայի բնակարան 

ՎԵՐԱՆ շարունակում է նստած մնալ խոհանոցում։ Սուրճ է ըմպում։ Ռադիո լսում։
Ավարտվում է անիմաստ գովազդային հոլովակը, և եթերում նորից հաղորդումն է՝ Մետելինի մասնակցությամբ։

ՊԱՎԵԼ— Մինչ եթերի ավարտը մեզ ավելի քիչ ժանանակ է մնում, իսկ մենք դեռ այնքան հարցեր ունենք մեր սպասված հյուրի համար․․․
            ՎԵՐԱ— Ոչինչ չհարցրեցիք։ Ինչ ասես․․․
            ՊԱՎԵԼ— Եվ ամեն դեպքում, Լև, այն ժամանակ ինչպե՞ս ձեզ բաց թողեցին երկաթե վարագույրից։ Դուք հիպի՞ էիք։ Թե՞ դիսիդենտ։
            ԼԵՎ— Իսկի մոտ էլ չէի։ Ու նման խոսք էլ չգիտեի։ Ինձնից ի՞նչ հակասովետական։ Ես երիտասարդ սովետական հիմար էի։
            ՎԵՐԱ— Դա ճիշտ է։
            ԼԵՎ— Հետաքրքրասիրությունը մեջս եռում էր։ Իսկ մեկնեցի շատ պարզ ձևով․ մեկնելու հայտ ներկայացրեցի։
            ՊԱՎԵԼ— Դեպի Իսրայե՞լ։
            ԼԵՎ— Բա էլ ու՞ր։ Այն ժամանակ սկսել էին բաց թողնել հրեաներին։ Իսկ Հայֆայում հեռավոր ազգական պապ հայտնաբերվեց։ Յոթ պորտ հեռավորության արյունակից։ Բա՛յց։ Առաջին հերթին, ռավին էր։ Քահանա։ Թալմուդ էր թարգմանում։ Երկրորդը, խաղաղության աղավնի էր։ Այնքան ճիշտ պապ էր։ Ու ինձ էլ բաց թողեցին։ Իբրև թե նրա մոտ։ Ընտանիքի վերամիացման նպատակով։ Ի՞նչ ընտանիք․․․ Այնտեղ ես շուտ հոգնեցի։ Լենինգրադից հետո, մեր պալատներից․․․ Ջրանցքներից հետո․․․
            ՕԼԳԱ— ․․․ Սպիտակ գիշերներից․․․
            ԼԵՎ— Նևսկի պողոտայից հետո, մեկ էլ նման վայրում ես վայր ընկնում, ինչ-որ մի կիբուց։ Իվրիտ սովորել չուզեցի։ Ամուսնանալ՝ առավել ևս։ Համ էլ լավ աշխատանք էլ չգտնվեց։ Ի՞նչ անի այնտեղ լուսանկարիչը։ Կապիկի հետ ափո՞վ շրջեմ։ Թե հարսանիքներ նկարեմ, ու էն, ինչ էր անունը․․․ Բար-միցվա։ Ու արդեն կես տարի անց նահանգներ տեղափոխվեցի։
            ՊԱՎԵԼ (երգում է)— Նյու-Յորք, Նյու-Յո՞րք։
            ԼԵՎ— Բա էլ ու՞ր։ Հո Օկլահոմա չէի գնալու։
            ՎԵՐԱ— Կարող էիր և Հոլիվուդ․․․
            ԼԵՎ— Չէ, միմիայն Մանհեթեն։ Ու այնտեղ հանկարծ ինքըստինքյան պտտվեց, ստացվեց․․․
            ՊԱՎԵԼ (ուրախ)— ․․․ ու ակը գլորվե՜ց։
            ՎԵՐԱ— Աստված իմ, ինչ միաբջիջն է։ Որտեղի՞ց են նման հաղորդավարներ հավաքում․․․
            ՕԼԳԱ— Միգուցե ամեն դեպքում վերադառնա՞նք ցուցահանդեսին։
            ՊԱՎԵԼ— Օլենկա, ինչ իմաստ ունի վերադառնալը՞։ Չէ՞որ այն այսօր փակվում է։ Իմիջայլոց, ես այդպես էլ չտեսա․․․
            ՕԼԳԱ— Երևում է։ Եկեք փակմանը։
            ՊԱՎԵԼ— Իսկ ասացեք, Լև․․․ Կցանկանայի՞ք նկարել մեր․․․ ինքներդ հասկացաք՝ ում։
            ԼԵՎ— Ոչ։
            ՊԱՎԵԼ (սարսափած)— Այսինքն՝ չէ։ Չհասկացա՞ք։
            ԼԵՎ— Հասկացա, դրա համար էլ ասում եմ՝ չէ։
            ՊԱՎԵԼ— Ո՞նց թե չէ։
            ԼԵՎ— Առաջին հերթին, դա անմարկային սթրես կլինի։ Իսկ ես ծեր մարդ եմ։ Սրտային։ Երկրորդը, դժվար թե ինձ քչից-շատից հինգ րոպեից շատ ժամանակ տան․․․ Իսկ դուք ի՞նչ է, նրան ծանո՞թ եք։
            ՊԱՎԵԼ— Ե՞ս։ Չէ․․․ Ի՞նչ եք ասում․․․
            ԼԵՎ— Բա ուրեմն ինչու՞ եք իզուր հարցեր տալիս։ Գուցե ունկնդրողնե՞րը հարցեր ունեն։
            ՎԵՐԱ— Ունե՛ն։ (վերցնում է բջջային հեռախոսը, հավաքում հեռախոսահամարը)— Ունկնդրողները ունեն հարց։ Ալլո՛։
            ՊԱՎԵԼ— Դուք եթերում եք։
            ՎԵՐԱ— Անունս Վերա է։
            ՊԱՎԵԼ— Եվս մեկ ջահել ձայն։ Գրիշա՛, պարտաստվեք։
            ՎԵՐԱ— Ոչ, ես հարց ունեմ ավագ Մետելինին։ Բայց շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, չնայած որ Գրիշային ես տատիկ եմ սազում։
            ՊԱՎԵԼ— Իսկ ձայնից չես էլ ասի։
            ՎԵՐԱ— Լև Լեոնիդովիչ․․․ Լյովա․․․ Լյովուշկա․․․ Դու դեռ հիշու՞մ ես կանաչ աչքերով կնոջը։ Կապույտ վերարկուով․․․հենց նոր հագած․․․
            ՊԱՎԵԼ— Եվ, այո, մեզ մոտ, կարծես թե ևս մեկ հիանալի անծանոթուհի է։ Ինչպես ասում են, երեկոն թեժանում է։ Լև Լեոնիդիչ, զգում է սիրտս, որ հիմա ձեզ էլ են ժամնադրության հրավիրելու։
            ՎԵՐԱ— Պարոն գռգռան, իսկ դուք գոնե մեկ վայրկյան կարող եք կտրել ձեր ձայնը, հը՞։ Լյո՞վա։ Հիշու՞մ ես։ Կապույտ վերարկուով։
            ԼԵՎ— Վերա՞։ Դու՞ ես։ (Պավելին)— Վերա Տրուբաչովան է․․․
            ՎԵՐԱ— Տրուբաչովան է։
            ԼԵՎ— Դու՞ ես։
            ՎԵՐԱ— Ես եմ․․․ Կենդանի եմ․․․ Զանգել եմ․․․
            ԼԵՎ— Վերա․․․ Վերոչկա՜․․․ Ընկերներ, Վե․․․
            ՎԵՐԱ— Լյովա․․․ Հիշու՞մ ես։

             Դադար։ Լռություն է եթերում։

            Լյովուշկա՞։ Ալլո՛։
            ԳՐԻՇԱ— Պա՛պ։
            ՕԼԳԱ— Տե՛ր իմ։ Նա վատ է։ Տղանե՛ր։ Ջու՛ր տվեք։ Ջու՛ր տվեք, ասում եմ։ Բժի՛շկ կանչեք․․․ «Շտապ օգնություն», Պավե՛լ։
            ՎԵՐԱ— Լյովա՛։
            ՊԱՎԵԼ— Ե՛րգ։ Ե՛րգ դրեք։ Գովա՛զդ։ Գրողը տանի․․․ Լև Լեոնիդիչ։ Բարեկամներ, մի փոխեք ալիքը, խնդրում եմ։ Վերա՛։ Կապույտ վերարկուով։ Քաղաքացի Տրուբաչովա։ Մնացե՛ք մեզ հետ։ Սա էքսկլյուզիվ է։ Սա սենսացիա է։

            Հնչում է ռադիոկայանի ջինգլը՝ սմբակների ձայնն ու ձիու խրխնջոցը։

 

 

6․
 Ցուցասրահ
ԺԱՆՆԱՆ, ՍԱՇԱՆ ու ՊԱՈՒԼԻՆԱՆ թեյում են՝ փոքրիկ սեղանի շուրջ

 

 

ԺԱՆՆԱ— Ես այնպե՛ս վախեցա։ Մազերս բիզ-բիզ կանգնեցին։
            ՍԱՇԱ— Հա, մենք արդեն տեսանք․․․ Ցանկացած մարդ տակը կլցներ։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Պատկերացրեք, ոնց որ վատ ամերիկյան ֆիլմում՝ մահ՝ ուղիղ եթերում։
            ԺԱՆՆԱ— Ու վե՛րջ (երգում է)— «Գուդբայ, Ամերիկա, օ՜։ Ընդմիշտ բարով մնա՛ս․․․»։ Ու մեր փակումն էլ ջուրն ընկներ։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Հակառակը։ Հուշ երեկո կկազմակերպեինք։
            ԺԱՆՆԱ— Հզոր ծերուկ է։ Թեթև վախով պրծավ։ Շունչ առավ, ջուր խմեց ու զվարճանքը հաղթական ավարտին հասցրեց։
            ՍԱՇԱ— Իսկ մեկ ուրիշը կհանձնվեր։
            ԺԱՆՆԱ— Մի խոսքով՝ ռուսական խառնվածք։

ՊԱՈՒԼԻՆԱ— Իսկ Վերան նա է, որ․․․
            ՍԱՇԱ— Ծեր կախի՛չ։
            ԺԱՆՆԱ— Արքայադուստր Տուրանդոտն է։
            ՊԱՈՒԼԻՆԱ— «Լյովուշկա՜։ Իսկ հիշում ես կանաչ աչքերով կնոջը․․․»։
            ԺԱՆՆԱ— Հարկավոր է փակմանը նրան էլ հրավիրել։ Թե հայտնվել է․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Մամոչկան գրանցել է նրա հեռախոսահամարը։ Կարծում եմ, որ արդեն նաև զանգել է։
            ԺԱՆՆԱ— Պատկերացնում եք՝ այսօր ինչ տեսակ օր է։ Եվ այդ ուսանողը հանկարծ դուրս եկավ՝ Պուզիրկովսկին․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Մուզալևսկի․․․
            ՍԱՇԱ— Մոզգոկրուտո՛վ։
            ԺԱՆՆԱ— Հաստա՛տ։ Ինչ-որ պղտոր բան կա նրա մեջ։ Տոքսիկ։ Ու էդ տատին։ Կապույտ աչքերով։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Կանա՛չ։ Իսկ մենք վստահ էինք, որ նա արդեն այն աշխարհում է։ Տեսնենք իրականում ինչ գույնի են նրա աչքերը։
            ԺԱՆՆԱ— Իր տարիքում ի՜նչ աչքեր։ Կատարակտ։ Գլաուկոմա։ Ակնաբյուրեղի խամրում։ Բաբա-Յագա՛։ Ինչ-որ պառավն ինչիդ է։ Դու Գրիշային աչքիցդ բաց մի թող։

Փողոցից գալիս է ՄԱՔՍԻՄԸ։ Նրա ձեռքում հաստափոր պորտֆել է։

ՍԱՇԱ— Ինչպիսի մարդիկ ու առանց պահակախմբի։
            ՄԱՔՍԻՄ (Սեղմելով Սաշայի ձեռքը)— Իսկ ես մի փոքր շուտ․․․ Մտածում եմ՝ ու ի՞նչ սպասեմ։ Չէ՞որ մենք ուզում էինք փորձ անել։
            ԺԱՆՆԱ— Ու ճիշտ է, որ շուտ ես եկել։ Անցիր, Մաքսիմիչ։ Հագուստը՝ կախիչին։ Պորտֆելը՝ պահեստանոցում։ Օգնեմ, թե ինքդ կկարողանա՞ս։
            ՄԱՔՍԻՄ— Ի՞նչ է, հո փո՞քր չեմ։
            ԺԱՆՆԱ— Ծեր, թե փոքր, նույնն է։
            ՄԱՔՍԻՄ— Դա կոմպլիմե՞նտ էր, թե վիրավորա՞նք։
            ՍԱՇԱ— Դա՝ Ժաննան է։
            ՄԱՔՍԻՄ— Ես, Ժաննոչկա, դեռ՝ օհո—հո՜։
            ԺԱՆՆԱ— Հերձումը ցույց կտա։
            ՍԱՇԱ— Իսկ ահա Մետելինը ռադիոյով հայտարարեց, որ ինքը արդեն, այն բանից է։ Իր սեքսուալ կյանքի եզրին է։
            ՄԱՔՍԻՄ— Ստու՛մ է։ Ոնց կնամոլ կար, այդպես կնամոլ էլ կմեռնի։
            ՍԱՇԱ— Վիագրան հրաշքներ է գործում։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Թեյ կխմե՞ք։
            ՄԱՔՍԻՄ— Ավելի լավ կլինի, իհարկե, փրփրուն խմել։ Սառը։
            ԺԱՆՆԱ— Ինչպես կասեր տատս՝ շամպուն չենք պահում։
            ՄԱՔՍԻՄ— Իսկ ես ճանապարհին գնել եմ։
            ՍԱՇԱ— Մերոնցակա՛ն եք։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Մենք աշխատավայրում չենք խմում։
            ԺԱՆՆԱ— Իսկ մենք խմում ենք։
           

 ՄԱՔՍԻՄԸ պորտֆելից հանում է շամպայնը։
Շիշը մեկնում է Ժաննային։ Վերջինս դժվարությամբ կարդում է պիտակի վրայի գրությունը։

«Մոնմարտրի ֆլյոր»։ Պատրաստված է Պետստանդարտով։ Փրփրուն գինիների գործարան։ Քաղաք՝ Նեֆտեյուգանսկ․․․ Օյ, չէ։ Այ նման բան հաստատ չենք խմում։ Նմանով հատակն ենք լվաում։
            ՍԱՇԱ (Ժաննային)— Օխ, ինչ էլ սուր լեզու ունես։ Մարդը՝ սրտանց է բերել։
            ՄԱՔՍԻՄ— Փոքրիկ թոշակով։
            ԺԱՆՆԱ (Մաքսիմին)— Արի, հարգելիս, ես այս նեկտարը պորտֆելի հետ միասին պահեմ, որ ոչ ոք աչք չտնկի, իսկ գնալիս, հետդ կտանես։
            ՄԱՔՍԻՄ— Ինչ կարիք կա պահելու։ Դուք չեք խմում, ժողովուրդը կխմի։
            ԺԱՆՆԱ— Նի-նի-նի՜։ Մեկ է, ողջ ժովորդին թունավորելու համար մեկ շիշը հաստատ քիչ է։ Ու մեզ մոտ, Մաքսիմիչ, այսօր խիստ է՝ ոչ մի ինքնագործունեություն։ Մենք մոդայիկ ցուցասրահ ենք։ Ամեն ինչ ներկայանալի ձևով է լինելու․ կոկտեյլներ, մինի բուրգերներ, պտիֆուրներ։
            ՄԱՔՍԻՄ— Դա ի՞նչ է։
            ԺԱՆՆԱ— Դա այդպիսի ուտելիք է։ Հիմա քեյթերինգը կգա, կդասավորվի ու ամեն ինչ կտեսնես։
            ՄԱՔՍԻՄ— Իսկ դա ո՞վ է։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Թեյ խմեք, Մաքսիմ Մաքսիմիչ։ Ձեր գլուխը անիմաստ ինֆորմացիայով մի լցրեք։
            ՄԱՔՍԻՄ (հեռախոսի մեջ է փնտրում է)— Ինչպե՞ս ասացիր։ Քեյթերի՞նգ։ (Դադար) Գտա՛։ Քեյթերինգ։ Սնունդի մատակարարում։ (Դադար) Գտա, բայց չհասկացա։ Ինքներդ ինչ է, բուտերբրոդներ սարքել չե՞ք կարող։

ՄԱՔՍԻՄԸ նստում է։ Վերցնում թեյի բաժակը։ Ըմպում է։ Հետ դնում բաժակը։

            Եռման է։ Եռմանը կերակրափողին վնաս է։ Հեռուստացույցով էին ասում․․․ Եկեք դեռ ձեզ համար խոսքս կարդամ։

ՄԱՔՍԻՄԸ պիջակի գրպանից հանում է ծալած թուղթը։

ԺԱՆՆԱ— Դու ի՞նչ է, թղթո՞վ ես պատրաստվում խոսել։
            ՍԱՇԱ— Իսկ դու ի՞նչ էիր ուզում։ Ինքը լուսանկարիչ է, ոչ թե մշակույթի նախարար։ Նրա համար շեղվելը մի վայրկյան է։
            ՄԱՔՍԻՄ— Ինձ համար շեղվելը մի վայրկյան է։ Միայն թե ես կանգնեմ, լա՞վ։ Հայտարարի՛ր։
            ԺԱՆՆԱ— Իսկ այժմ խոսքը տրվում է Լև Մետելինի վաղեմի ընկերոջը, նույնպես հայտնիագույն լուսանկարիչ՝ Մաքսիմ Մաքսիմովիչ Պոլովինկոյին։
            ՄԱՔՍԻՄ— Չէ, «հայտնիագույն» պետք չէ։
            ՍԱՇԱ— Ինչու՞։
            ՄԱՔՍԻՄ— Անմիտ ածական է։ Ոչինչի մասին։ Եթե ես ճանաչված եմ, ապա պիտի որ իմանան։ Ու «նույնպես»—ն էլ պետք չէ։ Եվ «լուսանկարչի»—ն էլ չասես։ Ի՞նչ ես մեզ նույն սանդղակին դրել։ Ես՝ ու՞ր, նա՝ ու՞ր․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Համեստություն մի արեք, դուք մեր դասականն եք։
            ԺԱՆՆԱ— Քաղաքի հպարտությունը։
            ՄԱՔՍԻՄ— Ահա, քաղաքային խելագարը․․․Հա՛։ Ու «վաղեմի»—ն էլ է ավելորդ։ Իմ վրայից ի՞նչ է, չի՞ երևում, որ վրայիս ավազը թափվում է։ Ու առանց հայրանունի։ Մենք ԺԷԿ—ում ժողովի չենք։ Պարզապես ասա՝ խոսքը տրվում է Մաքսիմ Պոլովինկոյին։
            ՍԱՇԱ— Ճիշտ է։ Ով ճանաչում է՝ ուրեմն ճանաչում է։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Իսկ մյուսները թող վիքիպեդիա գուգլեն։
            ՄԱՔՍԻՄ— Լավ, երեխեք։ Ես պարզապես լարվածությունից բորբոքվեցի։ Նյարդային լարվածություն է։ (Երգում է) «Լսեք, եթե ուզում եք, ձեզ համար ես կերգեմ» Մի վախեցեք։ Չեմ երգի։ Կատակ էր։ (Բարձրաձայն) Ընկերնե՛ր։ (Սաշային, կողքից)— Չեմ սիրում ես այդ «տիկնայք ու պարոնայք», «լեդիներ և ջենթլմեններ», «եղբայրներ ու քույրեր»։
            ՍԱՇԱ— Ճի՛շտ է։ Ես էլ չեմ ընդունում։
            ՄԱՔՍԻՄ (կարդում է)— Ընկերնե՛ր։ Ես թղթով եմ կարդալու։ Որովհետև ելույթ ունեցողներին հաճախ մի այլ կողմ է տանում, և ինչպես կասեր մի պոետ, ինձ հետ նույն հարկում բնակվող հարևանս, ռազմիկները հիշում են անցած օրերն ու էլի այլ հիմարություններ։
            ՍԱՇԱ— Ռազմիկների մասին լավ ասացիր։ Ծիծաղելի է։
            ՄԱՔՍԻՄ— Իհարկե, ծիծաղելի է։ Դա հո ես չեմ ասել։ Մեջբերու՛մ է։
            ՍԱՇԱ— Այ մենք բանակում ճիշտ այդպես․․․
            ԺԱՆՆԱ— Է՜յ, Ալեքսանդր Մակեդոնացի․․․
            ՍԱՇԱ— Լռու՛մ եմ։ Շարունակիր, Մաքսիմիչ։
            ՄԱՔՍԻՄ (շարունակում է)— Ես թղթով եմ կարդալու։ Դա արդեն ասացի։ Հա, ուրեմն։ Գտա․․․ Հաճախ ելույթ ունեցողներին մի այլ կողմ է տանում։ Իսկ թուղթն օգնում է հավաք պահել քեզ․․․ Լև Լեոնիդովիչին ես ավելի վաղուց եմ ճանաչում, քան դուք բոլորդ։ Մենք նույն հանրակացարանում ենք ծնվել։ Անգլիական պողոտա, երկրորդ շենք։ Քառասուն թվին։ Միայն Լյովան ինձնից մեծ է։ Երկու շաբաթով։ Ու երեք տասնամյակից ավել, նախքան նրա մեկնելը մենք հարևաններ էինք, ընկերներ, դասարանցիներ, համակուրսեցիներ, կոլեգաներ ու բաժակակիցներ։ Ու թե ուտել-խմելու կամ որևէ կոմսոմոլուհու կպցնելու առումով մենք շունչ առ շունչ էինք շարժվում, ապա, ինչ վերաբերվում էր լուսանկարչությանը, նա միշտ առաջին տեղում էր։ Բարեկրթում էր ինձ, հորդորում, ուղղորդում։
            Անգամ երբ մեկնեց։ Որովհետև այնտեղից ոչ միայն ջինսեր ու ծխախոտ, այլև զանազան ալբոմներ էր ուղարկում։ Այո, Լյովկան հանդգնեց ու գնաց։ Ու գրավեց աշխարհը։ Իսկ ես այդպես էլ մնացի ապրելու պահածոյի բանկայում։
            ՍԱՇԱ— Մի տեսակ ինքնանվաստացուցիչ է, Մաքսիմիչ։ Ջնջիր։ Հո բոլրը չէ, որ պիտի հեռանան․․․
            ՄԱՔՍԻՄ (թերթելով էջը)— Ի՞նչ ասել է լուսանկարչություն, եթե այդ մասին խոսել փիլիսոփայական տեսանկյունից։
            ԺԱՆՆԱ— Օ՜, էս ու՞ր քեզ տարավ․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Փիլիսոփայակա՜ն։ Վա՜յ, մամա ջան։ Իսկը Սյուզեն Զոնտագն է։
            ՍԱՇԱ— Մի՛ լսիր նրանց, Մաքսիմիչ։ Շարունակի՛ր։ Ի՞նչ էր այնտեղ, եթե՞․․․
            ՄԱՔՍԻՄ (շարունակում է կարդալ)— Լուսանկարչությունը՝ խիզախություն է։ Լուսանկարչությունը՝ ազատություն է։ Դա գայթակղություն է։ Եվ դա, ընկերներ, լպիրշություն է։ Այո՛։ Բառի լավ իմաստով։ Ուրեմն նշանակում է՝ դա էլ խիզախություն է։ Ու վերոնշյալ ամեն ինչը ունի մեր Լև Մետելինը, որը վերջապես հայտնվեց իր հայրենի քաղաքում սեփական պերսոնայով, թե չէ միշտ մենք էինք նրա մոտ մեկնում։ (Ժաննային) Ջուր կա՞։ Ինչ-որ բան կոկորդումս է։ Ցամաքել է․․․ Խտղտում է․․․ Վաղուց ելույթ չեմ ունեցել։

 

 

7․ Վերայի բնակարան

ՎԵՐԱՆ կերպարանափոխվել է․ նա հարդարված է, շպարված, հագին գեղեցիկ զգեստ է ու գլխարկիկ։

 

            Դուռը շրխկում է։ Ներս է մտնում ՆԵՍՏՈՐԸ։
            ՆԵՍՏՈՐ— Ի՞նչ է պատահել։
            ՎԵՐԱ— Կոկոշնիկս եմ մաքրել։ (սեղմում է մատները)։ Սանրվածք։ Դիմահարդարում։ Մատնահարդարում։ Զգեստ։ Այսքան բան։ Գլխիս էլ․․․ Լարիսկան օգնեց․․․
            ՆԵՍՏՈՐ— Ինչու՞, թույլ տվեք իմանալ։
            ՎԵՐԱ— Ծերությունը պիտի կոկիկ լինի։
            ՆԵՍՏՈՐ— Ամեն ինչը երգ ու պար է․․․
            ՎԵՐԱ— Մենք ցուցահանդեսի ենք գնում, Մուզալևսկի։ Լյովուշկայի ցուցահանդեսի փակմանը։ Եվ դա չի քննարկվում։
            ՆԵՍՏՈՐ— Ինչու՞։ Ես որ կքննարկեի։

            ՆԵՍՏՈՐԸ սեղանի շուրջ է նստում։

            ՎԵՐԱ— Մեր տունը բանավեճի տեղ չէ։ Բոլոր ձևերը պահպանված են։ Քեզ և ինձ ցուցասրահի տնօրինուհին պաշտոնապես հրավիրել է։ Մեզ ուրախ կլինեն։ Հյուրը տանը՝ տան Աստվածն է։
            ՆԵՍՏՈՐ— Ի՞նչ ես խոսում, Վերա։ Ի՞նչ ես այնտեղ մոռացել։
            ՎԵՐԱ— Կցրվեմ։ Մարդկանց կտեսնեմ։ Ինձ տպավորություններ են հարկավոր։ Թե՞ դու ուզում ես, որ ես վերջնական դուրս թռնեմ սոցիալական շրջանակից։
            ՆԵՍՏՈՐ— Նա, իմիջայլոց, ցուցադրել է քո լուսանկարը։ Հենց այն՝ կապույտ զգեստով։
            ՎԵՐԱ— Ոչ մի րոպե չէի կասկածում։ Բա սովետական շրջանից էլ ի՞նչ պիտի ցուցադրեր։ Ֆիդել Կաստրոյի՞ն։ Գրիգորի Ռոմանովի հանդիպու՞մը հին բոլշևիկների հետ։ Ոնց էլ չլինի ես նրա մուսան եմ։
            ՆԵՍՏՈՐ— Ցանկություններդ իրականության տեղ մի մատուցիր։
            ՎԵՐԱ— Լավ։ Փարատեմ ինքնասիրությունդ։ Մուսաներից մեկը։ Ապոլոնի մոտ քանի՞սն էին։ Ինը՞։ Ըստ երևույթին, Լյովուշկայի մոտ այստեղ նույնքան էինք։ Բայց «Կանաչ աչքերով կինը» Տրուբաչովան է։ Ու դա արդեն իսկ դասական է։ Ինչպես․․․ չգիտեմ․․․ ինչպես ասենք Լիլիա Բրիկը Ռոդչենկոյի համար։
            ՆԵՍՏՈՐ— Բայց չէ՞որ դու պատռել ես քո դիմանկարը։
            ՎԵՐԱ— Լիարժեք հիմար եմ եղել։
            ՆԵՍՏՈՐ— Իմ առջև։ Մանր կտորների։ Ու վառեցի՛ր։
            ՎԵՐԱ— Լուսանկարները չե՛ն վառվում։(Դադար) Ոչ թե քո առջև, Մուզալևսկի, այլ քո պատճառով։ Քո անմիտ խանդի պատճառով։
            ՆԵՍՏՈՐ— Ախր նա օգտագործում էր քեզ։ Ինչպես և մյուս այդ․․․ մուսաների՛ն։ Վարվեց քեզ հետ, ոնց տիկնիկի հետ կվարվեր։
            ՎԵՐԱ— Իսկ դա թանգարանային նմուշ էր, իմիջայլոց։ Հիմա հանգիստ կվաճառեի համապատասխան հարմար գնով ու հանգիստ կապրեի։
            ՆԵՍՏՈՐ— Վերա՛։ Դու միայն լսում ես այն, ինչ ցանկանում ես լսել․․․ Ախր նա թողե՛ց քեզ․․․
            ՎԵՐԱ— Նա երկիրը թողեց։ Ինձ էլ դրա հետ մեկտեղ, կոմպլեկտով։ Այստեղ ես նրա ներշնչանքի աղբյուրն էի, իսկ այնտեղ ծանր հոգս էի դառնալու։ Ի՞նչ կա այստեղ չհասկանալու։

 Երկար դադար
            ՆԵՍՏՈՐ— Նա իմ դիմանկարն էլ է ցուցադրել։
            ՎԵՐԱ— Եվ դա էլ է կլասիկա։ «Օգոնյոկի» շապիկին էր։ Ես քեզ այդ ժամանակ առաջին անգամ տեսա․․․ Նեստո՛ր, թանկագին իմ Նեստո՛ր։ Բայց թե մեկն էլ մեզ հիշի քսան տարի անց, այդ Լյովուշկայի ու նրա արած նկարների շնորհիվ է լինելու։
            ՆԵՍՏՈՐ (ոտքի կանգնելով)— Պետք չէ ինձ հիշել։ Քսան տարուց ես դեռ ողջ- առողջ եմ լինելու։ Իմ դագաղը դեռ աղմկում է անտառում։
            ՎԵՐԱ— Իսկ ես իմ հաշվով համոզված չեմ․․․
            ՆԵՍՏՈՐ— Այդպես մի ասա։
            ՎԵՐԱ— Ի՞նչ կա դրանում։ Ես հասկանում եմ, տեխնիկական է, թե ինչպե՞ս է դա կոչվում․ նանո հեղափոխություն։ Գիտությունն առաջ է գնում։ Տեղյակ եմ։ Մեզ օրեցօր անմահություն են խոստանում։ Հավերժ երիտասարդություն։ Թռիչք դեպի Մարս։ Սև խոռոչ։ Տելեպորտացիա։ Ինչ-որ չիպսեր գլխում։
            ՆԵՍՏՈՐ— Չիպե՛ր։
            ՎԵՐԱ— Չէ, երեխեք, չէ։ Այդ ամենը, խնդրում եմ, առանց ինձ։ Ինձ, ասենք, բացարձակ անհետաքրքիր է՝ կա՞ն արդյոք բակտերիաներ և գործող հրաբուխներ Մարսի վրա։ Ինձ անգամ Լուսինը չի հուզում։ Թեև այն ավելի մոտ է։ Պատուհանից է երևում։
            ՆԵՍՏՈՐ— Ի՞նչ կապ ունի Լուսինը։ Ի՞նչ տելեպորտացիա։ Ի՞նչ ես դուրս տալիս, Վերա․․․
            ՎԵՐԱ— Համարիր, որ ուրախությունից կտուրս թռել է․․․
            ՆԵՍՏՈՐ— Ինչի՞ համար ես ուրախացել։
            ՎԵՐԱ— Նրա՛։ Նրա՛։ Դա գլխավոր ու միակ պատճառն է, որի համար ես պիտի այնտեղ գնամ։

 Դադար։ ՆԵՍՏՈՐԸ սեղանի շուրջ է նստում։
            ՆԵՍՏՈՐ— Վերա։ Քեզ չի կարելի ներկա գտնվել այդ գրողի տարած ցուցահանդեսին։ Լրագրողներ են լինելու։ Հեռուստաընկերություն։ Ու, այ կտեսնես, անպայման կհայտնվի ինչ-որ մեկը դեղին մամուլից։ Այդ բլոգերները։ Կսկվեն հարցերը։ Ի՞նչ ու ինչպե՞ս։ Անմիջապես կսկսեն տպել։ Բամբասաքներ կտարածվեն։
            ՎԵՐԱ— Շա՛տ լավ է։ Պաշտում եմ բամբասանքները։ Պաշտում եմ ասեկոսեները։ Թո՛ղ խոսեն։ Դա իմ փառքի տասնհինգ րոպեն կլինի։
            ՆԵՍՏՈՐ— Վերա՛։
            ՎԵՐԱ— Ի՛մ։ Մի վերցրու դա ինձնից, Մուզալևսկի։
            ՆԵՍՏՈՐ— Քո սիրտը թույլ է․․․
            ՎԵՐԱ— Ոչ։ Իմ ոտքերն են թույլ։ Իսկ մարմնի մյուս մասերի համար մենք կվերցնենք իմ դեղերն ու վիտամինները։ Նույնիսկ ակտիվացված ածուխը։ Ես արդեն լցրել եմ կոսմետիչկաս։

 Դադար

ՆԵՍՏՈՐ— Ինչպե՞ս դու չես կարողանում հասկանալ․․․ Ե՛ս։ Ես չեմ ցանկանում հանդիպել նրան։ Ե՛ս։ Չեմ ուզում քրքրել անցյալը։
            ՎԵՐԱ— Մի՛ քրքրի։ Մի՛ շփվիր։ Մի կողմ անցիր, եթե չես ուզում։ Իսկ ես ուզում եմ։ Եվ գնալու՛ եմ։ Եվ պնդում եմ, որ դու զգեստափոխվես։ Լարիսկան, նա ուղղակի մայր Թերեզան է, սեփական նախաձեռնությամբ հարդուկել է տաբատդ ու բաճկոնդ։ Անպայման «թիթեռնիկը» կկապես։ Ու կոշիկներդ կմաքրես։
            ՆԵՍՏՈՐ— Եվ ատամներս։ Ատամներս էլ կմաքրեմ։
            ՎԵՐԱ— Կհայտնվենք հավուր պատշաճի զգեստավորված։
            ՆԵՍՏՈՐ— Պնդու՞մ ես։
            ՎԵՐԱ— Իսկ մի՞թե ես օրվաս կեսն ու կես թոշակս հենց այնպես եմ ծախսել այս բոլոր մանիպուլյացիաների վրա։
            ՆԵՍՏՈՐ— Արի ռեստորան գնանք։ Համերգ լսենք։ Կամ էլ թատրոն։ Կուզե՞ս, ես կզանգեմ։ Ո՞րն ես ուզում։
            ՎԵՐԱ— Ոչ մեկը։
            ՆԵՍՏՈՐ— Ուրեմն հյուր գնանք։ Ճիշտ որ, հյուր կգնանք։ Ու՞մ մոտ վաղուց չենք եղել։
            ՎԵՐԱ— Մենք վաղուց Մետելինի մոտ չենք եղել։ Քառասուներեք տարի։ Ու եթե ես նրան այսօր չտեսնեմ, ուրեմն այլևս երբեք չեմ տեսնի։
            ՆԵՍՏՈՐ— Մեծ չէ կորուստը․․․
            ՎԵՐԱ— Դա իմ ֆինիսաժն է։ Իմ։ Այդ ես եմ արդեն հասել ֆինիշին։ Զգուշացիր, Նեստոր, դռները փակվում են․․․
            ՆԵՍՏՈՐ— Այդպես մի ասա։ Մի ասա։

Ցուցասրահ։ Ներս են մտնում ԼԵՎԸ, ԳՐԻՇԱՆ ու ՕԼԳԱՆ
            Նրանց դիմավորում են ԺԱՆՆԱՆ, ՊԱՈՒԼԻՆԱՆ, ՍԱՇԱՆ ու ՄԱՔՍԻՄԸ։

ԺԱՆՆԱ (Լևին՝ օգնելով հանել նրա վերարկուն)— Ա՜յ, Լև Լեոնիդիչ։ Ա՜յ, մաեստրո։ Ախր ո՞նց հաջողացրիք վախեցնել մեզ։
            ԼԵՎ— Ես ինքս ինձ վախեցրի։ Ո՞վ կիմանար․․․ «Ոչ երկիր, ոչ գերեզման ես չեմ ընտրելու։ Վասիլևսկի կղզի եմ գալու մեռնելու»։ Բայց՝ չմեռա։ Լուսանկարիչները, ի դեպ, երկար են ապրում։ Համաշխարհային ստատիստիկա կա։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Իսկ եթերը ուղղակի ընտիր էր։
            ԺԱՆՆԱ— Այո, Լև Լեոնիդիչ։ Լսում էինք, առանց պոկվելու։
            ԼԵՎ— Աղջիկներ, իսկ կոչեք ինձ պարզապես Լյովուշկա։
            ԺԱՆՆԱ— Ես այդպես միանգամից չեմ կարող։ Մի քիչ պետք է խմել խիզախության համար։
            ՄԱՔՍԻՄ— Իսկ ես կարող եմ։ Ես նրա հետ մի ցիստերն խմել եմ։ Բարևնե՜ր ծեր շտիբլետից։

 ԼԵՎՆ ու ՄԱՔՍԻՄԸ գրկախառնվում են։
            ԼԵՎ— Մենք ե՞րբ ենք վերջին անգամ կոնծել։
            ՄԱՔՍԻՄ— Իսկ ես կասեմ։ Յո՛թ տարի առաջ։ Ես հենց քո հոբելյանին էի եկել․․․
            ԼԵՎ— Իրոք։ Լիզան դեռ կենդանի էր․․․ Ո՜նց էր նա մեզ նախատում։ Ո՜նց էր պարսավում․․․
            ՄԱՔՍԻՄ— Վերջին բառերով․․․
            ԼԵՎ (Գրիշային)— Մաքսիմ պապիկին հիշու՞մ ես։ Նա՝ իմ գլխավոր լենինգրադցի ախպերն է։ Ի նկատի ունեմ, ընկերը։

             ՄԱՔՍԻՄԸ գրկում է ԳՐԻՇԱՅԻՆ
            ՄԱՔՍԻՄ— Ոնց չի հիշի։ Չէ՞, Գրինյա։ Մեր թոշնանքի, քո ծաղկունքի ժամանակն է։ Մեծացել, առնականացել է․․․
            ԼԵՎ— Սափրվու՛մ է։
            ՄԱՔՍԻՄ— Իսկ ես քեզ դեռ, ի՞նչ է անունը․․․ թինեյդժեր ժամանակ եմ տեսել։
            ՕԼԳԱ (Ժաննային)— Թեյ պատրաստիր, խնդրում եմ։ Մարդիկ ճանապարհից են․․․ Պարոնա՛յք։ Թե՜յ։ Կամ միգուցե մեկնումեկդ սու՞րճ է ուզում։ (Լևին) Հիմա՞ նայենք նկարների բաշխումը։
            ԼԵՎ— Ի՞նչ է, ես իմ նկարներները չե՞մ տեսել։ Առավել ևս, վաղը միևոնույնն է, դրանք բոլորը պետք է հանել․․․
            ՄԱՔՍԻՄ— Ահա-ահա, Լյովուշկա, զարմացրիր Հյուսիսային Պալմիրային։ Սպասում էինք բացմանը, իսկ հերոսը ժամանեց փակմանը։
            ԼԵՎ— Չէի կարող, եղբայր։ Ոչ մի կերպ չէի կարող։ Սե լյա վի։
            ՄԱՔՍԻՄ— Ես հասկանում եմ։ Դա հո Սեստրորեցկը չի, որ ամառանոց գնաս գաս։ Մոտ տեղ չէ․․․ Ու մեր տարիքում էլ այստեղ-այնտեղ ուզածիդ պես չես գնա գա․․․
             ԺԱՆՆԱ— Ի՜նչ տարիքի մասին է խոսքը։ Ես որ Լև Լեոնիդիչին․․․
            ԼԵՎ— Լյովուշկային։
            ԺԱՆՆԱ— Ես ձեզ, Լյովուշկա Լեոնիդի, ձեր անձնագրային տվայլները բանի տեղ չէի դնի։ Մաքսիմում՝ վաթսուն պլյուս։
            ՄԱՔՍԻՄ— Իսկ ինձ ինչքա՞ն կտաս։ Մենք նրա հետ նույն թվին ենք ծնված։ Երկու շաբաթվա տարբերությամբ։
            ՕԼԳԱ— Ժաննա՛, թեյը։
            ԼԵՎ (Օլգային)— Տեսնենք ինչպե՞ս եք նկարները բաշխել, հը՞։ Կամ ծրագրով անցնե՞նք։ Չէ՞որ ես սիրում եմ ամեն ինչ վերահսկել։ Էնդի Ուորհոլն հենց այդպես էլ կոչում էր՝ քոնթրըլ ֆրիկ։ Վերահսկելու մոլագար։
           
 Մի կողմ են անցում

ՕԼԳԱ— Այպես ուրեմն․․․ Այս դահլիճում դիմավորում ենք, հանվեցնում, և ինչպես աղջիկս է ասում՝ տժժացնում։ Վելքըմ-դրինք։ Մակագրություն։ Պրես վոլ։ Հարցազրույց։ Ու ելույթներն էլ այստեղ կլինեն։
            ՄԱՔՍԻՄ— Լյովա, ես էլ իմ ներդրումը կունենամ։
            ՕԼԳԱ— Բնականաբար։
            ՄԱՔՍԻՄ— Այնպիսի ճառ եմ գրել․․․ Ասացին՝ Սյուզեն Զոնտանգը նյարդային ծխում է։
            ԼԵՎ— Լավ դե, հիմա ամեն ինչ մի պատմիր։
            ՕԼԳԱ— Պաշտոնական մասը կսկսենք հանգամանքներից ելնելով, բայց կարծում եմ, որ յոթ անց կես բոլորն արդեն հավաքված ու նկարները նայած կլինեն։ Առաջին դահլիճում և երկրորդում բուն էքսպոզիցիան կլինի։ Հեռու գտնվող դահլիճում՝ ֆուրշետը։ Բայց դա արդեն ճառերը վերջացնելուց հետո։ Նման մի բան․․․
            ԼԵՎ— Ավելի լավ սցենար չէր էլ լինի մտածել։
            ՕԼԳԱ— Եվ երաժշտությու՛ն։ Կենդանի երաժշտություն։ Տավիղահարուհի է նվագելու։
            ԺԱՆՆԱ— Թավջութակահարուհի։
            ՕԼԳԱ (Ժաննային)— Իմիջայլոց, իսկ որտե՞ղ է նա։
            ԺԱՆՆԱ— Կոշիկներն է փոխում։ Համերգային զգեստն է հագնում։
            ՕԼԳԱ— Իսկ ծաղիկները՞։
            ԺԱՆՆԱ— Բերել են։ Հիմա կդասավորենք։
            ԼԵՎ— Շա՛տ լավ է։

Ցուցասրահի խորքից հայտնվում է թավջութակահարուհին՝ թավջութակը ձեռքին։

            ԺԱՆՆԱ— Ահա և մեր երաժշտությունը։ Սեփական անձով։

            ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻՆ խոնարհվում է ու նստում աթոռին։

            ԼԵՎ— Պաշտու՛մ եմ թավջութակը։ Ամենասեքսուալ գործիքն է։ (Թավջութակահարուհուն) Իսկ պատկերացրեք, որ ես այստեղ չեմ․․․

ԼԵՎԸ պիջակի գրպանից հանում է փոքրիկ ֆոտոապարատը և սկսում նկարել թավջութակահարուհուն։

Եվ ընդհանրապես ոչ ոք չկա։ (Գրիշային) Գրիշկա, դու՛րս արի կադրից։ Թեև՝ չէ։ Կանգնիր, որտեղ որ կանգնած ես․․․ (Թավջութակահարուհուն)։ Իսկ դուք դեռ մի նվագեք, չէ, այլ միայն պատրաստվեք, կանխավայելեք նվագը․․․(Շարունակում է լուսանկարել) Ողջ երաժշտությունը պետք է աչքերով նվագվի։ Կկարողանա՞ք․․․

ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻՆ չռում է աչքերն ու սկսում պտտել դրանք։
            Այո՛։ Հենց այդպե՛ս։ Այդպե՜ս։ Հիանալի՜ է։ Մադոննա՛ միա։ Բելիսիմո՜։ (Պահում է ֆոտոխցիկը) Դուք ինձ համար երկրորդ մարդն եք՝ թավջութակով։
            ՄԱՔՍԻՄ— Իսկ առաջինն ո՞վ էր։
            ԼԵՎ— Իհարկե, Ռոստրոպովիչը։ Սլավան, Սլավոչկան․․․ Հոգին լուսավորվի։ Ի՜նչ ընկերություն էինք անում․․․ Ո՜նց էինք խմում։ Ինչ խուլիգան էր, է՜հ։ (Մաքսիմին) Արի գնանք, քեզ մի պատմություն պատմեմ․․․ Այդ հուշը կանացի ականջների համար չէ։

            ԼԵՎԸ ՄԱՔՍԻՄԻՆ ցուցասրահի խորքն է տանում։
            Ապշած ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻՆ սկսում է նվագել։

 

 Ցուցասրահ։ Անտեսանելի ամբոխի ժխորի ձայն։
             ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐՈՒՀԻՆ նվագում է։
Խոսափողին է մոտենում ԼԵՎԸ։ Երաժշտությունը դադարում է։ Ծափահարություններ։

ԼԵՎ— Այնքան բան ունեմ ձեզ ասելու, հարգելիներս․․․ Այնքան ասելիք կա․․․ Բայց, նախ և առաջ, բարև ձեզ։ Սպասու՞մ էի արդյոք, որ այսքան շատ մարդ կգա։ Սպասում էի։ Չէ՞որ դուք միայն ինձ մոտ չեք եկել, այլ բոլորի, ում աչքերը ձեզ են նայում այս պատերից։ Իսկ ինչ-որ մեկը եկել է իր ջահելության, պատանեկության մոտ։ Եկել է կանաչ աչքերով կնոջ մոտ․․․
            Իմիջայլոց, ու՞ր է նա։ Վերա, դու այստե՞ղ ես։ Վերա՛։ Ո՞չ։ Տարօրինակ է․․․ Պատրաստվում էր ներկա լինել․․․ Ի՞նչ եք ասում։ Խցանումնե՞ր։ Խեղճ Պիտերում ինչ խցանումներ, սա էլ հո Մոսկվան չէ։ Իսկ միգուցե և ճիշտ է արել, որ չի ժամանել․․․ Միգուցե և ճիշտ է․․․ Որովհետև, հարգելինե՛րս, դուք թաղման եք եկել։ Ու եթե ուզում եք իմանալ՝ գերեզմանատուն։ Աճյունափորանոց։
            Ես՝ մեռած լուսանկարիչ եմ։ Արդեն մի քանի տարի է ոչինչ չեմ անում։ Գրեթե ոչինչ։ Միայն տարիներ առաջ արած նկարներիս քափն եմ քաշում։ Ներեցեք բառախաղիս համար։ Անվերջ ցուցահանդեսներ, դասախոսություններ, անվերջ արարողություններ, պարգևատրումներ իմ ինչ-որ միֆական ներդրումների համար, վերահրատարակումներ․․․ Հարցազրույցներ․․․ Լուսանկարիչը չպիտի հարցազրույց տա։ Որովհետև բացատրել նկարը՝ դա նույնն է, ինչ բացատրել անեկդոտը։ Դուք էլ հո կույր չեք․․․
            Այո, ես մեռած եմ։ Եվ սփոփում եմ ինձ նրանով, որ նոր լուսանկարներ թող անեն նրանք, ում մոտ հները չի ստացվել։ Կամ էլ երիտասարդները։ Լուսանկարչությունը, ասեմ ձեզ, ինչպես և սեքսը, երիտասարդների համար է։ Ճի՞շտ եմ, Գրիշա։ Համաձա՞յն ես։ Գրեգորին է՝ իմ թոռը։ Ուսանող է։ Թե չէ երբ հոլիվուդյան ինչ-որ մի աստղիկ նայում է քեզ՝ ծերուկիդ, առանց խանդավառության, ոնց որ դատարկությանը, կամ էլ կարեկցանքով, դա սարսափելի բան է․․․ Սարսափելի․․․ Այդպես էլ ուզում ես ասել․ «Հիմարի՛կ, ծերությունը՝ առավելություն է։ Ոչ բոլորն են դրանից ունենում․․․»։
            Բայց դա սուտ է։ Ծերությունը՝ նավաբեկություն է։ Ես չէ, Շարլ դե Գոլն է ասել։ Ու նա ճիշտ է, այդ գեներալ դե Գոլը։ Իսկ իմ նավը ոչ պակաս երկու նավաբեկություն է կրել՝ և՛ տարիք, և՛․․․ չեմ ուզում ասել «արվեստ», կասեմ՝ «արհեստ», «մասնագիտություն»։ Չկա այլևս այն լուսանկարչությունը, որով ես ողջ կյանքս էի զբաղվում։ Որին ծառայում էի։ Չկա՛։ Դեվալվացիա՛։ Այսօր, ով չի զլանում, կոճակ է սեղմում։ Բոլորը լուսանկարիչ են։ Եվ ինչպե՞ս ես՝ ծեր պարանոյիկիս, նրանց հետ մրցկակցեմ։ Ի՞նչ անեմ ։
            Իրականում, իհարկե, ես մի փոքր չխկացնում եմ։ (Գրպանից հանում է փոքրիկ ֆոտոխցիկն ու ուղղում հանդիսատեսի կողմը) Ահա, բերանիցս թռցրեցի։ Չխկացնում եմ, այո՛։ Դուք կհարցնեք՝ ի՞նչ կարելի է նկարել աշխարհում, որտեղ ամեն, ամեն, ամեն ինչ արդեն պատկերված է ու ոչ մեկ անգամ։ Ես նոր մարդկանց եմ նկարում։ Նո՛ր մարդկանց։ Նո՛ր։ Այսինքն՝ նորածիններին։ Սպիտակներին, սևերին, դեղիններին։ Իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ ճիգ գործադրելուց կարմրածներին։ Կամ էլ անգամ կապտածներին։ Լաքաներովներին։ Տափակած քթով։ Ի՞նչ եք ծիծաղում։ Ախր այդ ամենը նրանց կյանքի առաջին րոպեներն են, նույնիսկ վայրկյանները։ Ինձ թույլ են տալիս։ Ծանոթությամբ։ Տանիցս ոչ հեռու հոսպիտալ կա։ Այ թե որտեղ է իրական թեժ կետը։ Ու ոչ մի պաթետիկա։ Առողջներին եմ նկարում և հիվանդներին։ Անհասներին և հսկաներին։ Նրանց, ովքեր ծնվել են, ինչպես տատս էր ասում՝ ոսկե գդալը բերանում, ու նրանց, որոնցից մայրերը հենց ծննդատանը կհրաժարվեն։ Նոր մարդիկ․․․ Դա ամենակարևորն է։ Նրանցից դեռ կարելի է ինչ-xոր բան սպասել։ Նրանց դիմանկարները կլինեն իմ հաջորդ, ուղիղ ասեմ, վերջին ցուցահանդեսին:
            Ես ավարտում եմ։ Մաքսիմ, դու ճիշտ էիր․ հարկավոր էր թղթով խոսել։

 Ծափահարություններ
             Խոսափողին է մոտենում ՕԼԳԱՆ։

 

ՕԼԳԱ— Ես հասկանում եմ, ընկերներ, որ դուք բոլորդ մի փոքր հոգնել եք․․․ Բայց խոստանում եմ, որ իմ ելույթը կլինի, ինչպես հիմա են ասում, ամենավերջինը։ Ու ամենակարճը։ Նորություն կա։ Մեր ցուցասրահի հիմնադիրների կողմից որոշում է կայացվել, որ այսուհետ այն կկոչվի․․․ Լև Մետելինի անվան ցուցասրահ։

            Ծափահարություններ, հիացմունքի ձայներ, աղմուկ։
ՄԱՔՍԻՄԻ ձայնը ամբոխի միջից՝ «Հիփ—հիփ ուռա՜։ Այդ առիթով պետք է խմել»։

            Եվ մենք մեծ հույսեր ունենք, որ մոտ ժամանակներս այստեղ կստեղծվի աշխարհում առաջին՝ Մետելինի թանգարանը։ Մշտական էքսպոզիցիայով ու հուշային սենյակով։ Ինձ մոտ այսքանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Համեցե՛ք սեղանի մոտ։

 

10. Ցուցասրահ։ Առաջին դահլիճ։ Այն դատարկ է․ ամբոխը ներսում է աղմկում, որտեղ որ հյուրասիրությունն է։
            Միայն ՍԱՇԱՆ է նստած իր աթոռին։

 

            Կողքի դահլիճից հայտնվում է ՎԵՐԱՆ, նա հաշմանդամի սայլակի մեջ է, որը հրելով տանում է ՆԵՍՏՈՐԸ։

ՎԵՐԱ— Այս դատարկությունն ո՞վ է։
            ՆԵՍՏՈՐ— Ո՞վ։ Ո՞ր մեկը։
            ՎԵՐԱ— Դու հասկացար ում ի նկատի ունեմ։
            ՆԵՍՏՈՐ— Հա՜․․․ Սա իրենց աշխատկցուհին է։ Ժաննան։ Այստեղ է աշխատում։ Արվեստաբան է։
            ՎԵՐԱ— Թե նա արվեստաբան է, ուրեմն ես էլ՝ ակադեմիկ Պավլովն եմ։ Արվեստաբա՛ն։ Դու նրան որտեղի՞ց գիտես։
            ՆԵՍՏՈՐ— Ես առավոտյան արդեն պատմեցի․ զանգել էին, բացմանն էին հրավիրում․․․
            ՎԵՐԱ— Ի՞նչ է, նա էր զանգել։ Նմանի մոտ ես էլ չէի գա։
            ՆԵՍՏՈՐ— Ինչո՞վ չի գոհացրել քեզ Ժաննան։
            ՎԵՐԱ— Տո ամեն ինչով․․․ Մի կատարյալ ծամածռություն է։ Դիստանցիա պահել չգիտի։ Սահմանները չի ճանաչում։ Բառացիորեն կպել է նրան։ Լյովային։ Ու ձիու պես խրխնջում է։
            ՆԵՍՏՈՐ— Պարզապես նրա աշխարհընկալման մեջ տրտմությունը տեղ չունի։ Հնարավոր է՝ մի փոքր շատ է խմել․․․
            ՎԵՐԱ— Փաստորեն խմու՞մ էլ է։ Աշխատավայրու՞մ։
            ՆԵՍՏՈՐ— Բայց սա հո ատոմակայան չէ․․․ Ինչու՞ ոչ։ Բոհեմ է․․․
            ՎԵՐԱ— Դատարկությու՛ն է։ Այնպես էլ կրունկովս կհրավծեի դրա ճակատին։
            ՆԵՍՏՈՐ— Էհ, Վերա՛։ Ախր զգուշացնում էի։ Մեզ պետք չէր գալ․․․ Դե ինչ, մոն շերի․․․ Արդեն տուն գնա՞նք։
            ՎԵՐԱ— Հա։ Թույնը տարածենք ու հերիք է։

Ցուցասրահի խորքից արագ քայլերով դուրս է գալիս ՕԼԳԱՆ։

ՕԼԳԱ— Վերա՛։ Լեգենդար Վերա՛։ Ես այնքան ուրախ եմ, որ եկել եք մեզ մոտ։ Ես՝ Օլգան եմ, այս անհույս կազմակերպության տնօրենը։
            ՎԵՐԱ— Ես հասկացա։ Ձեզ մոտ գեղեցիկ է։
            ՕԼԳԱ— Մենք ջանացել ենք։ Իսկ ինչու՞ ուշացաք։ Մետելինը ձեզ անգամ իր ելույթում հիշատակեց։
            ՎԵՐԱ— Ա՜յ քեզ բան։ Իսկ ես անվերջ կասկածում էի․ գալ-չգալ․․․ Անծանոթ վայր, անծանոթ մարդիկ․․․ Ու որ հանկարծ նորից Լյովան չվատանա։ Իմ պատճառով։
            ՕԼԳԱ— Ի՞նչ եք ասում։ Նա երջանիկ կլինի տեսնել ձեզ։
            ՎԵՐԱ— Նրան մոտենալն էլ դժվար թե ստացվի․․․
            ՕԼԳԱ— Կստացվի։ Նա ձեր զանգից հետո ողջ ճանապարհին միայն ասում էր՝ « Վերան այսպես, Վերան այնպես․․․»։ Իսկ դուq գալ չեք ցանկացել․․․
            ՎԵՐԱ— Այդպիսին է բնավորությունս։ Ամեն ինչ բարդացնում եմ։ (Նայում է Նեստորին)։ Բայց ամուսինս․․․ Ամուսինս համոզեց․․․
            ՕԼԳԱ— Ապրի՛ ինքը։
            ՆԵՍՏՈՐ— Այդ Վերան ապրի։ Իր վիճակում նման ամեն մի այցը մի մեծ սխրանք է։
            ՕԼԳԱ— Հասկանում եմ․․․
            ՎԵՐԱ— Չէ։ Ինձ միայն կհասկանա նա, ով ինքը կհայտնվի այս կաբրիոլետում։ Ցավը՝ ամենաանձնական բանն է։ Աստված ձեզնից հեռու պահի, իհարկե․․․ Բայց ես տատանվեցի, լաց եղա ու եկա․․․ Ու եթե պետք է հակասական լինել, ուրեմն՝ մինչև վերջ։
            ՕԼԳԱ— Ի՞նչ առումով։
            ՎԵՐԱ— Ես, իհարկե, կուզեի կապույտ զգեստով ձեզ մոտ գալ։ Բայց այն, ինչ ֆոտոյում է պատկերված, վաղուց արդեն գոյություն չունի։ Թեև ես դրա մեջ չէի էլ մտնի․․ Ու նմանատիպ զգեստ էլ չունեմ։ Իսկ այլ կապույտ գտնելու ժամանակ էլ չունեի։ Սա հագա․․․
            ՕԼԳԱ— Ձեզ շատ, շատ է սազում։ Ես անհապաղ այստեղ կկանչեմ Լև Լեոնիդովիչին։Կամ էլ՝ չէ՛։ Միևնույնն է, այստեղ ձեզ կխանգարեն։ Ավելի լավ է իմ աշխատասենյակում։ Այն փոքր է, բայց կարևորը՝ առանց ականատեսների կշփվեք։
            ՆԵՍՏՈՐ— Միգուցե պետք չէ՞։ Այն իմաստով, որ հարկավոր չէ նրան խանգարել։ Նա կարևոր մարդկանց հետ է, արտասահմանցիների․․․
            ՕԼԳԱ— Ինքը տեղով արտասահմանցի է։ Իսկ ամենակարևոր մարդիք՝ դուք եք, Վերայի հետ միասին։

 ՕԼԳԱՆ սրընթաց հեռանում է։

            ՎԵՐԱ (Նեստորին)— Ի՞նչ։ Կերա՞ր։

 

 

11.

 Փողոցում, ցուցասրահի առջև։
ՊԱՈՒԼԻՆԱՆ արագորեն դուրս է գալիս ցուցասրահից, նրա հետևից՝ նաև ՊԱՎԵԼԸ։

 

            ՊԱՎԵԼ— Լինա՛։ Լինոչկա՛։ Պաուլինա՛։ Դե, կա՛նգ առեք։ Մենք պետք է խոսենք։ Միգուցե սա ճակատագիր է․ դուք՝ Պաուլինա, ես՝ Պավել։ Ես՝ Պավել, իսկ դուք՝․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ (շրջվում է)— Պավլի՛կ։ Այնտեղ ձե՞զ չէ փնտրում փոստատարը։
            ՊԱՎԵԼ— Ի՞նչ փոստատար։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ձեզ թոշակ են բերել։

 

             ՊԱՈՒԼԻՆԱՆ փախչում է։

ՊԱՎԵԼ— Անխելք ոչխա՛ր։ Ի՞նչ փոստատար։ Փոստատա՜ր․․․ Բոլոր տեսակ թոշակները քարտի վրա են փոխանցում։

 

 ՊԱՎԵԼԸ ցուցասրահ է վերադառնում։

 

 

12. ՕԼԳԱՅԻ աշխատասենյակ։ Այն նեղ է, ու ՎԵՐԱՆ, իր սայլակով հանդերձ, զբաղեցնում են սենյակի կեսը։ Ծաղկեփնջով ներս է մտնում ԼԵՎԸ։

 

 

            ԼԵՎ— Վերա․․․ Վերոչկա․․․
            ՎԵՐԱ— Դե, բարև, օրվա հերոս։ Չնայած ինչու՞՝ օրվա։ Պարզապես հերոս։ Դու ներիր ինձ խնդրում եմ, որ ցերեկը համարյա ինֆարկտի էի քեզ հասցնելու։ Ո՞վ կպատկերացներ․․․
            ԼԵՎ— Վերա․․․ (Ծաղկեփունջը դնում է նրա ոտքերին, բռնում նրա ձեքռի ափերը)։
            ՎԵՐԱ— Ես չէի ուզում, Աստված վկա։ Կյանքում առաջին անգամ ուղիղ եթեր զանգեցի։ Ասես սատանան խառնեց։ Իսկ դու ինչ ուժեղ ռեակցիա ունես․․․
            ԼԵՎ— Գերլարվեցի, հա։ Հուշերս անմիջապես հորդեցին․․․ Չէի սպասում․․․
            ՎԵՐԱ— Մտածում էիր, որ ես արդեն այն աշխարհու՞մ եմ։ Իսկ Վերկան կենդանի է։ Մի կերպ ապրում եմ։ (Ճարպկորեն պտույտ է կատարում իր սայլակով)։ Հուսամ, որ իմ ներկայիս էքստերյերը շտապ օգնություն կանչելու պատճառ չի՞ դառնա։
            ԼԵՎ— Չէ, դու չես փոխվում․․․
            ՎԵՐԱ— Դեռ լրիվ չեմ պառավել, հա՞։ Համարյա այնպես եմ, ինչպես այն հայտնի դիմանկարում։ Դա, թանկագինս, ընդամենը անդրադարձային լիֆտինգ է։ Բլեֆարոպլաստիկա։ Ու այնքանն էլ՝ մանր-մունր։
            ԼԵՎ— Ոչինչ չհասկացա։ Բայց էական չէ։ Ի՞նչ է քեզ հետ կատարվում։ Ինչպե՞ս ես։
            ՎԵՐԱ— Ինչպե՞ս-ինչպե՞ս։ Շարունակում եմ հիացնել աշխարհը։ (Դադար) Ինձ հետ, թանկագին Լյովա․․․ ոտքերն են։ Դրանք չեն շարժվում։ Եվ դա, ցավոք, չի բուժվում։ Ուստի, ոչ մի սկանդինավյան քայլք։ Դովլաթովը, հիշու՞մ ես, միշտ ասում էր, որ ինձ ամենասիրուն ոտքերի համար Նոբելյան մրցանակ են տալու։ Ահա, ինչպես տեսնում ես, տվել են։ (Զայրագին խփում է հաշմանդամի սայլակի արմնկակալերին)։
           

             Դադար

            Ներիր։ Ուշադրություն մի դարձրու։ Փոխարենը արդեն կարող եմ պարաօլիմպիական խաղերին մասնակցել։
            ԼԵՎ— Ներիր, որ ոչ գրում էի, ոչ՝ զանգում։ Որ ռադարներից կորել էի․․․
            ՎԵՐԱ— Ու ճիշտ էիր արել։ Անցյալը հարկավոր է կտրել։ Պորտալարի պես։ Կտրել ու նրբախնդիր չլինել։ Հիշու՞մ ես Անդրյուշայի բանաստեղծությունը․ «Ճերմակ սիրահարներ աշխարհում չկան․․․»։
            ԼԵՎ— Հիշում եմ, ոնց կարող եմ չհիշել․․․
            ՎԵՐԱ— Ու Անդրյուշան չկա։ Յոթ տարի է արդեն։
            ԼԵՎ— Իսկ Զոյա՞ն։
            ՎԵՐԱ— Զոյան կենդանի է։
            ԼԵՎ— Ապրի ինքը։ Ես նրան մի անգամ եմ հանդիպել։ Կարծեմ թե՝ Բալթիմորում։ Ոնց որ միշտ՝ նույն գործունյան է․․․
            ՎԵՐԱ— Երկա՞ր ժամանակով ես այստեղ։
            ԼԵՎ— Ոնց կստացվի։ Մեկ շաբաթով։
            ՎԵՐԱ— Եվ ի՞նչ պլաններ ունես։
            ԼԵՎ— Ոչ մի։ Ցուցահանդեսը փակեցին։ Հիմա միայն զբոսնել, շնչել։ Գրիշկային Պիտերն ու շրջակայքը ցույց տամ։ Համ էլ ինչու միայն Գրիշկային՝ ինքս էլ կուզեմ տեսնել․․․ Ա՜հ, հիշեցի։ Հյուպատոսը ճաշի է հրավիրել։
            ՎԵՐԱ— Ես, իհարկե, հյուպատոս չեմ, բայց ճաշ կմատուցեի քեզ։ Գուցե հյուր գա՞ս։ Կխոսենք։ Մի-մի ըմպանակ կխմեինք։ Ես իմ շտրեյզելյան կարկանդակը կպատրաստեմ։ Հիշու՞մ ես։
            ԼԵՎ— Բա իհարկե՛։ Հատապտուղներով։
            ՎԵՐԱ— Հատապտուղներով։ Դեռ թարմ հատապտուղների ժամանակը չէ։ Ստիպված պիտի սառեվցածը վերցնեմ։ Բայց մեկ է, համեղ է։ Ամուսնուս հետ կծանոթացնեմ։
            ԼԵՎ— Իսկ ես ոչ ոք չունեմ․․․
            ՎԵՐԱ— Լսել եմ։ Մաքսիմից։ Տխու՞ր է անցնում կյանքդ։
            ԼԵՎ— Վերջին հիսուն տարում տխուր է։ Ինչ կինս մահացավ և ստուդիաս այրվեց։ Արխիվիս կեսը կորավ գնաց։ Իսկ մինչ այդ ամեն ինչ շատ լավ էր։ Բայց հիմա կարծես թե մեղք է բողոքելը։ Քիչ-միչ աշխատում եմ, ցուցադրվում․․․
            ՎԵՐԱ— Տե՛ր իմ Աստված։ Ես դեռ չեմ էլ շնորհավորել քեզ ցուցահանդեսիդ կապակցությամբ։
            ԼԵՎ— Վերջացրու։ Ինչ շնորհավորանք․․․
            ՎԵՐԱ— Այ հիմա լրիվ լուրջ եմ ասում։ Լյովա, դա իրադարձություն է։ Չփորձես վիճել։ Եվ ոչ այնքան քեզ համար, որքան մեզ համար, քաղաքի, Ռուսաստանի համար։
            ԼԵՎ— Մի հատ էլ ավելացրու՝ ողջ աշխարհի համար։ Ինչ մի իրադարձություն․․․ Կմեռնենք՝ չեն էլ հիշի։
            ՎԵՐԱ— Դա ե՞րբ կլինի․․․ Քո դաղագը դեռ աղմկում է անտառում։ Թեև, իհարկե, վաղ թե ուշ լինելու է։ (Դադար) Իսկ իմ ամուսնությունը տարօրինակ է։ Ամուսինս ինձ սիրում է։ Շատ-շատ։ Երկրպագում է, խենթանում․․․
            ԼԵՎ— Ուրեմն, ասում ես երկրպագու՞մ է։ Իսկ դու՞։
            ՎԵՐԱ— Իսկ ես մատներիս վրա եմ խաղացնում։ Ճիշտ է, ոչ այնպես, ինչպես առաջ էր։ Հիմա ես շատ բաներում նրանից կախում ունեմ։ Լակոտի պես վազվզում է։ Ինձ թվում է, որ նա նույնիսկ ուրախ է, որ ես քայլելու կարողությունից զրկվեցի ու դադարեցի պոչ խաղացնել։ Արդեն համարյա չի էլ խանդում։
            ԼԵՎ— Այդ «համարյան» ինձ դուր է գալիս։
            ՎԵՐԱ— Նա ինձնից փոքր է։ Գերհոգատար․․․ Ողջ կենցաղը նրա վրա է՝ և՛ մաքրությունը, և՛ գնումները։
            ԼԵՎ— Երևի երկա՞ր ժամանակ է ձգտել գրավել սիրտդ։
            ՎԵՐԱ— Երկար։ Ես էլ անվերջ քեզ էի սպասում։ Տառապում էի․․․ Զառանցում․․․
            ԼԵՎ— Կարծում էիր, որ հե՞տ կգամ։
            ՎԵՐԱ— Կամ էլ քեզ մոտ կտանես․ իմ ծխած խոհանոցից, բոլոր բանաստեղծություններով հանդերձ։
            ԼԵՎ— Քեզ չէին թողնի․․․
            ՎԵՐԱ— Ինձ չէին թողնի․․․ Հա, ու մեկնելիս էլ ասացիր՝ «Սովորիր ապրել մենակ․․․»։ Ես սովորեցի։ Իսկ հետո ամուսնացա։
            ԼԵՎ— Երեխանե՞ր։ Թոռնե՞ր։
            ՎԵՐԱ— Չունեմ։ «Թե բախտ է վիճակվել սպիտակ ագռավ ծնվել, աստված մի արասցե, որ ծնվեն ագռավիկներ»։ Չխոսենք այս մասին․․․Դե ինչ, Մետելին, ինչպես նախկինում, հիմա էլ փարթի կազմակերպե՞նք։ Կզանգե՞ս։ Կգա՞ս։
            ԼԵՎ— Կզանգեմ։ Կգամ։ Խոստանում եմ։

 

 Ներս են մտնում ՆԵՍՏՈՐՆ ու ՄԱՔՍԻՄԸ
            Նրանց ձեռքերը զբաղված են վիսկիներով ու ուտեստեղենով։
            Այդ ամենը նրանք Օլգայի աշխատասեղանի վրա են դնում։

ՄԱՔՍԻՄ— Այս ինչ եք թաքնվե՞լ։ Գաղտնաբանու՞մ եք։ (Լևին)։ Այնտեղ քեզ են փնտրում։
            ԼԵՎ— Ով փնտրում է, նա գտնում է։
            ՆԵՍՏՈՐ (Լևին)— Շնորհավորու՜մ եմ։
            ԼԵՎ— Օ՜, ուսանող Մուզալևսկի։ Դուք երևի արդեն պրոֆեսո՞ր եք։ Կամ էլ ակադեմիկո՞ս։
            ՆԵՍՏՈՐ— Ուր էր թե․․․
            ՄԱՔՍԻՄ— Ավելի բարձր, Լյովա՛։ Նեստորը Վերայի ամուսինն է։
            ԼԵՎ (Վերային)— Ամուսինը՞։ Հենց ա՞յն։
            ՄԱՔՍԻՄ— Մնում է ասես, որ տեղյակ չէիր։ Մի՞թե ես չեմ պատմել։ Մի՞թե չեմ գրել։
            ԼԵՎ— Ինքնաբուխ անհիշություն է։
            ՄԱՔՍԻՄ— Ում հետ չի պատահում․․․ Դե ի՞նչ, հանդիման համար։

 

 

 13.

Բար։ Կանգնակի առաջ նստած է ԳՐԻՇԱՆ։ Ներս է անցնում ՊԱՈՒԼԻՆԱՆ։

 

 

ՊԱՈՒԼԻՆԱ— Ու՜ֆ։ Հազիվ պոկվեցի։ Ռադիոյի այն տիպն էր կպել։
            ԳՐԻՇԱ— Որ անունն էլ Պաշա՞ է։ Տես է՜հ։ Ինձ էլ էր կպել։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Դե լավ, հա՜։
            ԳՐԻՇԱ— Կարող եմ Սուրբ Գրքի վրա երդվել։ Առաջարկում էր գիշերային Պետերբուրգը ցույց տալ։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Իսկ դու՞։
            ԳՐԻՇԱ— Ձևացրի, իբր չեմ հասկացել։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ես էլ տենց, վարտիքս պահած փախա։
            ԳՐԻՇԱ— Է՜խ։ Պիտի համաձայնեի, բայց ասեի, որ պապիս հետ կգամ։ Ի՞նչ կխմես։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Նույնը, ինչ դու։
            ԳՐԻՇԱ— Ես ճիշտ գիտեի ուրեմն՝ անմիջապես երկու մոխիտո պատվիրեցի։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Հուսամ՝ ոչ ալկոհոլային է։
            ԳՐԻՇԱ— Լավ կատակ է։ Հինգ ռուբլիանոց։

             ԳՐԻՇԱՆ շուրթերին է մոտեցնում մոխիտոյով բաժակը։

            ՊԱՈՒԼԻՆԱ— Իմիջայլոց, դեռ երեկ էի ուզում հարցնել․․․ Իսկ դու որտեղի՞ց այդքան լավ ռուսերեն գիտես։
            ԳՐԻՇԱ— Տաղա՛նդ է։ Աստվածային պարգև՛։ Համբերություն և աշխատասիրությու՛ն։ Լեզվային համառություն։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Մի հորինի։ Ես նկատել եմ, որ դու ժամանակակից բառեր էլ ես օգտագործում, և կատակներ, և սլենգ, և ինչ-որ անհասկանալի պահածոյացված բառեր՝ հազվագյուտ, հնատիպ․․․
            ԳՐԻՇԱ— Դե ես հիմնականում պապիս ու տատիս հետ եմ ապրել։ Նրանք ինձ հետ միմիայն ռուսերեն էին խոսում։ Գրքեր էի կարդում։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Տոլստոևսկի՞։
            ԳՐԻՇԱ— Ու ԹիՎի-ն էր ռուսերեն բլբլում։ Իսկ հեռուստացույցը, ընդհանրապես ամենալավ ուսուցիչն է։ Բայց և տատս, ճիշտ Արինա Ռադիոնովնան էր․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ի՞նչ ի նկատի ունես։
            ԳՐԻՇԱ— Պուշկինի դայակին այդպես էին կոչում։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Շնորհակալ եմ, թե չէ ես չգիտեի։
            ԳՐԻՇԱ— Գիտեմ, որ գիտեիր։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Չի՜ն-չի՜ն։

 Չրխկացնում են բաժակները։

ԳՐԻՇԱ— Լիզա տատս պեյզան էր, նկատի ունեմ, գեղջկուհի էր։ Օրորոցային էր երգում ինձ համար, գիշերները հեքիաթներ պատմում․․․ Իսկ իր սեփական կյանքը, ոնց որ վախենալու հեքիաթ լիներ։ Նրա մորը գերմանացիները Գերմանիա էին քշել։ Ու նա այնտեղ էլ ծնվել էր, արդեն պատերազմից հետո։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Գերմանացու՞ց։
            ԳՐԻՇԱ— Իսկ դա հայտնի չէ։ Կարծեմ թե լեհից, բայց վերջինս Լեհատան էր փախել։ Ես միայն այն գիտեմ, որ երբ որ Լիզա տատս մեծացել էր, դիվանագետի հետ էր ամուսնացել․ սիրուն էր ու հիմար չէր։ Նրա հետ Ամերիկա էր մեկնել։ Այ այնտեղ էլ հանդիպել էր պապիս։ Նրանց մոտ այնպիսի լավ սթորի էր սկսվել, նույնիսկ ֆիլմ կարելի էր նկարահանել։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Լքել էր դիվանագետի՞ն։
            ԳՐԻՇԱ— Լքել էր։ Գնացել էր՝ վերցնելով մի ճամպրուկ ու վեցամյա աղջկան՝ իմ ապագա մորը։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Այսի՞նք։ Ո՞նց թե աղջկա հետ։ Դա նշանակում էր ուրեմն, որ Լևը․․․
            ԳՐԻՇԱ— Այո։ Լյովան իմ հարազատ պապը չէ։ Բայց ամենահարազատից էլ հարազատ է։ Սեփական երեխաներ նա ու տատս երբեք չեն ունեցել։ Իսկ հորս ու մորս մասին դու կարծեմ թե արդեն գիտես․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Հա, կարդացել եմ։ Ավտովթար․․․
 

 Դադար

            ԳՐԻՇԱ— Ի՞նչ ես լռում։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ինձնից արվեստաբան դուրս չեկավ։ Ես համարյա մի ամբողջ մենագրություն եմ գրել Մետելինի մասին, ահռելի ինֆորմացիա եմ պեղել, բայց մտքովս անգամ չէր անցնի, որ նրա աղջիկը իրենը չէ։
            ԳՐԻՇԱ— Այդ թեմայի շուրջ նա երբեք սրտաբաց չի եղել։ Բոլոր հարցազրույցներում՝ մեկ աղջիկ, մեկ թոռ․․․ Իսկ հարազատ ենք մենք թե ոչ․․․ Դա ոչ ոքի հետաքրքիր չէ։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ո՞նց թե հետքրքիր չէ։ Արյունակցական հարցերը ամենակարևորն են։ Ու նա էլ ախր համաշխարհային հռչակ ունի։
            ԳՐԻՇԱ— Նա՝ հա, իսկ ես՝ ոչ։ Թոռն եմ ու միայն թոռը։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Քեզ մոտ ամեն ինչ առջևում է։
            ԳՐԻՇԱ— Այդպես չեմ կարծում։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Նկարում ես, չէ՞։
            ԳՐԻՇԱ— Այդպիսի պապի հետ էլ ինչ էր մնում անել․․․ Միայն թե ինձ նրա դափնիները չեն սպասվում։ Ես այդտեսակ համառություն չունեմ։ Լյովուշկան այդ առումով իրական մոլագար է։ Աշխատամոլ։ Նրա համար աշխատանքը առաջին տեղում է։ Ամենից վեր է։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Իսկ հարազատ պապիդ երբևէ տեսած կա՞ս։
            ԳՐԻՇԱ— Գերմանացի հյուպատոսի՞ն։ Իհարկե։ Երեք տարի առաջ։ Երբ Եվրոպայով էի շրջում։ Կյոլնում է ապրում։ Չեմ կարծում, որ հասկացավ ով ու ինչ եմ։ Նրա մոտ ալցգեյմերի հիվանդության նման մի բան է։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Բռռռ՜․․․
            ԳՐԻՇԱ— Երևի կծիծաղես, բայց ես և Լյովայի, և այդ գերմանացու միակ ժառանգորդն եմ։ Թող երկուսն էլ երկար ապրեն։ Հիմա անշարժ գույքով զբաղվելը ինձ բացարձակ ձեռնտու չէ։ Էլի՞ մեկական կոկտյել խմենք։ Թե՞ մեկ այլ տեղ շարժվենք։ Տես դիմացը լուսարձակում է․․․ Չեմ կարողանում անունը կարդալ․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Չէ, մենք այնտեղ չենք գնա։ Դա վատ բար է։
            ԳՐԻՇԱ— Ընդհանրապե՞ս վատն է։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Անտանելի թրեշ է։ Ոնց որ սեքսը առանց լուբրիկանտի։

 

14․

 Հաջորդ օրվա առավոտյան
Վերայի բնակարանի խոհանոցը։ ՎԵՐԱ ու ՆԵՍՏՈՐԸ լուռ նախաճաշում են ու ռադիո ունկնդրում։
            Երգից հետո ներխուժում է հաղորդավարի ձայնը։

           

ՁԱՅՆԸ՝ ԸՆԴՈՒՆԻՉԻՑ— «Պղնձե հեծյալից» թեժ լուր։ Համաշխարհային հռչակ ունեցող լուսանկարիչ Լև Մետելինի ցուցադրության փակումը Գրիբոեդովի ջրանցքի վրա գտնվող ցուցասրահում, որն այժմ ստացել է նրա անունը, ավարտվեց ոչ այնպես, ինչպես հույս ունեին կազմակերպիչներն ու ֆինիսաժի հյուրերը։ Նման ֆինալի չէր սպասում և ինքը Մետելինը, ով հատուկ ժամանել էր Նյու-Յորքից, որտեղ բնակվում է յոթանասուներկու թվականից։ Պաշտոնական մասից հետո ցուցասրահի պահակը, ոմն Ալեքսանդր Ս-ն, տուրուդմփոց է կազմակերպել, որի արդյունքում զոհի կարգավիճակում է հայտնվել հրավիրվածներից մեկը։ Նա մեր գործընկեր, հայտնի ռադիոհաղորդավար Պավել Ժիվոդուևն է։ Տուժածը տեղափոխվել է Ելիզավետինսկայա հիվանդանոց, որտեղ բժշիկները քթի ջարդվածք, փափուկ մկանների վնասվածք և ուղեղի ցնցում են ախտորոշել։ Ժիվոդուևի վիճակը գնահատվում է որպես ստաբիլ։ Անախորժ միջադեպի հանգամանքերը պարզում են կոմպենտենտ օրգանները։
            ՎԵՐԱ— Պարզու՛մ են․․․ Ուրեմն պետք չէր պահակին առաջարկել միասին զբոսնել գիշերային քաղաքով։

           

 

15․

             Կեսօր։ Հյուրանոցի համար։ Լևը պատուհանի մոտ է։
             Ներս է մտնում ԳՐԻՇԱՆ։

            ԼԵՎ— Ե՞վ։
            ԳՐԻՇԱ— Մոնի՜նգ։ Բարի՜ լույս, ծերունի։
            ԼԵՎ— Ու որտե՞ղ էիր թափառում։
            ԳՐԻՇԱ— Թափառում․․․ Ինչ տգեղ բայ է․․․ Հոմանիշ չկա՞։ (Արտասանում է) «Հետ կգաս տուն, իսկ տանը կհարցնեն՝ որտե՞ղ էիր զբոսնում։ Ու՞ր էիր դու։ Իսկ դու ասա՝ զբոսնում էի ես այգում․․․»։
            ԼԵՎ— Տան արահետն էիր կորցրել։
            ԳՐԻՇԱ— Պապ, դու լավ էլ գիտես, թե որտեղ էի ու ում հետ։ Երեկ դու լրիվությամբ հաշվետությունը ստացել ես հեռախոսով։ Լրիվությա՜մբ։
            ԼԵՎ— Դա ճիշտ է։ Բայց ընդհանրապես ես հույս ունեի, որ այստեղ դու պիտի ինձ հետևես, այլ ոչ թե ես քեզ․․․ Կու՞շտ ես։
            ԳՐԻՇԱ— Դե ոչինչ․․․ Սաշայի հետ կապված պատմությունից հետո, որ Պաշային էր ծեծել, նախաճաշի ցանկություն այնքան էլ չկար։ Ու պատրաստում է նա, իհարկե, ավելի վատ, քան․․․
            ԼԵՎ— Կարելի՞ առանց մանրամասների։ Հիմա կերե՞լ ես, թե՞ ոչ։
            ԳՐԻՇԱ— Կերել եմ։ Բայց քիչ։ Ու համեղ չէր։ Աղջիկը անվերջ նիհարում է։ Իսկ իր ֆիրմային կերակուրը կոչվում է «դիֆերենթ բուտերբրոդներ»։ Բայց, եթե ճիշտ ասեմ, տարբերակ չկար։ Տանը դատարկություն էր։
            ԼԵՎ— Ճանապարհին կարող էիր կաֆե մտնել։ Կամ կարող էինք պատվիրել։
            ԳՐԻՇԱ— Մտքովս չանցավ։ Ես կարծում էի կհասցնեմ հյուրանոց գալ ու ավերել շվեդական սեղանը։
            ԼԵՎ— Ինչպես տեսնում ես՝ չես հացրել․․․
            ԳՐԻՇԱ— Ի՞նչ պլաններ ունես, Լյովուշկա։
            ԼԵՎ— Դե ինչ․․․ Պետք է երեկվա պատմությունը կոծկել։ Ճիշտ է, խելքս չի կտրում, թե ո՞նց։ Գավառապետի՞ն զանգել։ Թե՞ ոստիկաններին գործ բացել։
            ԳՐԻՇԱ— Մի ծիծաղեցրու։ Թեթև տար։ Օլգան ու Ժաննան ամեն ինչ լուծել են։ Այդ ռադիոմանիակը հետ է վերցրել իր դիմումը։
            ԼԵՎ— Փա՜ռք Աստծո։ Ուրեմն վերջապես քեզ ցույց կտամ քաղաքը․․․ Ինքս ինձ էլ․․․ Կտեսնես՝ որտեղ եմ ծնվել։ Այցելե՞նք մեր հին բնակարանը։
            ԳՐԻՇԱ— Արի։ Միայն թե կարելի՞ է լոգանք ընդունեմ ու հագուստ փոխեմ։
            ԼԵՎ— Իսկ ըստ իս դու քնել ես ուզում։
            ԳՐԻՇԱ— Դե, մի քիչ։ Ջեթլագ։
            ԼԵՎ— Ինչ-որ մի քիչ ուշ է այն վրադ ազդել․․․
           

             ԳՐԻՇԱՆ սկսում է հանվել։
            ԳՐԻՇԱ— Պապ, իսկ այդ ի՞նչ նոր նախագիծ է։ Նորածինների հետ կապված։ Ինչու՞ ես ոչինչ չգիտեմ։
            ԼԵՎ— Դա իմպրովիզացիա էր։ Դեռևս ոչ մի նախագիծ էլ չկա։ Այդ գաղափարը երեկ ցերեկը մտքովս անցավ։
            ԳՐԻՇԱ— Այսինքն․․․ դու խաբեցի՞ր։ Եվ նկարելու՞, և հարևանությամբ գտնվող ինչ-որ հոսպիտալի մասին։
            ԼԵՎ— Դե հիմա ջրի երես հանիր ասածս։
            ԳՐԻՇԱ— Էլ ուրիշ անելիք չունե՞մ։
            ԼԵՎ— Չեմ խաբել, այլ բարձրաձայնել եմ ստեղծագործական պլաններս։ Հավանու՞մ ես։ Նվիրում եմ։

           

 

16․

 Ցուցասրահ
ՍԱՇԱՆ նստած է աթոռին՝ կենտրոնում, շուրջը կանգնած են ՕԼԳԱՆ, ԺԱՆՆԱՆ և ՊԱՈՒԼԻՆԱՆ՝ ձեռքներում վիսկիով լի բաժակներով։

 

 

            ՕԼԳԱ— Սաշա, քո բախտից է, որ օրինախախտությունը դու առաջին անգամ ես կատարել ու տուժածը իր աշխատունակությունը չի կորցրել։
            ԺԱՆՆԱ— Սաշա, քո բախտից է, որ մեզ մոտ որտեղ որ պետք է գրավված է։ Որ Ժաննոչկայի եղբայրը օրգաններում է։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Սաշա, քո բախտից է, որ ես սպառնացի, թե դիմում կգրեմ, որ այդ Պաշան ինձ կեղտոտ ձևով հետամտում էր։ Աղբամանի սոված կատվի պես։ Վկաների ներկայությամբ։
            ՕԼԳԱ— Հենց դրա համար էլ խմենք։ Սաշա՛, քո բախտի համար։ (Սաշային) Իսկ քեզ, ընկերս, չի կարելի։ Դու աշխատանքի ես։
           

             Չխկացնում են։ Խմում են։
            ՍԱՇԱ— Աղջիկներ իմ թանկագին․․․ Առանց ձեզ ի՞նչ էի անելու․․․ Առանց ձեզ ոնց էի․․․Ո՜նց եմ ես ձեզ սիրում ու պաշտում։
            ԺԱՆՆԱ— Սիրիր-սիրիր։ Միայն թե եռանդունությունդ չափից շատ չցուցաբերես։ (Օլգային) Իսկ լա՞վ է, որ թաքցրել էի շիշը։ Եվս մեկական խմենք ու դեմոնտաժի անցնենք։
           

             Զանգ՝ Օլգայի բջջայինին։
            ՕԼԳԱ (Խոսափողի մեջ)— Այո՛, Աշոտ Արամովիչ։

             ՕԼԳԱՆ մյուս սրահն է անցնում։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ես իհարկե ամեն ինչ հասկանում եմ․․․ Էկոնոմիկական կրիզիս է, բյուջեի սեկվեստրացում, ёбушки—воробушки։ Միայն թե այս ողջ հնամոլությամբ, դեմոնտաժով, չպետք է մենք զբաղվենք, այլ հատուկ մարդիկ։
            ԺԱՆՆԱ— Դա ի՞նձ ես ասում։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Դա տիեզերք ազդակ եմ ուղարկում։
            ՍԱՇԱ— Ես կոգնեմ։ Մենք՝ թիմ ենք։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Նստիր տեղդ, օգնակա՛ն։ Տեղը հսկիր։

                                                                                                                                                                                             ՕԼԳԱՆ վերադառնում է։
            ՕԼԳԱ— Հիմնադիրն էր զանգել։ Դեմոնտաժը հետաձգվում է։ Ցուցահանդեսը մեկ ամսով երկարացվում է։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Տիեզերը ինձ լսեց։
            ՕԼԳԱ— Նա Մետելինին արդեն զանգել, ամեն ինչի մասին պայմանավորվել է։ (Սաշային) Իսկ քեզ հրամայված է պարգևավճար դուրս գրել։ Քո տուրուդմփոցը օրվա նորություն է դարձել։ Բառացի ամեն կետից մեր ցուցասրահի մասին են խոսում։ Այստեսակ հզոր, իսկ կարևորը՝ անվճար փիար մենք երբեք չենք ունեցել։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Անվճա՞ր։ Ես կասեի՝ խայտառակ։
            ԺԱՆՆԱ— Թեթև տար, Լինա՛։ Ինչը որ մահախոսական չէ, դա արդեն իսկ գովազդ է։

 

 

17․
 ՎԵՐԱՅԻ բնակարան։
 ՎԵՐԱՆ ու ԼԵՎԸ թեյում են հյուրասենյակում՝ մեծ սեղանի շուրջ։

           

ՎԵՐԱ— Ինձ թվում է, որ տարիների ընթացքում ես ավելի անհեթեթ եմ դարձել․․․ Թեև, թվում է էլ ու՞ր։ Սրանից հեռու էլ ու՞ր։ Լավ է գոնե բանաստեղծություններ այլևս չեմ գրում։
            ԼԵՎ— Ընդհանրապե՞ս։
            ՎԵՐԱ— Վերջնական ու անդառնալի․․․ Ինչպե՞ս է ստացվել կարկանդակը։
            ԼԵՎ— Ստացվել է հարյուր տոկոսով։
            ՎԵՐԱ— Խմորը լավն է։ Բայց հատապտուղները անհամ են։ Հատապուղների եղանակը չէ․․․ Ա՜խ, ինչ ելակ էր աճում մեր ամառանոցում։ Հիմա նման բուրումնավետ սկի չես էլ գտնի․․․
            ԼԵՎ— Այ մտածում եմ․․․ Իսկ միգուցե հե՞տ գամ։
            ՎԵՐԱ— Ու՞ր։
            ԼԵՎ— Այստեղ։
            ՎԵՐԱ— Պիտե՞ր։ Մեր ճահիճնե՞ր։
            ԼԵՎ— Սպիտակ գիշերներ․․․
            ՎԵՐԱ— Կարելի՞ իմանալ՝ ինչու՞։
            ԼԵՎ— Ապրել։ Կյանք վարել․․․ Մոյկայի վրա տուն կգնեմ, Սեստրորեցկի մոտ՝ ամառանոց։ Ելակ կցանեմ։ Ինձ շատ բան պետք չէ։
            ՎԵՐԱ— Այստեղ դու ոչ ոք չունես։
            ԼԵՎ— Ես այնտեղ էլ ոչ ոք չունեմ։
            ՎԵՐԱ— Իսկ Գրիշա՞ն։
            ԼԵՎ— Նա արդեն ինձնից անջատ է։ Շուտով սեփական ընտանիքը կստեղծի։ Ու հաստատ չէ, որ Նյու-Յորքում կապրի։ Նրա մտքին Լոնդոնն է։
            ՎԵՐԱ— Ծովից այնկողմ ապրելը մի բան չէ․․․ Մեզ մոտ ո՞նց են դատում։ Եթե հետ ես եկել, ուրեմն պարտվել ես։
            ԼԵՎ— Իսկ ինձ համար ի՞նչ տարբերություն թե ով ինչ կմտածի։ Ես մինչև վերջին շունչս ոչ ոքի հետ վիճել չեմ պատրաստվում։ Մեկ է, բոլորս էլ մեռնելու ենք․ և՛ հաղթողները, և՛ հաղթածները։ Սոլժենիցինը վերադարձավ, Ռոստրոպովիչը Վիշնևսկայայի հետ․․․ Վասյա Աքսյոնովը․․․ Նրանցից ի՞նչ պարտվածներ․․․
            ՎԵՐԱ— Դա՝ հա։
            ԼԵՎ— Հնարավոր է՝ վերադառնամ։ Հնարավոր է, վերջ ի վերջո նաև ամուսնանամ։ Ինչ-որ ջահել աղջկա հետ։
            ՎԵՐԱ— Հիմա դա մոդայիկ է։ Միայն սուլիր՝ հերթ կկանգնեն։
            ԼԵՎ— Օլգան՝ գալերիստը, գիտես ինչ տեսակ հայացքով էր ինձ նայում։
            ՎԵՐԱ— Էլի՛ որ։ Կենդանի դասական ես։ Ամերիկյան անձնագրով։ Միայն թե ես չնկատեցի, որ դու էլ նույն հայացքով այդ Օլգային նայես․․․ Իսկ ինչպե՞ս հաջողացրեց համոզել քեզ իր ցուցասրահում ցուցադրությունը կազմակերպել։ Քեզ անգամ Էրմիտաժում կխլեին․․․
            ԼԵՎ— Փողեր, Վերոչկա, փողեր։ Ինքը ինչ-որ լուրջ հովանավորներ ունի։ Եվ իմ ու Գրիշայի բիզնես-կլասը վճարեցին, և հինգ աստղանի հյուրոցը, և կատալոգ տպեցին, և կերակրում են՝ սպանելու չափ շատ․․․
           

Դադար։ ՎԵՐԱՆ թեյ է ավելացնում իրեն ու Լևին։

            ՎԵՐԱ— Հասկանալի է։ Իսկ դու ի՞նչ է իրոք չգիտեիր, որ Նեստորը ամուսինս է։
            ԼԵՎ— Չէ։ Ի՞նչ կարիք կար։ Ֆելիետոնի հետ կապված վաղուցվա այն դեպքից հետո այդ պարոնը մեռել է ինձ համար։ Ես իհարկե ներկայացրեցի նրա դիմանկարը, քանի որ ցուցասրահը խնդրեց, բայց ընկեր Մուզալևսկու անձնական կյանքը չէի ուսումնասիրել։
            ՎԵՐԱ— Նա ինձ երդվել է, որ իրեն ստիպել են, որ ինքնուրույն չի գրել․․․
            ԼԵՎ— Վերա, ի՞նչ է, նրա ձեռքերն էին ոլորե՞լ։ Հարդուկո՞վ տանջել։
            ՎԵՐԱ— Ասում էր, որ անախորժությունների մասին են ակնարկել․․․
            ԼԵՎ— Իսկ էականը, որ իր հոդվածիկից ինձ ոչ սառն էր, ոչ՝ տաք։ Ես դրա մասին երբեք չէի էլ իմանա։ Բարի մարդիկ հայտնեցին։ Բայց իմանալուց հետո ամեն դեպքում խոժոռվեցի։ Ասես շքամուտքիս առաջ միզած լինեին։ Լավ թե մեկ ուրիշը, իսկ այստեղ լավ ընտանիքի տղա, ում դիմանկարը «Օգոնյոկում» տպել տվեցի․․․ Իսկ ինքը իմ մասին՝ «Ծուռ օբյեկտիվ»։ Իբր, կար-չկար հեռնկարային լուսանկարիչ Մետելինը, որը սովետական մամուլի համար լավ մարդկանց էր նկարում, արտադրության հարվածայիններին ու գերազանցիկ ուսանողներ, բայց դե շեղվեց ճափմից։ Նախընտրեց լինել լքված ու մերժված։ Ու հիմա ստիպված է Նյու-Յորքի կիսամերկ պոռնիկներին չխկացնել։ Ու իմ ծաղրանկարն էին նկարել։ Թու՜։
            ՎԵՐԱ— Ներիր նրան, Լյովուշկա։ Մոռացիր։
            ԼԵՎ— Ներելը, իհարկե, կներեմ։ Բայց հիշողությունս դեռ պինդ է։ Կանխամտածված վիրավորանքները չեմ մոռացվում։ Ու հիշողությանս հետ էլ դժվար թե բարեխոսեմ։
            ՎԵՐԱ— Իսկ դու փորձիր։
            ԼԵՎ— Հեշտ է ասել․․․
            ՎԵՐԱ— Չէ՞որ ես ինչ-որ կերպ կարողացա բարեխոսել․․․ Այդ մենք ենք ծնվել Լենինգրադում, իսկ նա՝ սատանու մայլին, զորանոցում է մեծացել։ Իսկ մեր տներում առաստաղները չորս մետրանոց էին՝ հսկաների համար էին կառուցում։ Պապաշադ ո՞վ էր։ Փաստաբա՞ն։ Իսկ նրանը՝ շրջագայող ուղեպահ։ Իսկ մայրը՝ սանիտարուհի։ Հորինել էր, իբր նա բլոկադայի մեջ հայտնվածներից է․․․ Տեսել եմ այդ մորը․․․ Կարիերայի մասին էլ անգամ խոսելու կարիք չկա․․․ Նեստոր, իհարկե, նա վախկոտ է ու անբան, բայց նա ինձ սիրում է։
            ԼԵՎ— Անբաններն էլ են պետք։ Ես բիոբազմազանության կողմնակից եմ․․․
            ՎԵՐԱ— Սիրում է։ Կարեկցում է․․․
            ԼԵՎ— Իմիջայլոց, Վերա, իսկ որտե՞ղ է իմ նկարած քո լուսանկարը։ Հա այսկողմ-այնկողմ եմ շրջվում։ Միջանցքում չկա։ Այստեղ չեմ տեսնում։ Թե այն ննջարանու՞մ է, ամուսնական մահճի վերևում։
            ՎԵՐԱ— Ննջարանում չկա։ Ու ընդհանրապես՝ չկա այն, որը դու էիր նկարել։
            ԼԵՎ— Վաճառե՞լ ես։
            ՎԵՐԱ— Ի՞նչ ես ասում։
            ԼԵՎ— Չէ, ես հասկանում եմ։ Փողը, դա միշտ էլ հարկավոր է։
            ՎԵՐԱ— Տունն էինք նորոգում ու կորցրեցինք։ Գուցե բանվորներն են աղմուկի ներքո թռցրել։ Նրանք այդպիսինն են, կարող էին և շրջանակի համար տանել։ Շրջանակը շքեղ էր։ Հնարավոր է՝ Նեստորն է որևէ տեղ պահել, որը աչքերը ինձնով չցավեցնեմ։ Ախր այդ նկարում ես այնքան երջանիկ էի, իսկ ինքը այնքան խանդոտ էր․․․
            ԼԵՎ— Վերա, Վերա․․․ Իսկ դու ասում ես՝ ների՛ր։ Եթե ինձնից որևէ բան մնա էլ արվեստում, ապա դա հենց այդ՝ «Կինը կանաչ աչքերով․․․»-ն է։
            ՎԵՐԱ— Կատակու՞մ ես։ Ես իհարկե շոյվում եմ նման խոսքեր լսելուց, բայց ես ոչ Եղիսաբեթ երկրորդն եմ, ոչ․․․
            ԼԵՎ— Նույնիսկ մի վիճիր։ Ժամանակը ամեն ինչ կմաղի։ Ու կլինի ճիշտ այն խաղի պես՝ Պուշկին, հավ, խնձոր, քիթ։ Նույնիսկ հռչակավոր նկարիչներից, ամենաճանաչվածներից ու բեղմնավորներից արդյունքում միայն մի գործ է մնում․ Վան Գոգից՝ «Արևածաղիկները», Լեոնարդոյից՝ «Ջոկոնդան», Ռեմբրանտից․․․ դե թող լինի «Գիշերային դետքը»։
            ՎԵՐԱ— Ես դա, Լյովա, «Գիշերային հետք» եմ կոչում։
            ԼԵՎ— Հա՜, հա՜։ Թեև նրա գործերից ինձ ավելի շատ «Անառակ որդու վերադարձն» է դուր գալիս։
            ՎԵՐԱ— Հասկանում եմ՝ ինչ ես ասում։ Այցեքարտն է։ Բայց դա լայն, ինչպես ասում են, մասսաների համար է, իսկ գիտակների, համադամասերների, նուրբ էակների համար հարկավոր է ոչ այդքան ակնհայտ տեսանելի լինի․․․
            ԼԵՎ— Այդ համադամասերները որքան շատ են․․․ Կյանքը այսպիսին է՝ հիանալիի ժամանակը չէ (Դադար)։ Գուցե որևէ գործ կարդաս․․․ Վաղ շրջանի բանաստեղծություններիցդ։
            ՎԵՐԱ— Օ, անգամ մի հիշեցրու։ Ոտնանավորների հետ վերջացած է։ Ես ոչինչ էլ չեմ հիշում։ Ավելի լավ է նորից մեկական գցենք։
            ԼԵՎ— Այդ դեպքում կարո՞ղ եմ ես։
            ՎԵՐԱ— Դու՞։ Բանաստեղծություննե՞ր։
            ԼԵՎ— Ուշ շրջանի Բրոդսկուց։ Երբ քեզ եմ հիշում, միշտ այդ տողերն են մտքումս պտտվում․․․
            ՎԵՐԱ— Դու ի՞նձ ես հիշում։
            ԼԵՎ—Դե բա ոնց, եթե քո լուսանկարը իմ ամեն ցուցադրությանը կա, ամեն կատալոգում․․․
            ՎԵՐԱ— Կոտրած շերեփի պես։ Կարդա՜։
            ԼԵՎ (հազում է)— Ես, իհարկե, Սմոկտունովսկին չեմ, բայց․․․
            ՎԵՐԱ— Դե կարդա արդեն։ Մի տանջիր։
            ԼԵՎ— «Քո բախտն էլ բերեց․ էլ որտե՞ղ, բացի լուսանկարից, դու կլինես առանց կնճիռների, ջահել, ծիծաղկոտ։
Քանզի ժամանակը, բախվելով հիշողությանը, կիմանա սեփական իրավազրկության մասին։
Ես ծխում եմ մթում ու շնչում տեղատվության փթածությունը։»
            Դե տեղատվություն ասելով՝ ի նկատի ունի Վենետիկը․․․
            ՎԵՐԱ— Ես այդպես էլ հասկացա։ Թեև կարող էր լինել և Պիտերի մասին։
 

 Լռում են։ Շրխկում է մուտքի դուռը։

            Մուզալևսկի, դու՞ ես։
            ՆԵՍՏՈՐ— Ինչպես միշտ ոչ ժամանակի՞ն։
            ՎԵՐԱ— Շատ ճիշտ ժամանակին։ Պետք է թեյնիկը միացնել։ Պաղել է․․․

 

18․
 

 Երեկո
 ԳՐԻՇԱՆ ու ՊԱՈՒԼԻՆԱՆ կանգնած են պետերբուրգյան տանիքներից մեկին։

 

           

ԳՐԻՇԱ— Հա․․․ Դեռ նման բան ես հաստատ չեմ տեսել։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Նա՞յս։
            ԳՐԻՇԱ— Վէրի նայս։ Ես ինձ թռչուն եմ զգում։ Չեմ հասկանում, ոնց է պապս կարողացել լքել նման գեղեցկությունը․․․
            ՊԱՈՒԼԻՆԱ— Բայց չէ՞որ նա ոչ թե գեղեցկությունից, այլ սիստեմից էր փախել։ Որպեսզի ստեղծի։ Ստեղծի իր գեղեցկությունը․․․ Դու հարցեր տուր, եթե որևէ բան հետաքրքրի։ Այնտեղ Իսակիևյան տաճարն է։ Իսկ ահա այնտեղ՝ Կազանի․․․ Կուզե՞ս սելֆի անենք։ Դու, ի դեպ, բարձրությունից վախ ունե՞ս։ Վեստիբուլյար ապարատիդ վիճակը ո՞նց է։
            ԳՐԻՇԱ— Դե ոչինչ․․․ Մի թեթև սրտխառնոց ունեմ։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ես էլ, հիմարի պես, չհարցրեցի, որոշեցի անակնկալ մատուցել։
            ԳՐԻՇԱ— Սրտխառնոց ունեմ ու ծնկներս են դողում։ Հուսամ՝ կտուրը շա՞տ չի սայթաքուն։ Չէ՞։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Այսպե՛ս ուրեմն։ Կա՛նգ առ, Գրիշա։ Մի շարժվիր։ Հանգիստ։ Ռելաքս։ Հիմա ես քեզ կեվակուացնեմ։ Միայն գլխապտույտդ էր պակասում։

            ՊԱՈՒԼԻՆԱՆ մոտենում է ԳՐԻՇԱՅԻՆ։ Բռնում է նրա ձեռքը։ ԳՐԻՇԱՆ կտրուկ գրկում է նրան։
            ԳՐԻՇԱ— Տեղով ռելաքս ես։ Ես կատակում էի։ Ես անգամ պարաշյուտով եմ թռել։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Բլի՛ն։
            ԳՐԻՇԱ— Վախեցա՞ր, էքստրիմի փոքրիկ սիրահար։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Այլևս այդպես չկատակես։
            ԳՐԻՇԱ— Չեմ անի։ Իսկ այս ի՞նչ կառույց է։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Որը՞։
            ԳՐԻՇԱ— Ոսկե սրաձողով։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Պետրոպավլովյան ամրոցն է։ Վաղը կգնանք, եթե կուզես։ (Դադար) Իսկ կուզե՞ս փչել։ Մի քիչ կա մոտս․․․
            ԳՐԻՇԱ— Փչե՞լ։ Ի՞նչ առումով։

ՊԱՈՒԼԻՆԱՆ պայուսակից ծխախոտ է հանում։

 

Ա․․․ Կանաբի՞ս։ Նոու։ Նոու սեքս, նոու դրագս, նոու ռոք-ն-ռոլլ։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Դե հա։ Մանավանդ, նոու սեքս։ Դրանում ես արդեն երեկ եմ համոզվել։
            ԳՐԻՇԱ— Չէ, բայց դու ծխի, եթե ուզում ես․․․

Կտուրին հայտնվում է ՊԱՎԵԼԸ, որը դուրս է եկել տանիքի պատուհանից։

            Ու՜փս։ Ա՜յ քեզ հանդիպում։ Տան հյուրը՝ տան Աստվածն է։
            ՊԱՎԵԼ— Ինչպիսի՜ մարդիկ։ Մայրամուտո՞վ եք հիանում։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Ժիվոդուև՛։ Դուք ի՞նչ է, հետապնդու՞մ եք ինձ։ Սաշկան ձեզ քի՞չ է զխկել։ Ուզում եք որ․․․
            ՊԱՎԵԼ— Լավ դե, երեխեք։ Էլ մի՛։ 007 գործակալ եք գտել։ Սովորական հանդիպում է։ Մենք տարօրինակ կերպով հանդիպեցինք և տարօրինակ էլ կբաժանվենք իրարից։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Կտուրի՞ն։ Նման պատահականություններ չեն լինում։
            ՊԱՎԵԼ— Ամեն ինչ էլ լինում է։ Այ ազնիվ խոսք։ Իսկ կարելի՞ է ծխախոտ թռցնել։
            ՊԱՈՒԼԻՆԱ— Իսկ չի կարելի։ (Ծխախոտը տեղավորում է պայուսակի մեջ)
            ՊԱՎԵԼ— Ի՜նչ էլ ագահ ես։ Ես պարզապես կողմնակի կերպով ուղեցույց եմ աշխատում։ «Տեսարան վերևից» ընկերությունն է։ Զբոսաշրջություն՝ կտուրների վրայով։ Օրինական և անվնաս։ Դե եթե չեք հավատում, ինտերնետում նայեք։ Էքսկուրսավար Պավել։ Այնտեղ լուսանկարս էլ կա։ Լուսանկարը հեչ։ Մոտս ախր բարձրախոս կա։ (Ցույց է տալիս) Ու բեյջիկ։ Ահա։ Ահա և զբոսաշրջիկներս են մոտենում։ Հաճելի մարդիկ ենք, չնայած որ մոսկվացի են․․․

 

           
            19․
 Երեկո։ Բար
Բարի հենակի առաջ նստած և կանգնած են բոլոր կերպարները, բացի ՎԵՐԱՅԻՑ ու ԳՐԻՇԱՅԻՑ։
Ներս է մտնում ՎԵՐԱՆ։ Նրա հագին մոդայիկ պլաշչ է, նա բարձրակրունկներով է։

 

            ՎԵՐԱ— Առաջին անգամ բավական կուլ տվեցի դեղեր, երբ ուսանողուհի էի։ Չէ, թիթեռները որովայնում կապ չունեն․․․ Դա վաթսունիննի ձմռանն էր։ Յան Պալախ անունով չեխ տղան՝ իմ հասակակիցը, նույնպես ուսանող, Վացլավսկի հրապարակում ինքնահրկիզվել էր։ Ի նշան բողոքի։ Այն պատճառով, որ սովետական տանկերը օգոստոսին մտել էին Պրահա։ Ու այդպես էլ մնացել էին այնտեղ։ Իսկ ինձ համար չգիտես ինչու ամոթալի էր․․․ Կարծես թե այդ տանկերից մեկում ես էի գտնվում։ Ավելի լավ բան չգտա՝ գրություն թողեցի, որտեղ գերազանցիկիս խոշոր ձեռագրով ամեն ինչ մանրամասն բացատրեցի։ Ու մի փաթեթանյութ չգիտեմ թե ինչ խմեցի․․․ Ինձ ուշքի բերեցին։ Բայց համալսարանից հեռացրեցին։ Ու հաշվառեցին հոգեբուժարանում։ Հայր ծանոթներ ուներ։ Պայմանավորվեցին բուժող բժշկի հետ։ Նա ինձ լավ դիագնոզ գրեց։ Իբր, րոպեական թուլություն էր։ Նուրբ խառնվածք ունեմ։ Ու որ նյարդային խանգարման շարժառիթը խիստ անձնական բնույթի է, իհարկե, ոչ քաղաքական։ Լյամուր-տուժուր։
            Երկրորդ անգամ քնաբեր խժռեցի, երբ Նեստորի երեխային կորցրեցի։ Իսկ նախօրեին ցրել էին առաջին գրքիս ողջ շարվածքը։ Հրատարակչությունը սպանեց բանաստեղծություններիս ժողովածուն։ Նրանց հրահանգել էին։ Դա յոթանասունյոթն էր։ Ես երեսուն էի։ Լյովուշկան արդեն հինգ տարի էր, ինչ մեկնել էր․․․ Էլի ձմեռ էր։ Ձնե շիլափլավ։ Տանջալից ծննդաբերություն։ Երեխան չէր շնչում։ Ես ապրելու իմաստ չէի տեսնում։ Տկարացա, վատ էի քնում։ Օրերով լռում էի։ Ու մի անգամ առավոտյան, երբ ամուսինս աշխատանքի գնաց, որոշեցի։ Երկար չգրեցի․ «Խնդրում եմ մահվանս մեջ ոչ ոքի չմեղադրել․․․»։ Նա ասես զգացել էր, կես ճամփից հետ էր եկել, իբր ինչ-որ գծագիր էր մոռացել։ Ինձ կրկին ուշքի բերեցին։ Ես երդվեցի՝ վերջ, այլևս ինքնասպանության էլ ոչ մի փորձ։ Կամ էլ՝ կտուրից գլխով ներքև, գնացքի տակ ընկնել, որ անվրեպ կերպով․․․
            Ես քառասուն տարի դիմացա։ Քառասուն տարի։ Ու միայն հենց հիմա դրժեցի երդումս․․․

Բար է մտնում ԳՐԻՇԱՆ՝ ծաղկեփունջը ձեռքին։

Աստվա՛ծ իմ, ինչ ուրախ եմ, որ եկար․․․ (Ընդունում է ծաղիկները, գրկում Գրիշային)։ Ոնց էի ուզում խոսել քեզ հետ․․․ Երկար չեմ պահի։

ՎԵՐԱՆ հեշտությամբ բարձրանում է բարի աթոռին։
ԳՐԻՇԱՆ նստում է կողքինին։
            ԳՐԻՇԱ— Ի՞նչ կխմեք։
            ՎԵՐԱ— Լավ հարց է։ Ես վաղուց ոչինչ չեմ խմում, սուրճից ու կեֆիրից բացի․․․
            ԳՐԻՇԱ— Ուրեմն կրկնակի էսպրեսո՞, թե՞ ամերիկանո։
            ՎԵՐԱ— Չէ-չէ, սուրճն արդեն ականջներիցս է ծորում։ Լուսաբացից մայրամուտ դա եմ խմում։ Միգուցե մի փոքր գինի՞։ Սպիտակ։ Այստեղ բյուջետային տարբերակներ կա՞ն։
            ԳՐԻՇԱ— Ի՞նչ է նշանակում բյուջետային։
            ՎԵՐԱ— Դե, դրանք․․․ (Ժեստ է անում ձեռքով՝ ոչ լավ)
            ԳՐԻՇԱ— Ահ, հասկացա․․․ Դուք ամենալավին եք արժանի։ Հիմա կհյուրասիրեմ։
            ՎԵՐԱ— Վերջացրու, Գրիշա, դու ուսանող ես։
            ԳՐԻՇԱ— Ես ամերիկացի ուսանող եմ։ Ու բացի այդ, Լյովուշկան ինձ գրպանի գումար է տվել։
            ՎԵՐԱ— Նրա հաշվի՞ն ենք զվարճանում։ Ինձ դուր է գալիս, որ իրեն այդպես ես կոչում։

ՎԵՐԱՅԻ առջև գինով լի գավաթ է հայտնվում, իսկ ԳՐԻՇԱՅԻ ձեռքում գարեջրի գավաթ է։

Ծանոթությա՛ն համար։
            ԳՐԻՇԱ— Ձեր կենացը։ Չին-չին։
            ՎԵՐԱ— Չին-չին։ Դուրդ գալի՞ս է Պետերբուրգը։
            ԳՐԻՇԱ— Ես դեռ շատ բան չեմ տեսել, իսկ այն ինչ տեսել եմ, հիանալի է։
            ՎԵՐԱ— Իսկ այստեղ ապրել չէի՞ր ուզի։
            ԳՐԻՇԱ— Ինձ թվում է, կարևոր չի որտեղ ապրել, կարևորը՝ ում հետ։
            ՎԵՐԱ— Իսկ դու տարիքիդ համեմատ իմաստուն ես․․․ Պապդ այլ կերպ է մտածում․․․
            ԳՐԻՇԱ— Դուք նրան շա՞տ էիք սիրում։
            ՎԵՐԱ— Իսկ դու ի՞նչ ես կարծում։ Լև ու Լվիցա․ այդպես էին մեզ կոչում։Ես էլ կիպկլեպից կարված չէի։
            ԳՐԻՇԱ— Ի՞նչ է նշանակում կիպկլեպից կարված։
            ՎԵՐԱ— Ռուսական ասացվածք է։ Երկար է բացատրելը։
            ԳՐԻՇԱ— Երբեք չեմ լսել։
            ՎԵՐԱ— Դե դա կարևոր չէ։ Կա դրա տարբերակը, բայց այնքան էլ վայելուչ չէ․․․
             ԳՐԻՇԱ— Ես մեծ եմ։ Ասե՛ք։
            ՎԵՐԱ— Մատով շինված չէի։
            ԳՐԻՇԱ— Ահ, հիմա հասկանալի է։ Այսինքն, դուք քուլ գյորլ էիք։
            ՎԵՐԱ— Այդպիսինն էի․․․ Մենք պապիդ հետ այնպես էինք տժժում, որ դու ու Պաուլինան երազում էլ չեք տեսնի։
            ԳՐԻՇԱ— Նահանգներում ասում են՝ լավ վատ աղջիկ։
            ՎԵՐԱ— Իսկ հիմա ես աղջիկ եմ, որը վերջնական զրկված է պատրանքներից։ Երազիս էլ չեմ տեսնում, որ թռչում եմ։ Բայց երբեմն երազում պարում եմ։ Ինչ վաղուց չեմ պարել։ Ոտքեր, ոտքեր․․․ Դա ոնց որ գնչուական անեծք լինի՝ կայարանում․․․ Խնդրում եմ, լավ նայիր Լյովուշկային։ Ու քո սիրուն, եթե հանկարծ որևէ մեկին իրական սիրահարվես։ Սա էր ամենը, ինչ ուզում էի քեզ ասել։

ՎԵՐԱՆ համբուրում է ԳՐԻՇԱՅԻՆ ու վերնցելով ծաղկեփունջը, հեռանում է բարից։
           

ԳՐԻՇԱՆ երկար նայում է նրա հետևից։
            Անտեսանելի դիջեը երաժշտություն է միացնում։
            Դրա ռիթմերի ներքո հնչում է «Շտապ օգնության» շչակը։

 

20․

Հյուրանոցի համար։ Ուշ առավոտ։
ԼԵՎԸ նստած է բազկաթոռի մեջ, ամսագիր է կարդում։ Ներս է մտնում ԳՐԻՇԱՆ։

 

 

            ԳՐԻՇԱ— Պապ, բան ունեմ քեզ ասելու․․․
            ԼԵՎ— Մի՞թե․ բարի առավո՞տ։
            ԳՐԻՇԱ— Դա էլ։ Չնայած արդեն բարի օր է։ Չէ, ավելի հետաքրքիր նորություն կա։ Միայն թե վրաս չբարկանաս։ Ես, իմիջայլոց, սնվել եմ։ Այս անգամ բուտերբրոդները նորմալ էին։ Ես ինքս սրճարան հասա։
            ԼԵՎ— Դա լավ է։ Սկսի՛ր, ասա քո «բանը»։ Առավել ևս, ես էլ քեզ ասելիք ունեմ։
            ԳՐԻՇԱ— Ուրեմն դու առաջինն ասա։ Խոսափողի տեղը զիջում եմ։
            ԼԵՎ— Այ քեզ բան։
            ԳՐԻՇԱ— Ի՜նչ համառն ես։
            ԼԵՎ— Մեզ հետ վաղը մի մարդ էլ է թռնում։ Կին է։ Դու իրեն ճանաչում ես։ Ես պայմանավորվել եմ հյուպատոսի հետ։ Արագորեն վիզան դասավորեցին․․․
            ԳՐԻՇԱ— Օլգա՞ն է։
            ԼԵՎ— Ո՞նց գուշակեցիր։
            ԳՐԻՇԱ— Տարբերակաները շատ չէին։
            ԼԵՎ— Տարբերակներ ընդհանրապես չկային։ Հավանությու՞ն ես տալիս։
            ԳՐԻՇԱ— Կերևա․․․
            ԼԵՎ— Իսկ դու ի՞նչ կասես։
            ԳՐԻՇԱ— Լյովուշկա, այսպիսի բան է․․․ Ես չեմ հասցրել տեսնել Պետերբուրգի ողջ արվարձանները։ Ցարական նստավայրերը, պալատները, շատրվանները, պուրակային անսամբլերը․․․ Դրա համար այստեղ ևս մեկ շաբաթ էլ կմնամ։
            ԼԵՎ— Հա, շատրվանները լուրջ պատճառ են։ Վախենամ թե, մեկ շաբաթն էլ բավարար չլինի։
            ԳՐԻՇԱ— Մաքսիմում՝ երկու։ Տոմսը կարելի է փոխել առանց հավելավճարի։ Ես ճշտել եմ։ Կապրեմ․․․
            ԼԵՎ— (ընդհատում է) Իբր ես չգիտեմ թե ում մոտ ես ապրելու։ Մնա՛։ Ուսումնասիրի՛։ Միայն թե խնդրում եմ չորուցամաք սնունդով չսնվես։

            ԳՐԻՇԱՆ դուրս է գալիս համարից։
Ու անմիջապես վերադառնում է ՊԱՈՒԼԻՆԱՅԻ հետ։

            ԳՐԻՇԱ— Խոսք եմ տալիս․ ես իրեն շիլա եփել եմ սովորեցնելու։

 

21․
            Առավոտ։ Վերայի բնակարան։
ՎԵՐԱՆ նստած է խոհանոցում՝ սուրճի բաժակով, սեղանի մոտ։
            Ռադիոն միացրած է։

Ձայն ռադիոընդունիչից (աշխույժ շուտասելուկից շնչասպառ լինելով)
            Բարի լույս, ընկերներ։ Դրանք վերջին նորություններն էին․․․
            ՎԵՐԱ— Նորություն- խրենորություններ․․․
            ՁԱՅՆ— Հիշեցնեմ, որ այսօր՝ մայիսի քսաներկուսն է, 2017 թվականը։ Երկուշաբթի։ Պիտերում՝ ինն անց հինգ րոպե է։ Ու դուք կրկին ձեր սիրելի «Պղնձե հեծյալ» ռադիոկայանի ալիքի վրա եք։
            ՎԵՐԱ— Ինն անց հինգ է․․․ Լյովկան Գրիշայի հետ արդեն օդանավակայանում պիտի լինեն․․․ Պահապան-հրեշտակն իրենց հետ լինի։ (Դադար։ Սենյակի կողմը կանչելով) Մուզալևսկի՛։ Ծաղիկները թոշնել են։ Դե՛ն նետիր, երբ հացի գնաս․․․

 

Հուլիս-օգոստոս 2020թ․

 

 

 

Թարգմանությունը՝   Սաթե Հովակիմյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև