Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Վիլո Մաթոսյան․ «Կարմիր պատ»․ բանաստեղծական շարք

 

Ես Տոլստոյի նման երկար գրել չեմ կարողանա,

որովհետև վաղը նորից պատերազմ կսկսվի․․․

Ուզում եմ գրել խաղաղության մասին, 

բայց վախենում եմ  

գիրքս կիսատ մնա․․․

  

Շատ բաներ կան, որ վեր են իմ ուժերից,

Բայց ես ինձ ներքևում եմ գտել․․․

   

Ես երբեք ջրերի վրա քայլել չեմ կարողանա,

բայց կարող եմ լողալ հողի մեջ,

երկնքից ձուկ բռնել չեմ կարող,

բայց կարող եմ հողից հաց քաղել,

ես չեմ կարող հիվանդներին բժշկել, 

բայց կարող եմ կիսել ցավը․․․

  

Իմ հերը երկրի վրա ինձ սովորեցրել է 

Վրեժ լուծել՝ ձախ այտիս ապտակելու համար.

սովորեցրել է երկնքից ոչ մի հրաշքի չսպասել,   

բացի անձրևից.

հերս ինձ սովորեցրել է պատ շարել,  

ու թողել է ես որոշեմ՝ 

պատը հենվելու համար է, 

վրայից թռչելու,

թե ինչ-որ մի բան կիսելու…

Նա ինձ սովորեցրել է փայտ մշակել 

ու թողել է ես որոշեմ՝ էդ փայտից խաչ ստանամ, 

մահճակալ, թե դուռ․․․

    

Ես դուռ կսարքեմ, որ մարդիկ էլ չհենվեն պատերին ու սպասեն,

բայց երբեք չեմ հասցնի սիրել նրանց այնպես, ինչպես ինձ,

որովհետև վաղը նորից պատերազմ կսկսվի

ու խաղաղությունը կորցրած մարդիկ  

խելագարված կփախչեն 

պատերի վրայով…

 

 

*

 

 

Դու էն ես, ինչը լինում է քեզ հետ…

Մեկ-մեկ ուզում ես գրկել քեզ, սրբել աչքերդ, մազերիդ հետ խաղալ ու քնեցնել…

Ուզում ես քեզ դուրս տանել, քայլել փողոցներով, մարդկանց հետ ծանոթացնել։

Կատաղում ես․ ուզում ես մի բան վերցնել ու խփել էդ դատարկ գլխիդ։

Կորցնում ես քեզ հենց աչքիդ առաջ ու սկսում որոնել լրիվ այլ տեղ.

տանում ես էժանով վաճառում, որովհետև էլ պետք չէիր քեզ,

նվիրում ես քեզ ու մի օր տեսնում, որ նույն նվերը քեզ են բերել․․․

    

Մեկ-մեկ ուզում ես ուղղակի հավաքել քեզ սենյակից

ու պատուհանից դուրս շպրտել…

 

 

 

*

 

 

Երբ մտածում ես՝ փակ են քո առաջ բոլոր դռները,

ուրեմն բանալին  դու եղիր.

գնա ու խցկվիր էդ անտեր դռան մեջ․․․

Ինձնից էլ լավ գիտես՝ ապրելը հեշտ չէ,

որովհետև հեշտ չէ զարթնելը։

Նայիր մթնող օրվան ու տես՝ 

ինչքան պատճառ կա, որ նորից զարթնես, 

նայիր արևին․ 

նա թքա՛ծ ունի՝ ուզում էիր զարթնել, թե ոչ․

կգա, ու հենց աչքերիդ մեջ կմեխվի․․․

Քեզ ծաղիկ երևակայիր,

դու քո սիրած ծաղիկն ես,

քեզ  առավոտները դիր պատուհանագոգին,

երեկոյան վերցրու, ներս բեր.

սրբիր վրայից փոշին,

անզգույշ շարժում արա՝ թող տերևը պոկվի,

ներողություն խնդրիր, 

ջուր տուր 

փակիր վարագույրը ու քնիր…

Քեզ պոետ զգա, նստիր ու առանց երկար մտածելու գրիր.

երբ  հանկարծ զգաս՝ էլ գրել չես կարող,

հավաքի՛ր թղթերդ, գրիչդ դիր տեղը,

վարագույրը փակիր,  

լույսերն անջատիր ու քնիր։

Երբ զարթնես ու չուզես տեղիցդ վեր կենալ՝ 

հիշիր, որ երեկ քո սիրած ծաղկին սենյակից դուրս չես  հանել 

ու դրել պատուհանագոգին․․․

 

Ընթերցել նաև