Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Վեներա Վարդումյան. «Չեմ թարգմանում ցավը»․ բանաստեղծական շարք

Ջուրը բխում էր տաճարի խորքից:
Քայլ արեցի, որ ակունքը գտնեմ,
Ձայնդ լսեցի, ետ վերադարձա:
Քո աստվածներին ես անգիր գիտեմ,
Բայց իմ խորանում աղոթքս ծաղկեց
Միայն քեզ համար:
Դու կարծում էիր սառցե սրտի մեջ
Արևներ չկան:
Գնացել էիր մոմի ետևից:

*

Ո՜չ սարի ձյունն եմ մոռացել,
Ո՜չ հրդեհը ստորոտի:
Ո՜չ քամու շունչը խելագար,
Ոչ ճաք տալը ծով հավատի:
Գտել էինք աստվածների Կացարանը,
Որի դուռը աշնան մի օր
Երբ թակեցինք,
Ներսում արդեն ոչ ոք չկար :
Դու ասացիր՝ գնացել են
Մարդանալու հոգիներում՝
Թույլ ու անկար,
Ու կարող են ետ չդառնալ
Թափուր մի վայր,
Որ կարոտի գույն էր :
Ե՜վ աստղերը չեմ մոռացել,
Ե՜վ հրդեհը ստորոտի:
Ո՜չ քամու շունչը՝ խելագար,
Ո՜չ սրսփուն երգը գետի:

*

Թարգմանել չգիտեմ:
Զգում եմ խոտի պես:
Ճյուղի, որ կտրում են,
Երբ խանգարում է:
Գետն ընկնող Տերևի պես:
Անհասցե:
Հողի, ում ասում են՝
Կվերադառնամ,
Ուրիշ էլ որտեղ
Պիտի թաղվեմ:
Երգի, որ դեռ չի գրվել,
Բայց ուր որ է
Կպայթի աշնան
Ցորեն հատիկի
Խիզախությամբ:
Չեմ թարգմանում ցավը:
Երբեք:

*

Հոգիս երազի աստղավրան է:
Անհուն սլացք է՝ պարզ ու անմեկին:
Նա հավերժաբախտ թափառական է,
Թեև մարմնի մեջ բանտել է մի կին:
Խղճի ու հույսի անխառն մերան է,
Անհագ է, ծարավ ու երկինք ունի,
Տիեզերական շեղբի բերան է,
Որ մխրճվել է բիբը անհունի:
Անկատար մարմնում նա ո՜նց է մնում,
Ո՜նց է վար իջնում մաքուր բարձրերից,
Տերն էլ այդ մասին չգիտի բնավ,
Նա էլ այդ մասին միշտ հարցնում է ինձ:

*

Այդքան հնչյունները ո՜նց ես տիրավարում:
Որբ բառերին անփույթ ապաստանում կարգով:
Այդքան թեժ գույները ո՜նց ես սրտում պահում,
Ու դասդասում նրանց հազար ու մի հանգով:
Այդքան երազները կառափնարան տանում
Բեռնաձիու խոնարհ արցունքներով խոշոր:
Այդքան աշուններից ո՜նց ես խարույկ վառում
Ու մարելով այդպես՝ ո՜նց ես մնում հզոր:

*

Քո աղոթքները ես անգիր գիտեմ,
Նրանք իմ ներսում թեք խաչքար ունեն,
Հոգեփրկումիս լուռ պատարագին
Վիրավոր կանչդ չի թողնում քնեմ:
Խուժում է աննինջ կարոտի քամին,
Ես ինձ գտնում եմ բեկված հայելում:
Լուռ թրթռում է ժպիտը մոմի
Քո անդարձության կանչող ջրերում:
Ես հեռանում եմ իմ ներսից անգամ,
Ինձ վտարում եմ, որ չմոլորվես,
Թեքված խաչքարի մատների միջով
Կորցրած լույսիդ փունջը կբերես:

*

Ե՜վ ցավիդ տերն եմ, և՜ սխալներիդ:
Երբեք չեմ դատում, կամ էլ պաշտպանի
Ջերմեռանդությամբ կամքդ չեմ ծռում
Քամուն հակառակ, իբր կամքն է քո:
Դու իմ երկիրն ես, իմ կենաց ծառը:
Սոսափեմ պիտի միայն քո ճյուղին
Ու բնավորվեմ քո գրկում միայն:
Իմ ամենամեծ նվաճումն ես դու,
Ու իմ պարգևը՝ աշխարհի ծերին:
Ամեն օր մի քիչ, նշխար առ նշխար
Ես քեզ եմ տալիս, ինչ ունեմ
Հոգուս գաղտնարաններում
Ու փոխարենը ոչինչ չեմ ուզում:
Ես ցավիդ տերն եմ :
Բառերի սրտով ես քեզ չեմ դատում:

*

Երազներից փունջ կապելու սիրտ չունեցա:
Ինչ ձեռքիս կար, մեկ-մեկ տվի ամպ ու հովին:
Մեկ էլ տեսա՝ կաթիլի պես վեր բարձրացա
Ու խտացա ամպաշղարշ երկնակողին:
Ինձ դու գտար վերևներում դժվար պահի,
Աղջկական երազների կարմիր շորով:
Աչքերիս մեջ թռիչքներ էին՝ առանց ահի
Ու անկումի աներկյուղ պար՝ հասուն օրով:
Ամեն անգամ հրաժեշտի երգ եմ լսում:
Բայց հո գիտեմ՝ սրտիս մեջ ես, չես գնացել:
Հա՜, էն օրը լռության մեջ շատ մնացի՝
Համոզվելով, որ դեռ կարգին չեմ խտացել:

*

Քանի՜ անգամ ամբողջացա,
Քանի՜ անգամ տրոհեցիր:
Գույների մեջ՝ բառերից դուրս,
Ալիք-ալիք ինձ հատեցիր:
Իմ տե՜ր Աստված, փխրուն մարմնիս
Ո՜ւր տվեցիր հոգին բառի,
Ես սոսափել գիտեմ միայն
Շշուկներով խուլ անտառի:

*

Տողի մեջ այրում եմ սիրտս,
Բառը խանձվում է:
Օղապարանը նետում եմ անկամ,
Միտքը սանձվում է:
Ճչում է երգս, ուզում է մենակ
Նստել մի քարի:
Չէ՜, նա չգիտի, որ ճորտն եմ միայն
Նոր ծնվող բառի:
Ու խռովում է ինձնից իմ երգը,
Անխոս հեռանում:
Այդ ո՜վ է տեսնես տողերի ներսում
Ցավն իր մոռանում:

*

Չեմ արթնացնի շքեղաշուք ոչ մի բառի,
Թող ուրիշի կառքին լծվեն ձիերի տեղ:
Պետք չեկավ ինձ իմ օրերում ոչ մի պահի,
Պարզ օրերիս աչքերի մեջ՝ բառը շքեղ:

*

Լույսի արտասուք պոկվեց ամպերից:
(Լեռները այսօր մշուշ են ծխում):
Քնքշանքի խոսքեր եկա՜ն, գտան ինձ,
Այսօր ես փխրուն հուշ եմ կարկատում:
Նվիրում պոկեց քամին ծառերից,
(Ես ձևարարը դարձա կարոտի),
Սպասման զգեստ կարել չգիտեմ,
Թող մշուշ լինի, դու մի՜ փարատիր:
Եղնիկի արցունք ընկավ խոռոչին:
(Ճնճղուկին թվաց, թե քարն է լացում):
Ու ես սպասման զգեստ կարեցի:
Ոչ ոք չհագավ, ա՜յ քեզ մոռացում:
(գրել եմ մ. թ.ա.)

*

Աստծո ամեն օր պիտի մոտենամ,
Էն նախակավին, որտեղից եկա:
Ու դեռ չեկածին պիտի հավատամ
Որպես մեղսաթափ կարոտի վկա:
Գիտես՝ ինչու՜ չեմ ես տարորոշում,
Երբ լույսն ստվեր է, ստվերը՝ կածան:
Այնպե՜ս աղոտ է այն ուրվագիծը,
Որով երկնաթև խոհերն իմ անցան:
Մի ձեռքը միայն մի ուս է գրկում:
Մյուսը լավ գիտի տեղը աչքերի:
Եթե արևն էլ հալ գցի անգամ,
Չասված բառերը էլ ետ չի բերի:
Հիմա, երբ արդեն չգիտեմ ոչինչ,
Հիմա, երբ արդեն պարզ է ամեն բան:
Եվ պատասխանը հարց չունի իր մեջ,
Ես բոբիկ պիտի անցնեմ իմ ճամփան:

*

Ծովն իմն է եղել, ես չեմ գողացել,
Մեր ձորի ջուրը հասել է նրան:
Երկինքն իջել է լեռների ուսին,
Հյուսել կապույտից մետաքսե վրան:
Ծովը եկել է, հասել իմ սրտին,
Մակընթացի՝ իր թևերին առել:
Ես չգիտեի բարձրանալ խորքից,
Ես չգիտեի խորքով հմայել:
Մեր ձորի ջուրը գտել է նրան,
Ու ծովն ալիքով մեղմ գրկել է ինձ:
Ես չգիտեի լուռ ահագնանալ,
Ես չգիտեի դուրս գալ ափերից:

 

 

 

 

 

Ընթերցել նաև