Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Վարդինե Իսահակյան․ «Մի՛ հեռացիր»․ պատմվածք

 

-Արամ, ո՞ւր է հայրդ, տատիդ քառասունքին էլ չեկավ, բա անհարմար չի՞։

-Չգիտեմ Խանում հոքիր, վաղուց է չեմ խոսացել հետը։

-Բա մարդ մոր քառասունքին ներկա չի լինի, դա ի՞նչ մարդա բա…

Արամը կարմրեց, ամոթից գլուխը կախեց ու գնաց  հորը զանգելու։ Անհասանելի էր:

«Աստված չանի էլի նրա հետ լինես դու, հեր։ Արարքներիս համար պատասխանատու չեմ, մեղք է մերս, շատ տանջվեց»։

Արամը տասը տարեկան էր, երբ սկիզբ առավ պատերազմը։ Իրենք չորս երեխա էին, ինքը տան ավագն էր, երկու կրտսեր եղբայր ու մի քույր ուներ։ Հայրն առաջին իսկ օրերից համալրեց ինքնապաշտպանական ջոկատի շարքերը: Նա դարձավ աշխարհազորի հրամանատար և մեկնեց ռազմի դաշտ։ Ընտանիքի ողջ հոգսը մնաց տասնամյա տղայի ուսերին։ Հորաքույրը, որը հարևան գյուղում հարս  էր գնացել, մի օր վաղ առավոտյան եկավ իր ընտանիքով ու մորն ասաց.

  -Ռուզան, թուրքը մեր գյուղ է մտել, պատերազմը սկսվել է, հավաքվեք, պետք է  երեխեքին շուտ հանենք գյուղից։

   Արագ հավաքվեցին՝ վերցնելով երեխաների տաք շորերը, մի քանի թխած հաց, համագյուղացիների հետ մի բեռնատարի թափքում տեղավորվելով՝ լքեցին գյուղը։ Արամը նայելով հեռվում մնացող իրենց գյուղին՝ կրտսեր եղբայրներից թաքուն աչքերը թացացան։ Ի՞նչ կյանք էր սպասվում իրենց նոր բնակավայրում, դեռ հայտնի չէր։

-Մամ, հայրիկը որտե՞ղ է բա հիմա,-հարցնում էր կրտսեր քույրը։

-Է՜հ, ո՞վ գիտի, հենա գյուլլի բերանում  կռիվ է տալիս։

-Մամ, բա խի՞ պապան էլ մեզ հետ չի գալիս։

Ռուզանը ծանր հոգոց հանեց՝ քամահրանքով նայելով կանանց ու երեխաների հետ գյուղից փախչող տղամարդկանց։

-Պապադ, այ բալա, իր պապերի հողն ու ջուրը թշնամուն տվողը չի, ո՞նց թողներ ու գար մեզ հետ։

Ճանապարհին Արամը քաղց էր զգում, բայց ամաչում էր  մորից հաց ուզել։ Փոքր քույրը լացում էր, մայրը նրան էր մեկնել սև հացի մի կտոր։ Համագյուղացի Սոֆիկը բոխչան բացեց, թխած հացի մի մեծ կտոր մեկնեց Արամին.

-Կե՛ր, Արամ ջան, կե՛ր, որ քո հոր նման քաջ կռվող դառնաս։

Արամն ամոթխած վերցրեց հացի կտորը, կիսեց կրտսեր եղբայրների հետ, մի փոքր պատառ էլ ինքը կերավ։

Երեկոյան հասան անծանոթ մի քաղաք, որտեղ մեծ գործարանի հաստափոր խողովակից թանձր ծուխ էր վեր բարձրանում։ Արամը նայեց խիտ շենքերին, մեքենաների հոսքին և զարմանքից լայնացած աչքերով մորը հարցրեց.

-Էս գործարանում զենքե՞ր են արտադրում։ Հորեղբայրն ասում էր զենքերի արտադրության քաղաքում ենք ապրելու։

 Վերջապես հասան հորեղբոր տուն, նեղ միջանցքով ներս մտան, Արամը սրտնեղեց, շատ մարդ էր հավաքվել փոքր բնակարանում։ Նա կարոտեց գյուղի իրենց ընդարձակ առանձնատունը։

-Մամ, երկա՞ր ենք էստեղ մնալու։ Իսկ մեր հավերին ո՞վ է կուտ տալու։

-Տատդ գյուղում մնաց, կգնա հավերին կուտ կտա, կովերը կկթի, մինչև տեսնենք՝ ինչ է գալիս գլխներիս որդի ջան։

Արամը գիշերը լուսացրեց բաց աչքերով, քունը չէր տանում օտար տեղում, իր անկողինն էր ուզում, իրենց տան վառարանի տաքությունը։

 Օրեր անց հորեղբայրը նրանց տարավ իրենց նոր բնակավայրի դպրոցը։ Դպրոցի տնօրենը՝ անհաճո դեմքով միջահասակ մի կին, նայեց պատի տակ կանգնած տղաներին և ցածրաձայն հորեղբորը հարցրեց.

-Ո՞նց է իրավիճակն առաջնագծում։ Մերոնք կարողանո՞ւմ են պահել։

-Հա բա, պարտիզանական ջոկատներ են կազմել մերոնք, քաշվել անտառները։ Ասում են՝ մի թիզ հող թշնամուն չենք տալու։ Փոքր եղբայրս էլ է էնտեղ: Էս երեք տղաները եղպորս տղերքն են։

Արամն անթաքույց հպարտությամբ նայեց դպրոցի տնօրենին, այժմ նա հպարտ էր, որ հայրը զենքը ձեռքին իր հայրենի գյուղն է պաշտպանում։

Նրանց տեղավորեցին տարբեր դասարաններում: Արամն ամոթխած հետևեց ուսուցչուհուն և հայտնվեց անծանոթ, հետաքրքրասեր երեխաների միջավայրում։

  -Լռությո՛ւն դասարանում,-ասաց ուսուցչուհին,-Արամը մեր նոր աշակերտն է, նրանց գյուղը ռմբակոծվում է, նա եկել է մեր քաղաքում բնակվելու։ Արամի հայրը ռազմիկ է, նա կռվում է ռազմի դաշտում, որ թշնամին չգրավի մեր հողը, որ մենք այստեղ խաղաղ ապրենք։

Երեխաները հետաքրքրությամբ նայեցին, Արամը հուզմունքից շիկնեց իրեն սևեռված հայացքներից։ Դասամիջոցին նրան մոտեցան համադասարանցիները ու սկսեցին հարցեր տալ.

-Հիմա ձեր տանն իսկական զենք կա՞։ Դու կրակե՞լ ես ավտոմատից։

Արամն աստիճանաբար մտերմացավ մի քանի տղայի հետ ու համակերպվեց նոր միջավայրին։  Մի գիշեր, երբ նա  գնում էր խոհանոց ջուր խմելու, պատահաբար լսեց մոր և հորաքրոջ խոսակցությունը։

-Մամ, մեր գյուղը թշնամին գրավե՞լ է, ինչո՞ւ ինձ չես ասել,-ասաց նա՝ փաթաթվելով մորը։ Մայրը գրկեց որդուն ու սփոփեց.

-Մի լացի, որդի, երեխեքին բան չասես, քո հերն էնտեղ է, նա չի թողի թշնամին երկար մնա մեր գյուղում…

Արամի ներաշխարհը մթագնեց, պատկերացնելով  իրենց գյուղը գրավված՝ նա թևաթափ եղավ։ Առավոտյան մայրը փորձեց արթնացնել որդուն, բայց Արամն աչքերը չբացեց։

-Վայ, որդի,-հուսահատ ձայն տվեց մայրը և ձեռքը որդու ճակատին դնելով՝ ասաց.

-Քոռանամ ես, երեխես ջերմության մեջ վառվում է։

Այդ օրը Արամը դպրոց չգնաց, մայրը քացախով թրջած կտորը դնում էր նրա ճակատին, Արամը ջերմության մեջ զառանցււմ էր.

-Չթողես հեծանիվս տանեն, հայրիկ, հեծանիվս ծածկի տակ եմ թողել…

Մայրը լուռ արտասվում էր.

-Իմ ազնիվ բալա, սիրտն էնքան զգայուն է, ես անզգույշ եղա, պետք է չխոսեի գյուղի գրավման մասին, որ չլսեր։

  Օրեր անց հորեղբայրն Արամին տարավ քաղաք, ման եկան, որպեսզի տղան դադարի մտածել իրենց գյուղի մասին։ Բայց Արամին հանգիստ չէր թողնում իր լսածը։

-Հորեղբա՛յր, իսկ հայրս ողջ է, չէ՞։ Հորս հո բան չի՞ պատահել։

-Հայրդ ողջ է, որդի, քանի շաբաթ է լուր չունենք, բայց ողջ է։

Արամը չհավատաց։ Ողջ գիշեր քունը մոտ չեկավ կոպերին, նա ոտքերի հոգնությունն ու նինջը հաղթահարելով, վեր կացավ, գնաց ջուր խմելու և լսեց, թե ինչպես խոհանոցի վառարանի մոտ նստած հորեղբայրը մորն ասաց.

-Պարտիզանական ջոկատի ուղղաթիռն են խփել անտառում, նրանց առաջնորդն իր խմբի հետ զոհվել է։ Եղբորիցս խաբար չկա, Ռուզան, պինդ կաց, լաց մի լինի, դեռ պարզ չի՝ ովքեր են եղել ուղղաթիռի մեջ…

  Արամը գլխիկոր մտավ  անկողին։ Միջնեկ եղբարը եկավ, պառկեց նրա կողքին և ասաց.

-Մեր հորից խաբար կա՞, Արամ։ Դպրոցում խոսում էին, որ պարտիզաններ են զոհվել։ Մամային հարցրեցի, ասաց՝ հայրիկը ողջ է։

Լուսադեմին մայրը որդիներին գտավ կողք կողքի պառկած և սիրտը կասկած ընկավ։ Նա ձայն տվեց, բայց տղաները չարթնացան։ Այդ օրը նրանց դպրոց չուղարկեց, նստեց, խոսեց որդիների հետ.

 -Միգուցե հայրիկն ու իր մարտական ընկերները անտառներում թաքնված են, սպասում են պատեհ առիթի, որ մեր գյուղն ազատագրեն…

 Իրենց հայրենի գյուղ վերադառնալու մտքից տղաները ոգևորվեցին, փաթաթվեցին մորը։ Մայրը արցունքներն  աչքերին գրկեց որդիներին՝ շշնջալով.

-Խեղճ երեխեքս մի լավ օր չտեսան, խալխի տան հատակին են քնում։

…Մարդատար մեքենայի թափքը ցնցվում էր ծանրությունից՝ հողափոր ճանապարհի փոսերի մեջ հայտնվելով։ Արամը հպարտ կեցվածքով, ճակատը բարձր պահած նստել էր մեքենայի առջևի նստատեղին ու սրտի թրթիռով սպասում էր, թե երբ են սարն անցնելու։ Երկու տարի անց գյուղը վերջապես ազատագրել էին, վերադառնում էին տուն:

-Մեր գյու՜ղը, մամ,-բացականչեց նա, երբ բարձր  սարի վրայից տեսավ ներքևում փռված իրենց գյուղը։ Ու տխրեց՝ նկատելով այրված, սևացած տները։ Աչքերը կկոցեց, փորձեց գտնել իրենց տունը, ուզում էր համոզվել, որ իրենց տունը չէր այրվել։

Հասան դարպասի մոտ, Արամն արագ իջավ մեքենայից, վազեց դեպի տուն՝ ծածկի տակ փնտրելու իր հեծանիվը։

Դարպասը բացելով՝ մնացին շիվար կանգնած: Նրանց տունն այրված էր, պատերը սևացած… Գոմը դատարկ էր, կովերը, հավերը չկային…

 -Հեծանիվս որտե՞ղ է, մամ,-հարցրեց Արամը։

  -Մամ, իմ տիկնիկներն էլ են վառվել,-հարցրեց դուստրը լացակումած:

 -Ձեր հայրն իրա խոսքի տերն եղավ, գյուղն ազատագրեցին, մենք վերադարձանք մեր տները, մի լացեք, ամեն բան իր տեղը կընկնի, համբերեք ձեր հայրը գա,-ասաց մայրը:

 Մութն ընկավ, Ռուզանը վառեց  պատրույգով նավթե ճրագը, երեխաների հավաքած փայտով օջախի կրակը թեժացրեց ու կարտոֆիլ շարեց թուջե վառարանին: Դարպասը շրխկաց.

-Հայրի՜կը,-գոռաց դուստրը ու վազեց դեպի հայրը: Կիսամթի մեջ տեսնելով հորը՝ նա սկսեց վախվորած հետ գնալ:  Հայրը ծերացել էր, ալեխառն մազերը վաղուց չէր չկտրել, մորուքի մեջ ի հայտ էին եկել ճերմակ մազեր։ Նա, աջ ոտքը դժվարությամբ քարշ տալով, մոտեցավ իր փոքրիկ դստերը, գիրկն առավ նրան, կոշտ ու կոպիտ տղամարդու աչքերում արցունքներ նշմարվեցին: Այնուհետ հերթով գիրկն առավ որդիներին, իսկ կնոջը մի տխուր հայացք գցեց միայն: Արամի աչքերն արցունքոտվեցին, երբ հորը տեսավ կաղալիս: Ռուզանը, նայելով ամուսնուն,  մտածեց. «Պատերազմը խլեց ամուսնուս երիտասարդությունը, ավյունը, առողջությունը, երբեմնի արագաշարժ, հմայիչ արտաքինով մարդը դարձել է վտիտ, մտահոգ, բեզարած»:

  Տատի տնից բերած մեծ ներքնակները շարեցին հատակին, մայրը վառարանի մոտ անկողիններ բացեց  և երեխաները քնեցին: Ռուզանը սառնություն զգաց, ամուսինը փոխվել էր, ինքը կարոտով մոտ գնաց, բայց նա ասես կնոջ կարիք չուներ…

  Գյուղում կյանքը կամաց կամաց մտավ իր հունի մեջ: Տան քանդված պատերը վերականգնեցին, նոր տանիք կապեցին, կահ կարասին առան բերեցին, հոսանքալարերը վերականգնեցին: Գյուղի դպրոցն ամբողջովին այրված էր, դասերն այժմ անց էին կացվում տնակներում։ Երբ երեխաները դպրոցից տուն դարձան, հայրը վերջացրել էր տան շինարարության գործերն ու մեկնել։ Արամն օտարություն էր զգում, հայրը կոշտ ու կոպիտ էր դարձել։

Մայրն Արամին բացատրեց, որ հայրը վիրավոր է եղել, արկի բեկորը ոտքը վնասել է, ամիսներ շարունակ նրան մի բուժքույր է խնամել։

Արամը մոր խոսքում վիրավորական հնչերանգ նկատեց, հատկապես բուժքույր բառն արտասանելիս։ Հայրը շաբաթներով տուն չէր գալիս։ Մայրը երկար նայում էր ճանապարհին,  տխուր հոգոց հանում։ Մի օր Արամը պատահաբար լսեց ծնողների վեճը.

-Էդ բուժքույրն իմ տունը քանդեց, նա քեզ ավելի շատ է տեսնում քան քո երեխեքը։

-Էդպես չխոսե՛ս, նա իմ կյանքն է փրկել։

-Բա խաբար անեիր մի բերան, ես գայի քեզ խնամեի, ինչո՞ւ ես թույլ տվել էդ անբարոյականը քեզ պահի։

Այս խոսքից հետո Արամը մոր ճիչը լսեց, վազելով ներս մտավ ։

-Չխփե՛ս մորս, լսո՞ւմ ես,-ասաց նա՝ հարձակվելով հոր վրա։ Հայրը լուռ վերցրեց բուշլատն ու հեռացավ տնից։ Մայրը գրկեց Արամին և սկսեց լաց լինել։

Այդ օրվանից Արամը տան հոգսն առավ իր ուսերին։ Նա համագյուղացիներին խնդրում էր միասին անտառ գնալ, ձմեռվա վառելափայտ բերել։ Բոլորն ընդառաջում էին պատանու խնդրանքին՝ իմանալով՝ ում տղան է։ Երբ հոր մասին էին հարցնում, Արամը տղայական արժանապատվությամբ պատասխանում էր.

-Հայրս ծառայության մեջ է, հրամանատար մարդ է, ժամանակ չունի տան խնդիրների համար։

Ամիսներ անց հայրը, տան շեմքին կանգնած, հիացմունքով նայում էր ծածկի տակ հավասար շարած վառելափայտին։

-Ապրի տղաս, ինձանից տան տղամարդ դուրս չեկավ…

Նա նստեց տան շեմքի աստիճաններին, սպասեց երեխաների դպրոցից վերադառնալուն։

Դուստրը վազելով եկավ հոր գիրկը, իսկ որդիները շիվար կանգնեցին նրա առջև։ Արամը քայլերն ուղղեց դեպի այգին, նա չէր ներում հոր բացակայությունը և տան հոգսերի հանդեպ ցուցաբերած նրա անտարբերությունը։

-Արա՛մ, որդի՛, արի էստեղ,- ձայն տվեց հայրը՝ այգի իջնելով։

-Դու մի՛ խառնվի իմ և մորդ խնդիրներին, որդի: Ապրես, ձմեռվա փայտը բերել ես, դարակի մեջ փող եմ դրել, կվերցնես, տան համար ինչ պետք է կառնես,- ասաց նա և ոտքը կաղալով հեռացավ։

 Տարիներն արագ էին անցնում, մոր մազերի մեջ ճերմակներ էին ի հայտ եկել, աչքերի շուրջը՝  կնճիռներ, քույրը մեծացել, գեղեցիկ օրիորդ էր դարձել, փոքր եղբայրներն արդեն բեղ մորուս ունեին: Նրանք առաջվա պես հորն ուշ ուշ էին տեսնում: Արամն, ավարտելով դպրոցը և   հորեղբոր հետ խորհրդակցելով՝ մեկնեց քաղաք ուսանելու։ Մի օր մորից երկտող ստացավ.  «Քրոջդ ուզող կա, արի, որ հորդ հետ խոսես»։

Արամը վերադարձավ գյուղ, մոր հետ նստեցին մեծ թթենու տակ դրված կոճղերին, մայրը զգուշությամբ սկսեց խոսակցությունը.

-Գյուղում ինչ ասես խոսում են հորդ մասին, Արամ ջան, ամիսներով տուն չի գալիս, քանի քրոջդ ուզող կա, պսակենք…

  Արամը խոժոռվեց, չուզեց հավատալ, որ իր հոր մասին կարող է վատ բաներ խոսեն։ Հայրը տարիներ շարունակ ապրում էր իր բուժքրոջ հետ, նա կատաղությամբ լցվեց այդ կնոջ հանդեպ: Մայրն ամուսնու կողմից լքված, անտեսված ապրեց՝ կյանքը նվիրելով իրենց խնամքին: Արամը  վեր կացավ, գլխահակ քայլեց դեպի  գյուղամեջ։

   Հորեղբորը հարցուփորձ արեց հոր մասին և ճամփա ընկավ։ Երեկոյան հասավ  զորամաս, տեղեկացավ, որ հայրը տուն է գնացել։ Գնաց դեպի հոր բնակավայրը: Նա դարպասը բացեց, մտավ տուն, մարդ չկար։ Դուրս եկավ տան ետնամասի փոքր այգի, հորը գտավ այլ կնոջ հետ՝ ճոճարանի վրա թիկն տված։ Կատաղությունից աչքերն արյունով լցվեցին: Զայրացած ձայն տվեց հորը՝ ատելությամբ նայելով իր մոր կյանքը թունավորած կնոջը:

-Վե՛ր կաց, տուն գնանք, այ հե՛ր:

-Ի՞նչ է պատահել որդի, ինչո՞ւ ես գիշերով էսքան ճամփա կտրել հասել էստեղ:

 -Եկել եմ ասեմ, որ ուրիշներից չլսես… Աղջկադ ուզող կա,- ասաց Արամը և արագ արագ դուրս եկավ:

  Երկու օր անց գիշերով հայրը տուն եկավ։ Նա հարբած էր: Արամը նախատինքով լի հայացքով նայեց հորը և դուրս գնաց:

-Քո տարիքին նայի, ամաչի՛ր քո ապրած կյանքից։ Աղջկադ նշանդրեքն է, տուն արի, հերի՛ք է,-ասաց կինը։

Ամուսինը գլխիկոր լսեց կնոջն ու լուռ մնաց:

   Նա սկսեց հաճախ այցելել ընտանիքին, դստեր ամուսնությանը նախապատրաստվել: Առաջվա նման խանութից վերադառնում էր լիքը տոպրակներով ու աղջկան հարցնում.

 –Հո պակաս բան չկա՞: Նայիր, ինձ ասա:

Արամն աչքի տակով նայում էր մոր ուրախությանը և ուզում էր ծնողներին միշտ միասին տեսնել:

  Քրոջն ամուսնացրին, երբ նա նոր էր ավարտել գյուղի միջնակարգ դպրոցը։ Այդ ամուսնությունն Արամի սրտով չէր։ Նա հորն էր մեղադրում ամեն ինչի համար։  Հարսանիքից հետո հոր ընկերը գինովցած մոտեցավ Արամին, փաթաթվեց,  միասին նստեցին հին թթենու տակ։

-Հայրդ իր ջահելությունն ու առողջությունը պատերազմի դաշտում թողեց, Արամ ջան։ Ուղղաթիռի պայթյունից պոկված բեկորից վնասվածք ստացավ, ուղղաթիռի անձնակազմը զոհվեց մեր աչքի առաջ, մենք անտառում շրջափակման մեջ էինք։ Դաշտային պայմաններում հայրդ արյան վարակ ստացավ, բժիշկ չկար, զոհվել էին, էդ բուժքույրը փրկեց հորդ կյանքը։ Հիմա էլ ոտքի ցավից գիշերները չի քնում, էդ բուժքույրն է սրսկում, ժամանակին դեղերը տալիս։ Թող ապրի էլի, մի խանգարի իրա փոքրիկ հաճույքները վայելի, վաղը մյուս օրը որ կենդանի չլինի, զղջալու ես էս պահվածքիդ համար…

  Արամը ողջ երեկո մտահոգ նստեց պատշգամբում։ Նա  չգիտեր հորը տանջող ցավերի մասին։ Ինքը միշտ խղճացել էր մորը, անգամ չէր մտածել, թե ինչ է զգում հայրը, ինչերի միջով է անցել։ «Այդքան երիտասարդ  անդամագրվելով ազատագրական պայքարին՝ անվախ մեկնեց ռազմաճակատ, ինչե~ր է հաղթահարել և ողջ մնացել։ Հավանաբար հորս դժվար օրերի միակ լուսատուն իր բուժքույրն է եղել, ով հոգատարությամբ խնամում է նրան մինչ օրս…»։

Մեքենան կանգնեց զորամասի մոտ, օրապահը բացեց դարպասն՝ անցագրային կետ զեկուցելով.

-Հրամանատարի տղան է եկել, պարոն կապիտան։

-Ուղեկցե՛ք հրամանատարի աշխատասենյակ։

Արամն իջնելով մեքենայից՝ հոր հրամանատարությամբ գործող զորամասում տիրող կարգ ու կանոնին նայեց հպարտությամբ։ Մտնելով ներս՝ առաջին անգամ հորը քաջալերող խոսքեր ասաց.

-Դե, լավ զինվորական ես էլի, ափսոս որ…

-Ափսոս որ լավ հայր չեղա ձեզ համար, պատերազմը խաթարեց բոլորիս ճակատագրերը, էսպես ստացվեց, հուսամ մի օր կհասկանաս և կներես ինձ, որդի։

-Մայրդ է մահացել, այ հեր։ Վերջին շրջանում հաճախ էր քո անունը տալիս, մեռավ՝ այդպես էլ քեզ չտեսնելով։

Հայրն անօգնական նստեց աթոռին, նրա աչքերի մեջ Արամն առաջին անգամ արցունքներ նկատեց։

-Քանի ծնողդ կա, քեզ երեխա ես զգում, լրիվ որբացա Արամ ջան…

  Տատի թաղմանը հայրը եկավ գործընկերների, ենթակա անձնակազմի ուղեկցությամբ։ Ժամեր անց, երբ բոլորը մեկնել էին,  Արամը տեսավ հորը  տատի հին տան արևոտ պատշգամբի թախտին տխուր պառկած… Չնայած տղայի հորդորներին, նա չեկավ տանը գիշերելու, քնեց մոր անկողնում։

  Հաջորդ օրը մեկնեց։

  Սակայն մոր քառասունքին չեկավ։ Բոլորը հարցնում էին նրա մասին, բայց Արամը տեղեկություն չուներ։ Հոր հեռախոսահամարն անհասանելի էր…

  Զայրացած հասնելով զորամաս՝ Արամը տեղեկացավ, որ հորը հոսպիտալ են տեղափոխել…

   Նա հոսպիտալում հորը գտավ անգիտակից։ Բուժքույրը, նայելով Արամի խոժոռ դեմքին, լացակումած ասաց.

-Վերջերս հաճախ էր խմում, իրեն չէր կարելի, ցավային նոպայի մեջ տեղափոխեցինք հոսպիտալ…

  Հոսպիտալի կիսամութ սենյակում կենսաապահովման սարքերի կանաչ լույսերին նայելով՝ Արամը զղջում էր, որ երբևէ չի փորձել խոսել հոր հետ, հաղորդակից լինել նրա  ցավին։

-Աչքերդ բաց, այ հե՛ր,- մահճակալի մոտ ծնկաչոք աղաչում էր Արամը։

-Մի հեռացիր մեզանից…

Բայց հայրն անշարժ պառկած էր։ Ժամեր անց նա այլևս չէր շնչում…

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև