Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Վարդան Սմբատյան․ «Պլագիատ սեր»․ բանաստեղծական շարք

 

Բոլոր դռներով ելնում է 
մահը, 
իսկ ես կտրում եմ 
լույսի երակը 
որ հասնեմ 
որ շունչ տամ բյուրեղյա 
ջրի երազին։ 
Հին քարտեզներում՝ 
ամեն օր ջնջվող ու հայտնվող 
քաղաքներում, 
հիմա գարուն է՝ թմրած, ալարկոտ-արևշող,
բոլոր դռներով փախչում է մահը, 
հավիտենական ծաղկունք-հալոցքից։ 
լույսի ժիր խաղը՝ 
պտտահողմի մեջ արձակ

ճոճում է 
շղթան 
կույր ժամանակի: 
Ես փակ աչքերով փողոց կելնեմ, 
կուղեկցի բույրը վայրի կակաչի, 
սիրտն իմ կպայթի հանց հասած նարինջ՝ 
հոծ ծփանքի մեջ կանաչ բերկրանքի։

 

*

 

կորցնում եմ 
բոլորին, 
ամեն ինչ օտարվում է 
սպիտակ աղմուկի մեջ։ 
Սրբագրում եմ հիշողությունս 
երախտամոռ սիրուց ու 
հարազատ- հարազատ տականքներից։ 

Ածելին սահում է սպասման երակով, 
Կաթում է լույսից արյունը 
թիկունքիս հետևում ծիծաղում են շնչավոր մեռելները. 
— Դեն նետիր ածելի՜դ ապուշ՝ 
քեզ վաղուց սպանել ենք…

 

*

 

Մահը թմրել է  քիմքիս
կծու ցավը դաղում է 
լեզուս։ 
Չեն գալիս արցունքներ 
էս ցամաք զույգ կանաչներից, 
ու չի շրխկում կրծքիս տակ ոչինչ:

Ողջամտորեն լակում եմ, 
սպիտակեցնելով թանձրացած արյունս,
գլուխս լցնում եմ հազար ու մի պիտանի հիմարությամբ:
Ես վախենում եմ ելնել փողոց, 
 վախենում եմ ճշմարտախոս ստահակներից, 
քաղաքակիրթ մոլագարներից այս քաղաքի 
արի ու փրկի ինձ
արի իմ  պլագիատ սեր։

 

*

 

Բոլորին ներեցիր Տե՜ր, 
Բայց ինձ  չհասավ  ձեռքդ 
Օր օրի խեղդում է մահօղակդ:
Դու բառով ստեղծիր գոյը, 
ինձ՝ հավիտենական որբիդ, 
Իսկ ես բառով ջնջում եմ քեզ
Ժամանակի գենոկոդից՝ 
Գրելով տասնմեկերորդ  աններելի պատվիրանը. 
— Աններելի զանցանք է բանաստեղծելը…

 

*

 

Երեկ դու իմն էիր.

մեզ վրա անփութորեն թափվող

 սիրո ֆլուիդների տակ,

կանգնել էր ժամանակը:

Թաց բառերը ու տաք գգվանքները,

ամոթխած գիտակցումը սիրուն մեղքերի

շղթայել էին  փոքրիկ՝ անդուռ սենյակն

 ու մեզ,

սերը խուտուտ էր գալիս

մեր մաշկի տակ

երեկ դու հրեշտակ էիր՝ քաղցր սատանա,

Աստված՝ ով  արարում էր վայելք ու ուրախություն

առանց  բիրտ պատվիրանների:

երեկ ես ապրեցի առաջին անգամ,

երեկ կյանքը անհավատալի՝

երջանիկ ֆարս էր,

երեկ իմն էիր

երեկ սերը մեզ սիրում էր…

 

*

 

Մի ժպտա ինձ 
ալեհեր  ամբոխից, 
ուր՞ փախչեմ — 
ամենուր դու ես:
Մի փակիր մթի կածանը, 
թող նիրհի մանուկ իմ ցավը.
լուռ եմ… 
սիրտս կույր է, 
և աշխարհը 
օտարման մեր վարագույր է, 
պատռի´ր հենց հիմա, 
պատռիր, Պա´պ, խնդրում եմ.
իմ լո´ւյսը դու ես, 
իմ լույսը դո´ւ ես։

 

*

 

Ավարտվեց
էտյուդը, 
հոգնած ստեղները 
մերկ լռության մեջ
խաղաղ մարեցին,
բայց գալարվում է օդում թանձրացած,
խեղճացած մի ճիչ,
հնչյունն ութերորդ՝
սերն իմ դորիական, 
թովիչ,
խուլ աշխարհին 
պետք չեկավ նորից:

 

*

 

Ու ցավը
կարդում է մեզ
բառերով:

 

*

 

Մարդը սրբեց քրտինքը,
հողը խուլ տնքաց, 
շիվերը՝ հանց անջուր ծաղիկներ,
թոշնեցին մեկ վայրկյանում,
մորթված հսկան կլանեց օդի վերջին վակուումը
ու ցողեց,
ծառը  կանաչ արյուն ցողեց։

 

*

 

Հինգ անց քառասուն 
փռվել եմ անշարժ 
անկողնուս վրա,
ինչ-որ տեսիլք է իջել երեսիս,
Քոհեն է կարդում:
Անկողնուս մեկեն 
ստվերներ են թափվում։
Երգում են, սուլում, 
իրար են տալիս, 
վարգում գլխիս մեջ,
ծանոթ ֆրազներ են կրկնում,

ծիծաղում:
Բան չեմ հասկանում:

-Ո՞վ եք, տխմարնե՛ր, ասում եմ սրանց, 
ի՞նչ եք բարբաջում:
-Մի սրան տեսե՛ք, իսկը՝  խև պոետ,-ասում են սրանք,- 
մտքերդ ենք ջահել,

եկել ենք ասենք՝
բան չես բաշարում։

 

 

© Լուսանկարը՝ Երևանյան Էսքիզ գրական/մշակութային կայքի

 

 

 

Ընթերցել նաև