Ակնարկ Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Հեքիաթ

Վարդան Սմբատյան․ «Հեքիաթ որոնողը»․ ակնարկ՝ Աղավնի Գրիգորյանի «Հեքիաթն ապրում է» գրքին

 

Երեկ կարդում  էի ընկերոջս՝ շատ տաղանդավոր մանկագիր, արձակագիր և երաժիշտ Աղավնի Գրիգորյանի հեքիաթների գունազարդ ու գեղեցիկ ժողովածուն: Հանկարծ ներսումս բանտարկված մանուկը զարթնեց ու սկսեց լացել լինել, սենյակումս ծաղկած վարդագույն Լիլիան արձակեց թախծի ազդակները, տխրությունը սկսեց բուրել էնքան մեղմորեն:

Այտերիցս թափվող մանրահատիկ արցունքի վտակները բնավ էլ դառը չէին։ Բաց պատուհանս թանձր մշուշով էր պատվել, փոքրիկ գորշ սենյակս կքվել էր անհաղորդ կահույքի, անպիտան իրերի ու բթացած զգացումների տակ:

Աչքերս հառեցի աստղաբույլի մեջ օրորվող երկնքին։ Աստղերը անսպասելիորեն սկսեցին բացվել՝ նորաբողբոջ վիթխարի փայլող ծաղիկների նման, նրանց միլոնավոր լուսավոր թմբիկները բացեցին երկնային անսահման խոռոչը: Մի պահ նայեցի վերև, կկոցելով աչքերս՝ փակեցի, ջանալով հավերժացնել տեսածս ակնախոռոչում: 
Երբ բացեցի կոպերս, նրանք բոլորը իմ փոքրիկ սենյակում էին, բոլոր հեքիաթների մոռացված հերոսները : 
Միայն թե տեսնեի՜ր, Աղավնի՛,  որքա՜ն գեղեցիկ էին, որքա՜ն իրական, մանավանդ ՝ քո հեքիաթային Խատուտիկն ու Բալը։ Ես հասկացա, որ այս աշխարհում անիրական է միայն մեր գոյությունը, հասկացա, որ մենք՝ հողածիններս, ապրող միֆեր ենք, հասկացա ու ամաչեցի: Կրծքիս տակ բանտարկված մանուկը ճեղքեց անպիտան մսի ոսկրապատ շերտերն ու դուրս թռավ՝ նետվեց նրանց գիրկը: Ես խաղաղ նահանջեցի՝ թողնելով մանկանը կենդանացած հեքիաթների հետ:

Մանկությունս օրոր երգեց ինձ, նրանք հավաքվել էին շուրջս ու երգում էին կիսատ թողնված մանկությանս բոլոր սիրելի երգերը: Հեքիաթը փակեց աչքերս, ննջեցի՝ հենց նոր ծնված նորածնի պես: Հիմա սևամորթ մոգը՝ գիշերը, ջնջում է ամեն ինչ աշխարհում՝ վաղն ամեն ինչ նախաստեղծ լույսին տալու անխախտ որոշմամբ:  Քունը աշխարհի միակ խաղաղ դրսևորումն է: Ամեն օր քնելիս բաց թողեք ձեր մեջ բանտարկված մանուկներին։ Աշխարհին հեքիաթ է պետք, հեքիաթը մեզ կփրկի։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև