Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Վանո Սիրադեղյան․ «Շատ չհամարես»․ պատմվածք

 

Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը — ստիպված խոզը մորթեցին։ Քանի դեռ ջուրը տաքանում էր, քանի դեռ խոզը խանձվում էր կրակին, մայրը հույս ուներ, թե վերջին պահին միջնեկը կհասցնի կգա։ Մեծ որդին, որ գյուղում էր ապրում և փոքրը, որ քաղաքից եկավ — մինչն այն պահը, երբ արդեն ուշ կլիներ մսացան մշակելը, եղբորը սպասեցին։
Ուրեմն, խոզը մորթեցին, կրակին խանձեցին, տաք ու պաղ ջրով շփեցին-քերեցին, կարպետով ծածկեցին հինգ րոպե (մեկն առաջարկեց՝ տասը րոպե) և արին մնացած բաները։
Մայրը երկու օր ոտքի վրա էր։ Հանգստի հնարավորությունը որ չկար, հոգնելու ժամանակ չուներ։ Տավարի միսը կրակին էր, հավերը՝ չաղլիկ, բուլղարական, խաշվում էին գազօջախին, հացի վերջին կողը թոնրի մեջ էր՝ հարսը սպասում էր հանելուն և անձրև եկավ, ձնաշունչ, ձյունի վերաճող անձրև։ Ապրիլին այդպիսի անձրևը աղետ էր։ Ծառերը փարթամ բողբոջով էին, ծառերը՝ մերկ, ծառերը՝ փափկած, գնում էին ամառվան հարս, և նրանց գլխին ձյուն էր մաղվելու։ Սարերում, հաստատ, ձյուն էր եկել, գիշերը ձյուն կգներ բողբոջին, ծաղկին… Գյուղում այդ մի ծառն էր ծաղկել՝ ամուսնու տնկած մի հատ նշենին — այգու ծայրին, գյուղի ծայրին, անջատ, մենակ, սիրուն, և նրա վրա ձնաշունչ անձրև էր գալիս։
Մայրը ոտուձեռ ընկած՝ հրահանգներ էր տալիս, հարսի հրահնգները ինքն էր կատարում, աչքը հորիզոնի բացվելու վրա սառավ և ականջը առավոտից ձայնի էր։ Մեծ որդին բեռնատարով գարեջրի գնաց՝ երևի հասավ Կիրովական, թոռները Ղազախի շուկայից չվերադարձան, աղջիկները գալու էին մեկ, երկու, երեք, չորս գյուղից, օրը մթնում էր, եղանակը՝ փչանում, իսկ միջնեկը չեկավ Երևանից։
Թոռան ընկերները սեղան էին սարքում, թեփ էին շաղ տալիս դրսում ու ներսում, քամին սաստկանում էր, անձրևը փոխվում էր ձյունի և ձիգ պատշգամբը, որ գլխավոր սեղանատունն էր լինելու, բրեզենտով մի կերպ փակեցին։
Դրացի աղջիկները սեղան էին ծածկում, զնգզնգում էր աման ու չաման, նեղվածք էր, աղմկոտ, ուրախ, հյուրերը արդեն հավաքվում էին, կհավաքվեն, այսպես, երկու հարյուր հոգի, իսկ փոքր որդին՝ գրող ու խմող, Սևանից խոստացած ձուկը չբերեց։
Այդ շնորհքը նրան աստված չտվեց։ Ով գնաց քաղաքում տունուտեղ դրեց, աշխատանք ու ապրուստ ունեցավ, իսկ նա դեռ վարձով, տարին՝ մի աշխատանք, տասը տարում միայն այն արավ, որ համալսարան ավարտեց, երկու կին, չորս երեխա ունեցավ… Աստված՝ պահի։ Աստված թող պահի, որովհետև իրենից հույս չկա։ Անբախտ լակոտ դուրս եկավ։ Անբախտ ու սիրուն։ Հոր կտորը։ Քայլելը՝ հերը, կանգնելը՝ հերը, ծխելը, չխոսելը, խոսելը՝ հերը։ Հոր տնկած նշի ծառի նման շատ շուտ կծաղկի ու ամեն ցրտի, ամեն փորձանքի բերանը կընկնի, կմնա մենակ… Պատերազմի հինգ տարիների կարոտի ծնունդ, մոր մի փոր զույգից առաջինը եղավ, քրոջից երեք ժամ շուտ աշխարհ եկավ, ուշ ոտքի կանգնեց, երեք տարեկանում նոր լեզուն բացվեց և ուտելը՝ պատիժ, սովորելը՝ պատիժ, աշխատելը՝ պատիժ, ձեռից մի բան է գալիս՝ գրելը… Գրելով երեխա՞ կպահվի։

Վերջապես եկան։ Բոլորը եկան։ Տասը զավակները, տասնհինգ թոռները՝ քսաներեքից… տասնհինգն՝ այստեղ, երկուսը բանակ, վեցը՝ տնապահ իրենց տներին… Էլի ոչինչ։ Հյուրերը լցվեցին պատշգամբը, կահկարասաց ազատված մեծ սենյակը, կանայք տեղավորվեցին վերջին սենյակում ու դեռ գալիս են։ Զինակոչիկի հրաժեշտի խնջույքին հրավեր չկա, տանտիրոջ սրտի չափով են գալիս, իսկ եղանակը (փչանաս, երկինք) էլի մարդու սրտով չգնաց։
Ծիսակարգ չկար, խնջույքն սկսվեց տարերայնորեն: Տարիքավոր տղամարդիկ, որ զբաղեցրել էին գլխավոր սեղանի մեկ երրորդը, սեղանը կենաց ճառերի կարգը քաշելու, չափի բերելու փորձեր արեցին, բայց երգ-նվագից, աղմուկ-ծիծաղից մի անհամբեր լսողության պատառ կորզելու փորձերից հոգնած՝ տեղի տվեցին, և հախուռն, ջահել քեֆը սանձերը թողեց։
Զինակոչիկ թոռան կամքն էր, որ գերդաստանում ընդունված կարգով, առաջին պարը սկսեն տասը զավակներով։ Հետո պարի մեջ պիտի մտնեն պարի ընդունակ բոլոր թոռները (ամեն անգամ թոռներից մեկ-երկուսը պարի համար հասունացած՝ անսպասելի խառնվում են պարողներին), վերջում (որպեսզի շատ չհոգնի), պարի մեջ կքաշեն Մորը։ Եվ ամեն անգամ նա կպարի շիկնած ու շփոթ՝ կարծես հարսի պար պարելիս լինի։
Պարում էին։ Մայրը նայում էր՝ թիկունքը պատին և աչքերի շուրջ, և բերանի անկյուններում խնդության ծալքեր կային։ Զսպված խնդության ծալքեր էին՝ «Աստված, Էսքանը շատ չհամարես»։ Շատ չհամարես, որովհետև քիչ է պատահում, որ բոլորով մի տեղ հավաքվեն։ Քանի աճում են, դժվարանում է։ Հազար ու մի հոդս՝ մեկը մյուսից մանր ու դատարկ, բայց մանր-մանր կուտակվում ու արգելք են դառնում… Նույնիսկ չստացվեց, որ բոլորով լուսանկարվեն։ Մի լուսանկարում տասներկու հոգի են՝ փոքրը չէր ծնվել, փոքրը ծնվեց էլի տասներկու—առաջնեկը բանակում էր, մյուսում՝ տասներեք՝ հարսն էր գումարվել, վերջում… տան գլուխը չկար…
Թոռները խմբով, թափով, ցնծությամբ պարի մեջ մտան։ Այդ թափի մեջ առանց այդ էլ բերանբաց նայող համագյուղացիներին շշմեցնելու ցանկություն կար և նրանք հասան նպատակներին։ Մայրը ինքն իր հետ խաղի մեջ մտավ, աչքը որ թոռան վրա կանգ առներ, անունը պիտի տար միանգամից… մեկը, երկուսը, երեքը, չորսը… ութերորդի վրա սխալվեց, սկսեց նորից, բայց անդրանիկ թոռան վրա միտքը շեղվեց՝ ահա գիծը։ Պապի գիծը։ Այդ գծի վրա փոքր որդին է, անդրանիկ թոռը… բայց թոռը, ափսոս, պարել չգիտի։ Մի քիչ էլ ճակատը լայն չի… Մի քիչ էլ մեջքը ձիգ չի… Իսկական գիծը, ուրեմն, դա չի։ Մորական ցեղի խեղճ արյունը ծռել է երեխի մեջքը։ Ամենափոքր թո՞ռը։ Իհարկե։ Նա՝ հոր կտորը։ Ոտքերի տակ նայել չգիտի, բայց գայթած չունի, ինչը ծամելու հոգս է պատճառում, բերան չի առնի, ուրիշի ձեռքից բան չի վերցնի, մանկապարտեզի դաստիարակչուհու հարցին պատասխանեց ութերորդ ամսում… Գոնե հոր բախտից չունենա։
Փոքր որդուն հոգնել չկար։ Պարի գլուխ էր։ Պարողների հանգստանալը պարեղանակից պարեղանակ էր՝ հանդարտ ու թափով, թափով ու հանդարտ, իսկ դհոլը արդեն ընկնում էր դհոլչու ձեռքից, ծունկը դողում էր աթոռի վրա, զուռնաչին քանիերորդ անգամ փոխել էր պարեղանակը, երկու կողմի շապիկները կպել էին թիկունքներին, պարի մեջ մտան արդեն հարսները, պարողների թիվը անցավ երեսունից… վաղը էլի շաղ են գալու Հայաստանով մեկ, աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես։

Ընթերցել նաև