Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Հեքիաթ

Վահե Լոռենց․ «Կարմրուկը»․ հեքիաթ

 

Նա մի գեղեցիկ, փոքրիկ, կարմրուկ ձկնիկ էր։ Աչքերը բացել էր փոքրիկ, հարմարավետ, լուսավոր ակվարիումի մեջ։ Ինչպես աշխարհի մյուս ձկները՝ հրճվել, հիացել երկրի գունագեղությամբ, երազել, խաղացել, զվարճացել․․․ բայց, ակվարիումի մեջ։

Ու նա սիրելին էր մյուս բոլոր ձկների ու տանտիրոջ կարմրաթուշ, պատանի տղայի, ով ամեն օր, կերակրում էր ակվարիումի ձկներին։ Չէ՞, որ, ինքն ամենափոքրն էր, ամենասիրունը․․․

Բայց, ինչես որ, վանդակն է փոքր գեղեցիկ ու դայլայլող սոխակի համար, այնպես էլ՝ ակվարիումն է մի գեղեցիկ վանդակ՝ Կարմրուկ այս ձկնիկի համար։

Ճիշտ է՝ իրեն ժամանակին կերակրում են, օդ ու թթվածին են ապահովում, այստեղ իրեն չեն վնասում գիշատիչները, չեն փորձում խայծով գայթակղեցնել ու որսալ, միշտ լուսավոր է իր ակվարիումի մեջ, բայց․․․ միևնույն է՝ սա ակվարիում է։

Եվ, փոքրիկ Կարմրուկն էլ մյուս բոլոր ձկների նման սկսեց երազել  ազատության մասին։ Գրեթե անիրական , հեռու-հեռվում գտնվող լճերի, ծովերի, օվկիանոսների մասին․․․

Ծովեր, օվկիանոսներ, որոնց մասին Կարմրուկ ձկնիկը լսել միայն մեծերի պատմած հեքիաթներից, ինչպես որ, Տիեզերքի հեռավոր անկյունների մասին պատմություններ էր լսում ամեն օր իրենց կերակրող կարմրաթուշ պատանին։

Ու մի օր էլ կարևոր խոսակցություն լսեց մեր Կարմրուկ ձկնիկը։ Հենց ակվարիումի մոտ, կարմրաթուշ պատանու և իր ծնողների խոսակցությունը։ Ընտանիքն արտերկիր էր գնում։ Եվ ծնողներն առաջարկում էին պատանուն՝ ակվարիումն իր ընկերներից, կամ բարեկամներից մեկին հանձնի՝ պահպանության։

Տխրեց Կարմրուկ ձկնիկը։ Նա արդեն սովորել էր իր այս գերությանը, սովորել էր կարմրաթուշ, բայց բարի պատանուն, ով ամեն անգամ անհոգ բարությամբ առատ կեր էր նետում այս ընդարձակ ու մեծ ակվարիումի մեջ, ուր տասնյակ ձկներ են ապրում։

Տխրեց Կարմրուկ ձկնիկը, բայց հաջորդ պահին՝ կայտառացավ նրա սիրտը։

— Չէ՛, մայրիկ, չէ, հայրի՛կ, ես ավելի լավ է՝ բաց թողնեմ իմ ձկնիկներին։ Ես նրանց մեր տան մոտի այգու ջրավազանում բաց կթողնեմ։

Կարմրուկի ուրախությանը չափ չկար։ Ճիշտ է, այլևս չի տեսնի կարմրաթուշ պատանուն, այլևս չի լինի իր լուսավոր ու ապահով ակվարիումը, բայց դրա փոխարեն իրեն լայն տարածություններ են սպասում, անսպառ, անվերջ տարածքներ, ուր կարող է լող տալ հանգիստ՝ չվախենալով մեծ կոհակներից, չվախենալով գիշատիչներից։ Ազատությունը վայելք է․․․

Մի քանի օրից, Կարմրուկ ձկնիկն իր ազատությունն էր վայելում։ Երբ կարմիր այտերով պատանին իր ակվարիումը դատարկեց ջրավազանում՝ Կարմրուկ ձկնիկն էլ մյուսների հետ նախ շփոթված մի փոքրիկ, կատաղի պտույտ գործեց տեղում, ապա, աստիճանաբար հարմարվեց նոր իրավիճակին։

Անսովոր էր, որ ակվարիումի բոլոր ձկներն անմիջապես հեռացան իրարից։ Միասին ապրելու փոխարեն, ասես՝ խույս տալով իրարից՝ ամենքն իրենց մի անկյուն, մի եզերք ու հորիզոն նետեցին։ Կարմրուկը մնաց տեղում շվարած։ Մոլորված։ Բայց․․․ դե՝ վայելիր ազատությունդ, խե՛նթ․․․

Իսկապես, հրաշալի է կյանքը․․․ ազատ, լայն հորիզոններ, ուր կարող ես լող տալ՝ որքան ուզում ես․․․ փոքրիկ կոհակներ միայն, ու, առատ կեր․․․

Երբեմն, Կարմրուկ ձկնիկն իր գլուխն էր հանում ջրի մեջից, նայում Ցամաք աշխարհին, զարմացած նայում մարդկանց, երեխաներին, պատանիների խաղը, երիտասարդների սերն ու․․․ ընկղմվում ջրի մեջ։

Հատկապես զվարճալի էր մայիս ամիսը․․․ Ձկնիկը սովոր էր, որ տանն, ակվարիումի մեջ, ջուրը միշտ տաք էր, միշտ վճիտ ու զուլալ․․․ իսկ հիմա․․․ մերթ տաք է, մերթ, անձրևում է․․․  անձրևում է․․․ ու ձկնիկը հաճախ էր թռչկոտում կոհակների մեջ, դուրս պրծնում, բերանով որսում անձրևի մի կաթիլ, ու իր անիմաստ, զվարճալի խաղով հագեցած՝ դարձյալ սուզվում ջրավազանի խորքերը․․․ Գեղեցիկ է մայիսը․․․

Սակայն, Կարմրուկ ձկնիկի խանդավառությունը կարճ տևեց․․․ Ճիշտ է, նա հիմա ազատ է, նա հիմա լայն տարածք ունի, այլևս վանդակված չէ, այլևս ակվարիումի մեջ չէ, բայց․․․ նա միայնակ է․․․

Այս հսկա ջրավազանում, ուր անգամ ծայրից ծայր լող չի տվել, որի մեծ չափերի մասին պատկերացում չունի՝ նա միայնակ է․․․ չկա՛ իր տեսակը, չկա՛ իր ընկերը, ում հետ կխաղար, ում հետ չարություն կաներ, անկեղծ կլիներ, ում կսիրեր․․․

Ու մենության ու տրտմության հետ մի մեծ, ահագնացող տագնապ պարուրեց Կարմրուկ ձկնիկին․․․

Մի տեսակ, գնալով հեղձուկ էր դառնում շուրջը, գնալով մռայլ, ու անսովոր տհաճ․․․

Ջրավազանը չէր սնուցվում։ Այստեղ հավաքված ջրերը՝ Կարմրուկ ձկնիկի կենսական տարածքը, սոսկ ձնհալից ու անձրևաջրերից հավաքված մի զանգված էր․․․

Ամառը մոտենում էր, ջրավազանը՝ չորանում․․․

 

 

Ընթերցել նաև