Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Վահագն Ամիրջանյան․ «Ողջություն․ չորեքշաբթի»․ էսսե

 

Չորեքշաբթի է: Այսօր հրեշտակներին թույլատրված է իջնել երկիր: Այդպես էլ հրեշտակներից մեկը իր առաջին արյունը խմեց: Ասում են՝ արյան համը մինչ օրս տանջում է իրեն, իսկ Աստված դեռևս չի ներել նրան․․․  Չկա մի բան, որ կարող է ստիպել ենթարկվել այն ամենին, ինչ կատարվում է: Իսկ կատարվածը ոչինչ է ոչնչի դեմ:Երևի այսպես է լինում, երբ ամեն ինչը դառնում է ոչինչ: Արյան համից մոլագար դարձած՝ ես որոնում եմ ճամփան ետդարձի, բայց այսօր ո՛չ բաղեղի տերևներ են բաժանում, ո՛չ էլ Հերակլիոնից լուր կա: Այսօր արյունն է միայն խոսում, այսօր խոսում է միայն Սատանան: Հին աշխարհներում, որտեղ մարմնական հաճույքի համար մարդիկ պատրաստ էին ամեն ծոց մտնել, հիմա ամենը փոխարինվել է քրիսոտեական «Ամեն»-ով: Հիմա մինչ ծոց մտնելը աղոթում են: Այդպես էլ ես հայտնվեցի այդ գարշանքի մեջ, իսկ դրանից դուրս գալու ճամփին ես կուրացա: Հիշում եմ՝ հայտնվեցի մի մութ սենյակում, որտեղ ոչնչի մեջ փորձեցի բան գտնել և, գրո՛ղը տանի, ստացվեց: Ես գտա այն պատճառը, թե ինչու է իմ երակներում հոսող արյունը այդքան դառը: Դառնության համից ես կշատանալ չկարողացա այդպես էլ, իսկ վերջում մարտահրավեր նետեցի արյուն խմող հրեշտակին: Մեր մեջ ազնիվն ինքն էր, բայց Աստծո կողմից ինքն էր պատժված․ չէ՞ որ ես Աստծուն վաղուց է, ինչ հաղթել եմ․․․Հաղթանակի համը մինչ օրս ատամների տակ է: Հիշում եմ խաչված ժամանակ, երբ նրա արյան կաթիլները ընկնում էի գետնին և սառնարյուն գիշատիչները խմում էին արյունը, ես գիշատիչներից ամենավերջինն էի: Ես սովորական մարդ էի: Ես չեմ վախենում Սատանայի հետ ընկերակցելուց: Իր և իմ խմած սուրճը միշտ դառն է , զրույցը քաղցր, թքած, թե վերջում մարդ չի մահանա, գոնե ինձ համար: Իսկ մարդիկ մահից լավ բան երևի մեկ էլ ձեռք են բերում Սատանայի մոտ, երբ այրվում են կրակների մեջ: Ես այրվել միշտ եմ ուզել: Եվ ահա այսօր որոշեցի օձի թույն խմել: Ինքնասպանության գնացողը դժոխքի բաժին է դառնում. թերևս, ես արդեն դժոխքում եմ: Լցվում է բաժակս. Աստծո արյունն է կաթում բաժակի կողքերից: Քիչ-քիչ արյան համը հարազատ է դառնում լեզվիս և ես տեղավորվում եմ փոքր տուփի մեջ. այդքան մանրանում եմ ինքս իմ մեջ: Գոյի կռիվ է գլխումս: Մի կողմից կամաց կտրում եմ երակս, որպեսզի արյունը խառնեմ իրար, իսկ մյուս կողմից սպիրտով մշակում բացված տեղը: Խելագարվում եմ, արբենում և միացնում  «donnie darko»-ի ֆիլմի երաժշտությունը և նրանից էլ բարձր խոսում աշխարհի խելագարության մասին: Հետո սկսում եմ հայհոյել աշխարհը: Չէ՞ որ ինչ կատարվում է այստեղ՝ ունայնություն է, և ոչինչ չի նշանակում ոչ մի եղած բան: Որոշում եմ հանգստացնել մարմինս և արյան հետ մի քիչ վիսկի եմ խառնում: Հետո սկսում եմ խաղ անել սեփական երակներիս հետ, բիբերս չռում եմ նրանց ուղղությամբ և վայելում ամեն կորցրած արյան կաթիլի համար: Կոկտեյլը շատ համեղ է ստացվել: Երկնքից լսում եմ ձայն, աղաղակ, կանացի ճվոց. Սատանայի կնոջ ձայնն է: Նա էլ, ինչպես ամուսինը, կատարյալ մարմին ունի, բայց իրեն տիրելը հնարավոր չէ, որքան էլ ուզում ես պայքարիր, որքան էլ ուզում ես արյուն քամիր նրա համար: Սիզիփոսյան չարչարանք է այս ամենը, բայց ես, մեկ է, պայքարում եմ, որպեսզի տիրանամ նրա սուրբ մարմնին: Թերևս ինքս էլ գիտեմ, որ անգամ Սատանան չի խիզախում նրա մարմնի հետ խաղ անել: Ինձ հարկավոր չեն աշխարհի բոլոր բարիքները: Ես արդեն դժոխքում եմ: Ես արդեն կատարել եմ իմ սխալ ընտրությունը: Թերևս, դրախտում էլ վիսկի չեն տալիս․․․

Այն աշխարհում, որտեղ ես էի, և այն աշխարհում, որտեղ հիմա եմ ես, կա մեկ պատճառ՝ այն, որ իմ երջանկության ժամին ինձ ցավ տվեցին, իսկ ցավի ժամանակ չօգնեցին: Թերևս, ես օգնել եմ բոլորին, օգնել եմ նրանց մարմիններին, օգնել եմ նրանց հոգիներին, օգնել եմ նրանց՝ պարզապես չհավատալ: Ես չեմ հավատացել այն աշխարհին, որին հավատում են քրիստոնյանները: Չէ՞ որ հավատքի մեջ միշտ էլ մի անսուրբ բան կգտնես․․․ Ու հիմա ես հիշում եմ դեմքն այն հրեշատկի, որը մի կույսի արյան մեջ խորտակվեց: Ի՞նչպես հիմա ուզել հանգստություն, ի՞նչպես ուզել ներում․․․ Բայց ես անընդհատ մոռանում եմ, որ ներում ավելի լավ է հայցել պոռնիկից, քան թե․․․ նրանից: Իսկ իմ ներման ճամփան ես անցել եմ վաղուց, երբ Հուդան դավաճանում էր Աստծուն, ես այդ ժամանակ դեռևս հասկանում էի, որ Աստծո ստեղծած աշխարհը, անգամ իրեն չի ենթարկվում: Կամ էլ Աստված թատրոն խաղաց, որպեսզի մենք նրա արյունով մաքրվենք․․․ Ես մաքրվել եմ հազար անգամ, բայց իմ արյունով, իմ դառը և անհամ արյունով, ինձ պետք չէ սրբերի արյուն, իմ աշխարհում սրբերին մորթում են, իսկ նոր աշխարհում այս սրբերը տեղ չունեն: Այստեղ է նաև այն հրեշտակը:

Արթնանում եմ: Կիրակի է: Հարության հոտ է գալիս․․․

Չորեքշաբթի է: Այսօր հրեշտակներին թույլատրված է իջնել երկիր: Ես նրանցից մեկից ներում հայցեցի: Աստված չներեց․․․

 

 

Ընթերցել նաև