Արձակ Էսսե Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Վահագն Ամիրջանյան․ «Ողջություն․ երկուշաբթի»․ էսսե

 

 

Երկուշաբթի է: Գլխումս անիծված ոսկորները՝ դանակներ ձեռքն առած, երազում են մի թարմ որովայն պատռելու մասին: Արյան հոտից արբեցած՝ փոքրիկ գիշատիչները ծծում են արյան քաղցր հեղուկը և ատամների տակ զգում հավերժական գինու գաղտնիքը. եթե չեմ սխալվում անվանում են այդ ամենին Աստծո արյուն: Աստված հոս է… Սատանան բոլորից առաջ է ընկել և լլկում է բոլորին հատ առ հատ, բայց ոչ թե մարմիններին է կտտանքներով տիրանում, այլ հոգիներին (իհարկե, շատերը չէին մերժի քնել նրա հետ, անգամ ես): Մարդկային վերջին գազանը, որը սեփական մարմնի միջից դուրս է հանում վերջին արյան կաթիլը, որպեսզի սեփական թքի միջոցով լցնի ուրիշի բերանը, արդեն զրկվել է թքագեղձից: Բայց չի ընկճվում, Աստված հոս է, իսկ Սատանան շարունակում է բռանաբարել մեր հոգիները, ոմանք էլ դեռ երազում են նրա հետ քնելու մասին, անգամ ես: Տաք երկրներից, որտեղ մարդիկ սեփական մարմինները լվանում են հատուկ մաշկային հեղուկներով, գալիս են մարդիկ, որպեսզի փոխեն երկրային քաոսը՝ այն վերածելով երջանկաբեր քաղաքի, որտեղ լլկանքից շատերը ուրախությամբ երեխա են ծնում: Շատերը սեփական մարմիններում նոր արգանդներ են ստեղծում, որպեսզի նվիրաբերեն ամենակարող Սատանային՝ նոր հրեշիկներ ծնելու համար. նրանց մարդիկ են կոչում: «Ամենակարող» մակդիրը անգամ հյուծվում է, երբ վերևից լսվում է՝ Աստված հոս է… Սատանան կամաց-կամաց գրկում է իմ տաք մարմինը, սկսում խաղ անել նրա հետ, ականջիս տակ շշնջում, որ ես կարող եմ տիրել նաև նրա մարմնին, տիրել նրա հոգուն և անգամ ամբողջ Դժոխքին: Ուրախանում եմ, երակներս լցնում ուրախության կաթիլներով՝ մի քիչ վիսկի, մի քիչ կոնյակ, մի քիչ էլ լեզվիս տակ համ առած սատանայական համբույր: Խոնավ են նրա շութերը, նման են այն զգացողությանը, որ կարծես թե միանգամից երկուսի հետ համբուրվես, մյուս կողմից էլ ներքևում խաղ են անում գազանիկդ և նրա պահապան վահանները: Համբույրները վերածվում են խենթ ու խելառ ծիսակարգերի, սկզբից ես եմ իմ արյունը խառնում ինչ-որ կույս աղջկա արյան հետ, ապա ինքն է խառնում իր սրբապիղծ արյունը այդ երկուսի հետ, հետո այդ աղջկան զոհում ենք, նրա մարմնի գոհարները կտրատում ատամներով և ամբողջը խառնելով իրար՝ դնում կրակի վրա: Մի ահագնացնող պայթուն է լսվում, մեկ էլ արթանանում եմ ամբողջովին մերկ՝ մի պալատում, որտեղ չկա ոչինչ, ինչին կարող եմ պատասխանատու լինել, ես հանգիստ եմ, քանի որ այստեղ ինձ ոչ մեկը չի մեղադրի, որ ես գոյություն ունեմ այնպիսին, ինչպիսին կամ: Պալատում լսվում է մի սադայելական երաժշտություն, մարմինս դող է ընկնում, բայց մեկ էլ զգում եմ ուսերիս ինչ-որ սուր եղուգների շարժ, մեկ էլ զգում եմ, որ մաշկս քիչ-քիչ արյունոտվում է, այնպիսի մեծ վայելք եմ ապրում, կարծես թե նորից քնում եմ հենց նրա՝ ամենադիվական կնոջ հետ: Բայց մեկ էլ նկատում եմ, որ նորից ամենաբարի Սատանան է ինձ ընկերակցողը. անկողինը խոնավ է, պատերը՝ մուգ, սև ներկված, բայց դեռևս ներկի հոտը պահպանված: Սենյակի դուռը կամաց բացվում է, կուչ եմ գալիս Սատանայի գրկի մեջ, զգում տարօրիանակ հանգստություն, ապա երբ փակվում է դուռը, վերջապես զգում եմ այն կիրքը, որը տածել եմ արյան համը առաջին անգամ փորրձելիս:

-Խնդրում եմ, օգնե՛ք ինձ հասկանալ…

Սենյակի պատերը միանգամից արյունոտվում են՝ մի կողմից իմ արյունն է, մյուս կողմից՝ Սատանայի, և վերջում այն կույս աղջկա, ով այդպես էլ չկարողացավ ամուսնանալ: Ամենը հիասքանչ է, օրը փոխվում է կիրակիի, ես դեռևս փակված եմ այդ պալատում, այսօր հանգստանում ենք, այսօր ըստ Աստվածաշնչի պետք է ոչ մեկին չսպանել, իսկ մնացած օրերին՝ նույնպես: Բայց ես կիրակիի սիրահար եմ, համ էլ ի՞նչ սխալ է սպանել սեփական վախերը, սպանել ուրիշին, որ չսովորեց ապրել: Եթե ծնված օրվանից բոլորիս ապրելու խնդիրը առաջնային լիներ, ապա երկնքում բաց դռներ չէին լինի: Խորհում եմ հավիտենականության մասին, մտնում այնպիսի անցքեր, որոնց միջից դուրս գալը դժվար է լինելու, բայց խցկվում եմ, ճզմվում այդ հարցի արյունոտ պատերին, ապա լեզվով արյան կաթիլները լցնում ատամիս տակ, թքում եմ. Սատանայի արյունը ավելի քաղցր է: Թույն է հոսում ամբողջ մարմնովս, վերևից մի լույս է իջնում վրաս, պալատը լուսավորվում է, ես էլ սկսում եմ վախենալ, սակայն երբ ցանկանում եմ նորից փաթաթվել Սատանայի տաքուկ գրկին, զգում եմ, որ կողքիս չէ. հարություն առավ: Երկուշաբթի է: Գլխումս անիծված ոսկորները՝ դանակներ ձեռքերին առած, երազում են մի թարմ որովայն պատռելու մասին: Արյան հոտից արբեցած՝ փոքրիկ գիշատիչները ծծում են արյան քաղցր հեղուկը և ատամների տակ զգում հավերժական գինու գաղտնիքը. եթե չեմ սխալվում անվանում են այդ ամենին Աստծո արյուն: Աստված հոս է…

 

 

 

Ընթերցել նաև