Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Վահագն Ամիրջանյան․ «Մահահոտ սեր»․ շարք

 

Ես քեզ նայում եմ աչքերի խորքում

մահացած դիակների նման,

ու իմ մտահորիզոնում

գարշելի, փտած

մարմնահոտ է գալիս,

այդ դու ես նեխել սրտումս,

այդ դու ես մեռել հոգուս մեջ,

բայց ես շարունակում եմ

քո հետ խաղալ նույն կոմեդիան,

թե աշխարհում, որտեղ դու ես,

այնտեղ նաև ես եմ:

 

*

 

Ու ես կարող եմ հիմա

հանգիստ մեռնել գինուց

ու արյուն դառնալ Աստծո համար,

քանի որ էլ ոչինչ չունեմ

աշխարհին հայտնելու…

 

 

*

 

Ես ուզում եմ հավատալ,

որ հիշողությունը չի մեռնում,

ու ամեն անգամ անծանոթների հետ,

երբ մենք սիրախաղ ենք խաղում,

ու ուզում ենք

հավիտենականություն ստեղծել,

վերևից մի ձայն գոռում է,

որ ապրել է դեռևս պետք,

բայց ես չեմ հավատում նրան,

ու ուզում եմ աշխարհին հայտնել,

որ պետք է մահիցս հետո դառնամ

մի հուշ, որ թռչելու է անվերջ երկնքում…

 

 

*

 

Բոլորը կքնեն,

իսկ ես արթուն կմնամ,

քանզի ինձ շրջապատող

բորենիների հմայքից

չեմ կարողանում հաշվել

ինձ սիրող ու ատող

ուրվականների բաժակների թիվը,

ու ուզում եմ հարբել լուսատուների նման,

ու մի կույսի արյուն խմել՝

հեռացնելով վերջին երիկամս,

խառնելով սրտի հետ…

 

*

 

 

Ես ոսկրապաշտ եմ

մի ամբողջ ոսկորների խումբ

խրվել է իմ մեջ անգիտակցորեն,

ու ես մոռանում եմ հաշվել

թե քանիսը մեռան ու քանիսը պետք է մեռնեն,

ես զոհ եմ գնացել աստվածներին,

որ վերջին արյան հետ համտեսեմ

հին ազգերի ու բոլոր նոր ազգերի

համամարդկային օրգիան,

որտեղ քեզնից մնացած հուշեր են,

որտեղ կենդանի չղջիկի թաղում է,

որտեղ մեր սերը բաժանել են օրերի,

ու երբեք այն չի դառնում երկու տարի,

քանի որ ես ոսկրապաշտ եմ,

քանի որ աշխարհում բոլորը ոսկրապաշտ են….

 

 

 

Ընթերցել նաև