Շրջանից դուրս
Ես քայլում եմ շրջանի մեջ
առկա ամեն ինչի շուրջ:
Եվ շրջանի ներսում
աշխարհն է քո:
Իմ ստվերը ընկավ մի պահ
պատուհանի ապակուն:
Ես քայլում եմ շրջանի մեջ
առկա ամեն ինչի շուրջ:
Եվ շրջանից անդին
աշխարհն է իմ:
*
Ժամանակ և ջուր
1
Ժամանակը նման է ջրի,
և ջուրը նույնքան ցուրտ է ու խոր
որպես գիտակցություն:
Եվ ժամանակը նման է արտացոլմանը,
մասամբ ջրով պատրաստված,
մասամբ իմ կողմից:
Ժամանակ և ջուր
հապշտապ չքվում են անհետ
իմ գիտակցության մեջ:
2
Արև,
արևն ինձ հետ էր
սլացիկ կնոջ նման
դեղին կոշիկներով:
Քառասուն մետրաչափ ցած
սերն ու հավատն էին իմ քնած
փթթուն հողմածաղկի նման:
Եվ արևն անցավ
ոչ մի բան չկասկածող ծաղկի վրայով
դեղին կոշիկներով:
3
Թափանցիկ թևերի վրա
ջուրը թռչում է հետ
իր իսկ արթնացմանն ընդառաջ:
Կարմիր ոսկու լարը
իմ առաջ վազող
ոչ մի ուղղության չի հետևում:
Արյունոտ շրթունքներից անդին
այդ կիզիչ կաղապարի
մահվան ծաղիկն է ծաղկում:
Ուղղահայաց հարթության վրա
շրջանի ու կոնի միջև
մահվան սպիտակ ծաղիկն է աճում:
4
Պղնձե ավազի վրա
Կոտրվող մի ալիք:
Զեփյուռը քսվում է
բարձրահասակ կապույտ խոտերին:
Ծաղիկ մահացած:
Ես քար նետեցի
սպիտակ պատին,
և քարը ծիծաղեց:
5
Ջուրը, որ հոսում է
մեռյալ գիշերվա մեջ
անհատակ ծովը դեպի:
Իմ ավազե ուրախությունը փորագրել է
գաղտնիքն իր նախաստեղծ
քո լռության վրա:
Եվ ինչպես սաթ, ոսկի
կոշիկների մեջ քո,
վիշտն էր իմ առկայծում:
6
Ես խոնարհված գլուխ էի,
ես աչք էի մուգ կապույտ,
սպիտակ ձեռք էի ես:
Եվ իմ կյանքը կանգ առավ
մանր մետաղադրամի նման
հավասարակշռված իր կողեզրին:
Եվ ժամանակը անհետացավ
ինչպես արցունքներն են ընկնում
սպիտակ ձեռքին:
7
Երկինքն անձրևում է
վեգերով թափանցիկ
վայր ընկնող երկրի վրա:
Օրվա կրակ, լույս,
վախից սառած
անցնելով սրընթաց հրեշտակի միջով,
ապակու նման:
Կապտաթև գիշերներ
քուն կտուրներին լուսնի,
գալիս են մարդ-աստղերը,
աստղամարդիկ են գալիս,
գալիս են ջրերը նիրհող:
Ամեն ինչ գալիս է,
ոչինչ չի գալիս,
ծրարված հառնող լուսաճառագման մեջ,
աստծո պես:
Աստված:
8
Անտեսանելի թևերի բզզոցը
անցնում է մթնշաղոտ իմ հոգու վրայով,
ինչպես կարմրատակող լույսը:
Այս երեկո ես քնելու եմ
յոթաստղանի երկնքի ներքո
լայն գետաբերանին:
Մինչ բարձրանում է ձայնը քո
անցյալի եղեգներից
ինչպես կարմիր լույսը:
9
Քամի որսալու ցանց.
Փախչելով ծովային պերկեսաձկից
ողողված կիսաթափանցիկ լույսով
ոչնչի:
Արևաշող կրակե օղակները ջրի
ներծծում են գոգավոր հայելիները
քառաչափ երազանքների:
Հետքեր կորած
երեկոյան ձյան տակ
կասկածի:
Քամի որսալու ցանց.
Արևի պես՝ քունը մոտեցող
կրակե ծուղակն է նետում
աստծուն որսացու:
10
Իմ գիտակցությունից
դեպի շուրթերը քո
ծով է չկոխկրտված:
Բայց երազս առկայծեց
ծածուկ ալեկոծմամբ
երբ խորքերը դեռ պառկած էին խաղաղ:
Եվ վիշտը ես թաքցրեցի
համարյա գտնելով քոնը
կապույտ ծովախորշի նման:
11
Եվ իմ երջանկության պահոցը
պատրաստված է գունատ լույսից
գետի
հեռավոր մորմոքի:
Անմշտատևության լուսնի լույսը
հպվում էր իմ ձեռքերին,
մածուցիկ մեմբրանաթաղանթը
ինչը որ է
Եվ իմ աչքերի խավարը
փափուկ ծիծաղ է լցնում
երեկոյան
սառը կրակի մեջ:
12
Ձիերի նման՝ հապշտապ պայտված,
կապույտ բաշն իմ մտքերի
անհետանում է հավերժության հետնամուտքում:
Անանուն օրերն ընկնում են
ինչպես նոր խոցված թռչունները
կացարանի մեջ իմ գիշերային:
Կապույտ եղունգներով ձեռքի պես,
բացասական այո-ն բարձրանում է
հեռավորության մերձակցությամբ:
Մինչ դեմքս քնած է
այրված կրաքարի պես
գետի աչքին:
13
Կապույտ անձրևը
թևավորված օրերի
ընկնում է այրվող դեմքին:
Գիշերը մուտք է գործում
մտքի դատարկության մեջ.
անանուն պատմություն:
Մերկությունը նրա
որ կորսվում է
գիշերների և օրերի մեջ:
14
Արևալույս,
փոթորիկ,
ծով:
Ես քայլեցի կանաչ ավազի վրա
և ավազը կանաչ
իմ շուրջն էր լիուլի,
ծովի մեջ ծով:
Ոչ:
Բազմաթև թռչունի նման
իմ ձեռքը ընդմիջման է թռչում
լեռը դեպի:
Եվ ձեռքս սուզվում է
պայթուցիկի պես
դեպի խորքը լեռան,
և պայթեցնում է լեռը:
15
Քո նմանությունն ապրում է
արևահարված լույսի մեջ
հերարձակ օրերի:
Ես տեսնում եմ քո արցունքները
իմ վշտի վրա ընկնող
հրապուրիչ կապույտ անձրևի հանգույն:
Եվ բացակայությունը քո քնում է
առաջին անգամ
իմ գրկում:
16
Ժամանակի նոսրաձյուն գագաթի ներքևում,
իմ լռությունը սպասում էր
հասունացող հացահատիկի պես:
Ես տեսա արևի լույսը գորշասպիտակ
ճանապարհի երկայնքով քայլելիս,
և իմ միտքը ձգվեց արևի լույսին ընդառաջ,
և արևի լույսը տարածեց իր գլուխը ոսկի
ծովակապույտ պատի վերևում:
Ես տեսա, որ խավարը թռչում է հեռու
մետաղական թռչունի պես
իմ ձեռքերից հողադարչնագույն:
Եվ լռությունս փոխվեց
մեծազդեցիկ միության
ոչնչի և ամեն ինչի հետ:
Մինչ մութը լուսափայլող
ճախրում էր ոսկե թևերի վրա
արևալույսի միջով:
17
Լույսն
իմ մորմոքի ընկնում է
սպիտակ քո աչքերին քնած:
Ես թույլ կտամ մտքերս թռչեն
անհետագիծ ծովի վրա
դեպի աչքերը քո:
Երջանկությունն է քո
բերում իմ մորմոքի
լույսը գունատ:
18
Երկու ալ կարմիր ձուկ
խոր ջրի մեջ:
Մուգ կապույտ ստվերներ
սպիտակ պատին:
Մանուշակագույն մի ամպ
լեռան գագաթին:
Քնած երկրի վրա
ես այս սպիտակ հաշիվն եմ կապել:
Եվ իմ խոսքերն ընկան
սառցակապույտ ջրի վրա
ինչպես անձրևը գարնանային գիշերվա:
19
Քո անհետագիծ ոտնահետքերով
երևակայական պայծառությունն ընկավ
իմ ճերմակաբուրդ երազի վրա:
Ես տեսա քո դեմքը արտացոլված
հատվող ալիքների մեջ
մակընթաց հոսքի:
Քո մասնահատկությունները խուսափեցին ինձնից
սառցե ստվերի պես
քնի և երազի միջև:
20
Լռությունը հոսում է
կարմիր ծովի պես
իմ ձայնի վրայով:
Լռությունը հոսում է հոսանքին համընթաց
ինչպես ժանգոտ մութը
քո իրականության միջով:
Լռությունը արտահոսում է
եռակի շրջագծով
լռության շուրջ:
21
Ջուրը հոսում է,
լուսաբացակապույտ օր,
ձայնազուրկ գիշեր:
Եկել եմ հանգստանալու
կիսափակ աչքով
հավերժության:
Հեռավոր աշխարհները
բազմապատկվում են տարօրինակ ծաղիկների պես
իմ երկար քուն մտած
մարմնից:
Ես զգում եմ, որ խավարը պտտվում է
ինչպես մետաղյա անիվը
լույսի առանցքի շուրջ:
Ես զգում եմ, որ ժամանակի հաստատունությունը
խորտակվել է ուժատ
մեղմության մեջ ջրի:
Մինչ հավերժությունը դիտում է
իմ անլուծելի երազանքը
իր միակ աչքով:
Թարգմանությունը՝ Աշոտ Ալեքսանյանի