Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Սվետլանա Կոլոմիցեվա․ «Երդվում եմ սիրել քեզ վշտի և ուրախության մեջ»․ պատմվածք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շտապ օգնության մեքենան սլանում էր փողոցն ի վար, նա նայում էր կնոջը և սիրտը կծկվում էր․ ամենասարսափելի բանն այն է, երբ անզոր ես օգնել հարազատիդ։

— Ինչպե՞ս ես քեզ զգում, — հարցրեց նա։

— Խմոր եմ հունցել, հիմա երևի բարձրացել է, ուր-որ է կփախչի, — հառաչանքով պատասխանեց կինը։

— Մի՛ մտածիր այդ մասին, դու դեռ այնքա՜ն կարկանդակներ կպատրաստես,- ասաց նա՝ ամուր սեղմելով և համբուրելով նրա ձեռքը։

Մեքենան մոտեցավ հիվանդանոցի ընդունարանին։ Տարեց կնոջը դուրս բերեցին և սրտաբանականի միջանցքով սայլակով տեղափոխեցին բաժանմունք։ Ծերունին հետ չէր մնում և արագ քայլերով հետևում էր նրանց, սակայն բժիշկները կանգնեցրին նրան․

— Այստեղից այն կողմ այլևս չի կարելի, սպասե՛ք այստեղ, իրերը փոխանցեք բուժքրոջ միջոցով։

Ծերունին նստեց բազմոցին՝ ձեռքում ճմրթելով թաշկինակը։

Ավելի քան երեք ժամ անցավ։

— Դուք պիտի իրեր փոխանցե՞ք,-հարցրեց բուժքույրը՝ մոտենալով ծերուկին։

— Այո՛, ինչպե՞ս է նա։ Ես կուզեի բժշկին տեսնել, — պատասխանեց նա։

— Վիճակը միջին ծանր է, արտակարգ բան չկա, մի անհանգստացեք, — ասաց բուժքույրը։

— Ցավոք, անհանգստությունն ինձնից կախված չէ։ Այստեղ ահա հագուստն է․․․ Ահա տաք գուլպաներն են այստեղ․ նրա ոտքերը միշտ մրսում են, — փոխանցելով իրերի փաթեթը՝ ասաց ծերուկը։

Ժամերը թռչում էին՝ հաջորդելով իրար, և ծերուկը նիրհեց։ Նա նույնիսկ չզգաց, թե ինչպես ընկղմվեց քնի մեջ, որում ինքը երիտասարդ ուսանող էր, քաղաքի մարգերից մայիսյան կակաչներ քաղած՝ սպասում էր նրան՝ թիկնած այգու նստարանին։

— Ներեցե՛ք, ի՞նչ եք անում այստեղ,- արթնացրեց նրան բժշկի ձայնը։

— Սպասում եմ,- բացեց աչքերը ծերուկը՝ քնի գերությունից դուրս պրծնելով։

— Լսե՛ք, Ձեր՝ այստեղ նստելուց, ոչինչ չի փոխվի։ Ինչ կախված է ինձնից՝ ամեն բան կանեմ, իսկ Դուք տուն գնացեք և հանգստացեք, — նստելով նրա կողքին՝ բազմոցին, ասաց բժիշկը։

— Մենք հիսուն տարվա ամուսիններ ենք, նա միշտ կողքիս է եղել, ինչպե՞ս կարող եմ ես հիմա նրան թողնել։ Նա ինձ հետ երկրագնդի կեսն է անցել։ Եվ ինչ էլ որ պատահում էր, երբեք չէր դժգոհում, միշտ և ամեն հարցում քաջալերում էր ինձ։ Ինչ-որ մի օր՝ ջահել ժամանակ, ես նրան խոստում տվեցի․ «Երդվում եմ սիրել քեզ վշտի և ուրախության, հարստության և աղքատության, առողջության և հիվանդության մեջ, մինչև մահը չբաժանի մեզ»։ — Ծերուկը հայացքն ուղղեց պատի տակ դրված ձկներով ակվարիումին և ասաց․ — Գիտեք, կան այսպիսի ձկներ՝ հրեշտակ-ձուկ են կոչվում, նրանք ընտրում են իրենց զույգին ողջ կյանքի համար, երբեք չեն լքում իրար։ Երբ ձկներից մեկը հեռանում է, մյուսը դադարում է սնվել, թաքնվում է քարանձավում և մահանում այնտեղ։

Ծերուկը մի քիչ լռեց, իսկ հետո կամացուկ շշնջաց․

— Սերը համբերատար է, այն բարեգութ ու կարեկից է, սերը չի նախանձում, չի չափազանցվում և չի ճանաչում հպարտություն․․․

Հանկարծ նրանց մոտեցավ բուժքույրը, և կռանալով՝ ինչ-որ բան կամաց ասաց բժշկին։ Վերջինս արագ հեռացավ։

Ծերուկը վեր կացավ տեղից և դանդաղ քայլեց միջանցքով։ Հիվանդասենյակի դուռը կիսաբաց էր։ Ծերուկը կանգել և նայում էր՝ զգալով իր կողակցի ողջ ցավն ու հուսահատությունը։ Նա հստակ լսեց բժշկի ձայնը, որն ասաց բուժքրոջը․

— Սրսկի՛ր կորցնու՜մ ենք։

Տասը րոպե անց բժիշկը դուրս եկավ հիվանդասենյակից, նա չգիտեր՝ ինչպես հայտնել ծերունուն եղածը։ Մոտենալով բազմոցին, որին նստած էր ծերուկը, նա տեսավ, որ վերջինս մեռած է։

․․․ Իսկ ինչ-որ հեռավոր մի տեղ, Հնդկական օվկիանոսում, հրեշտակ-ձուկը գտել էր իր կեսին, և ճեղքելով ջրերը՝ նրանք լողում էին կողք-կողքի, նրանք միասին էին․․․

 

 

Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև