Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Սվետլանա Բարսենց․ «Մատյան սիրերգության»․ պոեզիա

 

Մատյան սիրերգության (բան Ա)

 

Չլինի այնպես, որ ես քեզ սիրեմ

Դու ինձ՝ հըը,

Չսարքես ինձնից ողբերգու, 

Բայց քանի որ սկսել եմ մատյանն այս,

Ահավասիկ,

Հեծեծագին տողերից

Խուսանավելով,

Ասում եմ՝

-քեզ չդիմած՝ լսիր ձայնս դու,

Ու միայն գլխով արա

Հա, թե՞ հըը

 

-Կուզե՞ս

Տեղատարափ,

Տող առ տող

Սիրեմ քեզ,

Տնտղելով սիրեմ՝

Տեղական ու աշխարհի

Բոլոր ժամանակներով,

Տեղատվությանդ պահին սիրեմ,

Սիրեմ տեղերիդ մեջ,

տեղը տեղին սիրեմ,

Տաղավար ու ստից օրերին,

Տաղտուկին մահանա սիրեմ

Ու նավսյակի, որ կիրքը չմահանա,

 

Ներսդ ու դուրսդ սիրեմ,

Սիրեմ քեզ անուժ,

Ճլորած ու հոգնած,

Այսօր ու վաղը սիրեմ

Ու ապրելիք բոլոր օրերում։

 

Սիրեմ քեզ սևագիր

ու խմբագրված

Ամեն օր, ամեն ամիս

Ու ամսականներիդ սիրեմ,

Սիրեմ քեզ ձիգ ու կախ, 

Լույսում ու մթնում սիրեմ

Սիրեմ օյաղ ու խմած

Ուռած-դեմքով ու սավսալ սիրեմ։

 

Սիրեմ երկար ու կարճ,

Քնահարամ ու քրտնածոր

Քնքշագին ու քնարական սիրեմ,

Հա, թե՞ հըը,

Ճշմարիտն ասա,

Դեղ չդնե՞ս պիտի իմ վերքերին,

Պիտի չծագե՞ս լույս՝ խավարի մեջ

Միշտ

Միշտ

Առհավետ։

 

 

*

 

Բանալիզ ա

 

 

Լուրերով երկիրը ծաղկում է.

Աճ է, աճ ամեն տեղ,

Ու նվազում է

Միայն  հանցանքը։

Իսկ սահմանին

“Հրավառություն” է.

Սահմանին՝ հերթականն է…

Գետնացումներում

Մուրացիկները կոկորդ են կրծում

Տեղի համար ու կոպեկի,

Շան պես միզելով

Սահմանն են գծում իրենց։

Երկու բան կա,

որ գրեթե բոլորը

Ունեն երկրում՝

Վարկ ու ժողովրդականի կոչում,

 

Հազար դրամի կարիք ունի բանակը,

Իսկ Իսկանդերը միայն ներս է կրակում,

Կամ ցուցադրության համար է,

Որովհետև աշխարհի աչքին

Մենք կոստյում հագած քաղաքակիրթ ենք…

 

Հոգևոր ու աշխարհիկ առաջնորդները վաղը

Կդիրքորոշվեն,

Այսօր չափն անցել են դյուզն ինչ, կամ կրկնապատկել…

 

Բակում երեխաների խաղը փոխվել է՝

Ոստիկան ու գողից դարձել՝

Ոստիկան ու ժաղովուրդ…

 

Ինչ-որ մեկը էլի պայքարում է

Բեզոարյան այծերի համար,

Մի քանիսը Թեղուտի,

(Չէ, իսկապես “կանաչը” կարևոր է), 

Սփյուռքը,  թերևս, եղեռնի

Ճանաչման,

Ղարաբաղը՝ ամեն քայլափոխի

Շահարկվում է,

Ղարաբաղը՝ դե

Մեր “թուլությունն” է, գիտենք…

 

Մեկը գլուխը բաց՝

Կազինոյում կրվածն է հետ պահանջում,

(Հող է, պետբյուջե, թե զիջում),

Գրողը տանի, մարդիկ էս երկրում

Անձնական կյանք չունեն,

Հետո ինչ, որ նախագահ ես մի  երկրի,

Որի պատերը բարակ են…

 

Բոլորս դժգոհ ենք

Ռեժիմից,

Աշխատավարձից,

Կյանքի որակից,

Գոնե ինչ-որ բանից հաստատ

Դժգոհ ենք,

Բոլորս պայքարի պատրաստ,

(Բա մեր գենը, ոգին, կամքն

Անկոտրում)

 

Միջազգային հանրությունը

Հա կոչ է անում,

Կամ թքում է մեր երեսին,

Գլուխներս շոյում ու կոնֆետ է

Տալիս՝ ամերիկյան,

Իսկ էն սիրուն կինը

Մեզ ժպտում է էկրաններից

Թե հադադար է…

Հետո էլ՝

Զորակցում ենք ու ցավակցում…

Հաջորդիվ՝ ուրախ լուր է.

-Ոստիկանը օգնեց տատին

Անցնի փողոցը,

Վարդերը անգամ էս երկրում

Չտեսնված չափերի են բացվում,

Արտագաղթը նվազել է,

Տուրիզմը՝ աճել,

Ինչ-որ ավան համալրվեց

Պենտիում մեկով,

Դասամիջոցին ուսուցիչները

Կզբաղվեն մի բանով,

Կամ կկարդան միջազգային լուրեր,

Ինտերնետում կհաստատվի, 

Որ մեր ծիրանը ամենահամովն է,

Ու ավելի եռանդուն կպատմեն

Սամվելի մասին,

Մեր երկրում, ինչ զարմանք,

Դժգոհ մարդիկ էլ կան,

Ընդվզում է տարերային,

Որ միտինգ են ցրում,

Ժողովրդի դեմ պայքարում՝

Վերջին զենքերով…

 

Իսկ ընդհանուր հաշվով

Բոլորս պայքարում ենք

Շահի համար,  շահի,

Անգամ Աստծուն ենք խաբում ,

Թե հավատում ենք…

Կախումը մատերիայից

Մենք ամենախորն ենք

Անցկացրել մեզնով, 

Միաբանելը բարդ է,

Երբ կարգախոսը

” բոլորը ինձն է”

Ու մեզ ցրելը ջրցաններով թե

Մահակով՝ մեկից մեկ է…

 

Բայց սա իմ երկիրն է,

Քոնն է, մեր երկիրն է,

Ու կոնտրաստը էկրանի ու

Իրականության միջև

Վերացնելը

Բոլորիս պարտքն է։

 

Իսկ լուրերի դիկտորը

Տեքստն է կարդում.

-Երկիրը թևակոխել է

Ծաղկման փուլ(ժպտալ, անպայման),

Այսինչ երկրի բդեշխությունը

Քննարկեց հայկական հարցը,

Շառլը կոչ է անում…

Զանգվածային անկարգություն է…

Բանակցել, կոմպրոմիս…

 

Եվ վերջում՝

Ցավակցում ենք…

Զորակցում ենք…

 

*

 

 

Հավատահանաք 

 

 

Դեռ միջանցքում հանդիպեցի հորը ամենայն՝

Երկու դռների արանքում նստած,

Ու հենց ինձ տեսավ ՝

Դռները դարձան երկու քար հսկա,

Տերը՝ երկու քարերի արանքում մնաց։

Երերող ձայնով 84-րդ

Աղոթքը ծնկեց շուրթերիս վրա,

(Էդ ես չեմ հաշվել,

Այնտեղ գրված էր ցուցիչը վերջին).

-Ես քեզնից բացի աստված փնտրել եմ

Կանաչ ժամանակ,

Ու նա ժպտում է…

-Իսկ եկեղեցում հոգիս լցվում է

Այնքան վեհորեն,

Որքան հայության օրհներգի պահին,

Էլի ժպտում է,

Աչքը տրորում,

Որ վստահ լինի՝ իտալացի չեմ։

Ճակատն է քորում ,

Գցում-բռնում է,

Ցուց ու բութ մատով

Թշերս բռնում։

-Պատվիրաններից խոսել չեմ ուզում,

Թող անցած լինի,

Հավատալու չի անխախտ ապրելը,

 

Նա չի զարմանում,

Ու ես եմ ժպտում,

Ամբողջ ջանքերով փորձում համոզել,

Թե որ դռնից էլ անցնեմ հետայսու,

Իմ երկու գրպան խնձորն էլ տանեմ։

Ես համոզում եմ, 

Տերը ժպտում է

Ու երես տալիս՝

Բարեկամաբար

Բարեխոսելու։

Ու հենց այն պահին, 

Երբ աստվածային

Իր զուսպ ժպիտով

Աչքը թարթում է՝

Թե համոզեցիր, 

(Հաշվի առնելով  իմ հայ լինելու

Մեծ հանգամանքը),

Չար հարևանս սուր

Վայնասունով

Հոգեդարձում է ինձ

Հեռուներից։

 

Դեռ մի տասն անգամ պատրաստ եմ մեռնել,

Որ միջանցքներում քեզ բարեխոսեմ,

Ու ո’չ աջ,  ո’չ ձախ,

Ծնկներիդ նստեմ, 

Հայր, չնեղանաս,  բայց քեզ համոզեմ՝

Էս կյանքը՝ կյանք չի…

 

 

*

 

Ընկերներ

Սա

Ուրախ բանաստեղծություն է

Պատուհաններին գոլորշացող սպասումի մասին

Ռելսերին ձգված կարոտի մասին

Ու ցավի ցավի ցավի մասին

Ակնաբիբերում հանգրվանած

Անառիթ մեռնելու վախի մասին

Եվ հոգնության այնչափ

Որ մեռնելու հավես չկա

Սա ուրախ

Ուրախ բանաստեղծություն է

Որովայնում մեռնող ապագայի

Բարձերին ծորող թախիծների

Սեղմած ատամների ու չծամվող

Անհամ կյանքի մասին

Սա ուրախ բանաստեղծություն է

Կենցաղի մասին որ սեր է փսխում

Ու նյութի մասին որ ներսն է մսխում

Սա ուրախ բանաստեղծություն է այն մասին որ ուրախ ոչնչի մասին գրելիք չկա

Եվ այս ուրախությունը ,

Եվ այս բանաստեղծությունը անասելի անհեթեթ  ու անտեղին  են

(Մանավանդ այս օրերին)

Անաղմուկ մեռնելու տեղակ

ինքս ինձնից ու ամենքից գնալու տեղակ

Մեղքե պարան սարքելու տեղակ

Սա ուրախ

Բանաստեղծություն այն մասին

Որ ամենից հետո ինչ պատահեց

Չպատահած ամեն ինչից հետո նաև

Ագահորեն ու աներկբա

Ես սիրում եմ կյանքը

Չծամվող ու անհամ

(Ու մեռնելու հավես չկա

Մանավանդ այս օրերին)

 

Չէ ընկերներ սա իրոք ուրախ բանաստեղծություն է

Ու այստեղ միակ վիճարկելին

«Բանաստեղծություն»  բառն է

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև