Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Սմբատ Բաղդասարով․ «Աղոթքներ»

Խոհեմ լինեմ հոգուդ մեջ.
Բախտս անց կենա ստվերիդ մոտով — զրուցենք երջանկությունից։
Աստված,իմ օրը կվերցնե՞ս. խնդրում եմ այդպես կյանքդ երկարացրու։
Իհարկե Դու կարող ես անմեղ լինել կեսօրին.
Հացը,երբ արտասվում է,ինչո՞ւ է նմանվում այտերիդ։
Դու լինեիր ես,երբ մարդիկ տնակիս լույն անջատեին —
Հասկանայի, որ ներելը հույս է միշտ։
Անապահով է առանց քեզ շնչելը,
Կարծում եմ՝ տնակում քեզ սպասելը — մորս պես ժամանակ է։
Փրկությունս եղիր, երբ քաղաքի ծառի տակ մուրացիկ եմ տեսնում —
Գիտես ինչ կուզեմ անես —
Փոքր լինես
Եվ երբ մատներս տանեմ նրա մատների մոտ, Դու կոնֆետս հրես նրա ափի մեջ։
Եվ ուզում եմ ուշացած լսել երկու երեխաների երկխոսությունը,
Երբ մեկն ասի՝ բա, Աստված։

*

Աստված, մի օր արի գնանք մանկատուն։
Ո՞վ կարող է ավելի սիրել, եթե ոչ Դու.
Իմ սրտի ժամանակը մտածում է Քո աչքերի մասին։
Աստված, մի օր դրսում կռիվ էր,պատերազմ,
Իսկ Դու տխրում էիր ու երևի թոքախտից փրկում մի ութ տարեկան տղային։
Վերևից նայում ես մուրացիկ երեխային, ու գլուխն ես շոյում նրա։
Աստված, այս անգամ էլ ներեցիր մարդկային պարսավանքը.
Ըստ երևույթին մարդուն Դու տար մանկատուն, որ թոփալ երեխային օգնի տուն գնալ։
Ես մտածում եմ՝ Դու հացի պես ես ապրում ու մտածում։
Մի բան պատմեմ. մի երեխա Քո անունն էր տալիս ու իսկույն օգնեցիր նրա մայրիկին։
Ամենապարզ տեղն ես քնում ու ամենահասարակ երջանկությունը քո մատներն են.
Ըստ երևույթին մի մարդ սենյակում հիմա նկարդ է կախում,
Իսկ Դու երեկ մի որբ երեխայի նկարն էիր կախել քո սենյակում։

*

Իմ սիրելի Աստված։
Մի քիչ նոր բառ կա վարսերիդ վրա։
Դու տեսնում ես, որ երկիրը ծառի վրա է,
Շափյուղաները՝ խոյանում են երբեմն ագաթի հույսով,
Ու աճում են երեխաները — որ ծառից կախված երկիրը կպնի լույսին։
Ամեն բան տվել ես ինձ.
Դու գիտե՞ս Աստված, որ փոքր ժամանակ երազում էի՝ Քեզ մոռանաս ինձ մոտ։
Ամեն գույն հանգիստ է.
Գիշերը բացում ես ծառից կախված երկրի պատուհանը և շոյում ես հղի աղջկա աչքերը։
Ես Քո մասին քիչ բանաստեղծություններ եմ գրում — հանգիստ ամեն գույն։

*

Աստված, ես քո կարիքն ունեմ, երբ երջանիկ եմ։
Եթե Քո մատների վրա եմ վերքս — մեղքս թողել — գթա ինձ միշտ։
Դու արի ծառի տակ նստիր, ես շոյեմ մազերդ — մինչև մահանամ։
Սիրտս զգում է, երեկ իմ հետ էիր ու մանկատանն էիր։
Բոլորի Աստված — Քո ուսերի վրա եթե վերք կա՝ ինձ կասես միայն, որ խնամեմ։
Շնորհակալ եմ Քեզ, որ սիրում ես աղքատին
Եվ օգնիր — ես միշտ սիրեմ աղքատին։
Քեզ պես եմ ուզում անել. կյանքս տամ ծնվածին ու ծեր պապիկին,
Ու ծիծեղեմ,երբ արևը տեսնեմ։
Աստված, երբ հաց չեմ ունենում — ինձ մուրացիկ երեխայի լույսից տուր։
Խնդրում եմ — վաղը անմեղ լինեմ և խոսեմ Քեզ հետ ծառի տակ։
Աստված, դու դրսում ես ու երակներիս մեջ ես.
Կյանքիս մի մասը վերցրու — բայց արի այսօր խոսիր մայրիկիս հետ, ու իմ հարևան Երեխաների հետ։
Քեզ հավատամ, երբ ձմեռը ցախ չունենամ վառելու —
Ես դժգոհելու եմ և բողոքելում եմ Քեզ,
Իսկ Դու մրսելու ես ինձ հետ
Ու լսելու ես ինձ — Աստված։

*

Մարդ,
Քեզ մարդ է սպանել,
Ու Աստված փրկել է քեզ։
Ես Աստծո հետո խոսում եմ — աչքերս փակ, երջանիկ։
Իմ առավոտը Քոնն է Աստված.
Քանի կամ,կփորձեմ երազել քո մատների մասին։
Աստված,սիրտս տամ — եթե մրսել ես Դու.
Դու մրսում ես, որ մի որբ տաքանա։
Ես ուզում եմ Դու ապրես,որ հույսը չընկնի քարին —
Աստված,որդիդ լինեմ,որ ոտքերդ լվանամ,
Եթե ոտաբոբիկ ես ու արյունոտվել են ոտքերդ — ես մեռնեմ։
Իմ Աստված, շնորհակալ եմ Քեզ, որ Հիսուսը ներեց մարդկանց։
Երբ փոքր էի, պատկերացնում էի՝ եթե ես կամ, ապա Դու կաս միշտ։
Շնորհակալ եմ Քեզ,
Որ ստեղծեցիր արևը, որ ես չմրսեմ,
Որ մայր ունեմ — շնորհակալ եմ Քեզ։
Ամեն տառի վրա լույս է ընկնում,երբ ասում եմ՝ Դու — այսինքն՝ Աստված։
Մարդիկ հորինեցին պատերազմ,
Դու՝ երեխային հորինեցիր — ստեղծեցիր։
Ներիր ինձ Աստված — իմ երազն է սա։
Քեզ համար լինեմ խնամակալ — բախտիս համար կլինեմ երջանիկ։
Աստված,
Դու հրաշալի ես, որովհետև Դու հրաշալի ես։

*

Աստված,քեզ սիրում եմ —
Քո բոլոր սխալները անեի ես՝ անմեղ լինելու համար։
Ներիր ինձ պես մարդուն —
Ինձ օգնիր՝ առանց պատճառի հաց տամ անծանոթ աղքատին։
Աստված, ուզում եմ ընկերդ լինել.
Օգնիր ինձ չմոռանալ,որ ինձ հետ ես։
Մի օր, երկու օր ու այլևս ո՞նց անեմ՝ մանկատուն գնամ — Աստված։
Դու գալիս ես հիվանդի տնից,երեխայի մոտից —
Աստված, Քո ճանապարհն ինձ ասա — հետո անցնեմ։
Իմ մեղքերի համար օգնիր, որ չնեղանամ ինձնից մի օր —
Դու կաս,որ հավատամ ինձ։
Հիմա Աստված, եթե տխուր եմ ու ջղայն,պիտի հասկանամ, որ մի երեխայի փրկեցիր մահից —
Թույլ տուր ինձ, որ մնաս սրտիս մեջ։
Աստված, ներիր, որ հիշում եմ Քեզ տխուր ժամանակ —
Դու ես ստեղծում իմ ուրախությունը. ես միայն փչացնում եմ հաճախ։
Աստված, քո անունը, Քեզ և հետո Քեզ եթե նորից մոռանամ —
Ես եմ մեղավոր, Աստված,
Ներիր ինձ, Աստված։

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև