Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա

Սլավիկ Չիլոյան․ «Մենք մարդ ենք եղել»․ պոեզիա

 

 

Զավեշտ

Դավիթ Հովհաննեսին

 

 

Խոսում էինք աղջիկներից․

սկսվեց կյանքից․

կինո,

թատրոն,

վերջն հանգում էր նկարներին,

երբ Աղվանը մեջ մտավ, թե

մեր գյուղում մի չաղ կնիկ կար,

մեծ հետույքով, լիքը կրծքով,

մի երկուսի քաշին կլիներ,

շատ լավն էր, հե․

բայց շան տղի գելերը 

ոնց էին կերել,

որ թողել էին ոսկորները։

 

 

*

 

Երեխայի նման
քառասուն տարեկան կինը
որին դիպչում ես
գեղեցկության համար
կանգնել է մրգերի առաջ
մատը բերանին
և թուքն է կուլ տալիս
որովհետև մոռացել է
որ մրգերը հոտում են նաև
իսկ իր գեղեցկությունը
փչանում է
մրգերին
երկար նայելուց
իսկ կինը
իր գեղեցկության հաշվին
շարունակում է նայել մրգերին
մինչև որ վաճառողը
վռնդում է նրան
չնկատելով
որ կնոջ գեղեցկությունից է
որ մինչև օրս
չեն հոտել իր մրգերը

 

 

*

 

ԱՅԴՊԵՍ Է

«Ես կմեռնե~մ, շո´ւտ ջերմաչափ բերեք»:
ՍԿՈՏ ՖԻՑՋԵՐԱԼԴ

 

 

Փոքրերը փոքր ավտո են քշում,
մեծերը` մեծ ավտո,
իսկ միջին տարիքավորները`
մեր արած,
մեր վատ, բայց առաջին անգամ արածն են կրկնում.
և այդ բոլորը
որպես փայտ,
խաչփայտ
ես տնկեցի լայն տափաստանի մի թմբի վրա,
որի տակ մեռել չկար
և անձրևը
լվանում էր այդ փայտը…
Լավ պատմություն չէ.
բայց ինձ տհաճ չեն ձեր պատմածները,
ես կարող եմ լսել մինչև վերջ
և շարունակել ձեր պատմությունը,
եթե դուք հոգնել եք:
Փոքրերը փոքր ավտո են քշում,
մեծերը` մեծ ավտո…

 

 

*

 

 

Պետք է հասկանալ, որ Նապոլեոնը մեռած է

 

 

Հիմա հասկացվում է,
թե ինչու մարդիկ
մոտենալիս
հավաքում են իրենց հասուն ոտնաքայլերը
և արքայավայել լցնում
իրենց ողորմության պարկը։

 

 

*

 

 

Իմ փոքրիկ մանկության մեջ․․․

 

 

Իմ փոքրիկ մանկության մեջ
ես կարողացա գոնե թաղել
իմ երազները
ու հետո քայլել քեզ հետ անվերջ
իսկ դու կարծում ես
որ ես կատակ եմ անում
ուղղակի եկել եմ քեզ հետ
դրա համար թող իմ այս կատակը
կտակ դառնա
և փոքր֊ինչ հնչի այնտեղ
որտեղ ես մոլորված էի

 

 

*

 

Կոմիտասին

 

 

Մենք չիմացանք,
թե ինչ երգեցիր
օտար Փարիզի հոգեբուժարանում…
Բայց նվնվոցը դու դարձրիր լաց,
հանապազօր հաց,
տնքոցը հիվանդի՝ հորովել, հո՜, հո՜…
Եվ հիմա թեկուզ Լենկթեմուրը գա,
էլ չենք հեծկլտա
թալանված մեր ապերջանկությամբ.
մի բահ էլ նրա ուսին կդնենք,
որ նա՛ էլ երգի
հորովել, հո՜, հո՜…

 

 

*

 

 

Ծննդյան թիվը և տեղը

 

 

Ես, որպես անմեղ մի երեխա,
գիշերը կսահեմ իմ մոր վերմակի տակ,
և շունչն ու ծոցը նրա տաք
ինձ կպատմեն օրորող հեքիաթներ,
իսկ ես կտանեմ նրա զահլան՝
տա՞նկն է մեծ, թե՞ ավտոմեքենան,
կամ՝ կա՞ ամպի չափ սիրուն բան։

Ես, հենց այդ մանկական անմիտ աչքերով,
կշոյեմ անձրևից թրջված,
մի քիչ էլ ինձ նման
շշմած փիսիկին,
ու չեմ լսի հորդորները մեծերի,
թե՝ մազը փիսիկների
վնաս է օրգանիզմին։

Ես, որպես մի երեխա,
մերկ ու ոտաբոբիկ
կանցնեմ փոշեծածկ ճանապարհներով,
ու տաք փոշին կհամբուրի ոտքերս,
ու սիրտս կթրթռա դեմքիս՝
իմ անցած
փոքրիկ ոտնատեղերի ջերմությամբ։

Ես հիշում եմ
մեր հարևանի փոքրիկ աղջկան,
որին սիրում էինք այնքան
ու չէինք խաղում առանց նրա,
բայց հիմա օրիորդ է նա.
հասկանում ենք
ու փչացնում խաղը մանկական։

Ես, որպես մի տերև,
որ կանաչ էի՝
այժմ դեղնել եմ
ու գիտեմ, կընկնեմ,
բայց հողի մեջ էլ
կամ ինչ֊որ անցորդի
անտարբեր ու կոշտ ներբանների տակ
ես կճրթճրթամ,
թե, թեկուզ տերև՝ էլի կամ։

Ես, որ մանուկ եմ,
քանց մի ծերունի՝
սիրում եմ մարդուն
ու փեշից կախված,
մատս բերանիս
ես կհեկեկամ,
թե մեկը մի օր
նրան անարգի
կամ աչքերից նրա
արտասուք քամի։

Ու ես,
վերջապես,
իմ մաքուր ու փափլիկ մանկան ձեռքերով,
աններդաշնակ ու զիլ,
ժպիտը մինչև ականջներս հասած՝
կծափահարեմ մինչև վերջին նոտան սրտիս,
ու չեմ էլ զգա,
որ մեկը նորից
բամփում է գլխիս,
թե՝ լուռ կաց, հիմա՛ր։

 

 

*

 

Հոբ Երանելի

 

 

Ձկի պես շարված ենք
քո դիմաց,
ոտքերիդ առաջ՝
համր։
Մի կարթ էր պետք
մեզ որսալու համար,
բայց դու
այդ կարթի ծայրից
որդ կախեցիր…

 

 

*

 

 

Մերկ զինվորներ

 

 

Այն ի՛նչ հեքիաթ էր.
աչքներս կապած մեր արցունքներով,
իսկ կոկորդներս չնչին անձկությամբ փաթաթած՝
քայլում էինք
այսպես՝
ուս֊ուսի,
առանց կասկածի.
և մենք լլկվել,
սառել էինք հանուն մեկի.
իսկ մեր ամեն մի արցունքի կաթիլի վրա
փորագրված էր.
եղիցի լույս.
ու այս բոլորից հիմա
ինձ մնաց մի սեղան,
ուր վեր եմ ընկնում իմ կնոջ կողքին,
իսկ նա չի էլ ուզում անգամ լսել,
թե ում անունից այսպես խաղաղ
կանցնի գիշերը երկար, երկար…

 

Ընթերցել նաև