Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Սիփան Շիրազ. բանաստեղծություններ

Երես են թեքել
Մարդիկ, ճանճերն ու թռչունները:
Հիմա — աշուն է:

*

Վան Գոգի արև

Արևագալի շիկացած բիբն է
Կտավի վրա հալվում ուղեղի:
Շնչակտուր են կույր ագռավները,
ԵՎ ծարավով են լեռները հղի:
Հանքափորների մկանների մեջ
Գժանոցային ծիծաղ է տիրում:
Հասարակաց տուն:Կտրված ականջ:
Արնածոր արև՝կտավ—բիբերում:
Առլ:Փարիզ:ՄԻԼԼԵ:ՏՊԱՎՈՈՒԹՅՈՒՆ:
Փակվող սրճարան:Հանգած մարխ ու լույս.
Այսքանից հետո ճանապարհը քո
ԵՎ կոչումը քո—շիկահեր Հիսուս:
Դժվար օրերը խամաճիկներ են.
Մինչ կտավները՝տեղ ու հանգրվան:
Արևագալի շիկացած բիբ է
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ:

*

Լուսնոտ աղջկա համար
Քո աչքերի մեջ —
Առնետներ սև,
Առնետներ։
Քո աչքերի մեջ —
Կեռ ոտներ են սև,
Կեռ ոտներ;
Քո աչքերի մեջ —
Թախծոտ
Առնետներ են թախծոտ,
Առավոտին մոտ, բայց առնետներ են,
Բայց — առնետներ։
Առավոտին քո մոտ,
Ձեռուոտին քո մոտ —
Առնետներ են,
Առնետներ ․․․
Առավոտներ, որ կրում են փոսեր,
Եվ՝ Սեր,
Վեցթևանի ուսեր,
ՈՒ՝ ՍԵր,
Ու՝ Սեր,
քո աչքերը,
Առնետներ են քո աչքերը,
ՈՒ՝ Սեր։

*

Մինոր, Մինոր
Սրանք բոլորը դատարկ թղթեր են:
ՈՒզո՞ւմ ես պատմեմ քեզ իմ մասին: Այսպես ուրեմն.
Առավոտ է …Մեռելներն արթնացել են, իսկ ապրողները քնած են դեռ:
Երևան: Կինո Մոսկվա; Առավոտ կանուխ: Սրտխառնոց;
Գլխացավ — գլխապտուտ: Երեկ մահացած սեր;
Լուսինե՛:
Հիսուն գրամ օղի — պարտքո՛վ իհարկե;
Հիսուն գրամ արցունք — պարտքո՛վ իհարկե:
Հիսուն գրամ ոչնչություն — իհարկե՛;
Օրը մթնում է սրճարանում:
Ես վախենում եմ իմ ստվերից:
Սրանք բոլորը վերնագրեր են; Ափսոս ընթերցողը մեռած է:

1995 Մարտ՝ կախարդների ամիս:

*

Պատմություն ապագայի մասին

Իմ արժանապատվությունը թույլ չէր
տալիս, որ այդքան կոլոտ-կարճահասակ լի-
նեմ, և դրա համար ես մեկ մեկ արտասվում
էի: Դրա համար երկինքը այնքան բարձր
էր, այնքա՜ն, այնքա՜ն բարձր էր, չե՛ք պատ-
կերացնում: Եվ երբեք իմ ապրած ունայն ու
դատարկ տարիների ընթացքում չկարողա-
ցա իմ գլուխը կպցնել երկնքին, կամ եր —
կիինքը իջեցնել, որ գլխիս կպչեր, որ գլուխս
երկինք դառնար, թեկուզ մի քիչ մեղավոր,
մի քիչ մուգ, մի քիչ կապույտ, մի քիչ առա —
վոտն իր ծոցում պահած, մի քիչ գիշեր պա —
հած իր ծոցում, մի քիչ խավար ու լույս,
մի քիչ ծնունդ և մահ, մի քիչ հարություն և
մահ, մի քիչ լռություն և աղաղակ իր մեջ
պահած այդ երկինքը դառնար իմ գլուխը,
կամ իմ գլուխը դառնար երկինք: Ահա՛ քեզ
ցանկություն:
Ա՛հ քեզ երանություն: ՈՒրեմն մի գլուխը
քի՞չ է քեզ, կամ մի երկինքը քի՞չ է աշ-
խարհի համար. -Այս աշխարհը մե՛րն է:
Եվ ես ասում եմ.- Թող ձեզ լինի և՛ իմ
գլուխը, և՛ այս երկինքը, ու թող ինձ մնա մի
կտոր ամպիկ, որը որ ես գիտեմ ավելի մա-
քուր է, քան այն գլուխը, որ ես կրում էի ու-
սերիս, և այն երկինքը, որ դուք մինչ ի մահ
փառաբանում եք:

*

Զգեստներ տիկնիկների համար
և կամ զգեստներ զգեստների համար
Օրը նստել է գորշ ամպի վրա; Օրվա մեջ
տիկնիկներ են քայլում: Օրվա մեջ օրեր են
քայլում: Օրերի մեջ օրեր են քայլում: Տարիների
մեջ օրեր են քայլում, ժամեր են քայլում,
ժամանակներ;
Ժամանակի մեջ անուրջներ են փայլում, անուրջներ են
քայլում, խամաճիկներ: Օրերը
անցնում են, անցնում են, անցնում են: Օրվա մեջ օրեր են
մեռնում, օրեր:
Օրվա մեջ զգեստներ են քայլում, օրվա մեջ՝
հոգնած տիկնիկներ: Զառանցում են հոգնած
տիկնիկները, տիկնիկները՝ հոգնած տիկնիկներ:
Ես հոգնե՛լ եմ, հոգնե՛լ.եմ , հոգնե՛լ եմ. ուզում եմ նստել ամպի վրա, ուզում եմ
պառկել միայնության վրա,
,ուզում եմ ննջել անհայտության մեջ,
ուր զգեստներ են կարում տիկնիկների համար,
ԶՈՒՐ զգեստներ են կարում տիկնիկների համր:

*

Մի երեկո, որ նման է բոլոր երեկոներին

Քո ոտնահետքերից թափվում են իմ հիշողության մեռյալ
հույզերի տխուր առագաստները:
Քո մազերի մեջ բույն են դրել ծիծեռնակները, որ դեռ չեն
վերադարձել ո՛չ մեր երազների կապույտ քաղաքից, ո՛չ արցունքի միջից այն ժամանակների, երբ աստղերը մահանում էին ամպերի վրա և գիշերը՝ լույսի մեջ:
Գարնանային հովը սեղմում-սպանում է ինձ՝ բերելով քո
բույրը:
Ես տեսնում եմ քո աչքերը, որ ծածկում են հոգիս, քո աչքերը,
որ սպանել են իմ բոլոր երազները, քո աչքերը, որ ԻՆՁ այստեղ հասցրին:
Մենք բաժանվել ենք վաղուց, իսկ աչքերդ դեռ հսկում են ինձ,
հսկում են հարուստի նման՝ չխնայելով մուրացիկին տրվող մի
կտոր հացն իսկ:
Բայց ես սիրում եմ քեզ: Ես սիրում եմ քո ոտնահետքերը, որ
Աստծո հորինածն են: Չէ՞ որ իմ վերջին շնչում քեզ տեսա, չէ՞
որ աչքերի մեջ բույն են դրել ծիծեռնակները:

*

Կամուրջներ են՝ անուրջների վրա

Գարնան կապույտ-հրաշք թոքերի մեջ, աշնան
Կապույտ հրաշք թոքերի մեջ, ամռան դեռ տաք ու
փակ օրերի մեջ — ես փնտրում եմ քո
աչքերը, քո աչքերը, որ նման են փոքրիկ աստվածների, քո
աչքերը, որ
օրեր են գարնան, քո աչքերը կամուրջներ են ԵՐԿՆՔԻ
ՏԱՆ…
քո աչքերը սիրուն լակոտներ են;Ես ինչ գիտեմ, ինչ են քո
աչքերը…
քո աչքերը — ծախված պոռնիկներ են, քո աչքերը հարուստ
աղքատներ են,
ես ի՞նչ գիտեմ՝ Ի՞ՆՉ են, Ի՞ՆՉ են քո աչքերը:
Քո աչքե՞րը…քո աչքերը մահանում են
Գարնան կապույտ — հրաշք թոքերի մեջ,
Աշնան կապույտ — հրաշք թոքերի մեջ,
ԳԱԼԻՔ հրաշք ու ՓԱԿ դռների մեջ:

*

Միամտություն կամ վերադարձ յոթ օրվա համար

Կվերադառնամ ինքս ինձ մի օր
Եվ ինձ չեմ գտնի, և կշփոթվեմ,
Գոցե փոխակերպ — խեղճ խուղն եմ իմ հոր,
Գուցե պառաված լքյալի մի շեմ;

Եվ գուցե մի նոր, մի խ՜որ վախճանի
Կրկնություն դառնա վերադարձը այս —
Զուր իրար պիտի այս բախտը խառնի
Խաչ և օրորոց, օգուտ և վնաս:
Եվ կրկին, այսպես խառնելով իրար,
Տաղտուկ օրերը իրար հաջորդում՝
Նեխում են, փտում, և չկա հնար
Մաղձ — գարշահոտը խեղդել կոկորդում;
Եվ այսպես, մի օր ես այն կդառնամ,
Ինչ կայի, ինչ կար նախորդ կտակում.
Որպես հուշ մի տաք՝ կվերադառնամ
Եվ ինձ կգտնեմ ԴԱՏԱՐԿ ԱՆՕԴՈՒՄ:
Զուր է անհոգի կյանքն այս կատակում
Եվ փորձաքարեր շպրտում վրաս.
Վերադարձն իմ այս ցավ է կուտակում.
ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐԱԴԱՐՁՆ ԻՄ ԱՅՍ:
Կվերադառնամ; ԱՄԵՆ ՎԵՐԱԴԱՐՁ
ԿՐԿԻՆ ԿՈՐՈՒՍՏ Է գտած ավարի,
Ես դեռ հիշում եմ — փողոցներում թաց
Փախուստը նկուն իմ ողնաշարի:

*

Տասնվեցերորդ օր

Չգիտեմ ուր և կամ ինչպես պիտի գնամ,
Արյունաքամ այս օրերս ես ուր պիտի տանեմ:
Արհամարված տխրություն է քեզ մնալու,
Ի՛մ սիրունիկ, աստվածամո՜ր իմ մանեկեն;

Մեզ անկողին պիտի լինի թախիծ ու ցավ
Եվ հանդերձյալ մի օր պիտի գտնենք իրար:
ՔՈ ՏՐՏՈՒՆՋԸ ԵՍ ԿՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՀՈՒՇԻ ՄԵՋ.
Քո արցունքը, քո ափերի լույսը նիհար:

Դու չես շարժվում; Քո թախիծը չունի ո՛չ վերջ,
Ո՛չ մեկնություն: Ես հեռանամ պիտի այսօր:
Քո խոսքերը, սիրունի՛կս, դեռ ապրում են
Տխրության մեջ, լռության մեջ աստվածամոր:

*

Ստվերները

Այս գիշերը մաղձ է թքում նախորդի պես
Գիշերվա մեջ օրորվում են ստվերները
Նավորդի պես նավարկում է այս գիշերը
Այս գիշերը, թվում է թե այդ ե՛ս եմ, ե՛ս;
ՈՒ վառվում ենք գիշերի մեջ — գիշերն ու ես,
Ու ցրվում են, օրորվում են ստվերները;
Քո աչքերը մահանում են նախորդի պես,
Նախորդի պես ես եմ կարծես այդ գիշերը:
Անուրջները մահանում են և գիշերը
Անձրևում է — մշուշի մեջ — լույս է կարծես,
Ես գնում եմ ու մնում են ստվերները —
Եվ մահամերձ
այդ գիշերը
այդ
ե՛ս
եմ
ե՛ս:

*

Երևանյան քամի, գարնանային քամի

Երևանյան քամի, գարնանային քամի, —
Օ՜, մանկության ծառեր, — օ՜. իմ նման տխուր, —
Մենք մեր սերը մանուկ ցայգալույսի ժամին
Ցրում էինք բուռ — բուռ:
Մենք՝ իջնում ենք կամաց, դուք՝ կանգնած եք մնում, —
Օ՜, փողոցներ ծանոթ, սրճարաննե՛ր,
Մենք՝ երազներ գտած մեր օրերի հեռվում
Փնտրում էինք մի սեր…
Բայց փողոցներն հիմա էլ չեն բուրում հույսեր.
Ճանապարհներն հիմա մեզ տանում են հեռու.
Լրջացել ենք մի քիչ, ունենք նաև հոգսեր —
ՈՒ գործի ենք գնում…
Երևանյան գարուն, երևանյան քամի,
Դուք բացվում եք նորից, բայց մենք ծե՛ր ենք, տխո՛ւր,
Մենք հոգնել ենք հիմա — ու ցրում ենք վերջին
Երազները բուռ — բուռ:

*

Եվ հեռավոր իմ թախիծը լույս կդառնա,
Եվ հարություն կառնի մահվան ամեն թափոր —
Նահատակն իմ կբարձանա սանդուղքն ի վեր՝
Աչքերի մեջ ու աչքերում Աստվածամոր:
Նժույգներն իմ կթափառեն լույսի մեջ տաք,
Ու լեռան մեջ կապրեմ ես էլ ու լեռներում՝
Որպես մի բարկ հիշողություն, տեսիլ, նվագ,
Աղոթք մի բարկ, որ ապրում է լոկ երազում:
Ես իմ լեռն եմ, լեռն իմ Եսն է թեկուզ մութում,
Ես ապրում եմ հարության մեջ՝ կապույտ թափոր —
Եվ արյան մեջ առավոտի լույս է կաթում
Ու հավատում լույս արյանն իմ Աստվածամոր:

*

Տերևները

Քամու տարած տերևները ոչ մեկինն են:
Երբ աչքերս փակեմ՝ աշխարհը կվերջանա, աշխարհը
կմոռանա ինքն իրեն, աշխարհը կհեռանա ինքն իրենից,
թեկուզ կապույտ եկեղեցու զանգերը զրնգան նորից,
թեկուզ թոնը մաղի — լվանա քո վերջին դիմակը:
Քամու տարած տերևները ոչ մեկինն են:Ես այդ մասին
գրքում չէ, որ կարդացել եմ:
Երեկ թերթեցի քամիների գիրքը:

*

ՈՒրախ Ստիխ

Շիրիմների վրա քամին սուգ է սուլում
Եվ փռվում է գետնին ծառը ծաղկած
Տարին ամեն մեկից ինչ-որ բան է խլում
Մեկ ծնունդ է բերում, մեկ` հոգեհաց.

Շիրիմներից քամին սին բառեր է քաղում
Եվ փռվում է գետնին ծառը ծաղկած
Լեռան փշերին մի նոր Նոյ է կաղում
Եվ նույն կյանքը — աղում է հին մի հողմաղաց.

Իսկ վերևում աստվածամոր աչքերը թաց
Անձրևում են ամպերի մեջ ու փայլփլում
Ամենայն բան այն անորոշ վերը թաղած`
Շիրմների վրա քամին սուգ է սուլում.

1995

*

Աստղերը պակասեցին

Քամիների նման անցան,
Քամիների նման — երազային —
Անցան, որպես մտքերն այն ցիրուցան,
Անուրջները, որոնք մի օր կային:
Անցան օրերն ու ժամերը դատարկ,
Անցան մահեր ու ծնունդներ հասուն,
Եվ մի մատուռ մնաց մթնած երկնքի տակ.
Մի հիշատակ՝ անհիշատակ ու անխոստում:
Իսկ հուշերը դեռ ապրում են դատարկ փոսում,
Մանուկներ են թռչում երկինք՝ ոտներին թագ.
Ցուրտ, կատակ էր Տեր Աստըծո ամեն խոստում,
Եվ անխոստում խորհուրդ էր այն և անապատ:
Ու՝ մնաց մեծ, ու մնաց մեծ սառցե մի պատ,
Մանուկների ոտքերի տակ՝ սառցե գամեր,
Եվ մնացինք ճանապարհին մենք՝ հուսահատ,
Մեր կրծքի տակ՝ հանգած — հանգած արեգակներ:
Եվ հասկացանք. կյանքում մտքում, ինչ էլ որ տանք,
Զուր, իզուր է, և զուր, իզուր շունչ տվեցինք,
Եվ անիմաստ դարձան կյանքում սեր, կիրք ու կյանք,
Եվ աստղերը երկնքի մեջ պակասեցին:

*

Աչք Արեգական

Վերերկրային տրտմություն է թափվում կապույտ հողին,
Հողը՝ կապույտ այս երկնքից մի քիչ էլ վեր —
ՈՒ մենք պիտի ապրենք էնտեղ — արարողի
Համար տանենք հրաշք — վառվող արեգակներ:
Տաք կրծքի տակ ապրող մի սիրտ, մի հուշ, մի սեր,
Վերերկրային մի տրտմություն և լույս հոգի —
ԵՎ մոմերի հոգուց ելած արեգակներ,
Արեգակներ ՄԱՅՐ — ԱՉՔԻ ՄԵՋ ԱՐԵԳԱԿԻ:
Սեր ջան, հոգի և ԱՍՏՎԱԾ ԻՄ, և լույս իմ օր,
Վերերկրային նախանշան՝ ՅՈԹՆ ԻՄ ԽՈՑԻ —
Արեգակներ — ՏԵՍԱՆՈՂ ԱՉՔ ԱՍՏԾՈ ԵՎ ՀՈՐ —
ԱՐԵԳԱԿԱՆ ԱՆԵՐԵՐ ԻՄ ԵԿԵՂԵՑԻ:
Վերերկրային տրտմություն իմ — ԼՈՒՅՍ ՀԱԳԱԾ ԼՈՒՅՍ,
ՀԱՅՐ — ՍՈՒՐԲ ՀՈԳԻ, ԵՂԲԱՅՐ — ԼՈՒՍՈ ԱՉՔ ԽՈՐՀՐԴԻ.
Արեգակներ — հրեշտակաց սահմանից դուրս,
Իսկ՝ ԱՆՍԱՀՄԱՆ՝ ԴՈՒ ԵՍ, ՀՐԱՇՔ — ՆԱԽԱՈՐԴԻ:
Օրն այս կանցնի և խավարում խարխափողի
Հողը՝ կապույտ այս երկնքից մի քիչ էլ վեր՝
ԿԱՊՐԻ՝ ՈՐՊԵՍ ԱՐԹՈՒՆ ԱՉՔԸ ԱՐԱՐՈՂԻ
ԵՎ ԳԹՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍ ԵՎ ՀՈԳԻ, ԵՎ սեր, ԵՎ ՍԵՐ:

*

Մազե կամուրջ

Աստղերի մեջ մեռած աստղեր կան դժգույն,
Առավոտում՝ առավոտներ հանգուցյալ:
Սիրո մեջ՝ սե՛ր, և թույնի մեջ՝ մեռած թո՛ւյն,
Կյանքեր, մահեր՝ նոր, ետդարձիկ և անցյալ:
ԵՎ կրում եմ այս բոլորն իմ խեղճ սրտում,
ԵՎ գրում եմ նրանց մասին սին երգեր,
Հետո լուծվում — տարալուծվում աննկատ
Ապակեպատ մութում նրանց, որպես սեր:
Աստղերի մեջ մեռած աստղեր և կերոն,
Հեռակենտրոն արվարձաններ անուրջի:
Ես՝ ուշացած — կրկին դառնում եմ ես թոն,
Որպես ԱՆՓՈՐՁ ԱՆՑՈՐԴ մազե կամրջի:

*

Մահամերձ տարի

Մահամերձ տարի, մենության գիշեր,
Անորոշության պաղ դիմանկար:
Մենք զույգս՝ ձուլված — անարյուն ստվեր.
ԴՈՒ ԻՄ ո՛չ պատկեր,ո՛չ սրբի նկար:
Մահամերձ տարի, կախված կարոտներ,
Սկիզբ ու վերջի հեքիաթ անհնար:
Չես եղել, չկաս , կյանք իմ մենընկեր,
ԴՈՒ ԻՄ ո՛չ պատկեր, ոչ սրբի նկար:
Եվ թաքուն փղձկում, թաքուն արցունքներ
Զուր կըողողեն միատարր —
Եվ անհետ- անլուր կհանգչեք արդեն
ԴՈՒ ԻՄ գորշ պատկեր, սուտ սրբի նկար:

 

 

Ընթերցել նաև