«Երևանյան էսքիզ» հրատարակչությունը լույս ընծայեց գերմանական ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Յոզեֆ ֆոն Այխենդորֆի (1788-1857 թթ.) «Մի դատարկապորտի կյանքից» վիպակը՝ հայերեն թարգմանությամբ: Գիրքը հրատարակվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ թարգմանիչներին, ստեղծագործողներին տրվող դրամաշնորհի շրջանակներում:
Բնագրային թարգմանության կարևորությունը․․․
— Գիրքը թարգմանել եմ բնագրից՝ գերմաներենից: Իսկապես, կարևորում եմ բնագրային թարգմանությունը և փորձել եմ տեքստին հնարավորինս հարազատ մնալ՝ իհարկե, հավատարիմ մնալով հայոց լեզվի ընձեռած հնարավորություններին: Ուզում եմ շեշտել, որ հայերենը, իսկապես, գեղարվեստական գրականության լեզու է: Գեղարվեստական ցանկացած պատկեր կարելի է փոխադրել մեր լեզվով (ինչը դժվար է ասել, օրինակ, մասնագիտական տեքստերի թարգմանության դեպքում): Պարզապես պիտի նրբորեն մոտենալ լեզվին: Կան հնացած արտահայտություններ, որոնց կարելի է նոր շունչ հաղորդել, երկրորդ կյանք տալ:
Թարգմանական գործընթացը․․․
— Թարգմանական գործընթացը բավական հետաքրքիր էր: Դժվարություններ, իհարկե, եղել են՝ կապված առավելապես տեքստի խրթինության և գերմաներենում մի բառի՝ տարբեր իմաստներ ունենալու առանձնահատկության հետ: Տեքստում հանդիպում են նաև արտահայտություններ հին գերմաներենից, ինչպես նաև՝ այլ լեզուներից (լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն):
Այխենդորֆն ու իր ստեղծագործությունը․․․
— Այխենդորֆը թողել է հարուստ գրական ժառանգություն, որի գերակշռող մասը բանաստեղծություններ են՝ գրված մեղեդային ու նուրբ ոճով: «Մի դատարկապորտի կյանքից» վիպակը գրվել է 1822-1823 թթ., առաջին անգամ տպագրվել է 1826 թ.: Ստեղծագործությունը համարվում է երաժշտական արձակի ամենաբարձր արտահայտություններից մեկը և ուշ ռոմանտիզմի դասական օրինակ է: Այստեղ ևս, ինչպես այլ գործերում, Այխենդորֆն օգտագործել է պատումի պարզ եղանակ և էպիկական ստեղծագործությունը հարստացրել քնարական տարրերով՝ տեքստում ներառելով չափածո հատվածներ:
Այխենդորֆի հայտնի ստեղծագործությունը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, հայերեն թարգմանվում է առաջին անգամ: Այն մի երիտասարդի և կյանքում նրա երազանքների, ձգտումների ու որոնումների մասին պատմություն է: Ստեղծագործության մեջ վեր են հանվում նաև սոցիալական անհավասարության խնդիրը, անհատի ու հասարակության բախումը, ինչպես նաև՝ հոր և որդու բարդ հարաբերություններ են ուրվագծվում:
Պարզ, բայց ոչ պարզունակ ոճով, Այխենդորֆը հյուսում է սիրո մի գեղեցիկ պատմություն…
Հատկանշական է նաև, որ վիպակի հերոսը անուն չունի: Անհնար է չհամակրել նրան, որ, հեղինակի բնորոշմամբ, թեպետ դատարկապորտ, այսինքն՝ անգործ, անբան է, բայցևայնպես ունի հարուստ ներաշխարհ և օժտված է մարդկային ամենամաքուր ու ջինջ հատկանիշներով՝ ազնվությամբ, բարությամբ, կամեցողությամբ։ Համակված է նաև ճամփորդելու բուռն տենչով, նոր երկրներ ու տարածքներ բացահայտելու անհագ մոլուցքով։
Այս կերպարին զուգընթաց նրբորեն հյուսվում է գլխավոր հերոսուհու կամ ինչպես անվանում է նրան սիրելին՝ չքնաղ տիկնոջ կերպարը:
Սիմվոլներ․․․
— Վիպակում առանձնահատուկ նշանակություն ունի ջութակը, որ գլխավոր հերոսի «մտերիմ ընկերն» է: Մի դրվագում նույնիսկ հերոսը, ձեռքն առնելով երաժշտական գործիքը, բացականչում է. «…ե՛կ ինձ մոտ, հավատարի՛մ ընկեր: Մեր հարստությունը այս աշխարհում չէ․․․»: Իր ներքին ընդվզումների, խռովքների, հիասթափությունների, մինչև անգամ՝ չբարձրաձայնվող մտքերի, դեպի երազանք տանող խրթին ուղիների ընկերակիցն ու լուռ վկան է ջութակը: Ի դեպ, մի շարք այլ երաժշտական գործիքների ևս ընթերցողը կհանդիպի վիպակում:
Բնության գեղեցիկ նկարագրությունները ևս քիչ չեն և, ինչ խոսք, խորհրդավորություն են հաղորդում ստեղծագործությանը՝ կարծես ամբողջականացնելով ու լրացնելով այն: Բնության յուրաքանչյուր նկարագրություն իր հերթին «խոսում է» հերոսի հոգեվիճակի մասին, իսկ երբեմն էլ՝ հակադրվում:
Ստեղծագործությունը նաև էկրանավորվել է: 1973 թ. վիպակի մոտիվներով նկարահանվել է համանուն ֆիլմ:
Լուսանցքներից դուրս․․․
— Ուրախ եմ, որ Այխենդորֆի հայտնի ստեղծագործությունը արդեն հասանելի է նաև հայ ընթերցողներին:
Ամփոփելով խոսքս՝ հարկ եմ համարում նշել, որ Յոզեֆ ֆոն Այխենդորֆի «Մի դատարկապորտի կյանքից» վիպակը ժամանակի կարևորագույն գեղարվեստական ստեղծագործություններից մեկն է եղել, ռոմանտիզմի տիպիկ օրինակ է, և թեպետ այն գրվել է մոտ երկու հարյուր տարի առաջ, ամեն դեպքում, լիահույս եմ, որ յուրաքանչյուր ընթերցող հետաքրքրություն կգտնի գրքի էջերում:
Զրուցեց՝ Մարգարետ Ասլանյանը
© Երևանյան Էսքիզ 2020