Հարցազրույց Հեքիաթ Մշակույթ

Սերունդ N° 21․ զրույց ռոբոտներ ստեղծող 8-ամյա Դավիթ Բադալյանի հետ

 

Ես Դավիթն եմ, 8 տարեկան եմ: Սիրում եմ լսել պատմություններ տիեզերքի, այլմոլորակայինների, ռոբոտների մասին: Սիրում եմ նաև ինքս պատրաստել ռոբոտներ, բայց պատրաստում եմ ոչ միայն լեգոներից, այլև այն ամենից, ինչ ընկնում է ձեռքիս տակ՝ տուփերից, հաստ թղթերից, իմ կոտրված խաղալիքներից, կենցաղային իրերից, փայտերից, քարերից: Տուփերը կամ թղթերը կտրտում եմ, եթե վառ գույներ չունեն՝ գունավորում եմ, սոսնձում և դրանցով սարքում ռոբոտի ոտքերը, մնացած առարկաները սկոտչով կպցնում եմ իրար, և դրանք դառնում են ռոբոտի գլուխը, փորը, ձեռքերը: Մեր տանը սկոտչն ամենաարագ վերջացող իրերից է, որովհետև ես դրա օգնությամբ անընդհատ նոր «հայտնագործություն» եմ անում:

 

Լուսանկարներում՝  Դավիթի ստեղծած ռոբոտները

 

 

 

 

Իմ ամենասիրելի հեքիաթը․․․

 

Իմ ամենասիրելի հեքիաթը Ջանի Ռոդարիի «Տարօրինակ հարցերն» է: Երբ առաջին անգամ լսեցի հերոսի տված հարցերը, շատ ծիծաղեցի, բայց չեմ կարող չխոստովանել, որ ես էլ եմ երբեմն հերոսի նման տարօրինակ հարցեր տալիս:

Մայրիկս պատմում է, որ երկու տարեկանում, երբ դեռ նույնիսկ վարժ չէի խոսում, մի առավոտ արթնացել եմ քնից, կանչել նրան ու հարցրել. «Մամ, դու խալ ունես, դրա համար ե՞ս Խալաթյան»:

Երեք տարեկանում ալբոմիս մեջ ծաղիկ եմ նկարել, որի թերթիկները ներքևում էին, իսկ պոչը՝ վերևում: Երբ մայրիկս հարցրել է, թե ինչու եմ ծաղիկը թարս նկարել, ես պատասխանել եմ՝ ո՞վ է ասել, որ սա է թարսը, իսկ դրսում աճող ծաղիկները՝ ճիշտ, կարող է՝ ճիշտը իմ նկարած ծաղիկն է, իսկ քո տեսած ծաղիկները թարս են աճում:

Չորս տարեկան էի, երբ Սև ծովի ափին հանգստացանք: Վերադառնալուց հետո բոլորին հարցնում էի՝ իրենք գիտեն արդյո՞ք, թե ինչու է այդ ծովը Սև կոչվում: Երբ պատասխանում էին, թե չգիտեն, շատ էի զարմանում ու ասում էի՝ ուշադիր նայեք ինձ, էլի չհասկացա՞ք, Սև ծովն այդպես է կոչվում, որովհետև սևացնում է սպիտակ մարդկանց:

Մի խոսքով, իմ հարցերն ու բացահայտումները վերջ չունեն, որովհետև ես սիրում եմ հեքիաթ գրողների պես հորինել, երևակայել, ստեղծագործել, նաև ինչ-որ բան պարզել, գտնել, լուծել: Հիմա ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք կան իրական Ձմեռ պապիկ և այլմոլորակայիններ: Այդ հարցի պատասխանները ստանալու համար պիտի մի հսկա ռոբոտ ստեղծեմ ու նրան ուղարկեմ Լապլանդիա և այլ մոլորակներ, բայց այնպես պիտի ստեղծեմ, որ նա ճամփորդող ռոբոտ լինելուց բացի լինի նաև  «ժամանակի մեքենա, «հզորացնող մեքենա», «մեխանիկական լապտերիկ», «գեներատոր» և «ուլտրաձայնային մեխանիզմ».

Իմ ռոբոտի մեջ նաև չիպ եմ դնելու, որ երբ պետք լինի՝ ես նրան վահանակով անտեսանելի դարձնեմ: Հա, ամենակարևորը մոռացա, այդ ռոբոտը պիտի լինի  «թռչունների մեքենա», այսինքն՝ եթե ծիտիկների ծլվլոցը ձայնագրենք ու դնենք նրա մեջ, այն դա կվերածի մարդկային լեզվի ու մեզ կասի՝ ծիտիկներն ինչ էին խոսում:

Իմ հսկա ռոբոտը պետք է նաև երկու հզոր զենք ունենա՝ Մարսի բլաստեր և Սատուրնի բլաստեր: Առաջինը մի վայրկյանում կարող է ոչնչացնել չար մարդկանց, մեզ վրա հարձակվող թշնամիներին, իսկ երկրորդը կարող է հոսանքահարել չար մարդուն, ու եթե այդ չար մարդը դիպչի մեկ այլ չար մարդու, վերջինը նույնպես կհոսանքահարվի և այդպես շարունակ, կորոնավիրուսի պես էլի, մինչև որ բոլոր չարերը հոսանքահարվեն և չկարողանան իրականացնել իրենց վատ մտադրությունները:

Մի րոպե, այդ դեպքում ավելի լավ է՝ ես ռոբոտիս թողնեմ Հայաստանում, որ նա օգնի բարի մարդկանց, իսկ Լապլանդիա ու այլ մոլորակներ ինքս թռչեմ ու իմ աչքերով տեսնեմ ամեն ինչ:

Բայց որ ճիշտն ասեմ՝ կուզեի, որ մինչև իմ ռոբոտին, Մարսի ու Սատուրնի բլաստերները ստեղծեմ, բոլոր չար մարդիկ արդեն բարի դարձած լինեն, ու այդ զենքերն օգտագործելու կարիք երբեք-երբեք չլինի․․․

 

Մարսի Բլաստեր

 

 

Սատուրնի բլաստեր

 

 

 

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

Ընթերցել նաև