Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Սամվել Խաչատրյան․«Բաղրամյան Քսանվեց»․ հատված

 

Վարիացիա յոթերորդ՝ (համարյա թե) հիգիենիկ պահանջ բռնություն կիրառելու նկատմամբ

 

Սառնությունն ու սպառնալիքները երեկոյան ժամերին, երբ մայթերում ասեղ գցելու տեղ չկա, ու մարդիկ հեղեղ դարձած ծանրաբեռնում են մտքերս: Նրանց հայացքները բազմակի բախվում են միմյանց, ու թե՛ թաքցվում, թե՛ ջրի երես են նետվում տպավորություններն ու հույզերը:

Երբ դեռ կարողանում էի անհրաժեշտ պահի հանել դիմակս ու դուրս գալ մարդաշատ հրապարակներ, նրանք անտարբեր նայում էին ինձ ու անդիմակ դեմքս ընդունում որպես հերթական կերպար: Ես ջահել էի ու չէի կարողանում կուլ տալ մերժված լինելու անտանելի զգացումը, չէի հասկանում՝ ինչու էին քաղաքի դեկորացիաները ոչնչացնում ու դատարկում բեմը, ուր էին գնում հանդիսականները՝ ձեռքերը թափահարելով ու ծաղրելով:

Ակումբներում այն երաժշտությունն է, որ հեղեղված է արհեստական ձայներով ու հարվածային գործիքներով: Սահման դնելով րոպեների, ժամերի ու օրերի միջև, շնչելով բթացման ու հաճույքի եթերային օդը, արտաշնչելով անմեղության ու անկախության վերջին շունչը: Ու ոչ ոք ետ չի նայում, չի էլ ցանկանում դիմադրել հաճույքին ու տուն գնալ, հանգստանալ, մտածել: Հիմա ես ուզում եմ, որ բոլորն ուրախ լինեն ու մոռանան հոգսերը: Ջահելներն ինձնից շնորհակալ են, ես նրանց ընկերն եմ: Քիչ առաջ նրանք էին հայհոյում, այժմ ինձ գինի են հրամցնում ու հրավիրում պարի: Խորամանկ ժպտում եմ ու հրաժարվում: Աղմուկն ու բղավոցները ծածկում են երաժշտությունն ու գաղջը, որ պատերից այն կողմ կուլ է տվել սոված ու թշվառ Հանրապետությունը, որտեղ անտուններն ու մարմնավաճառները վխտում են խավարասերների նման, որտեղ ամենուրեք քայլող դիակների կհանդիպես, որ հոգնել են ինձ անիծելուց ու հայհոյելուց: Պատերի հետ կռվելուց: Ծարավ մնալուց: Հուսահատ լինելուց: Հոգնելուց:

Անզուսպ բղավոցներն ու արդարության մասին պահանջները քանդվող երկնաքերների ու ջարդուխուրդ արվող արձանների ժամանակներում շատ ծավալ չեն զբաղեցնում քառակուսում, այլ խտանում են Հարվածներում, որոնց միջև գոյացած լռությունը՝ անդունդը, լցվում է ամբոխի ինքնակազմակերպմամբ ու իրենց վարժեցնողների դեմ ապստամբելու վճռականությամբ, մինչ հաջորդ հարվածը, երբ սրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները կբռնեն: Մահակներով ու ջրցաններով: Ավտոմեքենաներով ու քարերով: Նռնակներով, բռունցքներով: Կհարձակվեն աշակերտների ու դասադուլ անող ուսանողների վրա, կծեծեն,կկոտրեն, կծեծեն, կկոտրեն․․․․

Մինչ կիջնի երեկոն, որոշները չեն դիմանա ստորացմանն ու տուն կգնան, իսկ ոմանք, որոնք նույնպես կգնային, քայլ կանեին, Ա կետից Բ-ն, գլուխները կախ, մնում են Բաղրամյան պողոտայում ու կատաղությունից սկսում երգել պատերազմի մասին: Պարել ազգային պարեր, սիրո խոստովանություններ անել բաց երկնքի տակ, պառկած ասֆալտին, ապակու կտորների ու պլաստիկե շշերի վրա, միմյանց վերադարձ կխոստանան և ազատություն։ Տասը, հարյուրը, հազարները շարժվում էին  ձայների ուղղությամբ, որ հիպնոտիկ հմայքով կարծես գային փրկելու խավարից, ու բլուրներից, լեռներից, անդունդներից խայտառակ անկումով վերջ էին տալիս պատմություններին (միամտության, խենթությունների, ազատության, սիրո մասին), որոնք պատմվում էին ջահելության տարիներին: Անդունդն էին նետվում, քայլում փողոցներով, օգնության կանչում, երգում ակումբներում, ձայները կարճատև արձագանքներով անհետանում էին ամայության մեջ, հարբում էին ու վրաերթի ենթարկվում, ապա խորը շունչ  քաշում, շարունակում ծիծաղել ու կրկնել փակ շրջանում մարաթոնյան վազքը: Որ թափառելը տիեզերքով մեկ (թե մարաթոնյան վազք Բաղրամյան պողոտան ի վար) չէր փրկի նրանց անկատարությունից ու թշվառությունից: Այլ կայի ես, որ խոստացել էի դրախտ երկրի վրա, ինչին էլ սպասում էին շատերը Քաղաքում: Շրջելով զբոսաշրջիկների հետ՝ լուսավոր ու անկեղծ հայացքներով շրջանցում էինք աղբամաններն ու մուրացկաններին: Որ վազում էին «Իմ» ետևից, բարձրախոսները ձեռքերին, հարցեր տալով, ձեռքերը պարզած, մանրադրամ խնդրելիս, պաստառները ձեռքերին, գոռալով, որ ապրելն անպատվաբեր է դարձել, ներարկիչներն ու շշերը ձեռքերում սեղմած, որ փախուստ էին փնտրում ու չէին կարողանում դուրս պրծնել քառակուսուց: Շրջանցում էինք նրանց անհոգաբար ու անհետանում Երևանի գիշերներում:

Մինչև կբացվեր առավոտը․․․

-Իսկ էլ ինչպե՞ս են գալիս իշխանության:

-Քծնելով, սիրելի՛ս, քծնելով…

-Խեղդում ես նրանց փառքի տակառներում:

-Այո, այո…

-Ապա կախվածության մեջ գցում ու սկսում իշխել։ Դերերով փոխվում եք, սկսում ես նվաստացնել ու ծաղրել, ստիպել, որ ծնկի իջնի ու խնդրի, որ խղճաս: Դու մերժելով հարված կհասցնես: Կենդանի դիակները կողողեն քաղաքը: Քո մարդիկ, դու՛:

-… (անփույթ ժպտում եմ ու ներքև նայում): Ճիշտ ես, Շաքե՛, ճիշտ ես, սիրելի՛ս:

Լույսը բացվում է, ես դուրս եմ գալիս բեմ: Նույն քաղաքը, նույն մարդիկ, մտքերի նույն հերթականությունը, նույն դեկորացիաները, որ ճաքճքած են ու փոշու մեջ կորած, ինչպես լքված հյուրանոցներում։ Խոնավության հոտը տարածված է Երևանով մեկ: Մուրացիկները գրոհում են Հյուսիսային պողոտան: Մեծահոգաբար ժպտում եմ, խոր շունչ քաշում, մի մատ խորքից վերաշարադրում նույն պատմությունը: Առանց կետադրական նշանների, առանց հուզականություն ու խորհրդավորություն հաղորդելու: Առանց այլոց ձայների, առանց գործիքավորման: Այնպես, ինչպես կա: Կյանքը, ինչպես որ… է: Սարկազմի ու զավեշտի հասած ամենաթողությամբ, ստորության հասնող լկտիությամբ շարունակում եմ բարոյալքել մարդկանց իրենց իսկ վախերով, ավելի ու ավելի ցավոտ, ջահելներին հմայող ու ոգեշնչող թեթևությամբ: Սարսափած մարդկանց ճիչերն այլևս խլանում են, աղքատ ու ստրկացված ժողովրդի  ուժը հատում է։ Պառկում են ասֆալտին։ Մինչ նրանք աչքերը կփակեն, եզրափակելով շրջանը, տանուլ տալով խաղը, ես զինվորական կոշիկներով քայլում եմ նրանց վրայով, շքերթի հանելով բոլոր դիմակները (որ գտել եմ Արամի փողոցում՝ ցեխաջրերի մեջ, վերցրել եմ բոլորը, տարել եմ տուն, պարզաջրել եմ, մաքրել, փորձել հայելու դիմաց, հաջողել եմ խաբել ինքս ինձ), որ կրել եմ ճանապարհ ընկնելուց ի վեր: Երբ հրաժեշտ էի տալիս բոլորին, ինձ մաղթում էին, որ աչքերս մնային այնպիսին, ինչպիսինն էին մինչ սարեր մագլցելը: Հետո հետաքրքրությունը կորավ, խոնարհումներն ու հարստությունը կորցրին իրենց գայթակղությունը, դիզելն ու կաշառվելը, որ ձեռնաշարժությունն էր հենց, այլևս դարձան տհաճ սովորություններ: Դրանցից չեմ կարողանում ազատվել: Ճանապարհի կեսին: Կես ճամփին: Ես կատաղությունից որոշում եմ կանգ չառնել ու շարժվել առաջ: Այլևս հոգնած ու ուժասպառ: Իսկ ճանապարհի վերջում՝ մի կետ, սև կետ, որով դուրս կգամ, վերջապես, մի հարթություն, որտեղ ինձ ոչ ոք չի խանգարի: Հիշողություններում – ես – լեգենդ – միֆ: Քայլում եմ դիակների վրայով ու ծաղրում, գոռալով երգում մինչ այդ երգած բոլոր երգերը, բեք վոկալիստներն անշարժ կագնգնած են, երաժիշտներն անհաղորդ են իմ վայրի ուրախությանը: Բարձրանում եմ աստիճաններով, առավել գեղեցկադեմներին այլանդակում կրունկով, կոխկռտում, թքում անցածների վրա, գրավում ծանոթ ու հին բարձունքները: Առա՜նց վախի, առա՜նց տարակուսանքի: Երբ ավարտվեցին մեր խելահեղ խնջույքները, լույսերը մարեցին, ես իմ մենախոսությունը սկսեցի: Իբրև ցավ: Իբրև ինքնաարդարացում: Որ իմ աջը համբուրած ցանկացած մեկը պիտի ինձ ենթարկվի ու ասի՝ ամենալավն ես դու, ամենատաղանդավորը, ամենահզորն ու սպառնալիցը: Ում պիտի հասնեն ու նվիրեն իրենց կյանքն ու այն աչքերը… որ քայքայել գիտեն:

 

Եվ իրոք, վաճառում եմ իմ անցյալը՝ ոտքի կանգնելով ու առաջ քայլելով, ժպտալով, երազելով ավելի բարձր, վազելով ավելի արագ, դեպի բազմությունը (կուլիսներից բեմ), դեպի բազմությունը (աղբամաններից կառավարական տներ) գուցե մի օր էլ ես երջանիկ լինեմ:

 

 

 

 

 

Ընթերցել նաև