Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Սաթե Հովակիմյան․ «Վզակապով օրեր»․ պատմվածք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքը մեծ է, քաղաքը գրկաբաց է: Քաղաքում անվերջ տեղացող անձրևի անթիվ կաթիլները, մարդիկ ու շները միշտ միայնակ են ու միշտ անբաժան… Ինչպես միշտ անձրև էր տեղում, ինչպես միշտ Նատան տրտնջում էր, որ անձրևից հոգնել ու թմրել է, որ իր արևոտ քաղաքն է ուզում, ինչպես միշտ պատուհանագոգին դնելով բաժակը՝ վարդագույն լի շուրթերով փչում էր սև թեյի գոլորշու վրա: Նեղլիկ ուսերը թաքնվել էին կանաչ խալաթի տակ, երկար ոսկեգույն վարսերը՝ սրբիչե կոնի մեջ էին առնվել:

— Ես այլևս այսպես չեմ կարող: Գիտես ի՞նչ, եթե  մեր կյանքը նույն կերպ պիտի շարունակվի, ես կհեռանամ, լուրջ եմ ասում: Այս անգամ չեմ կատակում: Հը՞, ինչու՞ ես այդպես վրաս նայում: Մի բան ասա՛, գրողը տանի:

— Ի՞նչ ես ուզում ասեմ: Ես առավոտից գիշեր աշխատում եմ, որ դու կարողանաս գրել: Դեռ ժամանակը չէ, մի փոքր էլ համբերի, փիսի՛կս, ես գիտեմ ինչ կարելի է անել, որ չտխրես:

— Ի՞նչ:

Վովան փակեց նոթբուքն ու մոտեցավ ջահել կնոջը: Կոնից թափվեցին թաց մազերը, փխրուն նեղլիկ ուսերը ազատվեցին խալաթի հոգատարությունից:

Վովան գրկեց կնոջն ու տեղափոխեց ննջարան: Պատուհանագոգին մոռացված սև թեյը գոլորշին թողեց ապակուն…

Նատան գրում էր հերթական սիրավեպը, որը պիտի հանձներ խմբագրին երկու շաբաթից: Վովան աշխատում էր անշարժ գույքի գործակալությունում, և երբ ազատ ժամանակ էր լինում, շտապում էր տուն՝ սիրով ընդմիջում հայտարարելով գրականությանն ու բնակարանում տիրող լռությանը, ապա երբ պարպվում ու խաղաղվում էին, ամուսինները գնում էին  զբոսնելու տանից ոչ հեռու գտնվող անծայրածիր այգում, որտեղ շատերն  իրենց շների հետ միասին դուրս էին գալիս հանգստանալու:

— Խեղճ միայնակների քաղաք, — հոգոց հանեց Նատան ու փոքրիկ անպաշտպան երեխայի պես սեղմեց ամուսնու ձեռքը:

— Ինչու՞, — զարմացավ Վովան, — դա միայնություն չէ, դա հոգատարություն է, մեծսրտություն է, եթե կուզես: Իմիջայլոց, դու քեզ մենակ ես զգում երբ ես տանը չեմ լինում, այդպես չէ՞:

— Միայն թե չասես… — աղերսող ձայնով ասաց  Նատան:

— Հա ի՞նչ կլինի որ: Ես, դու ու մեր շունը: Երեկ մեր հարևան Անդրեյին եմ տեսել, նա ուզում է իր շանը որևէ լավ մարդու նվիրել: Գործից ուշ է գալիս, չի հասցնում ոնց հարկն է տիրություն անել, իսկ մենք կարող ենք, չէ՞, ի՞նչ կասես:

— Մենք չէ, ես, բայց ես շուն չէ՛, երեխա եմ ուզել  քեզնից, շուտով երեսուներեք եմ դառնում, հասկանում ես դա ի՞նչ է կնոջ համար, հասկանու՞մ ես, գրողը տանի:
— Ամոթ է, բոլորը մեզ են նայում: Մենք հիմա այն վիճակում չենք, որ մեզ թույլ տանք երեխա ունենալ: Ու բացի այդ, ես հոգեպես դեռ պարաստ չեմ: Ամեն օր նույնն է: Քեզ քի՞չ է իմ սերը, մե՛ր սերը:
Նատան ու Վովան մռայլ ու լուռ տուն էին դառնում: Այգում և անգամ բակում, տերերն ու շները զբոսանքի էին դուրս եկել. հասուն տղամարդիկ ու  կանայք՝ բաճկոնակներով ու  կապյուշոններով շունիկների ու հսկայաչափ շների հետ, հանգիստ ու խաղաղ, և թվում էր՝ չէին էլ զգում անձրևի կաթկթոցը: Նատան ասես առաջին անգամ էր նկատում  այդ տեսարանը, թեև ամեն օր ու մանավանդ հանգստյան օրերին, միշտ էլ տեսել էր ու գիտեր, որ երևի թե իրենցից ու կողքի հարևանից բացի, բոլորն էլ շուն ունեն: «Խեղճ միայնակ մարդիկ» կրկին նույնը մտածեց Նատան, հետո ասես սթափվեց, հիշեց, որ ինքն էլ ավելի խեղճ ու միայնակ է՝ շինծու ու արագորեն «թխվող» սիրավեպերով, գալիք սերունդներից պաշտպանվող սիրով, ամուսնու՝ արդեն երեք տարվա նույնանման օրակարգով ու կարևոր խնդիրներից արհեստվարժորեն խուսափելու հմտությամբ:
Հաջորդ օրը դուռը բացվեց: Վովան հարևան Անդրեյի  ու  կաթնագույն  սևակն չորքոտանու հետ ներս մտավ:
— Տես ում եմ բերել քեզ, փիսի՛կս, հուսամ իրար հետ լեզու կգտնեք, — ասաց Վովան՝ համբուրելով կնոջը, հետո «փիսիկ» բառի վրա շան հաչոցից ծիծաղեց:
Նատայի թափանցիկ կրծքավանդակը պատվեց կարմիր լաքաներով, բայց նա, զսպելով զայրույթը, Անդրեյին թեյ առաջարկեց:
Վիվան (այդպես էր կաթնագույն լաբրադորի անունը), անմիջապես սիրեց տանտիրուհուն:
— Ձեր ամուսինը ճիշտ էր. դուք բարի ու լավ կին եք, ես հենց նման մարդկանց էի ուզում հանձնել Վիվային, երբեք չէի վաճառի նրան: Ես մենակ եմ  ապրում ու աշխատանքս շատ է, անմարդկային էր նրան մենակ թողնելը, — մեղմ ժպտալով ասաց Անդրեյը, ապա  արագորեն ըմպեց դարչինով թեյը:

Արդեն երկու ամիս էր անցել: Նատան Վիվային հաճախ էր տանում տանից ոչ հեռու գտնվող այգի, երեխա ունենալու մասին ևս մի քանի անօգուտ զրույց ունենալուց հետո այլևս չէր խոսում ամուսնու հետ այդ թեմայով, ինչը շատ էր դուր գալիս վերջինիս, շատ էր գրում, քիչ ծխում, ավելի հաճախ ժամանակն անցկացնում այգում:
— Հիանալի արևոտ  օր է այսօր, — ներս մտնելով տուն՝ ասաց Վովան,- փիսի՛կս, ու՞ր ես: Ննջարանի դուռը բաց էր: Վովան մի պահ կանգ առավ՝ չհավատալով տեսածին:

— Նատա՛, սա ի՞նչ է:

 Ճամպրուկը փակվեց: Նատան թախծոտ ժպտաց ու նստեց մահճակալի ծայրին:

— Վիվային լավ տիրություն կանես, լա՞վ, նա հավատարիմ է:

— Իսկ դու՞, — պոռթկաց Վովան:

— Ես ընտանիք եմ ուզում: Լիարժեք ընտանիք: Կարող եմ  շանն էլ հետս տանել, եթե կուզես:

Վովան շրջվեց պատուհանի կողմը: Պատուհանի տակ կանգած մեքենայի ղեկին Անդրեյն էր:

Նատան  մոտեցավ ու համբուրեց Վովայի ճակատը:

— Խնդրում եմ հնարավորինս արագ վաճառիր մեր բնակարանը, իմ մասնաբաժինը ինձ շտապ է հարկավոր, գիտեմ, դու կարող ես դա անել:

— Ուզում էիր ասել՝ միակ բանը, որ կարող եմ անել:

Անցան օրեր, շաբաթներ, ամիսներ…Վովան Վիվայի հետ շատ հաճախ էր զբոսնում  քաղաքի տարբեր հատվածներում, ու  երբեմն վերհիշում նախկին կնոջ խոսքերը, սակայն մտքերը արագորեն մաքրվում էին քաղաքի երեսը պատած հաստլիկ ամպերից  քամվող անձրևներով:

Քաղաքը մեծ է, քաղաքը գրկաբաց է: Քաղաքում անվերջ տեղացող անձրևի անթիվ կաթիլները, մարդիկ ու շները միշտ միայնակ են ու միշտ անբաժան…

 

 

Ընթերցել նաև