Հարցազրույց

Սաթե Հովակիմյան․ «Էմիգրանտի համաստեղությունը» գիրքը հոկտեմբերին կլինի Մոսկվայի գրախանութներում․ հարցազրույց

 

 

Մանկությունս․․․

 

Մանկությունս՝ երևանյան բակային աշխույժ խաղերն ու անհոգ ծիծաղն էր, Դիլիջանի եղևնիների և տատիս տանից ոչ հեռու գտնվող գրադարանի գրքերի հոտն էր, վառարանի մեջ ճտճտացող կրակի ձայնը ու նոր թխած հացի համը, 90-ականներին՝ մեր բակից հաճախ դուրս բերվող դագաղներն ու սևազգեստ կանանց ողբը, մանկությունս՝ սիբիրյան ձմեռները հեքիաթի վերածելու փորձն ու հնարավորինս շուտ մեծանալու անհագ ցանկությունն էր, ու Զավեն պապս՝ իմ ամենասիրելի ու լավ ընկերը։ Ես չէի սիրում խաղալ իմ տարեկիցների հետ, փոխարենը՝ երջանկանում էի, երբ ինձնից մեծահասակները թույլ էին տալիս իրենց հետ ընկերանալ, երազում էի մեծ դառնալուն պես հայտնվել հեռուստացույցի էկրանին, մտածում էի դառնալ դերասանուհի, կամ գրադարանավարուհի․․․

 

 

Կյանքը՝ մտավորականի պատուհանից․․․

 

Իսկապես երբեմն մտածում եմ, որ կյանքին պատուհանից եմ հետևում։ Երբեմն դա բարձրահարկ շենքի պատուհան է, երբեմն՝ գյուղական տան փայտե ծածկոցափեղկով պատուհան, որտեղից կյանքը ավելի պարզ ու խաղաղ է թվում, սակայն երբեք չեմ մտածել, որ իմ պատուհանը դա մտավորականի պատուհան է։ Ես պարզապես մեկն եմ, ով սիրում է արվեստը, գրականությունը, անչափ սիրում ու ընկալում է մարդկանց։ Հաճելի է զբոսնել այգիներում, լինել բացօթյա սրճարաններում, քայլել, ուսումնասիրել շուրջդ, հիանալ կյանքով ու կերպարներ հորինել․․․

 

 

Երազանքի ու հավատի ուժը․․․

 

Որքան մեծ է երազանքդ, այնքան մեծ է ուժդ, այնքան հզոր է հավատը, որ մի օր ինչ-որ բան կփոխվի քո կյանքում։ Ինչը փորձել եմ դիտարկել իբրև նպատակ ու գործել, հիմնականում ձախողվել է, բայց երբ երազանքիդ հավատում ու վստահելով բաց ես թողնում, ամենը վերադառնում է, նույնիսկ ավելի մեծ չափաբաժնով, քան ենթադրում ու սպասում էիր։ Իմ կյանքում ամեն ինչ դժվարությամբ է ստացվում, երբեմն, երբ հետ եմ նայում իմ կյանքի որոշ շրջաններին, մտածում եմ, որ եթե ինձ պատմեին, թե դա կկարողանամ հաղթահարել, չէի հավատա, բայց հիմա հաճելի է, երբ գիտակցում եմ՝ կարողացել եմ ժպիտով, հավատով ու սիրով անցնել, ունենալ փոքրիկ սիրուն ձեռքբերումներ, որոնք տրվել են երազանքի ու հավատի շնորհիվ․․․

 

 

Հնարավո՞ր է մաքրագրել կյանքը․․․

 

Երևի հնարավոր է, բայց ինձ անհետաքրքիր են մաքրագրած կյանքներն ու ճակատագրերը։ Կարելի է էլ ավելի յուրահատուկ դարձնել կյանքդ, կարելի է մրցակցել ինքդ քեզ ու քո կարողությունների հետ, կարելի է չամաչել տխրությունից, երջանկությունից, կարելի է ցավը գրկաբաց ընդունել, ստեղծել սեփական աշխարհ, չվախենալ չստացված, խափանված պլաններից, նրանից, որ արտաքնապես ու ներքուստ նման չես ուրիշներին, չբարդութավորվել, ձգտել հասնել այնտեղ, որտեղ պատկերացնում ես քեզ, իսկ մաքրագրելուց հետո երևի թե անելիք չի լինի, քանզի կստացվի իդեալական կյանք, իսկ իդեալական կյանքն, ըստ իս, տանում է հավերժական լռության․․․ Հիշում եմ՝ վեց տարեկան էի, երբ առաջին անգամ խաղալիս վնասեցի ձեռքս ու սպին այդպես էլ չանցավ, իսկ մեր հարևանուհիներից մեկը շքեղ արտաքինով երիտասարդ կին էր, ում ամեն անգամ գաղտնի հետևում էի ու երազում մեծանալիս նրա նման գեղեցիկ լինել։ Երբ հասկացա, որ սպին չի անցնելու, գիտակցեցի, որ դա մաքրագրել չի լինի, այդպես եղավ նաև ամուսնալուծվելիս, բայց դա լավ ու վատ չէ, դա պարզապես նշանակում է, որ սրբագրել չի լինի, փոխարենը  կլինի շարունակել ապրել՝ ընդունելով իրողությունը որպես փաստ, ու ժպիտով առաջ անցնել։

 

 

 «Էմիգրանտի համաստեղությունը»․ գիրք՝ ծանր ճամպրուկով…

 

Գիրք՝ ծանր ճամպրուկով, ծանր մտքերով, թեթև մատուցմամբ։ Երևի թե այդպես։ Գրելիս, բնականաբար, չես կարող մտածել, թե քանի հոգի է կարդալու, ինչ են մտածելու, չես մտածում ոգևորելու կամ ընթերցողիդ ցավեցնելու մասին։ Դու պարզապես թարգմանում ես էմոցիաներդ՝ վերածելով բառերի։ Ինչպես ամեն ինչ այս կյանքում, էմիգրանտ լինելու առումով էլ մարդիկ սիրում են սարսափելի բառեր հորինել, վախեցնել, ինչպես դպրոցում, ինստիտուտում՝ քննությունից առաջ, ինչպես կանանց՝ ծննդաբերելիս, ինչպես գործատուները՝ աշխատանքի ընդունելիս, սակայն կա մեծ գաղտնիք, որը այնքան պարզ է իրականում․ սեր։ Երբ մտածում ես, որ դա ընդամենը հետաքրքիր ճամփորդություն է դեպի անհայտություն, երբ մտածում ես, որ ունես ճամպրուկ, երբ տունդ այլևս չկա, իրեղեն աշխարհը պարտվել է կամքիդ, գնալդ ընդամենը ֆիլմի է վերածվում, որը ինքդ ես նկարահանելու, ինքդ ես խաղալու և մոնտաժելու։ Ու թքած, որ սկզբնական շրջանում կարող է միայն բարձդ տեղյակ լինի քանի արցունքի կաթիլ է իր մեջ առել․ չէ՞որ արցունքները ցամաքել գիտեն։ Այդ առումով,  իմ գիրքը, հուսամ,  կօգնի այն մարդկանց, որոնք բարդացնում ու դրամատիզացնում են իրենց կյանքը։ Եթե զզվելով ապրես նոր երկրում, այդ հողը նույն կերպ կարձագանքի, իսկ ես խենթորեն սիրահարված եմ կյանքին ու այն վայրին, որտեղ ապրում եմ, սակայն դա չի նշանակում, որ իմ ճամպրուկը այլևս  երբեք այլ երկիր չի գնա։ Իսկ գրքի՝ Մոսկվայում տպվելու առումումով անցյալ տարի հինգ հրատարակչության դիմեցի, ոչ մի հրատարակիչ չարձագանքեց։ Մտածեցի՝ լավ, ուրեմն այդպես էր պետք։ Մի օր անսպասելի նամակ ստացա գրող, գրաքննադատ Ալեքսանդր Եվսյուկովից, ով կարդացել ու հավանել էր մի քանի ամսագրերում տպագրված պատմվածքներս։ Նա առաջարկեց ներկայացնել Մոսկվայի մշակույթի նախարարություն, եթե հաստատեին, ապա կտպվեր։ Համաձայնեցի, բայց դա այնքան անհավանական էր թվում, որ չէի կարող պատկերացնել, թե կստացվի։ Հոկտեմբերին գիրքը կլինի երկրի գրախանութներում (ժպտում է)։

 

 

Երբ բախվում են թատերագետի ու գրողի հայացքները․․․

 

Ինստիտուտում մեզ կեսլուրջ-կեսկատակ ասում էին, որ չստացված դերասանները վերածվում են թատերագետների։ Երբեմն վրդովվում էի ու չէի հասկանում, քանի որ թատերագետի, թատերական քննադատի մասնագիտությունը իրապես կարևոր եմ համարում։ Դա այն խթանիչ ուժն է, որը ռեժիսորին ու դերասանախմբին ստիպում է գտնել նոր ձևեր, նոր թատերական արտահայտչամիջոցներ։ Սակայն, ցավոք, երբեմն թատրեագետները շեղվում են հիմնական գործից ու սկսում են անձնական դաշտ մտնել, կամ քարը քարին չթողնելով՝ վերացնել դերասանին, այնինչ տվայլ մարդը օրեր ու տարիներ է ծախսել՝ իր մասնագիտության մեջ լավագույնս դրսևորվելու համար։ Որոշ ժամանակ անց ես հասկացա, որ իմ մարդկային տեսակը, հավանաբար, թույլ է այս մասնագիտության համար, հաճախ նկատում էի, որ ներկայացումը նայելիս զարգացնում էի ռեժիսորի մտահղացումը ու հորինում սեփականը։ Ես ինձ այլևս թատերագետ չեմ համարում, քանի որ եթե անգամ մասնագիտական գործիքներին հրաշալի տիրապետես, բայց երկար ժամանակ չօգտվես դրանցից, բնական է, կմոռանաս և օգնելու փոխարեն մի բան էլ կվնասես։ Վնասել չեմ սիրում, սական իմ մեջ ապրող թատերագետը քննադատում է իմ ներսի գրողին, սաստում, անխնա վերացնում ավելորդ բառերն ու պարբերությունները։

 

 

Ժամանակակից գրականության հիմնախնդիրները։ Ժամանակ և սերնդափոխություն․․․

 

Երևի թե այս հարցի պատասխանին տիրապետում են գրականագետները, գրաքննադատները։ Գրողը ինքնին ժամանակի ընդվզման խորհրդանիշն է։ Ես չեմ ընկալում այն արվեստի մարդկանց, ովքեր մի փոքր հայտնի դառնալուց հետո ձեռքներն են առնում բարձրախոսը ու քաղաքական ճառեր տարածում։ Հավանաբար, դա էլ է պետք մարդկությանը, չգիտեմ։ Ցանկացած ժամանակաշրջանում իրական գրականությունը սկսվում է ինքդ քեզ հետ բախվելու, չհաշտվելու, բացահայտելու արդյունքում, ու եթե քո ընդվզումն համընկնում է ժամանակի ընդվզմանը, ուրեմն ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է․․․

 

 

 

 

Զրույցը վարեց՝  Մարգարետ Ասլանյանը

© Երևանյան Էսքիզ 2020

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև