Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Սաթեն Վարդանյան․ «Իմ անունն է Սեր» գրքից

Աչքերիցս կթափվեն ծաղիկները կրակե
և իր բոցեղեն լեզուն կուլ կտա արշալույսի
տիրակալը դեղնամորթ, զի ոտք էր մեկնել քեզ հետ՝
հարդարելով ծամերիս անմոռաց շավիղները,
որտեղ կորցրել ես նինջդ,
որտեղ թողել ես սիրտդ…

Ձիթենու ճյուղ կդառնա ուսերիդ հենված ձեռքս
և երակները լուսնի կթափվեն երկնքից ցած՝
փաթաթվելով մեր ծաղկած մարմինների լանջերին,
հիշեցնելով, թե որքան հմայուն է դրախտը,
որի միջով կքայլենք,
որի շուրթին կպարենք…

Սրունքներիս կամրանան վարդաստանները երկրի
և աստղերը վերևում կպատերազմեն նորից
հանուն հարատևության Աստծուն պաշտելի սիրո,
մինչ չենք բաժանվի երբեք, եթե կամենանք նույնիսկ.
թե երազ լինի սերը,
թե չլինենք՝ ես ու դու…

*

Արևը մորեհամ օրորոցն է սիրո՝
պտուղներով բորբոքուն,
կնիքով անմահության՝
աներդում նվիրումի
ծիսակարգը գովերգող.
Սիրում են ուղղակի՝ հրե կրքով ու տաք…

Հարդագողի ուղին առեղծվածն է սիրո՝
բավիղներով աստղերի,
եղյամով հիրիկագույն,
որ Աստծո լռությունն է
դարեդար սաղմնավորվող.
Սիրում են ուղղակի՝ հոգում վայրի կրակ…

Տիեզերքը կինն է հավերժական սիրո՝
հրայրքով անմեկնելի,
հանդերձներով կախարդիչ՝
անսանձության գաղտնիքը
հավիտենաբար ծածկող.
Սիրում են ուղղակի՝ սրտում երազը բարկ…

*

Նորից գիշեր է :
Ես անցնում եմ կամրջակով զմրուխտակիր`
ինձ հետ տանելով ճահիճը հիշողության,
որտեղ խեղդում եմ ծովաձկներին բոլոր,
որոնք կարոտներն են իմ ոսկեթեփուկ,
ներսից՝ ոսկորներով սուր-սուր.
Գիտե՞ս, սեր իմ, ամեն ոսկրի մեջ
արյուն կա մի քիչ…

Դե ինչ, գիշեր է:
Ձեռքս մեկնում եմ լուսնաեղջյուրին՝
իբրև դաշույնի, որն ինձ ընծայեց մոգը ալեհեր,
և պատմեց առասպելը մոռացումների,
որով խաբում են դյուրահավատ սիրահարներին,
ովքեր չեն արթնանում լեթարգիկ քնից.
Գիտե՞ս, սեր իմ, առասպելներում
արյուն կա մի քիչ…

*

Վայրի մտորում

Երկրպագում եմ քեզ բնություն կատարյալ
և մարմինդ կանացի, որ համանվագն է
դեղձաբույր անսահմանության,
ես երկրպագում եմ իգական հոգիդ
և ամենատեսությունդ նարնջագույն,
որ վեր է,վեր, ուստի մոտ սահմանին
խելացնորության…
Երկրպագում եմ քեզ, զի ընդվզումն ես դու
և փոթորկահողմը անհնազանդ աչքերի՝
գետի հոսանքին միշտ հակառակ լողացող
վտառի նման…
Ես երկրպագում եմ ներդաշնակությունդ
բնություն ամբողջական՝ վերստին գալով
քո գիրկն անմեղությամբ…

*

Ես մի օր տեսել եմ արթուն ժամանակի
դեղնաբաշ նժույգին, որը սլանում էր
խաղաղված բիբերիս մեղրոտ դաշտահովտով՝
հիշողության ժայռը սմբակի տակ փշրած…

Ես մի օր լսել եմ հուսահատ նվոցը
համբերատար կաղնու, որը մոռացել էր
մազարմատներիս մեջ իր պարտքը չընկնելու՝
նեղանալով հողի իմաստնությունից…

Եվ մի օր խոսել եմ քնած վարդաթփի
դողացող շնչի հետ, որը փոխանցում էր
արևի համբույրը շուշանե ճակատիս՝
Հիսուսի քաղցրահամ արցունքներով օծված…

Ես մի օր լռել եմ համրությամբ ձկնային,
քանի որ տեսել էի նժույգին դեղնաբաշ
և լսել էի կաղնու նվոցը հուսահատ՝
խոսելով վարդենու շնչառության հետ…

*

Աչքերս դռներ են վարդափայտե՝ գոցված դժոխքի
փականքներով հրագույն.
Բախիր ուժգնորեն…
Ցորենադաշտեր են ալեկոծվում դռներից այն կողմ
և դավանանքի ծառեր բողբոջում արևահոտ,
խմոր-մանուկներ են իմ աչքերը դռներից անդին,
որտեղ բարուրաշորը լացն է կաթնահամ.
սե՛ր, բախիր քաջորեն…
Մեղրե աստղեր են ծորում խնկահանդերձ երկնքի կրծքից
և դուռ-աչքերիս վրա առասպելանում.
բախիր ձեռքով Տիրոջ լուսավարար, վերջին անգամ բախիր…
Այդ դռների ետևում քաղցրաջրեր հոսող,
ոսկեծաղիկ բիբեր՝ զմայլանքի կամարներով շողուն,
ժամերգություններ լույսի՝ իբրև թարթիչներ.
բախիր, թող բացվեն…

*

Դատարկ գիշերվա յոթերորդ ժամին
մենավոր աստղը աչքերն է հանում
ոճրագործ մութի և ծեր ընկուզենու
զմրուխտե թիկնոցին կարապ իջեցնում.
Սերը չի մեռնի…

Ութերորդ ժամին նավեր են լողում
հրեշտակակերպ առագաստներով՝
ալ ծովեր տեսած և տաք ավազների
հարսնաշորերին զգուշորեն դիպած.
Սերը հար կապրի…

Սերը արթուն է իններորդ ժամին,
երբ օտարական լռության սքեմով
իր մերկ մարմինն է սքողում մի աղջիկ՝
դարձած լեգենդը խարտյաշ հասկերի.
Սերը կբացվի…

*

Տար ինձ…
Ես ուզում եմ տեսնել
ողկույզները աստղե՝
վեղարներով ցոլուն,
և քրքումե լուսնի
փխրուն մարմինը
գրկել…

Տար ինձ…
Ես ուզում եմ պատմել
այն աչքերի մասին,
որոնք վերածվել են
խոր քավարանների,
և ողողվել են հույսով
նավե…

Տար ինձ
խնդրում եմ.
Ես ուզում եմ տեսնել
մեկ այլ աշխարհ քեզ հետ
և ուզում եմ պատմել
մի ոսկեշաղ երազ՝
ծաղիկներով կաթե…

*

Ես կթռչեմ գիտակցության փշալարի վրայով
և մարմինս կզարդարեմ աստղերով փետուրյա,
երբ դու քայլես անապատով մագաղաթե…

Ես կպատռեմ աղմուկների զգեստները զարդարուն
և լռության արցունքներով կշղարշեմ իմ սիրտը,
երբ դու քայլես արահետով արեգակի…

Ես կհասնեմ խաղաղության բլուրներին բարձրաբերձ
և աչքերս կնվիրեմ տիեզերքին հրակիր,
երբ դու սիրես բնությունս անհնազանդ…

*

Մենք կնիրհենք նորից օրոցքում մայրական
և կիջեցնենք խաչից սերը սրբանվեր,
սերը որպես նշխար
իբրև արյունե վարդ,
սերը, որ կրում ենք
աչքերում մեր հրձիգ,
սերը սաղարթածածկ
և մաքուր ու վայրի…
Մենք կարթնանաք նորից օրոցքում մայրական
և կխաչենք սերը մեր մեղքերի տեղակ,
սերը որպես սաղմոս
ճերմակակուրծք թռչուն,
սերը, որ կրում ենք
սրտերում մեր կրակ,
սերը քարանձավե
և…Եվ դիվահալած…

*

Հոկտեմբեր է:
Ցավից կորացած ծառերի միջով
աղավնիների երամն է անցնում՝
իրիկնալույսի թելերը կարմիր
կապած սադափե թևերին իրենց…

Թեյիս վրայով աշունն է չվում՝
թախծի արցունքներ ողջ օրը հեղած.
Ես վախենում եմ իմ սիրտը կորցնել
այս հոկտեմբերի սառը հողի տակ…
Հոկտեմբեր է:

Մարդիկ նայում են հայացքով խոժոռ,
իսկ ես ժպտում եմ արյունելու չափ,
նա, ով համբուրեց ճակատագրիս սպին՝
մի օր Աստծո մոտ կվերադառնա…

*

Ձեռափերս կրակներ են, որոնք փորագրելով
քո զենք-աչքերը՝ վերադառնում են դեպի ՍԻՐՏ,
որտեղ փրկվում է մահապարտը դժոխքի,
որտեղ քեզ գրկում եմ սիրով ամենահաղթ,
որովհետև իմն ես՝ թագավորությունում Աստծո,
որովհետև քոնն եմ ծիսակարգով հոգու…

Դու ինձ սիրում ես լռությամբ անպատմելի՝
որպես արթնության մարգարե՝ արևին հար մերձ,
ես քեզ սիրում եմ խելահեղությամբ եզակի՝
որպես անկարգ աղջիկ՝ իր աշխարհում անօրինակ,
որովհետև քոնն եմ Տիրոջ կամքով միայն,
որովհետև իմն ես շքերթում անմահության…

*

Պարիր ընկեր, պարիր,

որովհետև ամեն աստղ պարում է հոգեվարքից առաջ
և ընկնում ծովախորշը կախարդանքների,
որտեղ ջրանուշը կրկնում է երգը անքնության,
ուրեմն պարիր ընկեր, պարիր՝
հանց մի եղեգ, որ ինքնակամ լքում է ճահճուտները՝
հարբածի պես ճոճվելով խոնավության դողէրոցքից,
պարիր ընկեր, պարիր,
որովհետև մութը սողում է քո ոտքերի տակ
ինչպես կին-սատանա՝ լույսից հար ճկված,
և թաքնվում իսկույն սափորների մեջ դավերի…

Պարիր ընկեր, պարիր,
որովհետև արևն իր մերկությամբ ավերակում է
մթնախեղդ քարանձավները կուրության ,
և փռվում ճաքած շուրթերին ապառաժների,
որոնք ճեղքել են կակաչները ալարյուն,
ուրեմն պարիր ընկեր, պարիր
ինչպես հողն է պարում փոթորկի մեջ ընկած,
ինչպես հրդեհն է ազնվացնում պատյանն աշխարհի,
պարիր ընկեր, պարիր,
որովհետև մռնչում է անտառը տերևաթափվելուց առաջ
և սարսուռների շաղով պատվում սոխակների կանչից,
որոնք երգում են խելահեղությունը կյանքի.
Պարիր ընկեր, պարիր…

*

Նոյեմբերյան էտյուդներ

Նոյեմբերն ավարտվում է մազերիս եզրին,
արևակալել են խոշոր աչքերս.
այնքան թեթև եմ ու լուռ՝
ասես աշխարհի բոլոր ռումբերը
լցրել եմ խաղաղության ծաղկի
սերմերով…

*

Արևածագին Աստծո հրեշտակները
մանուշակներ տնկեցին իմ վարսերի մեջ.
արցունքի տեղակ մեղր հոսեց աչքերիցս՝
սրբելով մենության մոխիրը
թարթիչներիս վրայից…

*

Ծառի բարակ ճյուղերին հենված լուսինը
ամենագեղեցիկ հղի կինն էր.
երբ փորձեցի մոտենալ՝ անհետացավ իսկույն,
որովհետև կարծեց կրակե անտառ եմ
և չտեսավ կանաչ աչքերով սիրտս…

*

Մարգարետիս

Դու ինձ գրկում ես այնպես,
ինչպես հողն է գրկում արմատները կաղնու,
և մոտենալով սրտիդ՝ երբեմն մտածում եմ,
որ իմ մայրն ես եղել նախորդ կյանքում…

*

Կեսգիշերին երկնքից աստղ ընկավ
մասրենու թփին. երազանք պահեցի,
այնտեղ թաքնված օձը կծկվեց լույսից՝
վերածվելով մամռապատ քարի…

*

Լուսնի վրա հարություն է առել վարդաթերթ դեղձենին.
մոտավորապես քո սրտի չափ է այն և քո բուրմունքն ունի,
և քո համն ունի, որովհետև Քեզ չեմ մոռացել ոչ մի օր,
և չեմ ուրացել պատուհանագոգն իմ,
ուր շնչառությունս անհանգիստ շուն է…

Բլուրների տակ տեղավորված գյուղը արջաքուն է մտել.
իմ մրցակցուհին Կարոտն է զառամյալ՝ մի քիչ ինքնահավան,
որովհետև նա իր ամեն կնճիռում աստղեր է թաքցնում,
որոնք թրծվել են հին վառարանի մեջ՝ ծիրանափայտով
և երկինք թռչել…

*

Տերեփուկներով կապույտ կհարդարեմ գլուխս,
ու կվազեմ լողալու կաթե գետում անպղտոր,
որը հարսնազգեստն է իմ՝ անմեղությունս ծածկող,
որը անկողինն է իմ՝ անտառներով ժանյակե…

Եվ կլողամ անվրդով՝ սիրտս հանձնած ջրերին,
զի այն աչք է զմրուխտե, որտեղ փրկվել է մի մարդ,
ով իր Աստծուն մոռացած՝ մի օր սերը ուրացավ,
ով հիշելով իր Աստծուն՝ վերադարձը կհուսա…

Գետաջրից դուրս գալով՝ չոր խոտերին կփարվեմ,
որոնք կթրջվեն կաթից՝ կոնքերիս մեջ հավաքված.
երկու համարձակ աստղեր ոտնամաններ կդառնան
և ես կքայլեմ դեպի լաբիրինթոսն արևի…

*

Տիեզերքի հետ կապող պարանը
հոսքն է արևի, որ փաթաթվում է
սրտումս տրոփող հրե խաշխաշին՝
գետնից կտրելով բոբիկ ոտքերս,
ինձ արթնացնելով դիվային քնից,
ուստի տիեզերքը կին է մի վայրի՝
թիկնոցին բացված հուլիսյան ճերմակ
աստղաշուշաններ, որոնք թափվում են
ծիրանե մարմնիս և պարգևում կյանք՝
բուրմունքով կաթի:
Տիեզերքի հետ կապող պարանը
խուրձն է արևի, որը տանում եմ
սաղարթներին կից սրտիս կածանով,
ուր համբուրվել են փշերը մոշի՝
երիզված սիրո պայծառացումով…

 

Երևան 2017

 

 

Ընթերցել նաև