Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Սաթեն Վարդանյան․ «Թարսգրություն»․ բանաստեղծական շարք

Րետիպույ

Երակներումս խշշում են եղեգները,
ես բաց նյարդ եմ,
ամբողջովին կակտուս`
փշախիտ աչքերով.
պարանոցիս հացի փշրանքներ են,
ես բաց նյարդ եմ,
ամբողջովին լուսին
ու ինձ երկինքը քերծել է մի քիչ.
հոնքամիջումս քնում է կաթե ակացիան,
ես բաց նյարդ եմ,
ամբողջովին սիրտ,
որ փսխում է Բառը
և թռչում Րետիպույ:

*

Նյաիմ զեք

Արցունքներով ջրիր լեռնավարդ սիրտս,
ուզում եմ քնել աստղի մեջ Բեթղեհեմի.
օրորիր, օրորիր, իմ սեր…
Կարդա վերջին բանաստեղծությունդ,
ուզում եմ տեսնել` ինչպես են համբուրվում
ծղրիդներն ու ծառերը,
աչքերս ու Աստված…
Ձեռքերիս առագաստներին գրիր,
որ կհիշես ապրելը, երբ մի օր չլինեմ
և փախիր, փախիր այս քաղաքից, իմ սեր…

*

Ադիմեֆ

Երկնքում փոխհրաձգություն էր,
ես երակներս սեղմել էի թաց ընկուզենուն
և թարգմանում էի փայտաբույր շնչառությունը նրա,
համբուրում տերևներն աստղափոշոտ,
շոշափում` խորդուբորդությունը դարավոր`
աղաչելով, որ արթնանա.
երկնքում միայն կրակոցներ էին,
ես բաց էի թողել իմ մեջ արտասվող հրե հովազներին,
քաղել` ոտքերիս աճած արնակակաչները
և մնացել մորեմերկ` շամբուտներում տառապանքիս,
ճանկռել էի ամրոցը հողի` գրկելով սիրտս թռչնաբույն,
ու սպասել միայն քեզ, իմ Կանաչ Ֆեմիդա…

*

Նույթուժրեվահ

Ես լսում եմ ղողանջը Յուպիտերի,
կրծքերից ժայռի թափվում է կաթը,
մանուշակները դառնում են տատրակներ,
հրեշտակները փաթաթվում են փետուրներով լռության,
ցորենը վերադառնում է տիեզերք,
երկնքի երգեհոնից ցած գլորվող ձայնը չի փշրվում
գեղեցիկ աչքերով տղան, ում հետ ծերանալու եմ`
պատահաբար գտնում է բանալին…
Սիրտը երջանկություն է…

*

Քլիսետ

Թախիծն ապստամբում է,
ճարպիկ լարախաղացն ուր որ է կհասնի արևին,
ես տեսնում եմ մահը տերևների,
աշունը բորբոսի պես տարածվում է,
ոչինչ, ոչինչ չեմ հիշում.
կանայք , ովքեր ունեին գեղեցիկ պատյան`
մերկացել են մինչև հոգի
և սարսափազդու է տեսարանն այս,
որովհետև նա, ում աչքերը կապել էին`
արթնացել է թմբիրից…

 

 

 

 

Ընթերցել նաև