Հայ արդի գրողներ Հայ արդի պոեզիա Պոեզիա Պոեզիա

Սաթեն Վարդանյան․ «Թաիթա»․ բանաստեղծական շարք

 

Թաիթան աղջիկ է վայրի,

նրա շեփորը` կղզիներ, լեռներ,

թաիլանդական տաք քամին

թփրտում է կաթնափոշոտ

ժանիքների շուրջը,

Թաիթան չի կրում զարդեր,

թարթիչների ջունգլիներում

չհաղթահարվող մենություն է,

ոչ մի հրեշ չի մարսում սիրտը,

կարոտի հրաբուխը ժայթքում է

երակների տաճարներում,

նարնջաշուրթ ծաղկով Կինը,

որին Տերն անվանել է Եվա`

աղոթում է` կնճիթից վերցնելով

խեցին արցունքի …

Չփորձես մոտենալ Թաիթային,

եթե չես սիրում ընկերոջդ

սեփական անձի պես.

Թաիթայի ոտնաթաթերին

քնած աստվածները

պատահաբար կհանեն աչքերդ,

որովհետև թաիթաները

չեն ընկնում դժոխք,

որովհետև ամեն Թաիթա

դրախտի ԱՉՔՆ է…

 

 

 

 

 

*

 

Առավոտ էր.
ծաղիկս՝ արցունքակալած,
ես՝ ընկած թփերի մեջ լռության,
Կտակարանը՝ թարթիչներիս ասեղներից խոցված,
ձայն չկար, Չկար ու Չեկավ…
Իմ սիրտը տանում էր Թաիթան,
կարմիր ծաղիկ էր ժանիքին աճած,
Թաիթան ուներ աչքերիցս թաց,
նա կույս էր, կույս էր՝
կոնքերին եղյամ…
Գնում էր տարտամ, խոնարհ ու տխուր,
ժանիքին՝ ծաղկած բոսոր մանուշակ,
Թաիթան գիտեր Արևի ճամփան,
սիրտս տանում էր, որ ցույց տար Աստծուն… 

 

*

 

Նայիր Աստծո աչքերին, Թաիթա,
և կնճիթիդ օրորվող
իմ արծաթե խաչը
մեկնիր նրա ալյուրոտ ափին …
Նա խաչի վրա կհավաքի
ջարդուփշուր սիրտս
և ես կլսեմ ինձ մոտեցող
գնացքի շչակների հևքը՝
կցված կոկորդին
ամազոնիտե աչքերով թռչնի,
որն ինձ կուղեկցի
դեպի դռները
երջանկության բերքով լցված
կանաչ դրախտի …
Նայիր Աստծո աչքերին, Թաիթա,
ես արտասվել եմ
անմեղ ոտքերին 
ճեփ֊ճերմակ եղնիկների,
ինձ ցավեցրել են
մինչև երիկամ՝
եղջյուրներով երկաթի … 

 

*

 

Քաղցածները կերան հավատարմությունս,
նա, ով ողնաշարիս պետք է աճեցներ
թավշե շուշաններ՝
հեռացավ ամենասեթևեթ քամուց,
ինձ մնացին աչքերս,
որոնք չեն ջնջվում
մարդասպանների,
անտարբերների,
խաբեբաների,
սրիկաների հուշամատյանից,
ուր ամեն պահի կարող է
մաքրագրվել խիղճը.
ինձ մնաց միայն իմ Թաիթան՝
սրտին հետքերը՝
դանակե ոտքերով մարդու.
Թաիթան խնդրում է Արարչին՝
մարգարտի վերածել
արցունքը կույսի … 

 

*

 

Վերադարձիր, Թաիթա,
մենք ամբողջովին հիշողություն ենք,
քո և իմ աչքերում
հեկտարներով ընկույզի այգիներ են,
և նրանք, ովքեր մեզ սիրում են`
գալիս են ընդառաջ
բերնեբերան լցված դույլերով,
որոնց մեջ երազանքի 
քաղցրաջուր աստղերն են …
Վերադարձիր ինձ մոտ, Թաիթա,
մեր ներսում տրոփում է խիղճը դաշտերի,
ես երազում եմ գտնել իմ Տունը,
սպիտակ տանիքին` երամ հավքերի,
ես երազում եմ հավատարիմ Սիրտ,
որն ինձ կօղակի բազուկներով պինդ …
Վերադարձիր, վերադարձիր, Թաիթա …

 

*

 

Թաիթա, քո աչքերում
լուսնի ջրվեժն է,
նորից գիշեր,
ռումբե սիրտ,
պատշգամբ
և սպասում …
Թաիթա, քեզ խաբողի 
թախծոտ աչքերում
լուսնի վերքերն են,
նորից գիշեր է,
դեղահաբ,
մութ սենյակ
և սպասում …
Թաիթա, քո աչքերում
փշուրներ լուսնից,
նորից գիշեր,
պայթեցված սիրտ,
պատշգամբ
և սպասում …

 

*

 

Մեզ չհասկացան, Թաիթա,
ես չորացած ճյուղով
հողերին գրում եմ
բանաստեղծություն,
դու ինձ տեղավորում ես
երկրագնդե աչքերումդ
և մենք գրկում ենք միմյանց
կեսգիշերն անց.
աղոթք է,
երազանք,
համբերանք …
Մեզ չհասկացան նրանք,
ում կարծեցինք ճակատագիր․
ես անպայման ջրելու եմ 
տնկիները սրունքներիդ,
ես պարելու եմ 
հավատներիս կղզում,
խորությունս չի չափելու
ոչ մի, ոչ մի դահիճ,
ոչ մի դահիճ չի ճանաչելու ինձ.
աղոթք է,
երազանք
և համբերանք…

 

*

 

Նրանք քեզ փնտրում են այլոց մաշկի տակ,
անծանոթ աչքերում, մազերի փնջերի մեջ,
նրանք խելակորույս երազում են ցորենները մատներիդ`
լրիվ խորթ, կրկնվող ձեռքերի վրա
ու չեն գտնում, Թաիթա
ու չեն կարողանում մոռանալ, Թաիթա …
դու լսողություն ես, երաժշտություն
և ռիթմը վերքերիդ մշտապես հիշեցնում է,
որ սիրտն օրգան չէ լոկ,
և ամեն դավաճան պետք է քնի
սեփական խղճի ջարդոնների հետ
ու դեռ միլիոն տարի չհասկանա պոեզիադ …
Ես հիմա ժպտում եմ ճակատագրիս մատույցներում,
վաղը դեռ կգա, վաղը կլինի,
ոչ մի կիսադև չի կտրի աղոթքիս վիզը,
տատրակները կշարունակեն թռչել
իմ բաց պատշգամբ,
ես կգրեմ բանաստեղծություններ
նրա թիկունքին, ով պինդ կգրկի
և կշշնջա` էլ չվախենաս,
ես քեզ սիրում եմ,
որովհետև ԿԱՍ…

 

 

 

 

 

Ընթերցել նաև