Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Ռուսական պոեզիա․ ընտրանի

 

Էդուարդ Ասադով

 

Ես կարող եմ քեզ երկար սպասել,

Երկա՜ր, շատ երկար ու հավատարիմ,

Գիշերները կարող եմ չքնել,

Մի տարի, երկու և գուցե ողջ կյանքն իմ։

Թող օրացույցի թերթերը պոկվեն ու ընկնեն,

Ինչպես տերևները այն այգու,

Միայն իմանամ, որ զուր չէ դա,

Միայն իմանամ, որ կգաս դու։

Ես կարող եմ գալ քո ետևից

Անապատներով ու ժայռերով,

Այնտեղով, ուր անգամ սատանան,

Դեռ չի մտել իր զույգ ոտքերով։

 

Ամեն ինչ կանցնեմ առանց մի տրտունջի,

Կհաղթահարեմ ցանկացած խոչընդոտ,

Միայն իմանամ, որ զուր չէ դա,

Որ հետո չես թողնի ինձ ճամփին քարոտ։

Ես կարող եմ քեզ նվիրաբերել

Այն ամենն, ինչ ունեմ այսօր և միշտ,

Ես կարող եմ հանուն քեզ ընդունել

Չարագույն ճակատագրերի ցավ ու վիշտ։

Ու երջանկություն կհամարեմ քեզ տալ

Ողջ աշխարհը ամեն ժամ և ամենուր,

Միայն իմանամ, որ ապարդյուն չէ դա,

Որ քեզ սիրում եմ, ՍԻՐՈՒՄ ԵՄ ոչ իզուր։

 

*

 

Քանի դեռ ողջ ենք, հնարավոր է

Ամեն բան ուղղել, ներել ամեն ինչ,

Թշնամիներից վրեժ չլուծել,

Սիրելիներին չստել նորից։

Քանի դեռ ողջ ենք, հնարավոր է

Դարձի գալ, գտնել ճշմարիտ ուղին,

Զղջալ, գիտակցել, ընդունել մեղքը

Ու վերադարձնել հին ընկերներին։

Արդյոք շատերի՞ն հաջողվեց պահել

Սիրելիներին, ովքեր գնացին,

Մենք չհասցրեցինք ոչ ներում խնդրել,

Ոչ էլ ինքներս նրանց ներեցինք։

Երբ նրանք թողնում, գնում են ընդմիշտ

Այնտեղ, որտեղից էլ հետ չեն գալիս,

Նոր ենք հասկանում, որ մեղավոր ենք,

Տխրում ենք անվերջ, շարունակ լալիս։

Լուսանկարներ, ինչպես մի հին ֆիլմ,

Ծանոթ հայացքով հոգնած զույգ աչքեր,

Բայց նրանց վաղուց ներել էին, որ մենք

Դարձել էինք այդքան սառն ու անտարբեր։

Ներել են նրանք, որ մենք չենք զանգել,

Որ հազվադեպ ենք այցելել նրանց,

Այս կամ այն կոպիտ բառերն ենք ասել,

Իսկ շատ բառեր էլ մնացին չասված…

Մեղքի զգացումը՝ իբրև մի բութ ցավ,

Ներսից կրծում է ու մեզ սառեցնում,

Նրանք ներում են, ներում ամեն բան,

Բայց մենք մեզ ներել չենք կարողանում…

 

 

*

 

Կոնստանտին Սիմոնով

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սպասիր ինձ, և ես կգամ,

Միայն թե սպասիր երկար,

Սպասիր, երբ թախիծ բերի

Դեղին անձրևը տկար։

Սպասիր, երբ ձյուն է թափվում,

Սպասիր, երբ տապ է, ոչ զով,

Սպասիր, երբ էլ չեն սպասում՝

Անցյալը մոռանալով։

Սպասիր, երբ հեռուներից

Էլ չի գա նամակ ու լուր,

Սպասիր, երբ կձանձրանան

Սպասող մարդիկ ամենուր։

Սպասիր ինձ, և ես կգամ,

Ու բարին մի ցանկանա

Նրանց, ովքեր պնդում են՝

Ժամանակն է մոռանալ…

Թող հավատան մայր, որդի,

Որ չկամ, ողջ չեմ ես էլ,

Ընկերներս էլ վհատվեն

Ու հերթով հոգնեն սպասել։

Նստեն ու գինի խմեն՝

Կենացն իմ հոգու,

Սպասիր ու նրանց հետ

Գավաթ մի՛ վերցրու։

Սպասիր ինձ և կտեսնես՝

Ոչ մի մահ ինձ չհաղթեց,

Թող ինձ չսպասողներն էլ

Կարծեն, թե բախտդ բերեց։

Չսպասողն ի՞նչ իմանա՝

Ինչպես կրակի միջից

Քո անդադար սպասումով

Իրոք փրկեցիր դու ինձ։

Թե ինչպես ես ապրեցի՝

Կիմանանք երկուսս լոկ,

Պարզապես դու սպասում էիր,

Ինչպես չէր սպասել ոչ ոք։

 

 

Թարգմանությունը՝  Լիլիթ Խալաթյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև