Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Ռոման Կիսյով․ «Համբարձում գրքից»․ պոեզիա

Ոչ ոք ինձ չի հարցրել

Ինձ չի հարցրել ոչ ոք,
ուզո՞ւմ էի ծնվել,
ոչ ոք ինձ չի հարցրել,
ուզո՞ւմ էի ապրել
այս աշխարհում, հիմա,
ժամանակում իմ այս,
ոչ ոք, երբևիցե, ինձ չի հարցրել նաև,
ուզո՞ւմ էի լինել հենց այս,
ինչ կամ:
Կյանքս ե՛ս չեմ ընտրել,
ինձ ընտրել է կյանքը,
ու երբ ինչ-որ մի օր
ձանձրացնեմ նրան, կհեռանա հանկարծ,
չհարցնելով անգամ,
ուզո՞ւմ էի, արդյոք, որ բաժանվենք:

*

Ստորակետեր

Կյանքը
շարան է
ստորակետերի

Եվ այդ շարանը ստորակետերի՝
հարցականներով –
Մանկությունն է մեր

Եվ այդ շարանը ստորակետերի՝
ընդմիջումներով բացականչական –
Պատանությունն է

Եվ այդ շարանը ստորակետերի՝
բազմակետերով –
Ծերությունն է մեր

Իսկ վերջակետը
անտես մի ձեռք է դնում
ի վերջո

*

Արարիչը

«… Ինչ — որ մեկը թելադրում է»
Անդրեյ Գերմանով

Իմ երգերն իմը չեն
իրականում,
և աշխարհի բոլոր պոետների երգերն
իրենցը չեն նույնպես:
Արարիչը մեկն է:
Մի հեղինակ՝ անհայտ ու անանուն,
որ իր ընտրյալներին թելադրում է
երգեր՝ շարա՜ն – շարա՜ն:
Ոմանց մատուցում է իր անցողիկ
հորինվածքներն անկյալ
ու անճարակ,
ոմանց – արարումներն իր հանճարեղ:
Ոմանց, ընծայում է – որպես փոխհատուցում –
բավարարվածություն ու հանգիստ կյանք,
ոմանց՝ պատժում կրծող կասկածներով,
միայնությամբ անվերջ
և, իհարկե, դժբախտ իմաստությամբ:

*

Անգին Հայրենիք

Հնոտիների շուկայում կյանքի
մեր քաղաքագետ այրերը հանգիստ
հոգի են ծախում – առնում ու ծախում
(հոգիներն իրենց ծախել են վաղուց)

Հնոտիների վաճառաճահճում
մեր գործիչները մթին անցյալով
խոստանում են մեզ լուսե ապագա
(նոր բարդակներ են կառուցում սակայն)

Նոր բարդակներում գործիչները հին
սնում են մոլի սատանաներին –
այնքա՜ն ջանադիր ու ճշտակատար
(իսկ ես սնվում եմ երգերով փշոտ)

Անգին հայրենիք –
երկրային դժոխք*

* «Անգին հայրենիք – երկրային դրախտ»
(Բուլղարիայի օրհներգից)

*

Հովիվը

(Օրփեոսի Խոսքը իր աշակերտ Արիոնին)

 

Յուրաքանչյուր պոետ
արոտներն է քշում
նախիրն իր բառերի՞

Հովի՞վ ես դու պոետ

Մտաբերիր հապա այն օրերը
երբ անբարբառ էիր դու տակավին
ու երբ մեռնում էիր
քաղցից ու ծարավից
կենդանարար Բառի
հիշիր թե ինչպես են բառերը քեզ հանել
արոտները երկնի
և առաջին անգամ հոգիդ ճաշակել է
սնունդն անապական
և կում արել ջրից անմահական –
հավերժական Բանի որ է՛ր ի սկզբանե…

Մտաբերիր մի պահ և մեկընդմիշտ հիշիր
որ Բառը քեզ բնավ չի պատկանում
դո՜ւ ես ծառան նրա այս երկնքի ներքո
Բառը Հովի՜վն է քո

*

Իրադարձություն

Սրբապատկերից
Հիսուսի օրհնող աջը բարձրանում
և նշանակն է կատարում խաչի
Մանուկը կողքի սրբապատկերին
սկսում է լալ Մարիամի գրկում
Թևին են տալիս
Հրեշտակները որմնանկարին
և վայր են իջնում Սրբերը պատից

Միմիայն ես եմ
որ կանգնած տեղս սառչում
քարանում
փոխակերպվում եմ
Տաճարը պահող ևս մի սյունի

*

Միստիկական Վարդը

Ո՞րն է գաղտնիքը քո
իմ հոգու վարդ.
դու մեկ թառամում ես
շողերի մեջ քնքուշ ցողերի մեջ
մեկ էլ բացվում հանկարծ
սառնամանիքի մեջ ու երաշտի

Իմ հոգու վարդ
ո՞րն է քո գաղտնիքը.
այդ ինչ հեղհեղուկ է
գույնը թերթիկներիդ –
կարմիր – դեղին – կարմիր և սպիտակ
ու մեկ էլ սև հանկարծ ու սևավոր

Իմ հոգու վարդ
ծանիր առեղծվածդ վերին
գեղեցկությունը քո և բուրմունքդ
ինչո՞ւ ես միշտ բաշխում ուրիշներին,
իսկ ինձ բաժին հանում
այս պսակը – հյուսված քո փշերից

*

Կանխագուշակություն

Կվերադառնա արցունքն առաջին
որ ծնվեց աչքում առաջին մարդու
առաջին օրը
առաջին մեղքին հաջորդած պահին

Կվերադառնա արցունքն առաջին՝
մայրը մարդկության ամբողջ արցունքի
կվերադառնա
երբ հնչի Տիրոջ դատաստանն Ահեղ

Կվերադառնա արցունքն առաջին
ահեղ ու հսկա
և կհեղեղի աշխարհը համայն

Եվ դանդաղ քաշվող ջրերի միջից
կելնի նոր աշխարհ
առանց արցունքի:

*
Ես տեսել եմ դա

Զմրուխտե լուռ մի ծով
ադամանդե
ափեր
շափղնագույն թևեր
հրեշտակի
և արծաթե ծառեր
և պտուղներ ոսկե

Այդ ամենը մի օր
ես տեսել եմ այնտեղ
ուր չեմ եղել երբեք

 

 

Թարգմանությունը՝   Գագիկ Դավթյանի

Բուլղարիա

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև