Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Ռոզա Աուսլենդեր․ «Դու ձայնն ես»․ պոեզիա

 

Գարուն

 

 

Ակացիայի բույրով

սահում է գարունը

զարմանքիդ մեջ

 

Ժամանակն ասում է

ես հազարկանաչ եմ

ու ծաղկում եմ

շատ գույների մեջ

 

Արևը կանչում է ծիծաղով

բաշխում եմ ձեզ կրկին

ջերմություն ու փայլ

 

Հողի շունչն եմ ես

շշնջում է օդը

 

Յասամանը

բուրում է մեզ

թարմ

 

 

*

 

Մենություն

 

 

Իսկապես կկատարվի

գնչուհու գուշակումը

Երկիրդ

կթողնի քեզ

դու կկորցնես

մարդկանց ու քունդ

կխոսես

փակ շրթունքներով

չափազանց օտար շրթունքներ

կսիրեն քեզ

մենությունը

կգրկի քեզ

 

 

*

 

 

Սեր VI

 

 

Մենք կվերագտնենք իրար

լճում

դու որպես ջուր

ես որպես լոտուս

 

Դու կկրես ինձ

ես կխմեմ քեզ

 

Մենք իրար կպատկանենք

բոլոր աչքերի առաջ

 

Նույնիսկ աստղերը

կհիանան

կհպարտանան երկու

կերպարանափոխվածները

այնտեղ իրենց երազում

որ իրենք էին ընտրել

 

 

*

 

 

Մայրական լույս

 

 

Մայիս

իմ ամիսը

որովհետև վերածնվեց

մայրս

 

Նա երգում էր ԱՅՈ

ինձ համար

մայիսյան բզեզնեը

պարում են դեռ

նրա լույսի շուրջ

 

Երբ ես

մանկությունից

խուսափում էի

խեղդում էի

երջանկությունս

օտարության մեջ

 

Երբ ես

գետտոյում[1]

փայտանում էի

մրսում էի

սիրտս

նկուղային թաքստոցում

 

Ես գորշությունից

ողջ մնացածս

բառերով գրում եմ

կյանք

 

 

*

 

 

Դու ձայնն ես

 

 

Ինձ հետ սիրալիր եղիր

անծանոթ

ես սիրում եմ քեզ

ում նույնիսկ չեմ էլ ճանաչում

 

Դու ձայնն ես

որ գլխահան է անում ինձ

Ես քեզ եմ պատկանել

Կանաչավուն մեղմ թավշի մեջ

դու շունչն ես մամուռի

դու զանգն ես երջանկության

և անմահ տխրության

 

 

*

Ծանոթագրություն

 

[1] Խոշոր քաղաքների շրջան, որտեղ ստիպողաբար կամ կամավոր կերպով բնակվում է ազգային որևէ փոքրամասնություն:

 

 

Թարգմանությունը՝  Սիրանուշ Փարսադանյանի

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև