Արձակ Խոհափիլիսոփայություն Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ

Ռոբերտ Մուզիլ և Աշոտ Ալեքսանյան․ «Համատեղ ուժերով-Viribus Unitis»

 

Կապկամարդիկ

 

ՍԻԼԼՈԳԻԶՄ

 

Իրեղեն ապացույցների, անհերքելի իրողությունների և առարկայական խոսակցությունների մեր այս հորինակերտած դարաշրջանում մարդ արարածը մի կողմից տարրալուծվում է մշտառկա ու անփոփոխ իրականության մեջ, մյուս կողմից՝ ձգտում է նույն այդ իրականությունը վերափոխել ի շահ իրեն: …Եվ հետևաբար մարդ արարածը պատմական ընթացիկ անցուդարձը ևս դիտարկում է լոկ իր անձնապաստան շահեկանության դիրքերից: Մենք չունենք մեր համակեցության կազմակերպման ավելի հուսադրող միջոց, քան շահագրգիռ դիտավորության դիրքերից առկա իրականությունը իր իսկ հակադրությանը` անիրականության փոխակերպելու մարմաջն է:

 

Կապկամարդիկ — 1

 

Ինչպես կապիկը, որ ձեռքում քարը բռնած, մտածում է, թե ինչպես ընկույզը բարեհաջող կոտրի, այդպես էլ մենք ձգտում ենք լոկ նրան, ինչը պինդ է ու հաստատուն: Կյանքի հոգեպարար բովանդակությունը մենք թեթև ենք տանում, քանզի մենք, մանավանդ ջահելությունը երբեք չի մտածում վախճանի մասին: Այնուհետև մենք մխիթարվում ենք կարճաժամկետ պարտաթղթերով՝ ինչպիսին աշխատանքն է ու հաջողությունը: Եվ միայն ավելի ուշ, առաջին անգամը լինելով, սկսում ենք հասկանալ, որ երբեք չի լինում ոչ ժամը երեքը կամ չորսը կամ տասներկուսը, այլ որ շուրջդ լուռ ծագում ու մարում են համաստեղությունները… Եվ առաջին անգամ նկատում ես, որ քո մեջ կա մի ինչ-որ բան, քեզ միանգամայն անծանոթ, որ հետևում է նրա՛նց՝ տեղատվության ու մակընթացության հանգույն:

 

 

Կապկամարդիկ — 2

 

Երբ մենք երիտասարդ էինք, մենք տեսություններ էինք հորինում: Երբ մենք երիտասարդ էինք, մենք գիտեինք, որ այն ամենը, հանուն ինչի ծերունիները «լրջորեն» ապրում են ու մահանում, ոգու տեսանկյունից, ըստ էության, վաղուց արդեն ժամանակավրեպ ու զազրելիորեն ձանձրալի մի բան է: Որ գոյություն չունի և ոչ մի առաքինություն և ոչ մի արատ, որ համեմատելի լինի մարդկային երևակայախաղի կամ թռչող մեքենասարքի հետ: Երբ մենք երիտասարդ էինք, մենք գիտեինք, որ այն, ինչ իրականության մեջ է իրապես տեղի ունենում, միանգամայն անհեթեթություն է՝ համեմատած նրա հետ, ինչը կարող էր լինել: …Որ մարդկության ողջ առաջընթացը թաքնված է նրանում, ինչը տեղի չի ունենում, այլ միայն առմտածվում է մարդկային անվստահության բռնկման պահի մեջ:

 

 

Կապկամարդիկ — 3

 

Կան մարդիկ, ովքեր հենց միայն մի բան գիտեն, թե ինչ է լինելու, կան և ուրիշները, որ գիտեն թե ինչն-ինչոց է, ինչը ինչից հետո է և ինչ է կատարվում: Առաջինների հեղհեղուկ անորոշությունն ընդդեմ մյուսների ամրակուռ վստահության: Այլության հնարավորության նախաըմբոշխնում: Անհասցե զգացմունք և ո՛չ մի համակրանք կամ հակակրանք աշխարհային վերամբարձության ու սովորականի միջև: Հայրենաբաղձություն, բայց առանց հայրենիքի: Այստեղ ամեն ինչ հնարավոր է:

 

 

Կապկամարդիկ — 4

 

Կան մարդիկ, որ թերագնահատում են բոլորին և հավատում են միայն բարձրացված քարի կամ մահակի ուժին, քանի որ հենց այդպիսին է նրանց բանականության ուժը և հենց այդ բանականությունն է իշխում այսօր աշխարհում: Ուժերը, որ ներգործում են մարդկային մղումների վրա, անբացատրելի ուժերը, ջերմեռանդության, շառագունանքի, անգամ անզուսպ ինքնապարտադրանքի, բարյացկամ կամ թշնամական համագոյակցության ուժերը, ծանոթ են նրանց, օ՜ հաստա՛տ պետք է որ ծանոթ լինեն նրանց: Սակայն ճշմարտությունները, որոնք հնարավոր է ճանաչել միայն հոգեկան ցնցումների պահին և որոնք հուրհրատում են կայծակների պես մարդկային փոխհարաբերություններում, դրանց նրանք չեն հավատում:

 

 

Կապկամարդիկ — 5

 

Բոլորը ստում են ճարահատ… Քանի որ խնդրահարույց բուն ճշմարտությունը բաղկացած է անհայտ մեծություններից, և միայն այն ժամանակ կարող է լուծում ստանալ, երբ խորամանկություն բանեցնելու լինես և ի սկզբանե ընդունես, որ այդ անհայտներից որոշները հաստատուն մեծություններ են: Առավելագույնը՝ առաքինություն: Կամ Աստված: Կամ սեր մարդկանց հանդեպ: Կամ ատելություն: Դու կամ կրոնամոլ ես կամ ժամանակակից հայացքների տեր մեկը: Խանդավառ ես կամ հուսախաբված: Ռազմամոլ կամ խաղաղասեր: Եվ այլն, և այսպես շարունակ, այս ամբողջ հոգևոր տոնավաճառի լայնք ու երկայնքով մեկ, որն այսօր յուրաքանչյուր հոգևոր պահանջմունքի համար իր կրպակն է բացել: Պարզապես ներս ես մտնում և անմիջապես գտնում ես քո զգացմունքներն ու համոզմունքները՝ մինչև օրերիդ վախճանը և մտքովդ անցած ցանկացած դեպքի համար: Դժվարը լոկ քո ուզած զգացմունքը գտնելն է, եթե միայն չես ընդունում որևէ այլ պայման, բացի այն, որ այս ցատկոտող կապիկը, մեր հոգին, մոլեգնած պտույտներ է գործում՝ կավե գնդին պպզած, Աստծո անհայտ անսահմանության միջով:

 

 

Կապկամարդիկ — 6

 

Որոշում կայացնելը նման է գլխահակ գահավիժելուն. սկզբում միայն կամք է ու վճռականություն է և ուրիշ ոչինչ: Հետո հանկարծակի մի նոր տարր է ի հայտ գալիս և դու շարժում ես ձեռքերդ ու ոտքերդ: Կենսականորեն կարևոր որոշումների ընթացքում մարդս, ըստ էության, ասես դատարկության մեջ է հայտնվում:

 

 

Կապկամարդիկ — 7

 

Մարդիկ հավատում են struggle of life-ին՝ կյանքի, գոյության պայքարին, սակայն մեղմում են այն պատվիրանի ուժով. Սիրեցեք զմերձավորս: Մարդիկ հավատում են մերձավորի սիրույն, սակայն մեղմում են այն գոյության պայքարով: Մարդիկ գերպարտադիր ուժ են տալիս օրենքներին, սակայն ներողամտություն են հայցում հետին թվով: Կողմ են սեփականությանն ու բարեգործությանը: Հայտարարում են, որ հարկավոր է մահն ընդունել հանուն բարձրագույն արժեքների, քանի որ ի սկզբանե ելնում են նրանից, որ ոչ ոք մեկ ժամ իսկ չի ապրում հանուն դրանց …

 

 

Կապկամարդիկ — 8

 

Ամենը, որ կատարվում է, միայն կիսով չափ է լուրջ, իսկ մյուս կեսով՝ խաղ է… Մենք ոգեկոչում ենք վատթարագույնը և այն հայտնվում է ամենայն անտարբերությամբ՝ առանց սարսափի ու լարվածության նշույլի: Քանի որ հենց կողքին հեռախոս կա կամ չկա, կամ ձանձրույթից դրդված, կամ դիմադրության անիմաստությունից: Որովհետև ողջ սարսափը կայանում է նրանում, որ կյանքն ինքնին քեզանից կամ առանց քեզ է ընթանում, առանց մեղքի ու անմեղության, եթե մեկ անգամ արդեն սկսել ես այն:

 

 

 

 

Ընթերցել նաև