Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Ռեյ Բրեդբըրի․«Աշխարհի վերջին գիշերը»․ պատմվածք

 

 

-Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ սա վերջին գիշերն է աշխարհում։

-Ինչ կանեի՞։ Դու չե՞ս կատակում։

-Ոչ։ Լուրջ եմ հարցնում։

-Չգիտեմ։ Երբեք այդ մասին չեմ մտածել։

Ամուսինը մի քիչ սուրճ լցրեց։ Հետևում՝ հյուրասենյակի գորգի վրա, լամպի վառ կանաչավուն լույսի ներքո նրանց երկու աղջիկները խորանարդիկներով ինչ-որ բան էին պատրաստում: Նոր եփած սուրճի հաճելի և թարմ բույրը պատել էր հյուրասենյակի երեկոյան օդը։

-Դե, լավ կլինի մտածես այդ մասին,- ասաց ամուսինը։

-Իսկապես ուզում ես իմանա՞լ,- հարցրեց կինը։

Նա գլխով դրական շարժում արեց։

-Պատերա՞զմ է։

Ամուսինը թափահարեց գլուխը։

-Գուցե ատոմային կամ ջրածնային ռո՞ւմբ։

-Ոչ։

-Կամ համաճարա՞կ։

-Դրանցից և ոչ մեկը,- ասաց ամուսինը՝ գդալով դանդաղ խառնելով սուրճը,- պարզապես կարելի է ասել՝ գրքի ավարտն է։

-Մի տեսակ չեմ հասկանում։

-Ճիշտն ասած՝ իրականում ինքս էլ չեմ հասկանում, պարզապես այդպիսի զգացում ունեմ։ Երբեմն դա ինձ վախեցնում է, երբեմն էլ բոլորովին չեմ վախենում և հոգիս խաղաղվում է:

Նա մի հայացք գցեց դուստրերի կողմը։ Նրանց ոսկեգույն վարսերը շողում էին լամպի լույսի ներքո։

 -Ես քեզ սկզբում ոչինչ չասացի։ Դա չորս օր առաջ գիշերն է պատահել։

-Ի՞նչը։

-Ես մի երազ եմ տեսել։ Երազումս ամեն բան ավարտին էր մոտենում, և մի ձայն հաստատեց դա։ Մի բոլորովին անծանոթ ձայն, որն ասում էր, որ Երկիր մոլորակի վերջը եկել է։ Հաջորդ օրը ես գրեթե մոռացել էի այդ երազիս մասին, բայց հետո կեսօրին գրասենյակում Ստեն Ուիլիսին գտա պատուհանից դուրս նայելիս։ Ես հարցրի նրան․ «Ինչի՞ մասին ես երազում, Ստե՛ն», և նա պատասխանեց․«Այս գիշեր երազ եմ տեսել» ու չէր հասցրել նույնիսկ պատմել, ես արդեն հասկացա՝ ինչի մասին է խոսքը։ Կարող էի ինքս պատմել, բայց նա առաջ ընկավ, և ես լսեցի նրան։

-Նույն երա՞զն էր։

-Լրիվ նույնը։ Ես ասացի Ստենին, որ լրիվ նույն երազն եմ տեսել։ Նա չզարմացավ, ավելին՝ ասես թեթևություն զգաց։ Հետո մենք պարզապես հաճույքի համար սկսեցինք քայլել ամբողջ գրասենյակով մեկ։ Դա ինքն իրեն ստացվեց։ Մենք չասացինք․ «Արի՛ քայլենք», պարզապես սկսեցինք քայլել և ամենուր տեսանք մարդկանց, որոնցից ոմանք նայում էին իրենց սեղանին, ոմանք՝ իրենց ձեռքերին, ոմանք էլ՝ պատուհանից դուրս։ Ես և Ստենը խոսեցինք նրանցից մի քանիսի հետ։

-Եվ բոլորը նույն երա՞զն էին տեսել։

-Բոլորն առանց բացառության։ Ճիշտ նույն երազը։

-Եվ դու հավատո՞ւմ ես դրան։

-Այո։ Երբեք այսքան համոզված չեմ եղել։

-Եվ ե՞րբ է դա լինելու․նկատի ունեմ՝ աշխարհի վերջը։

-Մեզ համար՝ այս գիշերվա մի ինչ-որ ժամի, հետո, քանի որ Երկիրը պտտվում է, աշխարհի մյուս մասերում, երբ այնտեղ նույնպես գիշեր լինի։ Քսանչորս ժամում ամեն բան կավարտվի։

Նրանք որոշ ժամանակ անշարժ նստեցին, նույնիսկ սուրճի բաժակներին չդիպան, հետո դանդաղ սկսեցին խմել՝ իրարից հայացքները չկտրելով։

-Մի՞թե մենք արժանի էինք սրան,- ասաց կինը։

-Բանն այն չէ՝ արժանի ենք, թե ոչ։ Պարզապես կան բաներ, որ փոխել չենք կարող։ Տեսնում եմ՝ դու նույնիսկ չես ուզում առարկել։ Ի՞նչն է խնդիրը։

-Գուցե դրա համար պատճառ ունեմ,- պատասխանեց կինը։

-Այն նույնը, ինչ որ գրասենյակում բոլո՞րն ունեին։

Ի նշան համաձայնության՝ կինը կամաց գլխով արեց։

-Ես չէի ցանկանա խոսել այդ մասին։ Դա նախորդ գիշեր է պատահել։ Եվ այսօր մեր թաղամասի կանայք այդ մասին էին խոսում։ Նրանք այդ նույն երազն են տեսել։ Կարծում էի՝ դա պարզապես զուգադիպություն է։

Նա սեղանից վերցրեց երեկոյան թերթը։

-Թերթում ոչինչ չեն գրում այդ մասին։ 

-Կարիք չկա գրելու, առանց այդ էլ բոլորը գիտեն։

Նա, կնոջն ուշադիր նայելով, հենվեց աթոռին․

-Վախենո՞ւմ ես։

-Ոչ։ Ինձ միշտ թվացել է, որ կվախենամ, բայց պարզվում է՝ չեմ վախենում։

-Իսկ ո՞ւր է այն ինքնապաշտպանական ոգին, որի մասին այդքան խոսում են։

-Չգիտեմ։ Երբ հասկանում ես, որ ամեն բան տրամաբանական է, այդքան շատ չես ընկճվում։ Իսկ այս դեպքում ամեն ինչ տրամաբանական է։ Մեր ապրած կյանքի արդյունքում ուրիշ ոչինչ չէր կարելի սպասել։

-Մի՞թե մենք այդքան վատ ենք ապրել։

-Ոչ, բայց ոչ էլ շատ լավ։ Կարծում եմ՝ հենց դա է ամբողջ խնդիրը։ Մեր մեջ որևէ անսովոր բան չի եղել․մենք մնացել ենք այնպիսին, ինչպիսին կանք, մինչդեռ աշխարհի մեծ մասը զբաղված է եղել սարսափելի արարքներ գործելով։

Հյուրասենյակից լսվեց աղջիկների ծիծաղի ձայնը։

-Ես միշտ մտածել եմ, որ երբ աշխարհի վերջը գա, մարդիկ ճիչեր արձակելով կվազվզեն փողոցներում։

-Ինձ թվում է՝ ոչ։ Ի՞նչ իմաստ կա ճչալու, երբ ոչինչ չես կարող փոխել։

-Գիտես, ես միայն քեզ և մեր աղջիկներին կկարոտեմ։ Ես երբեք չեմ սիրել քաղաքի կյանքը, իմ աշխատանքը․երեքիցդ բացի, ուրիշ ոչինչ չեմ սիրել։ Եվ ոչնչի համար այդքան չեմ ափսոսա, թերևս բացի եղանակի փոփոխությունից կամ շոգ օրերին մի բաժակ սառը ջուր խմելուց և գուցե կարոտեմ քնելը։ Ինչպե՞ս կարող ենք հենց այնպես նստել ու խոսել այս ամենի մասին։

-Որովհետև ուրիշ ոչինչ չենք կարող անել։

-Ճիշտ է։ Եթե հնարավոր լիներ, մենք ինչ-որ բան կանեինք։ Կարծում եմ՝ սա աշխարհի պատմության մեջ առաջին անգամն է, որ բոլորը գիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ այս գիշեր։

-Հետաքրքիր է՝ ինչ են անում մյուսները հիմա, կամ ինչ կանեն երեկոյան՝ մոտակա ժամերի ընթացքում։

-Կգնան կինո, ռադիո կլսեն, հեռուստացույց կդիտեն, թղթախաղ կխաղան, երեխաներին կպառկեցնեն քնելու, հետո իրենք էլ կպառկեն․ինչպես միշտ։

-Ասես հպարտանալու բան է… ինչպես միշտ…

Մի պահ նրանք լուռ նստեցին, հետո ամուսինը իրեն մի քիչ էլ սուրճ լցրեց։

-Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ հենց այս գիշեր։

-Որովհետև…

-Ինչո՞ւ ոչ մեկ այլ գիշեր, անցած դարում կամ էլ հինգ, տասը դար առաջ։

-Գուցե նրա համար, որ պատմության մեջ նախկինում երբեք չի եղել 1969 թվականի հոկտեմբերի 19, իսկ հիմա այդ օրը եկել է, ահա և վերջ։ Որովհետև այս օրն ավելի քան կարևոր է, քան որևէ այլ օր։ Որովհետև սա հենց այն տարեթիվն է, երբ ամեն բան հենց այնպես է, ինչպես պետք է լինի։ Ահա, թե ինչու է սա վերջը։

-Այս գիշեր օվկիանոսի երկու ափերին ռմբակոծիչները պատրաստ կլինեն թռիչքի, և նրանք այլևս վայրէջք չեն կատարի։

-Պատճառներից մեկն էլ դա է։

-Դե ինչ,- կանգնելով ասաց ամուսինը,- ինչո՞վ զբաղվենք։ Ափսեները լվանա՞նք։

Ամուսինները լվացին ափսեները և նախկինից ավելի կոկիկ դասավորեցին դրանք։ Ութն անց կես նրանք պառկեցրին երեխաներին քնելու, համբուրեցին և բարի գիշեր մաղթեցին նրանց։ Հետո վառեցին անկողինների մոտ դրված փոքրիկ լուսամփոփները, իսկ ննջասենյակի դուռը մի փոքր բաց թողեցին։

-Չգիտեմ,- ասաց ամուսինը՝ ննջասենյակից դուրս գալիս: Նա մի պահ հետ նայեց ու կանգնեց այնտեղ՝ ծխամորճը ձեռքին։

-Ի՞նչ ես մտածում։

-Ամուր փակե՞լ դուռը, թե՞ մի փոքր բաց թողնել, որ լուսավոր լինի։

-Իսկ եթե երեխաները գիտեն։

-Չէ, իհարկե չգիտեն։

Նրանք նստեցին, թերթ կարդացին, զրուցեցին, ռադիոյով մի քիչ երգ լսեցին, հետո միասին նստեցին բուխարու կողքին՝  նայելով վառվող տաք ածուխներին։ Արդեն ժամը տասն անց կես էր, հետո ժամացույցի սլաքներն ազդարարեցին ժամը տասնմեկը, հետո տասնմեկն անց կես։ Նրանք մտածում էին աշխարհի մյուս բոլոր մարդկանց մասին և այն մասին, թե ինչպես նրանցից յուրաքանչյուրն իրեն հատուկ ձևով կանցկացնի երեկոն։

-Դե ինչ,- վերջապես ասաց ամուսինը և երկար համբուրեց կնոջը։

-Ամեն դեպքում, մենք մեզ միասին լավ էինք զգում։

-Ուզում ես լա՞ց լինել,- հարցրեց ամուսինը։

-Երևի թե չէ։

Նրանք պտտվեցին ամբողջ տնով, հանգցրին բոլոր լույսերը, ննջասենյակում հանեցին իրենց հագուստները գիշերվա կատարյալ մթության մեջ և հետ գցեցին անկողնու ծածկոցը։

-Սավանները մաքուր և կոկիկ են։

-Հոգնել եմ,- ասաց կինը։

-Բոլորս ենք հոգնել:

Նրանք պառկեցին։

-Մի րոպե,- ասաց կինը, վեր կացավ անկողնուց, գնաց խոհանոց և մեկ րոպե չանցած՝ վերադարձավ։

-Ծորակը բաց էի թողել։

Նրա ասածն այնքան զվարճալի էր, որ ամուսինը սկսեց ծիծաղել։ Կինը նույնպես ծիծաղեց, որովհետև այն, ինչ արեց, իսկապես զվարճալի էր։ Վերջապես նրանք դադարեցին ծիծաղել, պառկեցին կողք կողքի իրենց սառը անկողնում՝ ձեռք ձեռքի և գլուխ գլխի տված։

-Բարի գիշեր,- քիչ անց ասաց ամուսինը։

-Բարի գիշեր։

 

 

Թարգմանությունը՝  Սիրանուշ Նալբանդյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև