Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա Պոեզիա

Ռայներ Մարիա Ռիլկե. բանաստեղծություններ

Հայեցողը

Եվ ծառերին ահա`փոթորիկներ զորեղ,
որոնք ժամանակի մոխրաջրից պոկված`
դռներիս են բախվում, և ինձ վախով թեքված`
իրերն ասքն են պատմում հեռուների բեկված,
որը ես չեմ կարող հաղթահարել` լքված
ընկերոջից, ոչ էլ առանց քրոջ` սիրել:
Ահա սլանում է տարափն հարափոփոխ
անտառների միջով, ժամանակի միջով,
և ամեն ինչ` ասես անսկիզբ ու խոցող,
լանդշաֆտները ահա, ինչպես սաղմոսի տող,
ծանր ու խիստ` ծնված հավերժության կանչով:
Ինչ աննշան է այն, ինչին ձգտում ենք մենք,
և ինչ հզոր է այն, ինչ կանգնում է մեր դեմ.
եթե թողնեինք մենք, որ փոթորիկն այս մեծ
և մեզ սանձեր, ինչպես այն իրերը սանձեց,-
մենք կլինեինք հեռու և անանուն արդեն:
Ինչ հաղթում ենք այստեղ, փոքր է և աննշան,
և մեր հաղթանակը մեզ ճզմում է ահեղ:
Հավերժականն ահա – խորհրդավոր նշան,
մեր ձեռքերում, ինչպես անճկելի աղեղ:
Այդպես և Հին Ուխտի հրեշտակը մի օր
իջավ ըմբիշի դեմ, և պայքարում այդ մեծ
մետաղի պես նրա մկանները ձգեց,
որոնք, ասես լարեր, պրկվեցին քիչ-քիչ
և զնգացին նրա մատների տակ հզոր`
տարածելով փառքի մեղեդիներ դյութիչ:
Ում այդ հրեշտակը հաղթեց մենամարտում`
այդ մեծ պարտությունից նա կհառնի հպարտ,
նրա ձեռքի ներքո` հավերժորեն արթուն:
Եվ չեն հրապուրի հաղթանակներն անգույն.-
նա կհառնի ճկված, ձևավորված սակայն:
Եվ լուռ կիրահործի նրա աճը անքուն
նրա պարտությունն` այդ Ուժից անեզրական:

*

Էլեգիա
Մարինա Ցվետաևա-Էֆրոնի համար

Օ՜, կորուստները տիեզերքի մեջ, Մարինա, աստղերը վայր ընկնող:
Մենք այն չենք ավելացնի, ո՛ւր էլ նետվենք, ո՛ր աստղի
մոտ: Ամբողջի մեջ արդեն ամեն ինչ հաշվված է վաղուց:
Այդպես էլ ընկնողը չի նվազեցնում քանակը սրբազան:
Ամեն հրաժարյալ անկում նետում է ծագման մեջ և ամոքում:
Ուրեմն` խա՞ղ է ամեն ինչ, նույնափոխո՞ւմ, տեղաշարժո՞ւմ,
անո՞ւն ոչ մի տեղ և հազիվ թե մի տեղ սեփականի շահո՞ւմ:
Ալիքները, Մարինա, մենք` ծո՜վ: Անհունները, Մարինա, մենք` երկի՜նք:
Հողը, Մարինա, մենք հո՜ղ, մենք` հազարապատիկ գարո՜ւն, ասես թե արտույտներ,
որոնց բռնկվող մի երգ անտեսի մեջ է նետում:
Մենք այն սկսում ենք, հանց ցնծություն, և – արդեն գերազանցում է մեզ լիովին.-
մեր կշիռը հանկարծ երգը ցած է շրջում ողբին:
Բայց – ո՞ղբ: Այն պատանի ցնծությունը չէ՞ դեպի ցած:
Նաև ցածի աստվածներն են ուզում փառաբանված լինել, Մարինա:
Այնպես անմեղ են աստվածները, նրանք աշակերտների պես սպասում են գովքի:
Գովե՜նք, ի՜մ սիրելի, շռայլե՜նք մեզ գովքով:
Ոչինչ չի պատկանում մեզ: Մենք մեր ձեռքն ենք մի քիչ դնում
չքաղված ծաղկի պարանոցին: Ես դա տեսել եմ Նեղոսի ափին, Կոմ-Օմբոյում:
Այդպես, Մարինա, արքաներն են, իրենց մերժելով, ընծաները բերում:
Ինչպես հրեշտակներն են գնում և դռները նշում փրկության արժանների,
այդպես էլ մենք ենք քսվում նրան, ինչը մեզ քնքուշ է թվում:
Ախ, արդեն որքան ինքնամփոփներ, ախ, ինչ ցրվածներ, Մարինա,
անգամ ամենաներքին մի առիթով: Նշան տվողներ, ուրիշ ոչինչ:
Այդ անելիքը խաղաղ, երբ մերային մեկն այն
այլևս չի տանում և որոշում է միջամուխ լինել,
վրեժ է լուծում և սպանում: Քանզի որ մահացու էզորությունը նրա`
մենք բոլորս դա նկատեցինք նրա զսպությունից և քնքշությունից
և այն ուժից արտասովոր, որը մեզ ապրողներից
Վերապրող է սարքում: Չ-Գոյություն: Դու գիտես` ինչքան հաճախ
մի կույր հրաման մեզ տարավ սառցե նախասրահով
նոր ծնունդների… Տարավ` մե՞զ: Աչքերից մի մարմին`
անթիվ կոպերի տակ դիմադրելով: Տարավ մեր մեջ
ցած նետված սիրտը մի ողջ ցեղի: Դեպի չվող թռչունների նպատակը
տարավ նա խումբը, պատկերը մեր ճախրող այլակերպման:
Սիրահարները, Մարինա, պետք չէր, պետք չէ, որ այսքան շատ իմանան
մայրամուտի մասին: Նրանք պիտի ասես թե նոր լինեն:
Միայն նրանց գերեզմանն է հին, միայն նրանց գերեզմանն է մտաբերում, մթագնելով
հեծեծացող ծառի տակ, նախկինը մտաբերում:
Միայն նրաց գերեզմանն է փլվում. նրանք իրենք ճկուն են, ինչպես շիվեր:-
Ինչը նրանց չափից ավելի է ճկում` նրանց պսակի համար է մինչև վերջ կլորացնում:
Ինչպե՜ս են նրանք ծփում մայիսյան քամու մեջ: Միշտի կենտրոնից,
որում դու շնչում ես և զգում, ակնթարթը հանում է նրանց:
(Օ, ինչպես եմ ես քեզ զգում, կանացի ծաղիկ նույն
անանց թփին: Ինչպես եմ ես ինձ թափով շաղ տալիս գիշերային քամու մեջ,
որը քեզ է հպվում հաջորդ պահին): Շատ վաղ սովորեցին աստվածները
կեսերին շողոքորթել: Մենք պտույտների մեջ մտած`
լցվեցինք ի ամբողջ, ինչպես սկավառակը լուսնի:
Թե՛ նվազման պահին, թե՛ բոլորման շաբաթներոմ
ոչ ոք երբևէ մեզ չի օգնի կրկին լրման հասնել, եթե ոչ մեր
սեփական ընթացքը միայնակ` անքուն այս եզերքի վրա:

1926, հունիսի 9, Մուզոտ

*

Օ, կյանքի ծառեր, օ, ե՞րբէ ձմեռ գալու:
Միասնական չենք մենք: Խոհեմ չենք, ինչպես
թռչունները չվող: Հաղթահարված և ուշ՝
մենք պարտադրում ենք հանկարծ մեզքամիներին
և փշրվում անկարեկից լճակի վրա:
Ծաղկում ենք և չորանում միաժամանակ:
Եվ ինչ-որ տեղ դեռ առյուծներն են քայլում,
Տիրական, անտեղյակ բոլորանզորություններին.
Բայց մեզ, երբ մենք խորհում ենք ի միբերվել,
Մի ուրիշ բան ծախսում է արդեն: Թշնամությունն է
Մերձավորը մեր: Սիրահարները նույնիսկ
դեմ են առնում սահմանին, մեկը մյուսիմեջ,
հեռուների, որսի և հայրենիքիխոստումներով:
Ահա հակասության հիմքն է բարձրանում
ակնթարթի գծանկարի համար, տանջալի.
մենք տեսնում ենք այն. քանզի ամեն ինչհասկանալի է
մեզ հետ: Մեզ ծանոթ չեն ուրվագծերը
զգացմունքի, այլ՝ միայն այն, ինչձևավորում է այն դրսից:
Ո՞վ չի նստել իր սրտի վարագույրի առջև, տագնապելով:
Ահա բացվել է այն. և հրաժեշտն էբեմանկարը:
Հեշտ է հասկանալ: Ծանոթ պարտեզը,
և ճոճվում էր խաղաղ. հետո պարողըհայտնվեց:
Ոչ Այն: Բավական է: Եվ նա էլ էթեթևությամբ
Զգեստափոխվում և վերածվում միքաղաքենու
և իր խոհանոցով մտնում բնակարանը իր:
Ես չեմ ուզում դիմակներն այսկիսադատարկ,
տիկնիկն եմ գերադասում: Լիքն է այն: Եսկտոկամ
նրա խրտվիլակին և խաղաթելերին, ևհայացքին նրա
արտաքինի: Այստեղ: Նրա դիմաց եմ ես:
Թեկուզ լապտերները հանգչեն, թեկուզ ևինձ
ասեն՝ ավարտվել է խաղը արդեն,-թեկուզբեմից
դատարկությունն սկսի փչել գորշ քամուհետ,
թեկուզ իմ լուռ նախնիներից ոչ մեկն այլևս
չնստի այստեղ ինձ հետ, ոչ կինը, նույնիսկ
տղան՝ շեղ աչքերով իր դարչնագույն –
միևնույն է՝ կմնամ ես: նայելու բան միշտկա:
Ճշմարիտ չե՞մ ես: Դու, որ հանուն ինձայդպես դառնորեն
կյանքը ճաշակեցիր, համտեսելով, հայր,
առաջին պղտոր թորվածքը իմպարտավորության,
երբ ես մեծացա, միշտ նորից համտեսելով
համը իմ օտար ապագայի՝
փորձեցիր դու իմ հայացքը կոփված,-
հայր իմ, դու, որ քո մահվանից ի վերհաճախ
իմ հույսի մեջ, իմ ներսում, սարսափում ես,
և անվրդովությունը, որը ունեցվածքն էմեռյալների,
հարստությունը քո անվրդովության, լքումես՝ իմ փոքրիկ
ճակատագրի համար, ճշմարիտ չե՞մ ես: Եվ դուք, ճշմարիիտ չե՞մ ես,
դուք, որ սիրեցիք ինձ՝ ի սեր ձեզ տածածսիրուս
փոքրիկ սկզբի համար, որը միշտ կորցնումէի ես,
քանզի տարածությունը ձեր աչքերի մեջինձ,
երբ սիրում էին այն, մղեց դեպիտարածությունները տիեզերքի,
որում դուք այլևս չկաք… — երբ պատրաստեմ ես
մնալ տիկնիկների բեմի առջև, ոչ,
այնպես լրիվ տրվել դիտումին, որ իմդիտումը վերջում
հավասարակշռելու համար, որպեսդերասան,
հրեշտակը պետք է մտնի խաղի մեջ ևհեռու քշի խրթվիլակներին:
Հրեշտակ և տիկնիկ. և այդժամ կսկսվիներկայացումը վերջապես:
Այդժամ կմիանա այն, ինչ մենք մշտապես
պառակտել ենք, որի մեջ ենք հիմա: Այդժամ
կծագի մեր տարիներից շրջապտույտը
ողջ փոփոխումների: Հրեշտակը կխաղա
մեր վերևում: Նայիր, մեռյալները,
նրանք չպետք է կռահեն, թե ինչ լիքն էպատրվակներով
այն ամենը, ինչ մենք անում ենք այստեղ: Ոչինչ
ինքը չէ: Օ, մանկության ժամեր,
երբ ֆիգուրների ետևում ավելին էր, քան
Անցյալը միայն, և մեր առջևում ապագանչկար:
Մենք մեծացանք, իրոք, և երբեմն՝ ի սերնրանց,
որոնք այլևս չունեին ոչինչ, բացիտարիքից:
Եվ սակայն միայնակ մեր ընթացքի մեջ
Բավարարվեցինք Տևականությամբ ևմնացինք
աշխարհի և խաղալիքի միջև ընկածՄիջտարածության մեջ.
մի վայր, որը ի սկզբանե
հիմնված էր մի մաքուր կատարումիհամար:
Ո՞վ է ցուցանում երեխային, այնպես, ինչպես նա կա: Ո՞վ է դնում
Նրան համաստեղությունների մեջ ևտալիս չափը հեռավորության
նրան՝ ձեռքի մեջ: Ո՞վ է արարում մահըերեխայի
դառն ու կարծր հացից,- ո՞վ է թողնում այն
նրա բերանի մեջ, ինչպես կորիզը
գեղեցիկ մի խնձորի… Մարդասպաններին
դժվար չէ հասկանալ: Բայց սա՝ մահը,
ամբողջ մահը, դեռ կյանքից Առաջայսպես
քնքշորեն կրել քո մեջ և չչարանալ բնավ –
հնարավոր չէ նկարագրել:

*

Ես քեզ գտնում եմ իրերում բոլոր,
որոնց եղբայրն եմ ես այս աշխարհում,-
դու չնչիններում սերմն ես խորախոր
և մեծերում` մեծ նվիրաբերում:
Ուժերի հրաշք խաղն է մեզ բացվում`
տրված իրերին ի ծառայություն.
արմատի մեջ` աճ, բնում` չքացում
և սաղարթի մեջ` ասես հարություն:

Թարգմանությունը` Հակոբ Մովսեսի

 

*

Առաջին Դուինեզյան էլեգիա

Ո՞վ, եթե ճչամ, ո՞վ ինձ կլսի լույս հրեշտակների
կարգերից անթիվ։ Եվ թե լսի էլ
ու սրտին սեղմի – անիմանալի մղումից դրդված – գիտեմ՝ կհանգչեմ
նրա գերհզոր ներկայությունից։ Զի գեղեցիկը ոչինչ այլ բան չէ,
քան նախասկիզբը սարսափելիի, որին մի կերպով դեռ դիմանում ենք
եւ հիացած ենք, որ շլացուցիչ իր անփութությամբ զլացավ ջնջել-
-ոչնչացնել մեզ։ Սարսափելի է ամեն մի հրեշտակ։

Այդպես ընկրկում եւ կուլ եմ տալիս
մութ հեծկլտոցիս գայթակղությունը։ Ա՜խ, ո՞ւմ կարիքն ենք
ի զորու ունենալ։ Ո՛չ հրեշտակների, եւ ո՛չ էլ մարդկանց։
Ուշիմ գազաններն էլ նկատում են արդեն
ինչ անհաստատ ենք բյուր նշաններից- մեկնություններից
կառուցված մեր տանը։ Մեզ մնում է գուցե
զառիթափի ծառը, որ հանդիպում ենք
մեր ամենօրյա ճամփան անցնելիս, գուցե մնում է փողոցն անցյալի,
կամ էլ ինքնակամ հավատարմությունը մի սովորության,
որ հաստատվելով, այդպես մնացել ու չի հեռանում։
Օ՜ եւ գիշերը, գիշերն այն, երբ հողմը, տիեզերքով լեցուն,
լափում է դեմքդ, ո՞ւմ չի մնում բաղձալին,
իր բերած մեղմիկ հուսախաբությամբ՝ միայնակ սրտի
հոգեմաշ բեռն այդ անխուսափելի։ Բայց, մի՞թե այլ են գիշերները սիրո։
Ա՜խ, սիրեցյալներն էլ լոկ թաքցնում են միմյանց գրկում իրենց պարտությունը։
Դեռ չգիտե՞ս այդ մասին։ Շպրտիր, ուրեմն, ձեռքիդ պարապը
տարածքներն ի բաց, որոնցում շնչում ենք։ Գուցե իսկապե՞ս
թռչունը զգում է նոսրացած օդն իր ներքին թռիչքում։

Այո, գարուններն ունեին քո կարիքը։ Նաեւ որոշ աստղերի թվում էր,
թե զգում ես իրենց։ Կամ մի ալիք էր բարձրանում անցյալում, կամ
բաց պատուհանի կողքով անցնելիս
քեզ տրվում էր ջութակը։ Հանձնարարություն կար ամեն մի բանում։
Ի զորու եղա՞ր հանձն առնելու։ Թե՞ ցրված էիր՝ տեսնելով ամենուր
լոկ ավետիսը քո գալիք սիրո։ (Եվ որտե՞ղ պետք է թաքցնես սիրածիդ,
եթե մեծ եւ օտար գաղափարները այցելում են քեզ՝
գալիս են-գնում, գիշերներն էլ հաճախ մոտդ են մնում)։
Եթե կարոտում ես, երգիր սիրողներին։ Դեռեւս նույնքա՛ն
անմահացած չեն նրանց հույզերը, որքան՝ հռչակված։
Նրա՛նց, ում գրեթե նախանձում էիր՝ լքվածներին, որ
ավելի խոր եւ ուժգին են սիրում, քան հագեցածները։ Մշտապես, նորից
ու նորից սկսիր քո՝ նպատակին չհասնող գովքը.
միտք արա՝ այդպես է տեւում հերոսը՝ նրա կործանումն իսկ
միայն առիթ է եւս մեկ անգամ լինելու համար՝ մի վերջին ծնունդ։
Բայց սիրողներին սպառված բնությունն իր
գիրկն է առնում վերստին, կարծես ի զորու չէ
մի անգամ եւս նույնը կրկնել։ Մտքումդ եղե՞լ է արդյոք երբեւէ
Գասպարա Ստամպան, որի օրինակը վեհություն է տալիս
սիրածից լքված աղջկա ապրումին – ես էլ այդպես լինեի։
Եվ չպե՞տք է, արդյոք, տառապանքը մեր հին
պտղաբեր դառնա վերջապես։ Ժամը չէ, արդյո՞ք, որ մենք՝ սիրելով,
ազատագրվենք սիրեցյալներից եւ դրան դողալով դիմանանք,
ինչպես որ նետն է լարին դիմանում, որպեսզի պրկված՝ թռիչքի պահին,
ավելին լինի, քան կար երբեւէ։ Զի դադար չկա ոչ մի տեղ։

Ձայներ, ձայներ։ Սիրտ իմ, լսի՛ր, ինչպես մինչեւ այժմ
միայն սրբերն են լսել ծնկաչոք, երբ հզոր կանչը
նրանց ամբարձում, քաշում էր դեպ վեր, բայց իրենք ծնկած
այդպես մնացին՝ անհնարի հանդեպ անտարբեր։
Այդպես էին նրանք ունկնդիր։ Չե՛մ ասում Աստծո
ձայնին դիմանաս։ Բայց շունչը լսիր,
անընդհատ լուրը, որ լռության մեջ է կշռույթ ձեռք բերում։
Ականջ դիր՝ շուրջդ ահա շրշում են ջահել մեռյալները։
Ուր էլ մտնեիր՝ Հռոմի մի տաճար կամ Նեապոլի,
ոչինչ չե՞ն ասել քեզ նրանց բախտի մեղմ հնչյունները։
Կամ գրությունն այն՝ Սանտա Մարիա Ֆորմոզայի մեջ,
տապանի վրա, որ պատգամ էր հղում քեզ վսեմ։
Ի՞նչ են սպասում ինձանից։ Պետք է կամաց հեռացնեմ
թեթեւ շղարշը անարդարության, որը երբեմն
փոքր -ինչ խեղում է մաքուր շարժումը այդ ոգիների։

Անսովոր է, իհարկե, էլ երկրի վրա չբնակվելը,
հազիվ յուրացրած ծեսերն այլեւս չկատարելը,
վարդերում կամ այլ՝ խոստումներ ակնարկող իրերում
ապագան մեկնող այլեւայլ իմաստներ չփնտրելը,
այն չլինելը այլեւս, ինչ մարդ եղել է
անսահման վախվոր ափերում ուրիշի, եւ նույնիսկ
սեփական անունը դեն շպրտելը որպես
կոտրած խաղալիք։ Անսովոր է՝
ցանկություն չցանկալը։ Եվ անսովոր է՝ ամենը, որ միշտ
փոխկապակցված էր, այդպես տարրալույծ
տարածության մեջ սավառնող տեսնելը։ Մեռյալ լինելը
ջանք է մի ծանր, հետամուտ մի ճիգ՝ մինչ հետզհետե
սկսում ես մի քիչ ընկալել հավերժը։ Բայց ապրողները
միշտ նույն սխալն են գործում՝ չափազանց կտրուկ տարբերակելով։
Այնինչ հրեշտակները (այդպես են ասում) հաճախ չգիտեն
ապրողների մեջ են, թե մեռյալների։ Հավերժական հոսքը
իր մեջ է առնում բոլոր սերունդները զույգ տիրույթներում
եւ խլացնում է նրանց երկուսում էլ։

Ի վերջո, մեր կարիքն այլեւս չունեն այդ վաղ խլվածները՝
մարդ երկրայինից հետ է սովորում նույնքան մեղմորեն,
որքան մանուկն է կտրվում կրծքից։ Բայց մենք, որ ձգտում ենք
մեծ գաղտնիքների, բարեբեր սուգի, որից ծնվում է
ընթացքը օրհնյալ՝ ի զորո՞ւ ենք մենք գոյել առանց նրանց։

Չէ՞որ իզուր չէ Լինոսի ասքը պատմում այն մասին, որ երաժշտության
հնչյունն առաջին ծնվել է ողբից, խոցել-անցել է քարացած կարծրը
եւ սարսափահար տարածության մեջ, որ լքել էր ընդմիշտ
կիսաստված պատանին, պարապին տվել է
այնպիսի շարժում, որ մեզ մինչ այժմ մխիթարում է, հմայում, օգնում։

 

Սեպտեմբեր 1997, Rilkeweg, Duino

 

Թարգմանությունը` Աշոտ Ոսկանյանի

 

 

Ընթերցել նաև