Արձակ Հայ արդի արձակ Հայ արդի գրողներ Պատմվածք

Ռազմիկ Գրիգորյան․ «Ի վերջո Սերը»․ պատմվածք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա ամեն օր վաղ էր արթնանում և Աստծո հետ դուրս էր գալիս փողոց, որ փակեր «հավատացյալների ճամփան», որպեսզի նրանք շրջվեին դեպի լույսը: Մարդիկ միշտ իրեն էին տրորում, որովհետև Աստծուն չէին տեսնում և առաջ էին շարժվում հազարավոր վերքեր թողնելով ճանապարհին, որոնցից ամեն մեկը վաղվա մի ճակատագիր էր և հատուցում:

Որբանոցում նա սովորել էր միայնակ ոտքի կանգնել և սեփական վերքերը հողի մեջ բժշկել: Վեր էր կենում, խնամքով մաքրում էր ցեխոտ անձրևանոցի վրայի հարվածները, նստում էր ճանապարհի եզրին և բացում էր մանկության զարդատուփը, որը լիքն էր աղվամազե երազանքներով: Երազում էր բժիշկ դառնալ, հետո՝ զինվորական, հետո՝ իրավաբան, հետո՝ սպորտսմեն… Գուցե երազանքները նրա համար են, որ մարդը հիշելու բան ունենա, և չեն կատարվում, որ ավելի ամուր կապվես այդ հիշողությանը, ավելի հաճախ վերադառնաս դեպի այդ հիշողությունը՝ տարբեր ժամանակների խաչմերուկներում քեզ հանդիպելու և հասկանալու, թե որքան արժեքավոր ու կարճ է յուրաքանչյուր վայրկյանը կյանքի, որ ապրելու պահին չես էլ նկատում գուցե, որ գնահատես: Մտքերի հետ գնաց, հասավ և թակեց պատանեկության ոսկե դուռը, երբ առաջին անգամ կանգառում հանդիպեց Անուշին, մոտեցավ ու ասաց. «Արի ամուսնանանք»: Անուշին թվաց, թե խելագար է, ետ-ետ գնաց՝ տարօրինակ նայելով իրեն, ապա նստեց երթուղայինը և հեռացավ:

Հետո հասկացել էր, որ պետք է տուն կառուցի, որ կին ունենա: Վերադարձել էր գյուղ, ծնկները հողի մեջ՝ օրնիբուն աշխատել էր, տուն էր կառուցել, որ կին ունենա: Շատ երկար էր փնտրել Անուշին, օրեր շարունակ կանգնել էր կանգառում, մի օր էլ տեսել էր նրան, սակայն Անուշը չէր ցանկացել խոսել, հեռացել էր ոչինչ չասելով, փոխարենը կարողացել էր պարզել, որ աղջիկը բուժքույր է և աշխատում է հիվանդանոցում, որը կանգառից քիչ հեռու է գտնվում:

Ամեն օր գնալ-գալ չէր կարող, առանց Անուշի ապրել՝ նույնպես: Երկու ամսով բնակարան վարձեց Երևանում: Ամեն երեկո գնում էր և սպասում հիվանդանոցի մոտ, երբ Անուշը դուրս էր գալիս, հետը քայլում էր մինչև կանգառ: Սկզբից Անուշը անդրդվելի էր, ոչինչ չէր խոսում, նույնիսկ սպառնում էր, որ կդիմի ոստիկանություն իրեն անհանգստացնելու համար: Սակայն չհասկացված լինելը բնորոշ է կանանց, երբեմն իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում և ինչու, հաճախ մերժում են, խնդրում չանհանգստացնել, սակայն ներքուստ միշտ սպասում են, որ գնաս, խոսես, լսեն՝ մեկ անգամ, երկու, տասը, հարյուր, և կրկին մերժեն: Սիրում են կրկնել՝ «Հեքիաթներ մի պատմիր», և ներքուստ սպասում նորանոր հեքիաթների, որոնց հետ կվարվեն այնպես, ինչպես երեխան նոր գնված խաղալիքի, որ կոտրում է և ողջ օրը լալիս կոտրված խաղալիքին նայելով: Մի օր էլ բռնեց Անուշի ձեռքն ու ասաց.

– Բացի ինձանից ես ոչինչ չունեմ քեզ առաջարկելու:

Գյուղում մնացել են ինքն ու Անուշը միայն, որ միասին ապրում են արդեն 45 տարի: Բոլորը իրենց որդու պես լքել են գյուղը նոր ու բարեկեցիկ կյանք գտնելու երազանքով: Երբ իրենք նոր էին ամուսնացել, գյուղի դպրոցում սովորում էր ութ հարյուր աշակերտ, հետո մնացին հինգ հարյուրը, հետո՝ երեք հարյուր, հետո՝ հիսուն, հիմա միայն սաստիկ քամին ու բուքն են մտնում դպրոց կոտրված ապակիներից: Այն ժամանակ, երբ ծառերը դեռ երիտասարդ էին, ամռանը անհնար էր քայլել գյուղում՝ առանց տրորելու թափված մրգերը՝ ծիրանը, դեղձը, թուզը: Ինքը հավաքում էր մրգերը և օղի էր քաշում, բայց անհնար էր բոլորը հավաքել, ինչպես նաև անհնար է մենակ ապրել ողջ գյուղի փոխարեն:

Ծեր է, էլ չի կարողանում: Հազարավոր ծառեր փողոցում մեռան ծարավից, աչքը տեսնում է, սիրտը՝ ցավում, տարիքը հնարավորություն չի տալիս սակայն: Կնոջ հետ կարողանում են մշակել իրենց այգու ծառերը միայն․ եթե երկար է մնում արևի տակ, երեկոյան իրեն վատ է զգում, ամբողջ գիշեր չի կարողանում քնել: Միակ բանը, որ նույն կորովով շարունակում է, գարնանը ոչխարը սարը տանելն է և ամեն օր դաշտից կնոջը թարմ ծաղիկներ բերելը:

Չէր կարողանում քնել: Զարկերակային ճնշումը շատ բարձր էր, ցավը խեղդում էր, սովորականի նման չէր: Մտածեց՝ կմահանա, ուզեց խնդրել կնոջը, որ իրեն դուրս տանի՝ այգին տեսնելու, հետո փոշմանեց: Կինը նստել էր կողքին և պինդ բռնել էր ձեռքը:

– Պատկերացնո՞ւմ ես, գյուղի ճակատագիրը կախված է երկու մարդուց, –դժվարությամբ էր արտաբերում բառերը:

– Ի՞նչ նկատի ունես:

– Եթե ես ու դու մահանանք, գյուղը մեզ հետ կմեռնի:

– Քիչ հետո երկրորդ դեղդ կխմես, կանցնի:

– Առաջ պետք է տղամարդը մեռնի, հետո նոր կինը, թե չէ առանց կնոջ տղամարդը որբ է մնում:

Անուշը ոչինչ չասաց: Շոյեց ամուսնու ճակատը, դեղ տվեց: Քիչ անց հանգստացավ, քնեց: Անուշը գնաց խոհանոց, երկար արտասվեց, հետո լվացվեց, որ դեմքին արցունքի հետք չմնար, եկավ, կանգնեց ամուսնու գլխավերևում, նկատեց, որ ամուսինը անհանգիստ է շնչում: Հանեց հագուստը և պառկեց:

Սառցակալած իրիկունը կախվել էր հին թիթեղներից, ցրտից լալիս էին այգու ծառերը, որոնք ձյան սպիտակ վերմակի տակ կուչ էին եկել և ամռան մասին էին քչփչում: Բուքը վազում էր, փաթաթվում ծառերին, հետո ելնում հարվածում էր հին  թիթեղներին, թվում էր՝ ուր որ է կտուրը կպոկի և ցած կնետի, ապա իջնում փարվում էր պատուհանին՝ ներս մտնել էր ուզում:

Վառարանին դրված թեյնիկը օրորոցային է երգում: Ինքը նստել է սեղանի մոտ՝ դիմացը իր քաշած օղին ու գինին: Կնոջ ծննդյան օրն է, նա դառնում է վաթսունհինգ տարեկան: Կեսօրին գնացել, գնումներ է կատարել կողքի գյուղի խանութից: Իր ձեռքով մի քանի տաք ուտեստներ է պատրաստել, որոնք Անուշը հերթով սեղանին է դնում: Խանութպանի հարսին նախապես գումար է տվել և խնդրել, որ Անուշի համար օնլայն նվեր պատվիրի, որը գեղեցիկ փաթեթավորմամբ դրված է սենյակի դարակում՝ կնոջից գաղտնի:

Ամեն անգամ, երբ կինը սեղան էր դնում, ինքը ուշադիր նայում էր կնոջ մատներին, ու երբեք չհոգնեց դրանից: Անուշի ձեռքերից կաթի հոտ էր առնում և հաճախ նրա ձեռքը բռնում ու երկար լռում էր: Այդպես էլ անցան տարիները, և Անուշի ձեռքերը թառամեցին իր ափի մեջ․ գնալով նրա ձեռքերին ավելի խորն էին երևում կնճիռները, և ավելի ուժգին էր բուրում կաթի հոտը:  Հաճախ էր պատահում, երբ գիշերը իրեն վատ էր զգում և չէր կարողանում քնել, Անուշը նստում էր կողքին, դեղ էր տալիս, ցավը մեղմվում էր, ինքը հանգստանում, քնում էր, սակայն երբ առավոտյան արթնանում էր, նկատում էր, որ կինը ողջ գիշեր չի քնել, նստած է իր կողքին կամ ննջում է՝ գլուխը հենած պատին: Ամեն անգամ, երբ իրեն թվում էր, թե մեռնում է, հոտ էր քաշում Անուշի մատներից․ գուցե կնոջ մատների և կաթի հոտի միջով ճամփորդում էր մինչև իր կյանքի ոսկե զարդատուփը և թերթում մանկությունը, ուր ամեն ինչ այլ էր՝ կաթի համ ուներ:

– Շնորհավորում եմ:

– Ու վե՞րջ:

– Ինչի՞:

– Որովհետև ուզում եմ քեզ ասել հերոսական ընկեր ու հասկանում եմ, որ դա էլ է քիչ: Չգիտեմ՝ ինչ ասեմ:

Ժպտացին: Բաժակները խփեցին, խմեցին: Անուշը մոտեցավ դաշնամուրին, նվագեց: Ինքը երգեց.

Ով սիրուն, սիրուն,

Ինչո՞ւ մոտեցար,

Սրտիս գաղտնիքը

Ինչո՞ւ իմացար:

Անուշը շատ էր սիրում այդ երգը: Առաջին անգամ ինքը երգեց այդ երգը Անուշենց տանը, երբ նոր էին նշանվել: Այդ օրը նման չէր մնացած օրերին, հիշեցին երկար-երկար: Քիչ էր մնում արտասվեր, լացը կոկորդում զսպեց ու փոխեց խոսքը: Վեր կացավ, գնաց սենյակից բերեց գեղեցիկ փաթեթավորված տուփը և տվեց Անուշին: Տուփի մեջ գեղեցիկ, սև ցիլինդր էր՝ վրան կարմիր ժապավեն և վարդ:

– Երբեք չէի սպասի այսպիսի նվերի:

– Հավանեցի՞ր:

– Հա, բայց ինչի՞ համար է սա անցել մտքովդ:

– Երբ առաջին անգամ կանգառում տեսա քեզ, այսպիսի գլխակով էիր:

– Ի՞նձ էիր հավանել, թե՞ գլխարկս:

– Քեզ՝ գլխարկով, – ծիծաղեցին:

Մառախուղը իջել, ծխում է ձորում: Արևը ընկել է կանաչի մեջ և փայլում է մարգագետնի կրծքազարդի պես: Արտերից սնձի հոտը դանդաղ բարձրանում է սարը, լանջերին արածող ոչխարները խառնվել են կակաչներին և հեռվից նայողին մետաքսաթելից գործված գորգ են թվում: Ասես Աստված ողջ գիշեր ստեղծագործել է դաշտերում, և գարունը նրա ամենամեծ ստեղծագործությունն է, որ տվել է մարդկանց:

Ջուր խմեց, շիշը դրեց ուսապարկի մեջ, վեր կացավ՝ սովորականի պես կնոջ համար ծաղիկ քաղելու: Կռանում, խնամքով պոկում էր ծաղիկը, այնպես էր անում, որ հանկարծ այն արմատով դուրս չգա, որ եկող տարի սարը չզրկվի իր գեղեցիկ կարմիր հագուստից: Ձեռքի փունջը մեծանում էր, դողը՝ ուժգնանում: Հերթական անգամ թեքվեց դեպի ծաղիկը, սուր ցավ զգաց կրծքի տակ ու մնաց ծաղիկների մեջ…

Հոգեհանգստին ներկա էին բարեկամները, ովքեր իրենց տարին մեկ անգամ էին այցելում՝ ամռանը, գալիս էին անվճար միրգ տանելու: Տղամարդիկ խոսում էին, հիշում լավ օրերը, կանանցից ոմանք արտասվում էին, նրանցից մեկն անգամ ուշաթափվեց:

Անուշը լուռ նստած է, դեմքը՝ ցամաք, գլուխը՝ բարձր, թե ուր է հասել մտքերով, դժվար է ասել: Նա գեղեցիկ հարդարել է մազերը, քսել է շրթներկ, դրել ամուսնու նվիրած գլխարկը:

– Հեչ պետքը չի:

– Սա սիրած էլ կունենա:

– Ոնց որ պարահանդես եկած լինի:

– Միշտ էլ չեմ հավանել սրան:

Կանայք միմյանց ականջի քչփչում են, և հաճախ նրանցից ոմանք թաշկինակով մաքրում էին դեմքը՝ իրենց վիշտը ի ցույց դնելու համար:

Անուշը լուռ է, նրա ցամաք աչքերի ետևում ցավում է մի ողջ կյանք: Հազարավոր արցունքներ լցվեցին նրանից ներս: Նա ներսից ամբողջովին թաց է: Հիշեց այն օրը, երբ ամուսինը իր համար առաջին անգամ դաշտից ծաղիկներ բերեց և երգեց…

Հանկարծ Անուշը սկսեց բարձրաձայն երգել.

Ով սիրուն, սիրուն,

Ինչո՞ւ մոտեցար,

Սրտիս գաղտնիքը

Ինչո՞ւ իմացար:

Ներկաները զարմացան: Կանայք ծիծաղեցին և ձեռքով դեմքերը փակեցին, տղամարդիկ իրար նայեցին: Բոլորին թվաց, թե Անուշը խելագարվեց, և ոչ ոք չկարողացավ լսել երգը…

 

 

 

Ընթերցել նաև