Արտասահմանյան գրողներ Արտասահմանյան պոեզիա Թարգմանություն Պոեզիա

Ռադյարդ Քիփլինգ․ «Սպիտակ մարդու բեռը»․ պոեզիա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սպիտակ մարդու բեռը

 

 

Առե՛ք բեռը սպիտակ մարդու –
Հեռուն ճամփեք Որդիներիդ –
Աքսորական արեք անտուն՝
Ծառա կարգեք ձեր ճորտերի,
Թող դիմադրեն զենքը ձեռքին 
Ձեր այդ դժնի ու չարագույժ
Խաժամուժին քստմնելի՝
Դիվաբարո ու խուժադուժ:

Առե՛ք բեռը սպիտակ մարդու – 
Համբերությամբ դիմակայեք,
Զսպեք ձեր մեջ ահն ահարկու,
Հպարտությունը ձեր սանձեք:
Խոսքերով պարզ ու մշտանկեղծ,
Հազար անգամ ասված թեկուզ,
Ուրիշների հոգն հոգացեք ՝ 
Նրանց ի շահ և ձեզ ի հույս:

Առե՛ք բեռը սպիտակ մարդու – 
Խաղաղության կռիվ տվեք –
Գոցեք սովի բերանն ամուր,
ժանտ վարակի առաջն առեք: 
Եվ երբ մոտ եք նպատակին՝
Ուրիշներին ի վայելում, 
Ա՛րդ ցեղերը հեղգ ու հտպիտ
Ի դերև են ձեր հույսն անում:

Առե՛ք բեռը սպիտակ մարդու – 
Ծանր բեռը իշխանական,
Որ ավելի ծանր է կշռում,
Քան ճորտերի տաժանքն անգամ:
Դուք չե՛ք տեսնի նավ ու հանգիստ, 
Ոտք չե՛ք կոխի փողոց ու բակ,
Կենաց-մահու գնով նույնիսկ 
Օգնել նրանց չզլանա՛ք…

Առե՛ք բեռը սպիտակ մարդու – 
Նրա հունձքը իսպառ մսխեք.
Եվ նրանց, որ սնել եք դուք,
Կշտամբանքները կուլ տվեք – 
Նրա՛նց, ում դուք լու՛յս եք բերել. 
Թող քրթմնջան – «ինչու՞ եք դուք 
մեզ ազատել եգիպտական ՝ 
գերությունից խավարումութ»:

Առե՛ք բեռը սպիտակ մարդու – 
Փույթ չէ, թող այն ծանր լինի –
Մի՛ք երազի ազատություն, 
Ձեր տքնանքը վախճան չունի, 
Արած-չարած գործերը ձեր,
ցեղերն այդ մունջ ու ոխերիմ,
ո՛չ կգովեն, ո՛չ կհիշեն, 
ո՛չ ձեզ, ո՛չ ձեր աստվածներին:

Առե՛ք բեռը սպիտակ մարդու – 
Էլ վե՛րջ, անցան օրերն անհոգ –
Ո՛չ դափնեվարդ կա հեշտաբույր,
Ո՛չ վաստակի դրվատ ու գովք: 
Արդ ձեր սխրանքն անբասրելի
Սեպվի պիտի մեծահանճար 
Ձեր ընդոծին ժառանգների 
Դատավճռով խիստ և արդար:

 

 

*

 

Օտարականը

 

 

Օտարականն իմ կալվածքում,  

Թեկուզ լինի ազնիվ, շիտակ,

Բայց իմ խոսածը չի խոսում-

Չեմ զգում միտքը նրա:

Դեմքը միայն՝ աչք ու բերանն եմ ես տեսնում, 

Բայց ոչ հոգին՝ հետնապահ:

 

Իմ երամի տղամարդիկ,

Կարող են վատ վարվել կամ լավ,

Բայց ի՛մ ուզած սուտն են խոսում,       

Իմ ստին էլ սովոր են շատ,

Մենք թարգմանի չունենք կարիք,

Երբ առնում ենք ու տալիս:

 

Օտարականն իմ կալվածքում,   

Թեկուզ լինի չար կամ բարի,

Բայց չգիտեմ, ինչ ուժեր են նրան իշխում-      

Ի՞նչն է նրա սիրտը հուզում,     

Ե՞րբ են նրա Աստվածները՝ հեռու երկրի,

Տիրանալու նրա արյանը վերստին:

 

Իմ երամի տղամարդիկ,

Կարող են շատ վատը լինել,

Բայց գոնե նույն բան են լսում, ինչ և ես,

Տեսնում են՝ ինչ ե՛ս եմ տեսնում,

Նրանց և կամ նմանների մասին ինչ էլ մտածեմ,

Նույնն էլ նրանք են իմ մասին մտածում:

 

Հորս հավա՛տն է սա եղել,

Հիմա էլ այն իմն է դարձել. 

Թող ցորենը մի խուրձ լինի համայնական-

Խաղողն համակ՝ մի որթատունկ,

Մինչ մեր մանկանց ատամները կպնդանան

Դառը հացից ու գինուց:

 

 

*

 

 

Սասիքս[1] 

 

 

Հողն այս ԱՍՏՎԱԾ սիրո համար է ստեղծել,

Բայց քանի որ սրտերը մեր փոքր են շատ,  

Ամեն մի վայր ապացուցի պիտի դեռ,

Որ ինքն է հենց ամենից շատը սիրված:

Մինչ տարված էր Նա ծնունդով Արարման,

Մենք էլ՝ վառքով աստվածակերպ, երգեցիկ, 

Սիրու՛ց պիտի կերտեինք մեզ հատկացված

Երկիրը մեր, որ բարի է, գեղեցիկ:

 

Ահա Բալթյան սոճիները, ծովածոց, 

Սարրի գետի հովիտները սևակնած,   

Արմավենու պուրակները թախծածոր՝       

Լևուկայի[2] առևտրի տան դիմաց: 

Ամեն մեկին՝ իր ընտրությամբ, ես այնքան

Երջանիկ եմ որ այսքան բան ինձ տրվեց

Առաքինի հողի վրա այս արդար,

Օ՜ իմ Սասիքս ծովամերձ:

 

Ոչ մի քնքուշ ծաղկեպսակ ու ծաղիկ,

Ոչ մի ուրիշ փարթամ սաղարթ չի պճնում

Տեղանքը այս՝ կորամեջք ու անառիկ,

Բացի փշից կոպտատաշ ու աննկուն —          

Մերկ լանջերին ստվերներն են թափառիկ,

Խոր վիհերի ճեղքերից վեր է հառնում

Մառախուղը քուլա-քուլա՝ անտառի

Վաղնջական բարությունը կապտաթույր:

 

Մաքրաջրված սիզամարգն է տարածվել

Կիսավայրի, բայց լիուլի խնամված,

Խոտն իմաստուն կավճաժայռին է կռթնել    

Հռոմեական զորքերի պես հաղթապանծ:

Հետքերն, ահա՛, ռազմիկների, որ ընկան,        

Խողխողեցին իրար սրով լայնաշուրթ,

Հողաթումբն ու խփած ճամբարը վկա,

Լույսն Արևի ու գեղարոտը զմրուխտ:

 

Հարավ-քամին ողջ ծովափն է շուրջառել

Աղակալած թևերի մեջ ծանրածուփ,

Եվ ծալքավոր լեռն է իր մեջ դեռ պահել

Կապարե գիծը Ջրանցքի լայնահուն,

Ծովամրրիկ ու մեգ ձուլվել են ի մի,     

Իրար խեթող, զգուշացնող հայացքով, 

Նավաշչակ ու զանգուլակ խաշների

Զրնգում են մգլած ափի երկայնքով:

 

Մենք ջուր չունենք, որ ըմբոշխնենք շլացած

Հովիտները մեր ընդարձակ, անաղբյուր-

Լոկ ջրափոսն է բարձունքում աննվաճ      

Հավերժապես ցողաջրով առլեցուն-

Ոտք չկոխած ​​խոտածածկը ​​չի թաղկում  

Մինչև ձմեռ այն թարմ է դեռ՝ կանաչ գորգ,

Ծոթորն է լոկ անուշահոտն իր սփռում

Դրախտային արշալույսի բուրմունքով:

 

Այստեղ պարզկա և անստվեր օրերին

Զրնգացող լռությունն է թևածում,

Կամ վանքերում՝ մթնում կորած ու գողտրիկ

Բլուրների արարչին են գովերգում:

Այստեղ են դեռ հին կուռքերը բարբարոս,

Վիլֆրիդն[3] ահա, որ գաղտնաբար՝ իր սրտում,   

Արքայությունն հայտնաբերեց հեթանոս,

Հողն այս լքեց՝ իր երազին անձնատուր:

 

Չնայած ողջն ինձ էր մնում լիուլի,

Ես հավասար աչքով տեսնել կուզեի

երեսուն և ինը նրա քույրերին,

Բայց ոչ մեկը քեզ հավասարը չի լինի:   

Ով ինչ կուզի՝ Թեմզ, թե Թուիդ[4], ընտրի թող,

Ընտրությունն իմ, մեկ է՝ եղել է ու կա.

Բլրակնե՜րը Րեյքն ու Րայը շուրջառող,

Սև թավիշն ու Կավճաշերտը առափնյա[5]:

 

Ես դուրս կելնեմ արևի դեմ-հանդիման,

Ուր կորվածքն է լեռնապարտի գալարվում,

Գետնատարած՝ Վիլմինգթընի մարդն հսկա[6]

Իր մերկությամբ՝ կալվածքներն է լուռ տնտղում:

Արևելքում Ռոտերն[7] հետդարձ է անում 

Ի խույզ ծովի հորձանուտի մակընթաց, 

Ծովից լքված՝ ամբարտակի մոտ չորուկ

Նավահանգիստն է բազմամարդ, սնապարծ:

 

Կուղևորվեմ հյուսիս՝ կաղնուտը դեպի,

Խոր անձավներն, ուր աճում են հինավուրց

Կաղնիները հսկայամեծ, պաշտելի,

Բայց ո՛չ որքան արոսենին մղամուրճ,

Կամ էլ հարավ, ուր Փիդդինգհոն[8] է քամոտ՝ 

Ճողփյունով իր դելֆինների ոսկեհուռ,

Եվ կարմրավուն տնակին մերձ, գետի մոտ,

Խոտերի մեջ արջառներն են մրափում:

 

Մենք մեր սրտերն ենք մատուցում մայր հողին,  

Գրոհումից կախարդական թալկանում,     

Սեր, սովորույթ, հիշողությունն է նորից՝

Մեզ և մեր այս հովիտները ապրեցնում-

Խոսք ու մտքից մեր ավելին է գուցե,

Դատողական զորությունից էլ անգամ,  

Կավահողը հանքի, որ մեզ է հունցել,

Կարոտում է իր բեկորին հարազատ: 

 

Հողն այս ԱՍՏՎԱԾ սիրո համար է ստեղծել,

Բայց քանի որ սրտերը մեր փոքր են շատ,  

Ամեն մի վայր ապացուցի պիտի դեռ,

Որ ինքն է հենց ամենից շատը սիրված:

Մինչ տարված էր Նա ծնունդով Արարման,

Մենք էլ՝ վառքով աստվածակերպ, երգեցիկ, 

Սիրու՛ց պիտի կերտեինք մեզ հատկացված

Երկիրը մեր, որ բարի է, գեղեցիկ:

 

 

*

 

Ծանոթագրություն

 

 

[1] Sussex, հին անգլերեն Sūþsēaxe (Հարավային Սաքսոններ), պատմական մարզ Հարավ-արևելյան Անգլիայում:

[2] Քաղաք Ֆիջիի կղզախմբի Օվալաու կղզում:

[3] Վիլֆրիդ (633-709), անգլիացի հոգևորական, անգլիկան եկեղեցու սուրբ:

[4] Thames, Tweed, գետեր հարավային Անգլիայում:

[5] Rake and Rye, Black Down and Beachy Head, Սասիքսի վայրերից:

[6] Վիլմինգթընի հսկա մարդը, Ուինդովեր լեռան ուղղաբերձ լանջին երևակվող մարդկային կերպարանք, Հարավային Սասիքս:

[7] Ռոտեր, Անգլիայի Արևելյան Սասիքսի կոմսության մի շրջանը:

[8] Piddinghoe, գյուղ Արևելյան Սասիքսում, տեղակայված Ուզ գետի հովտում:

 

 

Թարգմանությունը՝  Աշոտ Ալեքսանյանի

 

 

 

 

 

 

 

 

Ընթերցել նաև