Արձակ Արտասահմանյան արձակ Արտասահմանյան գրողներ Թարգմանություն Պատմվածք

Ջովաննի Վերգա․ «Նաննի Վոլպե»․ պատմվածք

Նաննի Վոլպեն իր ծաղկուն տարիներին մտածել էր միայն վաստակելու մասին: Խորամանկ գեղջուկի գլուխ ուներ, թիկնեղ ուսեր` երեսուն տարի շարունակ տանելու համար քլունգը, խուրջինները, արևն ու անձրևը: Այն դեպքում, երբ իր հասակի ուրիշ երիտասարդներ վազում էին կանանց փեշերի ետևից կամ պանդոկ, նա ունեցվածք էր դիզում, կամ ինչպես ասում էր. «ծղոտ էր կրում իր բույն. այսօր ցանկապատված մի հողակտոր, վաղը` չորս կղմինդր»:

Արյան գնով ձեռք բերած ողջ հացը, որ զոռով դնում էր բերանը, վեր էր ածվում հող ու քարի: Այն պահին, երբ բույնը պատրաստ էր վերջապես, Նաննի Վոլպեն արդեն հիսուն տարեկան էր. մեջքը` կեռված, դեմքն էլ` ասես հերկած դաշտ, բայց փոխարենն ուներ գեղեցիկ կալվածքներ հարթավայրում, խաղողի այգի բլրի վրա, տուն ձեղնահարկով և Աստծո ամեն բարիք:  

Կիրակի օրերը, երբ իջնում էր հրապարակ, կապույտ մահուդե հագուստով, բոլորը ետ էին քաշվում` ճամփա տալով, նույնիսկ կանայք, այրիները կամ պառաված աղջիկները, իմանալով, որ այժմ, երբ արդեն տունը կառուցել էր, նրա համար տիրուհի էր փնտրում:  

Նա չէր ժխտում, հակառակը` մտածում էր այդ մասին: Սակայն հապաղում էր որպես մի տղամարդ, որը սովոր էր ոտքը մեկնել իր վերմակով: Այրի չէր ուզում, որովհետև ամեն րոպե դեմքին կնետեր առաջին ամուսնու որակները; դեղնակտուց աղջնակ` ևս, որպեսզի իսկույն չհայտնվեր դավաճանված ամուսինների շարքում, ասում էր նա: Աչքը դրել էր կնքամայր Սենցիա լա Նանայի դստեր վրա. հանդարտ մի աղջիկ, հարևանությամբ ապրող, մշտապես կպած մանածագործի հաստոցին, և որը պատուհանից չէր երևում նույնիսկ կիրակի օրերը; ավելին` մինչև 28 տարեկանը նույնիսկ մի շուն չուներ, որ ետևից հաչեր: Ինչ վերաբերում էր օժիտին` համբերությու´ն. դա նշանակում է, որ աշխատում էր երկուսի փոխարեն:                                                             

Նանան գոհ էր. աղջիկը ոչ այո էր ասում, ոչ էլ` ոչ, բայց կարծես թե նա էլ էր ուրախ: Միայն թե որոշ չար լեզուներ նրա ետևից ասում էին. «Վախեցի´ր մարմանդ ջրից», կամ թե «Սա այն աղվեսն է, որ գայլ կուտի կուտի»:            Զատիկին վերջապես կայացավ նշանադրությունը: Ցանքերը բարձր, ձիթենիներն էլ` բերքով լեցուն: Նաննի Վոլպեն արդեն վճարել էր ջրաղացի վարձը: Ամեն բան իր տեղում էր: Հագավ կապույտ հագուստը և գնաց խոսելու կնքամայր Սենցիայի հետ: Աղջիկը խոհանոցի դռան ետևում ականջ էր դնում: Հետո, երբ մայրը նրան կանչեց, հայտնվեց ամբողջովին կարմրատակած, թարմ հարդարված, բրդե հաստ գուլպան ձեռքին և գլուխը խոնարհած կրծքին։                   

— Ռաֆաե´լա, այստեղ է ագարակատեր Նաննին, որն ուզում է քեզ կնության առնել, — ասաց մայրը: Աղջիկը մնաց գլխահակ, կուրծքը փքված, շարունակելով գուլպայի ծայրերը ձգել։ Ագարակատեր Նաննին ավելացրեց. «Հիմա մնում է, որ դուք էլ ձերն ասեք»: Մայրն օգնության հասավ իր դստրիկին. «Ես ինքս ուրախ եմ»: Ռաֆաելան բարձրացրեց գառնուկի հեզ աչքերն ու պատասխանեց. «Եթե դուք գոհ եք, մայրիկ…»:                             

 Հարսանիքն արեցին առանց մեծ աղմուկի, որովհետև Նաննին անխելք չէր և գիտեր, որ հարստանում են ծանր զրկանքների գնով: Սակայն չմոռացվեցին ամենամոտ հարազատներն ու հարևանները. Կար մենաստանի քաղցրեղեն ու սպիտակ գինի: Հրավիրվածների մեջ նաև նրանք էին, որոնք կարող էին դառնալ Նաննի Վոլպեի ժառանգները` փոքրիկ սատանաներ: Վերջիններս ագահաբար խժռում էին բարիքները և աչքերով նույնիսկ հարսին կուտեին. իսկ հարսը, ոտքի վրա, իր բրդյա և մետաքսյա հագուստով, ոսկեղենը պարանոցին, ուշադրությունը գամել էր այժմ արդեն իրենը համարվող ունեցվածքին, աչքը` հյուրասիրությանը, տոնական ժպիտով և քաղցր խոսքով բոլորի հանդեպ` բարեկամ, թե թշնամի: Նաննին, շատ գոհ, շփում էր ձեռքերն ու ինքն իրեն ասում. «Եթե սրա նման կինն էլ հաջող դուրս չեկավ, ուրեմն ոչ սրբեր կան, ոչ էլ դրախտ»:

  Կարմինեն, հեռավոր մի զարմիկ, որը նրան քեռի էր ասում` ի սեր նրա ունեցվածքի, հիմա ստիպված էր արդեն սիրալիր լինել նաև հարսի հետ, որը գողանում էր իր փայ ժառանգությունը: Ասում էր քեռակնոջը, ամեն մի բուռ կոնֆետի հետ, որը չանչում էր,- «Թե կիմանայի ի՜նչ գեղեցիկ քեռակին է ինձ բաժին ընկել…, կուզեի քեռուս բոլոր տարիներն ու հիվանդություններն իմը լինեին այս գիշեր»:  Երբ բոլորը հեռացան, Նաննին դուռը փակեց և ուղեկցեց կնոջը  դեպի սենյակները, ցորենի ամբարը, նույնիսկ ձիանոցը և ցույց տվեց Աստծո բոլոր բարիքները: Այնուհետև լամպը դրեց պահարանիկի վրա, մահճակալի կողքին և ասաց նրան. «Հիմա դու´ ես տիրուհին»: Ռաֆաելան լավ գիտեր, թե ուր դնի ձեռքերը, այնքան էր այդ մասին խոսել մայրը. փակեց ոսկիները դարակում, իսկ բրդյա ու մետաքսյա զգեստը` պահարանում: Այդպես` ներքնազգեստով, ինչպես կար, ագուցանեց բանալիները և դրանք խցկեց բարձի տակ: Ամուսինը հավանության նշան արեց գլխով ու հաստատեց. «Կեցցե´ս: Այդպես ինձ դուր ես գալիս»:

  Ամեն ինչ գնում էր իր հունով: Նաննի Վոլպեն հսկում էր ագարակները, կոշտ էր ու կոպիտ, ինչպես գետինը; երբ վերադառնում էր շաբաթ երեկոյան, կինը նրան էր հրամցնում թարմ լվացված, պատրաստ շապիկը` դրված մահճակալին, ապուրը` խոհանոցի տախտակին և խմորվող հացը հաջորդ շաբաթվա համար: Կինը պահում էր հաշիվներն այն բարիքների, որ ամուսինն էր տուն ուղարկում. ցորենի հակերի, ցենտներներով պտուղների, ամեն ինչը նշած հաշվեպիտակների վրա և տրցակով կախված խաչաձև փայտի ոտքից:  Լավ տանտիկին էր և աստվածավախ. ամուսնու հետ կիրակի և տոն օրերին` պատարագի, ամիսն էլ երկու անգամ` խոստովանության, իսկ ժամանակի մնացած մասը` ամբողջովին նվիրված տանը; մինչև մի օր էլ սկսեց բողոքել ամուսնուն, թե Կարմինեն` աղքատ ազգականը, գալիս և շուրջն էր պտտվում:                                   

— Ոչինչ մի´ տվեք նրան, այդ դատարկապորտին, հակառակ դեպքում էլ նրանից չեք պրծնի, որ թողնեք, ձեր ազգականները ձեզ ողջ — ողջ կուտեն։ Իսկ կնքահայր Նաննին շփում էր ձեռքերն ու ասում. «Կեցցե´ս: Այդպես ինձ դուր ես գալիս»: Կարմինեն ի վերջո հասկացավ, թե որտեղից էր փչում քամին և կառչեց քեռակնոջ փեշից, որպեսզի ցրտաշունչ ձմռանը, որը քար կճաքեցներ, նրա ձեռքից մի քիչ բակլա կամ մի քանի չոր ճյուղ պոկեր: «Այդ ի՞նչ քար ունեք ձեր սրտում, որ թողնում եք արյունակիցը սովից մեռնի: Աստծո ամեն բարիքն ունեք տանը: Եթե դուք ցանկանաք, քեռի Նաննին չի մերժի»:                                           

 — Ես ի՞նչ կարող եմ անել: Գիտես, որ նա է տերը:                                    

— Գոնե որդիներ ունենայիք: Բայց ի՞նչ եք ուզում անել այս ամբողջ ունեցվածքի հետ, երբ մեռնելու լինեք մարդ ու կին:   

— Եթե երեխաներ չունենք, ուրեմն դա է Աստծո կամքը:           

Պատանին քորում էր գլուխն ու նայում քեռակնոջը կատվի իր աչքերով: Մի օր էլ, նրա սիրտը շահելու համար եկավ ու խորամանկորեն ասաց. «Այնքան գեղեցիկ ու երիտասարդ եք, որ իսկապես մեղք է, որ Աստծո կամքն այդպիսին լինի»:                                 

— Իսկ դա քեզ ինչու՞ է հետաքրքրում:                                                              

Կարմինեն մտածեց մի պահ, ապա պատասխանեց` շփելով ձեռքերը. «Կուզեի լինել քեռի Նաննիի շապիկի մեջ և ձեզ ցույց տալ, թե ինչու է դա ինձ հետաքրքրում»:

 — Լռի´ր, անիծված, թե չէ կասեմ քեռուդ, թե ինչեր ես ասում ինձ, գիտե´ս:                              

— Ուրեմն ինձ կտա՞ք այդ շշով գինին:                                                            

— Այո´, միայն թե ոտքիս տակից գնաս: Սակայն ոչինչ չասես կնքահորդ:

Կարմինեն վերջապես գտել էր կոճակը, որը հարկավոր էր սեղմել, երբ ինչ-որ բանի կարիք ունենար: Նա կրկին ասաց քեռակնոջը. «Գեղեցիկ եք, ինչպես արևը, թմբլիկ եք, ինչպես լորը: Աստված լավ բան չի արել, տալով թխվածքաբլիթը նրան, ով այլևս ատամ չունի»: Քեռակին Ռաֆաելան զայրույթից կարմրում էր, անպատվում էր, ասես փողոցային մի տղայի, որպեսզի առջևից չքվեր, ափի մեջ էր դնում չնչին մի բան: Մի անգամ նույնիսկ ուժգին ապտակեց: «Խփե´ք, խփե´ք,- ասաց Կարմինեն, — որովհետև ձեր ձեռքերից ամեն բան ինձ համար քաղցր է»: «Այլևս այստեղ չգա´ս: Մի´ ստիպիր ինձ մեղք գործել քո պատճառով: Այլապես ամեն անգամ ստիպված եմ լինում ասել այդ մասին խոստովանահորը»,- ասում էր Ռաֆաելան:

— Ի՞նչ վատ բան կա: Ձեր ազգականն եմ, արյունակիցը:             

 — Ո´չ, ո´չ, չեմ ուզում: Ժողովուրդը կբամբասի միշտ տեսնելով քեզ այստեղ: Բացի դա, չեմ ուզում:                        

— Ես այստեղ եմ գալիս միայն ձեզ տեսնելու, այլևս ոչինչ չեմ խնդրում, ահա´, ինձ հմայել եք, ես ի՞նչ մեղք ունեմ:                    

Մի օր, բերքահավաքի ժամանակ, մինչ Կարմինեն օգնում էր դատարկել գարին ամբարում, Ռաֆաելան լուսավորում էր` ամբողջովին կարմրած և ներքնազգեստով, սրիկան հանկարծ ճանկեց մազերից, ասես իսկական գազան և էլ բաց չթողեց, որքան էլ կինը հարվածում էր իր փայտե ներբաններով և եղունգները մխրճում երեսի մեջ: «Այսօր իսկապես սուրբ օր է, — փնչում էր Կարմինեն` ծանր շնչելով,- այս անգամ բաց չեմ թողնի, ո´չ»:  Ռաֆաելան շատ այլայլված ու սպառնալից, կուրծքն անհանգիստ, որից վեր ու վար էր անում շապիկը, խարխափելով շոշափում էր, որ գտնի գետնին ընկած կանթեղը և կմկմում էր դեռևս տամուկ շուրթերով. «Քո պատճառով լամպի յուղը թափվեց. մի դժբախտություն կպատահի»:       

Նաննի Վոլպեն, մշակելով այդ խոպան հողերը, առաջին անձրևների հետ, ուժգին դողէրոցքից անկողին ընկավ: Հողը նրան վերջնականապես տապալեց, բժիշկն ու դեղագործն էլ` իրենց հերթին: Ռաֆաելան, խեղճը, այդ իրադրության մեջ հիրավի արժանի էր, որ արձանը կանգնեցնեին:                                           

Ողջ օրն ազգականի հետ գործերի մեջ խրված, միևնույն ժամանակ թուրմեր էր եփում և բուժիչ դեղամիջոցներ  պատրաստում հիվանդի համար: Իսկ անկողնում պառկած հիվանդը` բարձր ջերմությունից բթացած, մտածում էր միայն փողերի մասին, որոնք մսխվում էին, իր ունեցվածքի մասին, որը սրա-նրա ձեռքում էր հայտնվելու, մարդկանց մասին, որոնք ուտում-խմում էին իր հաշվին` մինչդեռ կալատեղում ոչինչ չէին անում: Այժմ, երբ պակասում էր տիրոջ աչքը, ֆերմայի հսկիչն  անշուշտ երկու օրը մեկ գողանում էր մի գլուխ պանիր: Մտածում էր խանութի դռան համար նոր կողպեք գնելու մասին, քանի որ հսկիչը լավ գիտեր հին կողպեքը բացելու ձևը: Գիշերը երազում տեսնում էր միայն գողեր ու գողություններ և վեր էր թռչում ցնցված` մահվան քրտինքը վրան: Մի անգամ նույնիսկ թվաց, թե կողքի սենյակում աղմուկ լսեց և ցատկեց մահճակալից գիշերաշապիկով ու հրացանը ձեռքին նետվեց դեպի  այդ սենյակը: Իսկապես որ երկու ոտք սեղանի  տակից դուրս էին սողոսկում, իսկ Ռաֆաելան`ներքնազգեստով, չարչարվում էր, որ վերջինիս վրա ինչ-որ բան շպրտի:

— Գողի՜ն, գողի՜ն, — սկսեց բղավել Նաննի Վոլպեն, բզելով սեղանի տակ հրացանի պոչով:      

— Ինձ մի´սպանեք, չէ՞ որ ձեր արյունակիցն եմ, — կակազելով ասաց Կարմինեն, ոտքի կանգնելով, քաթանի նման գունատ:

Այդ պահին Ռաֆաելան` խաչակնքելով մռթմռթում էր. «Ախր ասել էի, որ թափված ձեթը դժբախտություն կբերի»: Ապա դռնից դուրս հրելով տղային, ավելի շատ մեռած, քան ողջ, և դեռ կիսահագնված, Ռաֆաելան շրջվեց դեպի ամուսինը` իր պղտոր թուրմերով, բուժիչ գինիով, որպեսզի վախից ուշքի բերի նրան` տաքացնելով ոտքերը տաք ջրով լի հյուսկեն շշով և մեջքին նորից քաշելով ծածկոցը. անկեղծ ասած նա չգիտեր, թե ինչպես էր տուն խցկվել այդ անպետք տղան: Ճիշտ է, նախորդ երեկոյան ասել էր նրան, որ օգնի իրեն լվացքը դուրս հանելու, բայց կարծում էր, որ այդ ժամին պետք է, որ վաղուց գնացած լիներ:     Նաննին, փափկած` անկողնուց և տկարացած` հիվանդությունից, թույլ էր տալիս ասել և անել ինչ ուզում էին: Սակայն գեղջուկի սրամիտ գլուխը, քիթը` սավանի տակ, մտածում էր իր գործերի մասին, թե ինչպես ճահճից դուրս քաշի ոտքերը, առանց կոշիկներն այնտեղ թողնելու:                                             

— Լսիր, — ասաց կնոջը, հենց որ լուսացավ, — մտածեցի կտակ գրել: — Այդ ի՞նչ վատ մտքեր ունեք այսօր:                                

— Ո´չ, ո´չ, աղջիկս. ոտքս գերեզմանում է: Ես ինձ մաշել եմ, որ ունեցվածք դնեմ, հիմա ուզում եմ կարգի բերել հաշիվներս նախքան ֆերման թողնելը:                                                                 

— Գոնե կարելի՞ է իմանալ, թե ինչ մտադրություն ունեք:              

— Ինչ վերաբերում է դրան, հանգի´ստ եղիր: Գիտե՞ս ինչ է ասում առակը. «Մեկին ոչինչ, մյուսին` ամեն ինչ»:                                                  

— Աստված կտեսնի, թե ինչ բարի գործ եք անում ինձ համար, — ասաց Ռաֆաելան հուզված,

— Ինձ վերցրել եք տիփ-տկլոր` ինչպես որբուկ, ինքս էլ ձեզ միշտ հարգել եմ հոր նման:

— Այո´, այո´, ես դա գիտեմ, — հաստատեց ամուսինը, և բերետի ծոպիկը ևս ի նշան համաձայնության օրորվեց: Բայց ցանկացավ խոստովանել և հաղորդություն ստանալ, որպեսզի հաշտ լինի Աստծո և մարդկանց հետ, երբ Աստված իրեն կանչի: Ուղարկեց փնտրելու նույնիսկ իր ազգականին և նրան ասաց. «Հիմա´ր, ինչու՞ փախար: Վախենում ես ինձնի՞ց, որ քո արյունն եմ»:            

Կարմինեն, տխմարի նման, չգիտեր ինչ պատասխանել, ճոճվելով մեկ մի, մեկ մյուս ոտքի վրա, գլխարկը ձեռքին:                      

— Հագիր գլխարկդ, — եզրափակեց քեռի Նաննին, — այստեղ քո տանն ես և կարող ես գալ, երբ ուզես: Հակառակը, ավելի լավ կլինի, եթե գործերով զբաղվես:

Իսկ տղան եզան աչքերն էր չռում:                                                                      

— Այո´, այո´, գնա և խնդրիր նոտարից կտակը, որ կազմել եմ, երախտամո´ռ: Հոգին Աստծուն, իսկ հարստությունը`ում պատահի:                              

Այդ ժամանակ Ռաֆաելան վեր ցատկեց, ասես ֆուրիա:            

— Ձեր հոգին սատանային եք տալու: Գողի մեկն էլ դուք եք: Այո´, գո´ղ: Ինչու՞ ձեզ հետ ամուսնացա ուրեմն:             

— Սա ուրիշ գործարք է, — պատասխանեց Նաննին, հանվելով, որ վերադառնա անկողին, — ուրիշ գործ է, որը չի կարող շտկվել, ասենք, ինչպես կտակը:                                                    

— Հե՜յ, — գոչեց Կարմինեն` նետվելով քեռակնոջ վրա, որն ուզում էր առաջ խոյանալ եղունգները պարզած: — Հե՜յ, ձեռք մի´ տվեք քեռուս, թե չէ հավի նման ձեր վիզը կքաշեմ:

Ռաֆաելան կատաղած դուրս թռավ տանից, երդվելով, որ գնում է դատավորի մոտ դատ բացելու ամուսնու վրա, որպեսզի իր շահը պաշտպանի: Նա կուզենար մեռցնել ամուսնուն շան նման մենակ ու կատաղած:                                                                                                 

— Կարևոր չէ՛, — ասաց Կարմինեն, ազգականը, — եթե ուզենաք, ես կմնամ այստեղ և ձեզ կխնամեմ, որովհետև արյունակից եմ:    

— Կեցցե´ս, — պատասխանեց Նաննին, — նաև քո շահը կունենաս:

Սակայն Ռաֆաելան մոր տանն ընդունվեց ինչպես մի շուն, որը գալիս է ուտելու ուրիշների կերամանից: «Հիմա դու քո տունը չունե՞ս: Արդեն ամուսնացա՞ծ չես: Այստեղ ի՞նչ ես ուզում»:

Նա ուզում էր ընդամենը ապրուստավճար իր ամուսնուց: Բայց Նաննի Վոլպեն ավելի լավ գիտեր օրենսգիրքը, քան փաստաբանը: «Նրան վռնդե՞լ եմ տանից, — պատասխանեց դատավորին, — դուռը բաց է, եթե ուզում է վերադառնալ»: Կարմինեն զգուշացնում էր, որ մեծ սխալ կանի, եթե կրկին տուն ընդունի կնոջը: Եվ վստահեցնում էր, որ քեռու հանդեպ ունեցած ատելությունից ելնելով, օրերից մի օր նրան կթունավորի, որպեսզի ազատվի ամուսնուց:                                                                              

— Ոչ, ոչ, — պատասխանեց քեռին, բարեհոգի մարդու ժպիտով, — կտակը քո օգտին է, և եթե ինձ թունավորի, ոչինչ չի շահի: Ավելի´ն…»: Ապա քորեց գլուխը, մտածելով, թե ինչ պետք է ասեր, բայց ի վերջո զսպեց իրեն և կամացուկ ծիծաղեց:                      

Վերջապես Ռաֆաելան վերադարձավ տուն, հնազանդ գառնուկի նման: Նրան ուղեկցում էին Սենցիա մայրիկը և մյուս բարեկամները. «Ոչինչ, ոչինչ, սրանք բաներ են, որ պատահում են կնոջ և ամուսնու միջև, բայց հիմա, երբ հաշտությունը կնքված է, կտեսնեք, թե ինչպես է ձեր կինը նորից գրավում սիրտը, որը նրան եք տվել, կնքահայր Նաննի»:                             

— Ես նրան դուրս չեմ հանել, — պատասխանեց Նաննին, — չեմ ուզում զրկել նրան ոչ մի բանից, եթե դրան արժանի է:      Ռաֆաելան դրան արժանանալու համար դարձավ սիրալիր ու անհավանական բարի, խնամելիս` ուշադիր նրա յուրաքանչյուր ցանկությանն ու ցավին: Ծերուկն ասում էր նրան. «Լավ ես խնամում, լավ, որովհետև եթե ինձ դժբախտություն պատահի, նախքան ես ժամանակ կունենամ կտակս վերստին կազմելու, ավելի վատ քեզ համար»: Եվ թույլ էր տալիս իրեն հանգստացնել, շոյել ու բամբակի մեջ պահել և զգում էր պապի պես: «Օրերից մի օր, — կրկին ասում էր, — եթե Տերը ինձ ժամանակ տա, կուզեմ շտկել կտակը: Ողջ կյանքս աշխատել եմ, կաշիս կոշիկի տակ եմ դարձրել, բայց հիմա երաշխավորված եմ: Ամենը կա, որ փոխհատուցեմ իմ ծառայությունը և ազատվեմ դատաստանից»:

Միակ տհաճությունը, որ նրան մնացել էր այդ երանելի վիճակում, անվերջ կռիվներն էին Կարմինեի և քեռակնոջ միջև` վայնասուններ, միմյանց դնգստոցներ ողջ օրը: Ծերուկը չէր կարողանում նույնիսկ վեր կենալ և նրանց հանդարտեցնել:   Երբեմն Ռաֆաելան հայտնվում էր ամբողջովին գզգզված, մաղձ թքելով, քիթն արյունոտ, ցույց էր տալիս ճանկռտոցներն ու կապտուկները. «Տեսեք ի´նչ է արել ինձ, այդ մարդասպանը»:      

— Հե´յ, Կարմինե, այս ի՞նչ ես արել քեռակնոջդ, ա´յ սրիկա:           

— Ինչու՞ աքացիներով չեք վռնդում այդ անբանին:                                        

— Ա՜խ, հարկավոր է տանը տղամարդ ունենալ, հիմա, երբ մեխված եմ մահճակալին:             

— Կտեսնե´ք, կտեսնե´ք: Օրերից մի օր մկան նման խեղդամահ կանի ձեզ, որպեսզի ժամանակ չունենաք կտակը նորից կազմելու: Ձեզ թույն կտա, Աստվա´ծ վկա։                                            

— Բայց ինքդ էլ այստեղ չե՞ս ինձ խնամելու և քո շահին նայելու համար:   

Մշտապես այդ կտակի գործոնը, որի համար Կարմինեն գոհ էր, այնպես ինչպես ասել էր քեռին, իսկ կինը` բոլորովին: Մինչդեռ Նաննի Վոլպեն հնար չէր գտնում այդ երկուսի միջև վերակազմելու այն: Ամեն անգամ ասում էր, թե իրեն ավելի վատ է զգում: Ռաֆաելան տեսնելով օրեցօր նրա վատթարացումը, այժմ արդեն լրիվ դեղնած, բամբակյա բերետով, չարությունից իրեն ուտում էր, և ինքը նույնպես վատ էր զգում: Կարճ ասած, հենց Կարմինեի ներկայությամբ, երբ վերջինս կերակրում էր քեռուն` գդալը մի ձեռքում, մյուսով էլ պահելով գլուխը,  ամուսնու դեմքին պարզ ու շիտակ ասաց.                                                       

— Լա´վ եք անում, որ այդքան սիրով եք պահում ձեր արյունակցին, որովհետև չգիտեք, թե ինչ լավ ծառայություն է մատուցել ձեր ազգականը:                                                                                  

Կարմինեն ուզեց նրա մռութին ջարդել թասն ու մոմակալը, բայց ծերուկը, երկու-երեք անգամ կամացուկ ցնցելով գլխարկի ծոպիկը, ասաց. «Այո՜, այո՜, ես դա գիտեմ»:

Այդպես հեռացավ այն աշխարհ, հանդարտ, անաղմուկ` արքայազնին վայել սպասարկում ունենալով:                    Երբ Կարմինեն ցանկացավ Ռաֆաելային աքացիներով դուրս քշել տանից, որն այդուհետ միայն իրենն էր լինելու, բացել տվեց կտակը: Այդ ժամանակ էլ պարզ դարձավ, թե որքան խորամանկ էր եղել ծերուկ Վոլպեն, որը ծաղրել էր իրեն, կնոջը, նույնիսկ Քրիստոսին` դրախտում:

Ունեցվածքն ամբողջովին գնում էր հիվանդանոցին. իսկ քեռակինն ու զարմիկն այս մի լավ պոկեցին իրար մազ` հենց նոտարի առջև:

 

 

Թարգմանությունը՝  Անժելա Խաչատրյանի

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իտալիա

 

 

 

 

Ընթերցել նաև