Ես տեսա նրան գարնանը` դեպի Կամպինո ուղևորվող երրորդ և չորրորդ գնացքների միջև ընդմիջման ժամանակ: Գեղեցիկ ու հանգստավետ այդ ճանապարհին նրան ընկերակցում էր մի մորուսավոր տղամարդ՝ գրաֆ դե Կապրան, որն ըմբոշխնում էր կամպարին` ի դեմ հեռուստ տարածված լեռների ու դրանցից էլ վեր կուտակված խոժոռադեմ ամպերի, որոնք մեզ մոտ կվկայեին երեկոյան մի այնպիսի կատաղի փոթորկի մասին, որ ծառեր պիտի կործաներ, իսկ այստեղ ոչնչի մասին էլ չէին նախանշում: Հաջորդ անգամ ես տեսա այդ կնոջը Կիցբյուհելում՝ Թեներհոֆում, որտեղ մի ֆրանսիացի տղամարդ երգում էր ամերիկյան կովբոյների երգեր, իսկ հանդիսատեսների թվում, ասում էին, նաև Նիդեռլանդների թագուհին էր: Սակայն լեռներում այդ կնոջը երբեք չտեսա ու իմ կարծիքով նա չէր էլ եկել՝ դահուկներով սահելու, այլ այլոց պես վայելելու մարդկանց ընկերակցությունն ու նրանց հետ համատեղ զգայելու կյանքի հուզառատ ակնթարթները: Որոշ ժամանակ անց նրան տեսա Լիդոյում, ավելի ուշ՝ Վենետիկում: Մի առավոտ, երբ գոնդոլով գնում էի կայարան, նա Գրիտտի-ի[1] պատշգամբում նստած սրճում էր: Ես տեսա նրան Էրլում՝ միստերիայի ժամանակ, ավելի ճիշտ՝ ոչ թե հենց թատերախաղի ընթացքում, այլ գյուղական պանդոկում, երբ ընդմիջմանը բոլորը գնում են՝ մի բան ուտելու: Տեսա այդ կնոջը նաև Պիացցա դի Սիենայում, երբ այնտեղ ձիերի ցուցադրություն-վաճառք էր, նույն տարվա աշնանը՝ Տրեվիզոյում, երբ բարձրանում էր դեպի Լոնդոն չվող ինքնաթիռը: Փչոց:
Ասենք այդ ամենը կարող էր նաև իրականում պատահած լինել: Նա մեկն էր այն անխոնջ թափառաշրջիկներից, որոնք ամեն գիշեր երազում տեսնում են սենդվիչներ՝ պատրաստված խոզապուխտով, հազարի թերթիկներով և շերտատած լոլիկով: Նա ծնունդով հյուսիսային մի փոքրիկ քաղաքից էր, որտեղ զբաղվում էին փայտի արտադրությամբ ու մշակմամբ, պատրաստում փայտե գդալներ, մի այնպիսի մեկուսի վայրից, որտեղ ազգային պատկանելությունն ասես վաղուց կորցրել էր իր կարևորությունը: Այդուհանդերձ, նրա թափառիկ կյանքին նպաստող այլ պատճառներ կային: Հայրը առևտրական գործակալ էր և աշխատում էր Թոնքին ընտանիքին պատկանող հսկայական գործարանում: Վերջիններիս ունեցվածքը շատ մեծ էր և տարածված էր մի քանի շրջաններում, իսկ նրանց ամուսնալուծության գործընթացները լուսաբանվում էին քաղաքային թերթերի առաջին էջերում: Երիտասարդ Մարչընդ Թոնքինը, մեկ ամիս անցկացնելով այնտեղ՝ բիզնեսին ծանոթանալու համար, սիրահարվեց Էնին: Էնը բարետես աղջիկ չէր, սակայն համեստ էր ու պարկեշտ, հատկություններ, որ նա չկորցրեց ողջ կյանքի ընթացքում: Տարվա վերջին նրանք ամուսնացան: Չնայած հսկայական հարստությանը՝ Թոնքինները երբևէ այն չէին ցուցադրում, և երիտասարդ զույգը համեստորեն բնակվում էր Նյու Յորքին մոտ գտնվող մի փոքրիկ քաղաքում: Մարչընդն աշխատում էր Նյու Յորքի իրենց ընտանեկան հիմնարկում: Նրանք ունեցան մեկ երեխա և ապրեցին ամուսնական կյանքի գոհ ու անվրդով վեց տարի: Ամեն ինչ փոխվեց մի խոնավ առավոտ. այդ օրը Մարչընդը, որ գործնական հանդիպում ուներ Նյու Յորքում, ցանկանում էր հասնել առավոտյան գնացքին և պլանավորել էր նախաճաշել քաղաքում: Մոտավորապես ժամը յոթն էր, երբ նա համբուրեց էնին և դուրս եկավ: Էնը դեռ պառկած էր անկողնում և ականջ էր դնում մեքենայի շարժիչի միանալու ձայնին: Հետո նա լսեց, թե ինչպես ամուսինը բացեց տան դուռն ու ներքևից ձայնեց, որ մեքենան ոչ մի կերպ գործի չի ընկնում, արդյոք նա կարող է իրեն հասցնել կայարան: Ժամանակ չկար հագնվելու. էնը ժակետը գցեց ուսերին, դուրս եկավ ու իր մեքենայով ամուսինները շտապեցին դեպի կայարան: Նրա մերկ մարմինը՝ շղարշված թափանցիկ գիշերազգեստով, մասամբ քողարկված էր ժակետով: Մարչընդը նրան համբուրեց բաժանման պահին և խորհուրդ տվեց հնարավորինս շուտ հագնվել: Էննը հետդարձի ճամփին էր, երբ հանկարծ Էլվիվզ Լեյնի և Հիլլ Սթրիթի խաչմերուկում մեքենայի վառելանյութը վերջացավ:
Մեքենան կանգնած էր ուղիղ Բիրդընսների տան դիմաց, և Էնը գիտեր, որ նրանք իրեն կտային վառելանյութ կամ գոնե վերարկու տուն հասնելու համար: Նա ազդանշան տվեց մեկ անգամ, երկու, երեք, մինչև հանկարծ հիշեց, որ Բիրդընսները Նասսաում են: Միակ բանը, որ կարող էր անել, հաշվի առնելով իր անվայելուչ տեսքը, մեքենայում սպասելն էր, մինչև մի բարեհոգի տանտիկին գար և առաջարկեր իր օգնությունը: Առաջինն անցավ Մերի Փեմը, ու չնայած Էնը ձեռքը երկար թափահարեց, բայց նա չգիտես ինչու չտեսավ: Հետո սրընթաց անցավ Ջուլիա Ուիդը, բայց նա շտապում էր Ֆրենսիսին հասցնել կայարան, ուստի դժվար թե տեսներ Էնին: Հաջորդը Ջեք Բըրդընն էր՝ գյուղի հայտնի կնամոլը, որ առանց որևէ ազդանշանի կամ խնդրանքի, (Էնը երբեք չէր դիմի նրան) ասես մագնիսական ձգողականությամբ մոտեցավ մեքենային և առաջարկեց իր օգնությունը: Նստելով Բըրդընի մեքենան՝ նա սկսեց հիշել լեդի Գոդիվայի ու սուրբ Ագնեսի[2] մասին հյուսված լեգենդները: Ուրիշ ի՞նչ կարող էր անել: Ամենավատն այն էր, որ նա չէր կարողանում հաղթահարել կիսաքուն ստվերախաղը և կատարյալ արթնությամբ դիմավորել ցերեկալույսը: Օրն էլ, սակայն, մռայլ էր, ծանր ու ճնշող՝ նման սարսափ երազների եղանակին: Թոնքինների տունը խիտ մացառուտներով ասես թաքնված լիներ ճանապարհից: Երբ Էնը մեքենայից դուրս եկավ, գլխի թեթև շարժումով շնորհակալություն հայտնեց Ջեք Բըրդընին: Վերջինս հետևեց նրա քայլերին ու հենց միջանցքում տիրեց նրան: Այդ նույն ժամանակ Մերչընդը տուն վերադարձավ՝ իր պորտֆելը վերցնելու:
Նա լքեց տունը, և Էննը այլևս չտեսավ ամուսնուն: Վերջինս տասը օր անց մահացավ սրտի կաթվածից Նյու Յորքի հյուրանոցում: Մերչընդի ծնողները Էնին մայրական խնամքից զրկելու հայցով դիմեցին դատարան: Դատավարության ընթացքում նա մեծ սխալ թույլ տվեց՝ որպես արդարացում ասելով, թե իր արարքի պատճառը օդի բարձր խոնավությունն էր: Շուտով քաղաքային թերթերի առաջին էջերին հայտնվեց և ամբողջ երկրով մեկ տարածվեց «Այդ ես չէի, խոնավությունն էր» խորագիրը: «Խոնավ Իզաբելլա». այսպես էր այն երգի անունը, որը շուտով հայտնի դարձավ և սկսեց ամենուր հետապնդել Էնին:
Օ՜հ, միասեր Իզաբելլա
Երբ երկինքն է պարզկա..
Ոչ ոքի համբույր չի տա,
Բայց թե հանկարծ անձրևի,
Նրա սիրուց թող ու փախի:
Դատավարական ընթացքի կեսից նա ինքնակամ հրաժարվեց իր իրավունքներից, սկսեց դնել մուգ ակնոց ու ուրիշի անձնագրով հեռացավ Ջենովա՝ հեռու այն հասարակությունից, որտեղ բարոյականության խստագույն ընկալումը զուգակցվում էր գռեհիկ հումորներով:
Փող ուներ, որքան ուզես, ուստի նրա տառապանքը լոկ հոգեկան փնտրտուքների արտահայտությունն էր. նրա հոգին էր այրվել և հիշողությունը լի էր դառնությամբ: Ամենը, ինչ գիտեր կյանքի մասին, ասես ապացուցում էր, որ ինքը ուներ ներման իրավունք, որն այդպես էլ չշնորհվեց: Օվկիանոսից այն կողմ գտնվող հայրենիքը կայացրել էր իր բարոյական դատավճիռը, որը, ըստ Էնի, անողոք էր ու անմարդկային: Իրեն դարձրել էին քավության նոխազ, գամել էին անարգանքի սյունին, և քանի որ ինքը անկեղծ էր ու հոգով մաքուր, ապա նման մոտեցումը խիստ զայրացուցիչ էր իր համար: Հայրենիքը լքելը նա հիմնավորում էր ոչ թե ներմշակութային, այլ բարոյական պատճառներով: Եվ եվրոպական կնոջ կերպարին տուրք տալը իր դժգոհանքի ու բողոքի պարզորոշ արտահայտությունն էր այն վիրավորանքի դիմաց, որ հասցրել էին իրեն հայրենի եզերքում: Ողջ Եվրոպայով դեգերումներն ավարտվեցին, երբ նա վերջապես Տավոլո-Կալդայում գնեց շքեղ առանձնատուն, որտեղ և սկսեց անցկացնել տարվա մեծ մասը: Նա ոչ միայն կատարյալ տիրապետեց իտալերենին, այլև սովորեց այն կոկորդային ձայներն ու ձեռքերի շարժումները, որոնցով սովորաբար ուղեկցվում էր իտալացիների խոսք-զրույցը: Ատամնաբույժի աթոռին նստած՝ նրա շուրթերից դուրս էր թռչում իտալացիներին բնորոշ «այ- այ»-ը ամերիկյան «ouch-ի» փոխարեն, նաև սովորել էր անօրինակ նրբությամբ ձիաբոռը հեռացնել իր գինու բաժակից: Էնը սեփականատիրոջ նախանձախնդրությամբ էր վերաբերվում իր դրությանը՝ տարագրությունը համարելով իր տիրույթը, որը ձեռք էր բերել մեծ տառապանքի գնով: Եվ օտարազգիների շուրթերից հնչող իտալերենը գրգռում էր նրա լսողությունը:
Էնը հիասքանչ առանձնատունը ուներ՝ կաղնիների սաղարթներին թառած սոխակները երգում էին, պարտեզի շատրվանները կարկաչյունով խաղում. իսկ նրա մազերը փայլում էին բրոնզի հենց այն երանգներով, որն այդ տարի նորաձև էր Հռոմում: Կանգնած երկարավուն պատշգամբում՝ նա ողջունում էր իր հյուրերին ասելով՝ Ben tornati! Quanta piacere![3] : Սակայն այս կերպարին պակասում էր բնականությունը` նման արտանկարի, որը մեծացնելիս չնչին թերություններն իսկ տեսանելի են դառնում, և այն կորցնում է որակը:
Իր ժամանակի մեծ մասը Էնը անցկացնում էր այն մարդկանց ընկերակցությամբ, որոնք նրա նման իրենց համարում էին բարոյականության հեղձուցիչ ու ճնշող մթնոլորտի զոհեր: Նրանց հայացքը մշտապես դեպի ծովուղիներն էր՝ հայրենիքից հեռու-հեռու տանող: Նա կյանքի այսպիսի հարաշարժ ընթացքի համար ստիպված էր վճարել միայնությամբ: Այն ընկերները, որոնց պլանավորել էր տեսնել Վիսբադենում, հանկարծ մեկնում էին՝ առանց որևէ հասցե թողնելու: Սկսում էր փնտրել նրանց Հայդլբուրգում, Մյունխենում, սակայն ապարդյուն: Պսակադրության հրավերները և եղանակի մասին հայտարարությունները անսահման կարոտով հիշեցնում էին նրան իր հայրենի տունը: Նա շարունակում էր հղկել եվրոպացի կնոջ իր կերպարը, և դա նրան հիանալիորեն հաջողվում էր: Էնը հիվանդագին դյուրազգացությամբ էր վերաբերվում անգամ ամենաաննշան քննադատությանը և տանել չէր կարողանում, երբ իրեն նայում էին որպես զբոսաշրջիկի :
Սեպտեմբերյան մի շոգ կեսօր էլ՝ վենետիկյան սեզոնի ավարտին, նա նստեց դեպի Հռոմ մեկնող գնացք: Քաղաքն ասես պարուրված էր գիշերային նիրհով ու կյանքի միակ նշանները զբոսաշրջային ավտոբուսներն էին, որ փութեռանդ անցնում էին փողոցներով՝ դառնալով քաղաքային տնտեսության անքակտելի մասը, ինչպես ջրատար խողովակներն ու մալուխացանցերը: Իր ուղեբեռների անդորրագիրը բեռնակրին տալով՝ Էննը սկսեց նկարագրել նրան իր ճամպրուկները: Ու չնայած իր սահուն իտալերենին՝ երիտասարդը ասես բռնացրեց նրան ու քթի տակ ինչ-որ բաներ մրթմրթաց ամերիկացիների մասին, որ նրանք ամենուր այնքան շատ են:
Էնը զայրացավ:
— Ես ամերիկուհի չեմ,- կտրուկ ասաց նա:
— Կներե՛ք, սինյորա, ասաց նա: — Այդ դեպքում ո՞րն է Ձեր հայրենիքը:
— Հույն եմ,- ասաց Էնը:
Եվ նույն պահին, ապշած իր ողբերգական ու հրեշավոր ստից, ինքն իր ներսում անզուսպ բացականչեց. «Ինչ արեցի ես»: Նրա անձնագիրը ամռան խոտի պես կանաչ էր՝ վրան Միացյալ Նահանգների մեծ կնիքը, որ պաշտպանում էր նրա՝ ամերիկուհու իրավունքները, և որի հովանավորությամբ էլ ինքը ճանապարհորդում էր: Ինչո՞ւ ինքը ստեց մի այնպիսի հարցում, որ անմիջականորեն առնչվում էր իր անձին:
Էննը տաքսի նստեց և գնաց «Վիա Վենետո» հյուրանոց: Խնդրելով ճամպրուկները տանել իր սենյակ՝ գնաց բար՝ խմելու: Կանգնակի ետևում նստած էր մի ալեխառն ամերիկացի՝ լսողական սպարատը ականջին: Նա միայնակ էր, և ինքն էլ ասես ձանձրանում էր իր միայնությունից: Ի վերջո, նա շրջվեց դեպի էնը և հույժ քաղաքավարի հարցրեց՝ արդյոք նա ամերիկուհի է:
— Այո՛:
— Եվ ինչպե՞ս է, որ այսքան լավ եք խոսում իտալերեն:
— Ես այստեղ եմ բնակվում:
— Սթեբընս, Չարլի Սթեբընս, ասաց նա,- Ֆիլադելֆիա:
— Շատ հաճելի է, ասաց Էնը, իսկ ավելի կոնկրե՞տ:
— Դե, ես ծնվել եմ Ֆիլադելֆիայում, սակայն քառասուն տարի է՝ այնտեղ չեմ եղել: Ես բնակվում եմ Կալիֆորնիայում՝ Շոշոնում: Այն անվանում են դարբասներ դեպի Մահվան հովիտ: Կինս Լոնդոնից է, Արկանզաս նահանգից: Հա-հա: Աղջիկս սովորել է վեց նահանգների դպրոցներում՝ Կալիֆորնիայի, Վաշինգթոնի, Նեվադայի, Հյուսիսային և Հարավային Դակոտայի և Լուիզիանայի: Միսիս Սթեբընսը մահացել է անցած տարի, դե, ես էլ մտածեցի մի քիչ աշխարհ տեսնել:
Աստղերն ու զոլերը[4], թվում էր, շուրջանակի պտտվում էին ամերիկացու գլխավերևում, և Էնը հիշեց, որ Ամերիկայում տերևներն արդեն կորանում են ճյուղերի վրա:
— Որտե՞ղ եք հասցրել լինել, — հարցրեց Էննը:
— Գիտեք, ես ինքս էլ չգիտեմ: Կալիֆորնիայի տուրիստական գործակալությունում ինձ վստահեցրին, որ ճանապարհորդելու եմ մի խումբ ամերիկացիներ ընկերակցությամբ: Հայտնվելով ինքնաթիռում՝ հասկացա, որ մեն-մենակ եմ: Այլևս երբեք այդպես չեմ ճանապարհորդի: Պատահում է՝ օրերով չես լսի, որ գեթ մի հոգի պատշաճ անգլերեն խոսի: Ահա թե ինչու, երբեմն նստում եմ իմ սենյակում ու ինքս ինձ հետ խոսում՝ անգլերեն լսելու հաճույքի համար: Օրերս Ֆրանկֆուրտից ուղևորվեցի Մյունխեն, և հավատացե՛ք, ավտոբուսում չկար մեկը, որ խոսեր անգլերեն: Մյունխենից գնացի Ինսբրուկ, նույն իրականությունն էր: Հետո Ինսբրուկում ես տեղափոխվեցի Վենետիկ ուղևորվող ավտոբուսը, որում ևս չլսեցի ոչ մի անգլերեն բառ, մինչև Կորտինայից մեզ միացան մի խումբ ամերիկացիներ: Բայց հյուրանոցներից չեմ դժգոհում: Այնտեղ սովորաբար միշտ էլ հաղորդակցվում են անգլերենով, իսկ ես լավագույն հյուրանոցներում եմ իջևանել: Էնին թվում էր, որ մայրաքաղաքային ներքնահարկում բարի աթոռակին նստած այս անծանոթ ամերիկացին հատուցում էր իր հայրենիքի սխալների փոխարեն: Նա ասես շողում էր՝ լի ազնվությամբ ու բարությամբ:
Բարում միացված էր Վերոնայի ամերիկյան Զինված ուժերի ռադիոալիքը, որով հնչում էր Star Dust — ը:
— Star Dust, — ասաց ամերիկացին: — Դե, կարծում եմ՝ դուք գիտեք: Այն գրել է իմ ընկերը՝ Հոգի Քարմայքլը: Միայն այս երգը հեղինակելու համար նա ստանում է տարեկան վեց-յոթ հազար դոլար հոնորար: Մենք լավ ընկերներ ենք: Ճիշտ է, ես երբևէ չեմ տեսել նրան, սակայն մշտապես նամակագրական կապի մեջ եմ: Կարծում եմ՝ Ձեզ համար ծիծաղելի է, որ ես ունեմ ընկեր, ում գոնե մեկ անգամ չեմ էլ տեսել, սակայն Հոգին իսկական ընկեր է:
Նման հայտարարությունը Էնին թվաց ավելի մեղեդային ու ազդեցիկ, քան հնչող երաժշտությունը: Տղամարդու և՛ բառերի հերթագայությունը, և՛ դրանց միջև կապի բացակայությունը, և՛ խոսելու ռիթմը ասես իր հայրենի երաժշտության արտահայտությունը լինեին: Եվ նա հիշեց, թե ինչպես էր դեռ աղջնակ գդալների գործարանի առջև կուտակված թեփերի մոտով գնում իր լավագույն ընկերուհու տուն: Երբեմն, երբ ճամփա էր ընկնում կեսօրից հետո, ստիպված էր լինում սպասել երկաթուղու անցուղում, մինչև բեռնափոխադրող գնացքը անցներ: Սկզբում հեռվից եկող ձայնը նման էր քամիներով լի քարանձավի գվվոցի, հետո լսելի էր դառնում երկաթի դղրդյունը ու անիվների շաչյունը: Բեռնատարն անցնում էր կատաղի արագությամբ, մրրկանման: Էնը խիզախում էր կարդալ վագոնների վրայի գրվածքները: Եվ դա անում էր՝ մտածելով ոչ թե այն խոստումնալից ու հուսաառատ ապագայի համար, որ ճանապարհի վերջում պիտի լիներ, այլ այն մասին, թե որքան լայնարձակ ու անընդգրկելի է իր հայրենիքը. Բոլոր նահանգները՝ ցորենի նահանգներ, նավթի նահանգներ, ածուխի, ծովափնյա նահանգներ, անցնում էին երկաթուղով, իր աչքի առաջ, ու նա շարունակում էր կարդալ՝ Հարավօվկիանոսյան, Բալտիմոր և Օհայո, նիկելապատ վագոն, Նյու Յորքի կենտրոնական, Մեծ Արևմտյան, Ռոք Այլենդ, Սանտա ֆե, Լակավաննա, Փենսիլվանիա, չըխկ-չրըխկ և վերջ…
— Մի՛ լացեք, լեդի, — խնդրում էր միսtր Սթեբընսը,- մի՛ լացեք:
ժամանակն էր տուն գնալու: Նույն օրը նա տոմս պատվիրեց. ինքնաթիռն այդ գիշեր վայրէջք էր կատարելու Օրլիում, այնտեղից մեկ այլ չվերթով էնը հասնելու էր Այդլվայդ: Ցամաքի երևալուց դեռ շատ առաջ Էնը ամբողջ մարմնով սկսեց ցնցվել: Նա տուն էր գնում, տուն: Սիրտն ասես կոկորդում տրոփեր: Որքան մուգ ու սառն էին թվում Ատլանտյան օվկիանոսի ջրերն այդքա՜ն տարիներ անց: Առավոտյան լույսի ներքո ինքնաթիռից սկսեցին նշմարվել հնդկացիական անուններով կղզիներն և անգամ Լոնգ Այլենդի տները՝ դասավորված վաֆլե աղյուսակների նման: Ինքնաթիռը պտույտ գործեց և վայրէջք կատարեց: Էնը պլանավորել էր հենց օդանավակայանում գտնել ճաշարան ու պատվիրել խոզապուխտով, հազարի թերթիկներով և շերտատած լոլիկով սենդվիչ: Մի ձեռքով ամուր բռնելով փարիզյան անձրևանոցը, մյուսով՝ սիենական պայուսակը՝ նա կանգնել էր ինքնաթիռի ելքի մոտ ու սպասում էր իր հերթին: Բայց հենց աստիճանների վրա, իր հռոմեական կոշիկով հայրենի հողին դեռ չդիպած, նա լսեց, թե ինչպես էր հաջորդ անգարում կանգնած DG-7 ինքնաթիռի վրա աշխատող արհետավորը երգում՝
Օ՜հ, միասեր Իզաբելլա
Երբ երկինքն է պարզկա..
Նա այդպես էլ դուրս չեկավ օդանավակայանից: Գնելով ետդարձի տոմս դեպի Օրլի՝գնաց կրկին համալրելու այն հարյուրավոր և հազարավոր ամերիկացիների շարքերը, որոնք երջանիկ կամ ապերջանիկ սփռված են ողջ Եվրոպայում, ասես ժողովուրդ, որ իրապես անհայրենիք է: Ահա նրանք՝ երեսունն են. քայլում են Ինսբրուկի փողոցով ու անհետանում: Նրանք խմբվում են Վենետիկի կամրջին ու չքանում: Նրանց ձայնը լսելի է կետչուպ խնդրելիս Gasthaus[5]-ում, որ բարձրադիր տեղանքում է: Նրանց կարող եք տեսնել Պորտո Սան Ստեֆանոյի խորունկ ջրերում՝ դիմակներով ու սուզակներով դեպի ծովի քարանձավները լողալիս:
Աշունն էնը անցկացրեց Փարիզում: Հետո նրան տեսան Կիցբյուհելում: Նա Հռոմում էր՝ ձիերի ցուցահանդես-վաճառքին և Սիենայում՝ պալիոյի[6] օրերին: Նա դատապարտված էր մշտապես լինելու շարժման մեջ և ամեն գիշեր երազել խոզապուխտով, հազարի թերթիկներով ու շերտատած լոլիկով սենդվիչի մասին:
Ծանոթագրություն
[1] «Gritti Palace»-ը կառուցվել 1475թ.-ին Մեծ Ջրանցքի (Կանալե Գրանդե) ամենագրավիչ հատվածներից մեկում:
[2] Լեգենդի համաձայն՝ լեդի Գոդիվան եղել է անգլիացի կոմս Լեոֆրիկի գեղեցկուհի կինը: Մի անգամ հարբած Լեոֆրիկը խոստանում է ծանր հարկերը իջեցնել, եթե կինը ձիու վրա մերկ պտտվի Քովենթրիի փողոցներով: Գոդիվան դիմում է այդ քայլին: Եվ ոչ մի բնակիչ դուրս չի նայում՝ բացի Թոմ անունով մեկից, որը նույն պահին կուրանում է: Լեոֆրիկը, իր խոսքի համաձայն, իջեցնում է հարկերը:
Սուրբ Ագնեսը, հրաժարվելով ամուսնանալ հռոմեացի պրետոր Սիմֆրոնի որդու հետ, տարվում է հասարակաց տուն և մերկացվում: Սակայն այդ պահին նրա վարսերը հանկարծ երկարում են ու թաքցնում մերկ մարմինը, իսկ երբ Սիմփրոնի տղան փորձում է տիրել նրան, ընկնում է գետնին և կուրանում:
[3] Բարի գալուստ, ի՜նչ հաճելի է:
[4] Նկատի ունի Ամերիկայի ազգային դրոշը:
[5] Հյուրանոց (գերմ.)
[6] Palio ( Palio du Siena)- իտալական ազգային տոն, որ նշվում է Սիենայում սկսած 1656 թվականից տարվա մեջ երկու անգամ՝ հուլիսի 2-ին և օգոստոսի 16-ին: Այս տանի ընթացքում կազմակերպվում են ձիարշավներ և գունագեղ շքերթներ:
Թարգմանությունը՝ Նունիկ Ավետիսյանի